ՀՄԸՄ-ի Նոր Հարիւրամեակի Մեկնարկը

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

homenetmen1Հայ մարմնակրթական ընդհանուր միութիւնը (ՀՄԸՄ) 2018-ին կը նշի ստեղծման հարիւրամեակը: 1918 թուականին հիմնադրուելով Կոստանդնուպոլսում, որպէս հայկական մարզական եւ սկաուտական կազմակերպութիւն, ՀՄԸՄ-ի նպատակն էր. «Ֆիզիքական առողջ դաստիարակութիւն տալ հայ անհատին` համակելով նրա միտքն ու սիրտը մարզական ազնուագոյն ոգով: Սովորեցնել նրան` լինել աշխատասէր, արի, ազգասէր եւ հայրենասէր, օրինապահ, զարգացնել նրա մէջ պարտականութեան, պատասխանատուութեան եւ պատուի զգացումները, համերաշխութեան եւ փոխադարձ օգնութեան ոգին»: ՀՄԸՄ-ի այս նպատակին այնուհետեւ միահիւսուեց նաեւ Սփիւռքում հայապահպանման եւ հայ մանուկներին ու երիտասարդներին ազգայինի շուրջ համախմբելու բարձր առաքելութիւնը:

Տասնամեակներ շարունակ Հայ մարմնակրթական ընդհանուր միութիւնն անշեղօրէն իրականացրել է իր նպատակները` շնորհիւ նուիրեալների, ովքեր «Բարձրացիր, բարձրացուր» նշանաբանով, սերնդէ սերունդ ստանձնել են այս կարեւոր եւ խիստ պատասխանատու գործը: Այսօր, ՀՄԸՄ-ն ունի 25 հազար անդամ աշխարհի հինգ մայրցամաքներում գործող իր 104 մասնաճիւղերում, որտեղ հայ պատանիները զբաղւում են տարբեր մարզաձեւերով, հայկական միջավայրում հաղորդակցւում միմեանց հետ: Միաժամանակ, սկաուտական խմբերում ներդրւում է հայրենասիրական ոգին` տարբեր ձեռնարկների, այդ թւում` հայագիտական թեմաներին առնչուող գիտաժողովների ու դասախօսութիւնների միջոցով: ՀՄԸՄ-ի յաջողութիւնը պայմանաւորուած է նաեւ այն հանգամանքով, որ այս միութիւնն ընթանում է ժամանակին համաքայլ` պարբերաբար իրականացնելով արդիականացման աշխատանքներ: Այս առումով, շրջադարձային կարելի է համարել 2007-ին Հայաստանում կայացած ՀՄԸՄ-ի հերթական Համաշխարհային ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացուեց մշակել նոր ռազմավարութիւն, որը պէտք է դառնար կազմակերպութեան առաջիկայ տասնամեակների գործունէութեան առանցքը:

Նոյեմբերի 18-ին Փասատենայի Հայ կենտրոնում, ՀՄԸՄ-ի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը հրաւիրել էր շրջանի տարբեր մասնաճիւղերի վարչական կազմերի ղեկավարներին` ներկայացնելու Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան 10-րդ Պատգամաւորական ժողովի ժամանակ հաստատուած եւ արդէն պատրաստ ՀՄԸՄ-ի ռազմավարական ծրագիրը: Պատրաստման աշխատանքները տեւել են չորս տարի եւ 2011-ին ընդունուելուց յետոյ սկսուել են տեղայնացման փորձնական աշխատանքներ մի շարք ուղղութիւններով: ՀՄԸՄ-ի Ռազմավարական ծրագիրը 130 էջանոց փաստաթուղթ է, որ կարելի է գտնել Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան կայքում` հայերէն եւ անգլերէն լեզուներով:

«Մեր կազմակերպութեան գաղափարախօսութիւնն ու նպատակները հիմնադրման օրուանից չեն փոխուել: Ռազմավարական ծրագիրը համակարգելու է միայն այդ նպատակներին հասնելու ձեւերը` արդիականացուած միջոցներով: Այդպէս հնարաւոր կը լինի հասնել մեր գլխաւոր խնդրի լուծմանը` հայ պատանիներին ու երիտասարդներին ներգրաւել ազգապահպանման գործում», «Ասպարէզ»-ին տրուած բացառիկ հարցազրոյցում նշեցին ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամներ Վիգէն Դաւիթեանը (Միացեալ Նահանգներ) ու Միհրան Շիմշիրեանը (Լիբանան):

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ առանձնայատկութիւններ ունի Ռազմավարական ծրագիրը:

ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Ռազմավարական ծրագիրը բաղկացած է 11 կէտերից, որոնք ամբողջութեամբ ամփոփում են մեր աշխատանքները: Ծրագիրն առանձին բաժիններով անդրադառնում է ՀՄԸՄ-ի միութենական աշխատանքների արժեւորման նոր մեթոտների որդեգրմանը, հայոց լեզուի գործածութեանը զարկ տալու միջոցներին, աշխարհասփիւռ երիտասարդութեանը հասանելի դառնալու ձեւերին եւ այլն: Ծրագրում մեծ տեղ է յատկացուած կազմակերպչական աշխատանքներին, օրինակ` առցանց հաղորդակցութեանը, տուեալների եւ տեղեկութիւնների հասանելիութեանն առցանց տարբերակով: Այս բոլոր հարցերը լուծուելու են նոր տեղեկատուական (արհեստագիտութիւններու) միջոցով: Մեկնարկելու ենք մի քանի փորձնական ծրագրեր, որոնց միջոցով կը տեսնենք, թէ ինչ արդիւնքներ ենք ունենում, ի՞նչ սխալներ եւ բացթողումներ եւ կը կատարենք համապատասխան ուղղումներ, մինչ ծրագրերի ամբողջական թողարկումը: Սա հսկայածաւալ աշխատանք է, որտեղ առաջին քայլը համադրելն է` նկատի ունենալով աշխարհի տարբեր երկրներում մեր մասնաճիւղերի պահանջները, որ իրարից տարբերւում են, սակայն բոլորիս նպատակը նոյնն է: Կարեւորագոյն խնդիրներից է հայերէն լեզուի օգտագործումը հասցնել առաւելագոյն մակարդակի, որ շատ նուազել է: Մեր հիմնական` մարզական եւ սկաուտական աշխատանքներում եւս նախատեսւում են աշխատանքի ձեւերի փոփոխութիւններ, միաժամանակ, ունենալու ենք նաեւ մշակութային ծրագրեր:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ մարտահրաւէրներ ունի այսօր ՀՄԸՄ-ը:

ՄԻՀՐԱՆ ՇԻՄՇԻՐԵԱՆ.- Ամենամեծ մարտահրաւէրը` Սփիւռքում հայուն հայ պահելն է, իսկ հայրենիքում` դաստիարակել որպէս լաւ քաղաքացի: Այս երկուսը մեր հիմնական նպատակներն են: Այդ իսկ պատճառով ռազմավարական ծրագիրը իր դրոյթներով եւ գործելաոճով եկել է ասելու, որ մենք պէտք է աշխատենք այդ երիտասարդութեան հետ, որն ի տարբերութիւն նախորդ սերունդների, այլեւս չի հետաքրքրւում հայկական իրականութեամբ: Փորձում ենք օգտագործել ժամանակակից տեքնոլոգիաները եւ քայլել ժամանակի հետ, որպէսզի մեր գործունէութիւնը հետաքրքիր լինի նաեւ երիտասարդներին:

ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Այժմ շատ կարեւորում ենք (ընկերային) կայքերը: Օրինակ, Նաւասարդեան խաղերի ժամանակ բոլորը կարող էին առցանց ռեժիմով տեղեկանալ իրենց խաղերի ժամերի, ծրագրերի, արդիւնքների մասին: Աշխատում ենք առաւելագոյն չափով արդիականացնել մեր մեթոտները եւ դրա միջոցով մեր երիտասարդներին պահել մեր շարքերում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վերջին տարիներին ի՞նչ միտումներ կան երիտասարդների ներգրաւման առումով:

ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Մարզումների ձգողական ուժը շատ մեծ է, մանաւանդ` պասքեթպոլի: Մեր մասնաճիւղերը մեծ թուով մարզիկներ ունեն: Ծնողները նախընտրում են իրենց զաւակներին ուղարկել ՀՄԸՄ, որպէս ապահով վայր: Սովորաբար 18 տարեկանից յետոյ երիտասարդները հեռանում են, սակայն 30-ից յետոյ նորից վերադառնում, մասնաւորապէս, երբ ընտանիք կազմելով երեխայ են ունենում`  իրենց մանուկներին են բերում: Հիմնականում շարունակականութեան արդիւնքում է ապահովուում մեր շարքերի համալրումը, եւ այսօր 25 հազարից աւելի անդամ ունենք ամբողջ աշխարհում: Միաժամանակ, տարիների ընթացքում վերլուծում եւ կազմում ենք մեր մարզիկների ու սկաուտների թուերն աւելացնելու այլ ձեւեր:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ ինչպէ՞ս էք փորձում հայ պատանիներին գրաւել:

ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Միացեալ Նահանգներում մրցակցութիւնն այլ օտար կազմակերպութիւնների ու միութիւնների հետ շատ խիստ է: Մենք կիրառում ենք տարբեր միջոցներ մեր երեխաներին հայկական միութիւններում ներգրաւուելու համար: ՀՄԸՄ-ի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան մարզական խորհուրդը, ամէն տարի Քալիֆորնիայի հայ աշակերտների համար կազմակերպում է ՔԱՀԱՄ անուանումով մրցումներ, որ ներառում է կողովագնդակի, ոտնագնդակի, փինկ-փոնկի, վոլիպոլի, թեթեւ աթլեթիզմի եւ մի շարք այլ մարզաձեւեր: Այս խաղերին մասնակցում են նոյնիսկ ամերիկեան դպրոցներում սովորող հայ աշակերտներ, որոնց մեծամասնութիւնը ՀՄԸՄ-ական չեն լինում, սակայն ՔԱՀԱՄ-ի միջոցով նրանք ծանօթանում եւ հետաքրքրւում են մեր միութեամբ եւ շուտով անդամակցում:

ՄԻՀՐԱՆ ՇԻՄՇԻՐԵԱՆ.- Նոյն պատկերն է Լիբանանում: Բոլոր հայ վարժարանների աշակերտները, նաեւ օտար վարժարանների աշակերտները գալիս եւ մասնակցում են ամէնամեայ այս խաղերին, եւ այդպիսով աճում է նաեւ մեր անդամների թիւը: Ռազմավարական ծրագրի միջոցով այդ ամէնն աւելի կազմակերպուած բնոյթ կը կրի:

ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Կը ցանկանայի նշել նաեւ Նաւասարդեան խաղերը, որ բացի մարզական մրցումներից, տօնական մի քանի օր է պարգեւում մեր համայնքին: Մրցախաղերն ամփոփող փակման հանդիսութիւնների ժամանակ մենք ունենում ենք աւելի քան 20 հազար այցելու, եւ սա եւս մէկ միջոց է ՀՄԸՄ-ի մասին տեղեկացնելու:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նշեցիք, որ ռազմավարական ծրագիրը կազմելիս հաշուի էք առել իւրաքանչիւր երկրի առանձնայատկութիւնը: Իսկ ինչպէ՞ս է արտայայտուելու ձեր գործունէութիւնը Հայաստանում:

ՄԻՀՐԱՆ ՇԻՄՇԻՐԵԱՆ.- Հայաստանում մեր աշխատանքները տարբեր են սփիւռքից:  Հայրենիքում մենք հիմնականում կենտրոնացած ենք սկաուտական աշխատանքների ուղղութեամբ, եւ Հայաստանի սկաուտական կազմակերպութիւնը ճանաչուած է Միջազգային սկաուտական գրասենեակի կողմից: ԱՊՀ երկրների շրջանում, Հայաստանի սկաուտական կազմակերպութիւնն ամենագործունն ու ընդունուածն է: Միջազգային սկաուտական կազմակերութեան բոլոր միջոցառումներն այսօր ցանկանում են իրականացնել Հայաստանում, եւ սա մեծ յաջողութիւն ենք համարում:

ՀՄԸՄ-ը նուիրեալների միութիւն է, որի յաջողութիւնը այն անհատներն են, որ  միաւորուելով գաղափարի շուրջ` կազմակերպութիւնը դարձրել են համաշխարհային հաշտ ու ներդաշնակ ընտանիք:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ովքե՞ր կարող են դառնալ այդ ընտանիքի մաս:

ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը բաց է բոլորի համար, եւ մեզ կարող է անդամակցել իւրաքանչիւր ցանկացող: Չափազանց կարեւորում ենք կամաւորական աշխատանքը, որ մեր գործունէութեան հիմքն է: Մեր ցանկութիւնն է, որ ՀՄԸՄ-ի խօսքը տարածուի, որ մեր միութիւնը լինի ապագային ուղղուած հայկական առաջնակարգ կազմակերպութիւն ե՛ւ սփիւռքում, ե՛ւ հայրենիքում` նպաստելու մանուկների եւ երիտասարդների հայեցի դաստիարակմանը: 95 տարի իրականացրել ենք այդ աշխատանքը` յաղթահարելով շատ դժուարութիւններ, սակայն երբեք չենք ընկրկել: Աշխատելու ենք, որ երկրորդ հարիւրամեակը լինի առաւել կազմակերպուած ու արգասաբեր:

Առաջնորդուելով «Նպատակն առանց ծրագրի պարզապէս ցանկութիւն է» կարգախօսով` ՀՄԸՄ-ը նախագծել է 21-րդ դարի յաւակնոտ մի ծրագիր, որտեղ մանրամասն կերպով ներկայացուած են կազմակերպութեան ապագայ անելիքները: Շեշտը դնելով երիտասարդների եւ պատանիների առողջ դաստիարակութեան վրայ, ՀՄԸՄ-ը եւս մէկ անգամ վկայում է, որ նպատակները հիմնաւոր են, կամքը` զօրաւոր:

Բարի երթ եւ յաջողութիւն ենք մաղթում:

Տեղեկանք. Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան Ռազմավարական ծրագրի հիմնական ուղղութիւնները.

– Հեռահայեաց գրաւիչ տեսլական
– Յանձնառու ղեկավարութիւն
– Ինքնաբաւ ՀՄԸՄ-ՀԱՍԿ եւ ՀՄԸՄ-ի աւելի զօրաւոր եւ նուիրեալ յանձնառութիւն Հայաստանի Հանրապետութեան հանդէպ
– Համակազմակերպական արհեստագիտութիւն
– Երիտասարդութեան (եւ երիտասարդ չափահասների) խրախուսում
– Առնչակից եւ ազդեցիկ ծրագրեր
– Առողջ եւ թափանցիկ տնտեսական գործունէութիւն
– Անդամակցութեան թուի աճ եւ պահպանման բարելաւում
– Հասանելիութեան ՀՄԸՄ-ի իսկական դիմագծի ծանուցումը
– Հայերէն լեզուի օգտագործումը հասցնել առաւելագոյն մակարդակի
– Ազդու եւ ճկուն կազմակերպական կառոյց

 

 

Share this Article
CATEGORIES