Հարցազրոյց Միացեալ Նահանգներում Հայկական Շահերը Ներկայացնող Ամենաազդեցիկ Կազմակերպութեան` Հայ Դատի Յանձնախմբի Մասին.
Հայ Դատի Յանձնախումբը Աշխատում Է Հայ Ազգի
Կենսական Նպատակների Համար. Նորա Յովսէփեան
Վարեց` ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբն ամերիկահայ ամենամեծ ու ազդեցիկ քաղաքական կազմակերպութիւնն է, որի նպատակներն ու գործունէութիւնն ուղղուած են համահայկական նշանակութեան հարցերի լուծմանը: Արեւմտեան եւ արեւելեան շրջանների մասնաճիւղերով եւ Ուաշինկթընի մէջ գործող Կեդրոնական գրասենեակով` այս կառոյցը բազմաթիւ քաղաքներում իր գրասենեակների միջոցով աշխուժ կերպով արծարծում է ամերիկահայ համայնքի շահերն ու խնդիրները Միացեալ Նահանգներում: Հայ դատի յանձնախմբի գործունէութիւնը ներառում է հարցերի լայն շրջանակ` Ամերիկայի քաղաքական գործընթացներում, կառավարութեան տարբեր շրջանակներում ամերիկահայերի հաւաքական տեսակէտի ներկայացում, հայ համայնքի քաղաքացիական աշխուժացում, քարոզչական, լոպիիստական աշխատանքներ եւ այլ:
«Մենք հայ ազգի երկրորդ բանակն ենք, հայ ժողովրդի պաշտպանութեան առաջին գծում ենք: Մեր կազմակերպութեան օրակարգում առկայ բազմաթիւ հարցերով ձգտում ենք հիմնական նպատակին, այն է` հայ ազգի կենսունակութեան ապահովմանը` ազգերի սեղանի շուրջ մեր տեղը ունենալով, ինչը պէտք է դրսեւորուի համաշխարհային զարգացումների մասնակիցը լինելով, աշխարհից սովորելով եւ մերը աւելացնելով», Հայ դատի յանձնախմբի Ուաշինկթընի Կեդրոնական գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանն այսպէս ամբողջացրեց կազմակերպութեան նպատակն ու առաքելութիւնը, 2013-ի «Գրասրութ» խորհրդաժողովի ժամանակ: Կառոյցի Արեւմտեան շրջանի աշխատանքների մասին` Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի տնօրէնների խորհրդի նախագահ իրաւաբան Նորա Յովսէփեանի հետ ունեցանք հետեւեալ բացառիկ հարցազրոյցը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տասնամեակներ շարունակ Հայ դատի յանձնախումբը իրականացրել է ամերիկահայերի շահերի ներկայացման ու տարաբնոյթ խնդիրների լուծման աշխատանքներ: Տարիների ընթացքում իրականացուել են բազմաթիւ ծրագրեր, լուծուել են համահայկական նշանակութեան հարցեր: Մեր ազգային հիմնահարցերն ու մեր ազգի առաջ մարտահրաւէրներն այսօր էլ բազում են` սկսած սփիւռքում ազգային ինքնութեան պահպանումից, մինչեւ համահայկական նշանակութեան այլ հարցեր, որոնք պահանջում են համախմբում: Որո՞նք են Հայ դատի աշխատանքներում առաջնահերթութիւնները:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Հայ դատը ներգրաւուած է լայն քաղաքական եւ կրթական գործընթացներում: Մենք աշխատում ենք հայ ազգի կենսական նպատակների` Հայաստանի հզօրացման, բարգաւաճման եւ որպէս ժողովրդավար երկիր կայացման ուղղութեամբ, Արցախի ինքնորոշման եւ անկախութեան իրաւունքի համար: Դրանց հասնելու համար Հայ դատի յանձնախումբը հանդէս է գալիս մի շարք, այդ թւում` օրէնսդրական նախաձեռնութիւններով, որոնք միտուած են Հայաստանի, Արցախի զարգացման համար Միացեալ Նահանգների կառավարութեան կողմից առաւելագոյն օգնութեան տրամադրմանը: Հայ դատի օրակարգի առաջնային հարցն է Հայոց ցեղասպանութեան համապատասխան ճանաչումն ու հատուցման հարցը, Թուրքիայի եւ Ազրպէյճանի քարոզչութեանը համապատասխան արձագանգ ապահովելը, Հայաստանի ու Արցախի դէմ այս երկրների գործողութիւնների կասեցման աշխատանքները: Մեր կազմակերպութեան նպատակն է նաեւ ամերիկահայերին ներգրաւել Միացեալ Նահանգների քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներում, աշխուժացնել մեր համայնքի մասնակցութիւնը երկրի որոշումների կայացման գործում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ մեքանիզմներով էք իրականացնում հանրութեան ներգրաւումը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Հայ դատի յանձնախումբը կապող մարմին է ընտրուող պաշտօնեաների, կառավարութեան անդամների ու հանրութեան միջեւ: Մենք աշխուժօրէն համագործակցում ենք տեղական կառավարող մարմինների ներկայացուցիչների, ընտրուող պաշտօնեաների հետ` մշտապէս ներկայացնելով հայ համայնքին յուզող խնդիրները: Միաժամանակ, համերկրային, նահանգային, տեղական մակարդակում ընտրութիւններից առաջ մեր համայնքին ծանօթացնում ենք հայամէտ թեկնածուներին: Քաղաքական կեանքին հայերի մասնակցութիւնը քաջալերելու առումով յատկանշական էր ընտրութեան իրաւունք ունեցողներին արձանագրելու եւ քուէարկողներին քաջալերելու` Ամերիկայի Հայ դատի Արեւմտեան շրջանի «Հայ վոթս» արշաւը: Նշեմ, որ մէկ տարում Լոս Անճելըսում յաջողեցինք գրանցել 5000-ից աւելի նոր ընտրող: Սան Գաբրիէլ հովտի մեր գրասենեակի աշխատանքի արդիւնքում Մոնթեպելլոյի ընտրութիւններում «Հայ վոթս»-ը կարողացաւ կրկնապատկել ընտրողների թիւը եւ ամերիկահայերի շնորհիւ` 15 տոկոսը դարձաւ 30, եւ ընտրուեցին մեր նախընտրած թեկնածուները: Մեր համայնքը պէտք է կարողանայ վճռորոշ դեր ունենալ ընտրութիւններում, ըստ այդմ, մեր ձայնն առաւել բարձր կը հնչի` դիւրացնելով մեր հետապնդած հարցերի լուծումը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ ի՞նչ սկզբունքով է առաջնորդում Հայ դատի յանձնախումբն ընտրութիւնների ժամանակ այս կամ այն թեկնածուի նախընտրութիւնը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Մենք մշտական շփման մէջ ենք արդէն ընտրուած պաշտօնեաների հետ, որոնց հետ քննարկում ենք հայ համայնքին առնչուող հարցեր, բարձրաձայնում ենք առկայ խնդիրներն ու փորձում միասին գտնել լուծումներ: Առաջադրուած թեկնածուների դէպքում էլ հանդիպում ենք նրանց եւ տեղեկանում ծրագրերից, ներկայացնում ենք մեր օրակարգը` արդիւնքում կողմնորոշուելով, թէ ով կարող է լաւագոյնս ներկայացնել նաեւ մեր համայնքի շահերը: Ընտրուելուց յետոյ, մենք աշխուժ համագործակցում ենք տուեալ պաշտօնեայի կամ գործչի հետ: Օրինակ, Լոս Անճելըսի ներկայի քաղաքապետ Էրիկ Գարսետիի հետ մենք աշխատում ենք արդէն 12 տարի, երբ նա քաղխորհրդի անդամ էր եւ ներկայացնում էր նաեւ «Լիթլ Արմենիա» շրջանը: Գարսետին մշտապէս արձագանգել է մեզ եւ տարբեր միջոցներով աջակցել մեր նախաձեռնութիւններին: Քաղաքապետի պաշտօնում ընտրուելուց յետոյ Գարսետիի հետ հանդիպման ժամանակ, մեր յանձնախումբը կրկին բարձրացրեց մի շարք հարցեր` քաղաքապետարանում հայ աշխատակիցների թիւն ընդլայնելուց մինչեւ Լոս Անճելըսի ու Երեւանի միջեւ քոյր քաղաքների կարգավիճակի թարմացման հարցը: Գարսետին էլ իր հերթին վերահաստատեց հայ համայնքի հետ առաւել արդիւնաւէտ աշխատելու իր պատրաստակամութիւնը, յայտարարեց, որ շարունակելու է աջակցել Արցախի անկախութեան, նաեւ` Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցերին:
Մէկ տարուայ ընթացքում, մենք 150-ից աւելի նման հանդիպումներ ենք ունենում դաշնային, նահանգի, գաւառի, քաղաքի կառավարութեան ներկայացուցիչների, պաշտօնեաների հետ, որի ընթացքում գաղափարներ ենք փոխանակում, մեր Դատն ենք առաջ տանում: Մասնաւորապէս, Քալիֆորնիայի խորհրդարանում ներկայացնում ենք Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման բանաձեւեր, փորձում հասնել տարբեր մակարդակներում Արցախի անկախութեան ճանաչմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք աշխատում էք նաեւ պետական կառոյցներում ամերիկահայերին հնարաւորինս ներգրաւելու ուղղութեամբ: Այս առումով առաջնային է նաեւ հայկական հարցերին տիրապետող եւ պայքարունակ երիտասարդների պատրաստումը, ովքեր լինելով իրենց գործում արհեստավարժներ, նաեւ առաջ կը տանեն Հայ դատը: Ինչպիսի՞ ծրագրեր ունէք երիտասարդների համար:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Հայ դատի յանձնախումբն ունի տարբեր ծրագրեր, որոնց միջոցով փորձում ենք մեր երիտասարդներին սովորեցնել, թէ ինչպէս կարող են մասնակիցը դառնալ քաղաքական-հասարակական գործընթացների: «Հայ վոթս» ծրագրում, օրինակ մեծամասնութիւն են կազմում աւագ դպրոցների ու քոլեճների ուսանողները: Մենք ունենք նաեւ Վարժողական ծրագիր, որին մասնակցող երիտասարդները մի քանի ամիս հետեւում են մեր գործունէութեանը, մասնակցում են մեր բոլոր ձեռնարկներին, այդ թւում` տարբեր պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ բազմապիսի թեմաներով հանդիպումներին են ներկայ լինում, որտեղ մենք բարձրացնում եւ քննարկում ենք տարաբնոյթ հարցեր: Այսպիսով, 17-23 տարեկան երիտասարդները շաբաթը 20 ժամ յատկացնելով մեր ծրագրին` ձեռք են բերում անհրաժեշտ փորձառութիւն, որ նրանց օգնում է հասկանալու քաղաքական-հասարակական գործընթացներն ու աշխուժ լինելու կարեւորութիւնը: Մենք նաեւ աջակցում ենք նրանց աշխատանք գտնելու հարցում: Հայ դատի յանձնախմբի Արհեստավարժների միութիւնը յատուկ ուսուցողական ծրագիր է սկսել, որի նպատակն է օգնել համալսարան ընդունուող կամ աշխատանք փնտռող երիտասարդներին: Մեր մասնագէտները ուղղորդում եւ խորհուրդներ են տալիս, թէ ինչպէս առաւել արդիւնաւէտ գործել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ լայն հանրութեան հետ ինչպէ՞ս էք աշխատում:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Տարբեր քաղաքներում ունենք գրասենեակներ, որտեղ մեր անդամների միջոցով իրականացնում ենք բազմաբնոյթ աշխատանքներ: Հիմնականում կազմակերպում ենք համայնքի համար անհրաժեշտ տեղեկատուական հաւաքներ, հրաւիրում ենք տարբեր ոլորտների մասնագէտների, ընտրուած պաշտօնեաների եւ բարձրաձայնում ենք արդիական խնդիրներ, փորձում տալ պատասխաններ: Նշեմ, որ այս տարի Հայ դատի յանձնախումբը հաշուի առնելով, որ Կլենտէյլի բնակչութեան 40 տոկոսը հայ է` համախմբեց համայնքին ելեկտրականութեան եւ ջրի սակագների բարձրացման քաղաքապետարանի նախաձեռնութեան դէմ: Մենք համայնքի հետ իրազեկման աշխատանքներ անցկացնում ենք նաեւ լրատուամիջոցներով` հեռուստատեսութեամբ եւ թերթով, մասնաւորապէս` «Ասպարէզ»-ի միջոցով: Օրինակ, մենք սիրահայերին մեր զօրակցութիւնը յայտնելու նպատակով Կլենտէյլում անցկացրինք ձեռնարկ-արշաւ, որտեղ մեր անհամաձանութիւնը յայտնեցինք` Սուրիայի դէմ Միացեալ Նահանգների հնարաւոր յարձակման հարցում: Այս հաւաքին մեզ յաջողուեց համախմբել ամերիկահայ համայնքի զգալի հատուածին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ դատի յանձնախմբի աշխատանքների հիմնական աշխատանքներից է քարոզչութիւնը, որի շրջանակներում գործունէութիւն է ծաւալւում մի շարք ուղղութիւններով` համարժէք պատասխանել թուրք-ազրպէյճանական քարոզչամեքենային, որ յաճախ թիւր եւ ստայօդ տեղեկութիւններ է տարածում:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Այո՛, եւ միաժամանակ, մենք ամերիկեան պետական եւ քաղաքական գործիչներին ներկայացնում ենք մեր պատմութիւնը, մշակոյթը, երկիրն ու մեր ազգային նշանակութեան հարցերը: Այս առումով յատկանշական էր այս տարուայ սեպտեմբերին Հայ դատի Արեւմտեան շրջանի, Քալիֆորնիայի խորհրդարանի եւ Լոս Անճելըսի քաղաքապետարանի անդամների այցը Արցախ եւ Հայաստան: Նահանգի օրէնսդիր մարմնի խօսնակ Ճոն Փերեզի գլխաւորած պատուիրակութեան կազմում էին օրէնսդիրներ Խաչօ Աչաջեանն ու Ադրին Նազարեանը, Չերիլ Պրաունը, Սքոթ Վիլքը, քաղխորհրդի անդամներ Փոլ Գրիգորեանն ու Պոպ Պլումենֆիլտը: Նման կազմով այս ճամբորդութիւնը շատ յաջողուած էր` մենք այցելեցինք Ցեղասպանութեան յուշահամալիր, Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային վայրեր, հանդիպումներ ունեցանք խորհրդարանների նախագահների հետ: Հայաստանում, Փերեզը յայտարարեց, որ խորհրդարանի մակարդակով կ՛աշխատի երկկողմ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ: Յատկանշական էին Արցախում մեր պատուիրակութեան հանդիպումները բարձրաստիճան պաշտօնեաների, նախագահ Բակօ Սահակեանի հետ: Քննարկուեցին Արցախի եւ Քալիֆորնիայի միջեւ տարբեր ուղղութիւններով համագործակցութեան հնարաւոր ձեւերն ու միջոցները, տեղեկութիւններ ստացանք Արցախի անվտանգութեան, դիւանագիտական յարաբերութիւնների ներկայ իրավիճակի եւ Ազրպէյճանի կողմից շարունակուող յարձակումներու մասին: Ամերիկացի օրէնսդիրները խոստացան բարձրաձայնել այս հարցերի մասին Միացեալ Նահանգներում իրենց գործընկերներին եւ նախագահ Օպամային: Անձամբ ինձ համար անմոռանալի էր պահը, երբ ելոյթով հանդէս եկայ Արցախի խորհրդարանում: Ուշագրաւ էր մի փաստ` մեր պատուիրակութեան բոլոր անդամները խնդրեցին իրենց անձնագրում ունենալ Արցախի մուտքի արտօնագրման կնիք` անտեսելով իրենց ուղղուած ազրպէյճանական սպառնալիքները, որ կնիք ստանալու դէպքում նրանք կը ճանաչուեն «անցանկալի անձ» Ազրպէյճանում եւ կը յայտնուեն այդ երկրի սեւ ցուցակում: Նշեմ, որ այս չափազանց յաջողուած այցը Հայ դատի Արեւմտեան շրջանի, Լոս Անճելըսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան, Քալիֆորնիայի խորհրդարանի եւ Լոս Անճելըսի քաղաքապետարանի համատեղ նախաձեռութիւնն էր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այս տարի անցկացուեց Հայ դատի յանձնախմբի արդէն երկրորդ «Գրասրութս» խորհրդաժողովը, որ իւրատեսակ ձեւով հանրութեանն է ներկայացնում ձեր աշխատանքների ողջ տրամագիծը: Միաժամանակ, այս ձեռնարկը հարթակ է դառնում համահայկական նշանակութեան հարցերի վերհանման եւ գործողութիւնների ծրագրեր մշակելուն: Ինչպէ՞ս ընթացաւ 2013-ի խորհրդաժողովը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի «Գրասրութս» խորհրդաժողովը որոշեցինք անցկացնել երկու տարին մէկ, եւ սա արդէն երկրորդն էր: Նպատակն այն է, որ աշխարհի տարբեր երկրներից հրաւիրելով մասնագէտների` քննարկենք Հայ դատի հետապնդման նոր միջոցներ եւ լուծումներ գտնենք մեր հարցերին: Խորհրդաժողովի երեք օրերի ընթացքում այցելուների թիւը 1400-ից անց էր: Եօթ տարբեր բաժիններում մեր 30 խօսնակները ներկայացրեցին իրենց աշխատանքներն ու առաջարկները: Նշեմ, որ բանախօսների թւում էին յայտնի արուեստագէտներ, իրաւաբաններ, պատմաբաններ, լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, Խորհրդաժողովն ամփոփուեց տարբեր երկրների Հայ դատի յանձնախմբերի ներկայացուցիչների կողմից, ովքեր համացանցի միջոցով մասնակցեցին մեր ձեռնարկին եւ պատմեցին իրենց երկրների գործունէութեան մասին: Մեզ համար ուրախալի էր, որ խորհրդաժողովի մասնակիցների շարքում մեծ թիւ էին կազմում երիտասարդները: «Ասպարէզ»-ի կայքի միջոցով, ուղիղ հեռարձակման շնորհիւ, մեզ հետեւելու հնարաւորութիւն ունէին նաեւ այլ երկրներից մեր հայրենակիցները: «Գրասրութս» 2013-ի շրջանակներում անցկացուած Հայ դատի Արեւմտեան շրջանի տարեկան ձեռնարկի ժամանակ էլ մեծարուեցին մի քանի անհատներ, ովքեր ներդրում են ունեցել համահայկական նշանակութեան հարցերում: Նշեմ, որ ձեռնարկին ներկայ էին համայնքի գրեթէ բոլոր միութիւնների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչները:
Հայ դատի յանձնախմբի գործունէութիւնը հնարաւոր է դառնում հայրենասէր նուիրեալների շնորհիւ, ովքեր գործում են կամաւոր հիմունքով` համախմբուելով վեհ գաղափարի շուրջ: Սակայն այս դէպքում եւս անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս կարող է համայնքը օգտակար լինել կազմակերպութեանը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.– Մեր աշխատանքներն ուղղուած են ի նպաստ ողջ հայութեանը եւ ոչ մէկ կազմակերպութեան կամ հատուածների շահերին` թէ՛ սփիւռքում, թէ՛ Հայաստանում: Մեր աշխատանքի համար անհրաժեշտ նիւթական միջոցները ստացւում են նուիրատուութիւնների միջոցով: Հայ դատի յանձնախմբի տարեկան ձեռնարկը ամենամեծ շահոյթն է ապահովում: Մեզ աջակցել ցանկացողները կարող են ուղղակիօրէն նուիրատուութիւն անել մեր տարբեր մասնաճիւղերին, նաեւ` մասնակցել կազմակերպութեան աշխատանքներին: Մեր գործում տարիքային սահմանափակումներ չկան, եւ մեր գրասենեակների դռները բաց են հայկական հարցերի ջատագով իւրաքանչիւր հայի համար:
Կոչ եմ ուղղում մեր բոլոր հայրենակիցներին, որ գան, մասնակցեն Հայ դատի աշխատանքներին: Համախմբուած լինելու դէպքում մենք կը յաջողենք շատ հարցերում, քանզի մեր ուժը նաեւ մեր քանակի մէջ է:


Ամերիկայի Հայ դատի յանձնախումբն ամերիկահայ ամենամեծ ու ազդեցիկ քաղաքական կազմակերպութիւնն է, որի նպատակներն ու գործունէութիւնն ուղղուած են համահայկական նշանակութեան հարցերի լուծմանը: Արեւմտեան եւ արեւելեան շրջանների մասնաճիւղերով եւ Ուաշինկթընի մէջ գործող Կեդրոնական գրասենեակով` այս կառոյցը բազմաթիւ քաղաքներում իր գրասենեակների միջոցով աշխուժ կերպով արծարծում է ամերիկահայ համայնքի շահերն ու խնդիրները Միացեալ Նահանգներում: Հայ դատի յանձնախմբի գործունէութիւնը ներառում է հարցերի լայն շրջանակ` Ամերիկայի քաղաքական գործընթացներում, կառավարութեան տարբեր շրջանակներում ամերիկահայերի հաւաքական տեսակէտի ներկայացում, հայ համայնքի քաղաքացիական աշխուժացում, քարոզչական, լոպիիստական աշխատանքներ եւ այլ: