Ով Է Թուրքիան Տակնուվրայ Արած Ֆեթհուլլահ Կիւլենը. Մեկնաբանում Է Թուրքագէտը
ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐԵԱՆ

Ֆեթհուլլահ Կիւլեն
Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսուած «մեծ կաշառք» գործողութեան ժամանակ ձերբակալուեցին նախարարների որդիներ, բարձրաստիճան պաշտօնեաներ եւ խոշոր գործարարներ: Այս ամէնը նկարագրուեց Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի եւ Ֆեթհուլլահ Կիւլենի հակասութիւններով, որոնք գագաթնակէտին են հասել: Թէ՛ Թուրքիայում, թէ՛ դրանից դուրս շատերի մօտ հարց է առաջացել, թէ ով է Ֆեթհուլլահ Կիւլենը: Այս հարցը «Նիուզ» կայքէջին մեկնաբանել է թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանը:
Թուրքիայում վերջին 2 ամսուայ ընթացքում միջնորդաւորուած պայքար էր գնում Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի եւ նրա երբեմնի կրօնական հենքը հանդիսացած Կիւլենի շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Կիւլենի միջեւ: Հակասութիւնները սրուեցին, երբ Էրտողանի գլխաւորած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը որոշում կայացրեց փակել Կիւլենի շարժման յատուկ դպրոցները` «տերսհանէ»-ները:
Կիւլենի շարժման կողմից լուրջ նախայարձակումը սկսուել է այն պահին, երբ իշխող կուսակցութեան շարքից դուրս է եկել Հաքան Շուքուրը: Նա յայտարարեց, թէ անընդունելի է համարում Ֆեթհուլլահ Կիւլենին ուղղուած իր կուսակիցների վիրաւորանքները եւ դուրս է գալիս կուսակցութիւնից: Հէնց այս հրաժարականին էլ յաջորդել է դեկտեմբերի 17-ին սկսուած «մեծ կաշառք» գործողութիւնները, որոնք ամբողջ աշխարհի հայեացքը սեւեռեցին Թուրքիայի վրայ:
Ֆեթհուլլահ Կիւլենը ծնուել է 1938 թուականին, Կարինի Բասենի շրջանի Քորոճուք գիւղում, իմամի ընտանիքում: Նրան տրուած ծննդականում նշուել է 1942, իսկ աւելի ուշ այն կրկին փոխել եւ դարձրել են 1941 թուական: Նրան «Գուրան»-ին սկսել են ծանօթացնել դեռեւս 4 տարեկանում, եւ շատ կարճ ժամանակ անց նա անգիր է արել «Գուրան»-ը: Ֆեթհուլլահ Կիւլենը 14 տարեկանում Կարինի «մետրեսէ»-ներում (հոգեւոր դպրոց) հանդէս է եկել իսլամի քարոզներով: 1959-ին Կիւլենը Կարինից տեղափոխուել է Էտիրնէ, որտեղ մասնակցել է քննութեան եւ դարձել Ոչշերեֆլի մզկիթի իմամներից մէկը:
1961-ին զինուորական ծառայութեան ընթացքում ձերբակալուել է կրօնական քարոզ իրականացնելու համար, սակայն դատարանը նրան միայն կարգապահական պատժի է ենթարկել: Կարինում ապրած տարիներին մասնակցել է համայնավարութեան դէմ պայքարի միութեան ստեղծմանը եւ աշխուժ անդամ հանդիսացել: 1964-ից կրկին շարունակել է տարբեր մզկիթներում հոգեւոր ծառայութիւնը: 1971-ի ռազմական յեղաշրջումից յետոյ ձերբակալուել է եւ 7 ամիս անցկացրել բանտում: Այնուհետ կրկին ընդմիջումներով շարունակել է հոգեւոր ծառայութիւնը, զուգահեռաբար կրօնական բնոյթի յօդուածներ գրելով տարբեր թերթերի եւ ամսագրերի համար: 1996-ի ապրիլի 4-ին հանդիպել է Պոլսոյ յունաց պատրիարք Բարթողիմիոսի հետ, 1998-ի յունուարի 23-ին` Հռոմի պապի հետ:
Թուրքիայում 1997-ի փետրուարի 28-ի «Փոսթմոտերն» ռազմական յեղաշրջումից յետոյ նրա դէմ հետաքննութիւն է սկսել` Թուրքիայի աշխարհիկ կարգերը խորտակելու եւ իսլամական պետութիւն ստեղծելու փորձ անող կողմնակիցներին աջակցելու համար: Հետաքննութիւնից խուսափելով` Կիւլենը 1999-ի մարտի 21-ին մեկնել է Միացեալ Նահանգներ եւ մինչեւ հիմա այնտեղ է: 2000 թուականին Կիւլենի նկատմամբ դատական գործ է բացուել, սակայն 2006-ին գործը կարճուել է ապացոյցների բացակայութեան պատճառով: 2008-ին վճռաբեկը հաստատել էր դատարանի կայացրած վճիռը, սակայն Կիւլենը կրկին չի վերադարձել Թուրքիա:
«Ֆորէյն Փոլիսի» եւ «Փրոսփեքթ» ամսագրերի կողմից 2008-ին ընդգրկուել է աշխարհի 100 մտաւորականների շարքը, իսկ համացանցով անցկացուած քուէարկութեամբ գլխաւորել է այդ ցանկը: «Թայմ»-ը 2013-ին նրան համարել է աշխարհի ամենաազդեցիկ 100 անձանցից մէկը: Հեղինակ է աւելի քան 50 անուն գրքերի, բազմաթիւ աշխատութիւնների եւ յօդուածների: Բացի թուրքերէնից տիրապետում է պարսկերէնին, արաբերէնին եւ օսմաներէնին:
Կիւլենի ստեղծած շարժումը կամ ինչպէս ընդունուած է ասել Թուրքիայում` Կիւլենի կրօնական համայնքը, Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս ունի դպրոցներ, համալսարաններ, հիմնադրամներ, միութիւններ, լրատուամիջոցներ, հիւանդանոցներ, առեւտրական կառոյցներ եւ դրամատուներ:
Թէեւ Ֆեթհուլլահ Կիւլենին վերագրւում է արդի իսլամի եւ ժողովրդավարութեան սինթեզի կրող եւ աշխարհում Թուրքիայի ազդեցութիւնը ուժեղացնող անձ, նա դարձել է քաղաքական եւ տնտեսական հզօր ուժ եւ համարւում է, որ նա վտանգ է ներկայացնում Թուրքիայի աշխարհիկ կարգերին:
Կիւլենի շարժման անդամները կարեւոր պաշտօններ են զբաղեցնում Թուրքիայի գրեթէ բոլոր գերատեսչութիւններում, որով պայմանաւորուած էր «մեծ կաշառք» գործողութեան միջոցով Կիւլենի անակնկալ եւ հուժկու հարուածն Էրտողանին եւ նրա ղեկավարած կուսակցութեանը:

