Շիւքրիւ Հանիօղլուն Թուրքական Պատմագիտական Ընկերութիւնում Կազմակերպեց Միութիւն Եւ Առաջդիմութիւն Կուսակցութեան Պատմութեան Վերաբերեալ Գիտաժողով, Որտեղ Հայերից Անգամ Խօսք Չի Գնում
ՍԱՅԻՏ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ
25 դեկտեմբեր 2013-ին թուրքական պատմագիտական ընկերութեան (այսուհետ` ԹՊԸ) գիտաժողովների դահլիճում Միութիւն եւ յառաջադիմութիւն («Իթթիհատ վէ թերաքքը») կուսակցութեան վերաբերեալ գիտաժողով տեղի ունեցաւ: Դահլիճը լեփ-լեցուն էր: Նախքան Հանիօղլուն ելոյթը` մի պաշտօնեայ ներկայացրեց նրան, այնուհետեւ հաստատութեան նախագահ Մեթին Հիւլակիւն հակիրճ բացման խօսքից յետոյ ներկայացրեց Թպը-ի պատուաւոր անդամ Հանիօղլուին եւ հագցրեց ուշացուած պատմուճանը: Հանիօղլուն այս պատմուճանով ելոյթ ունեցաւ: 1.5 ժամ տեւած ելոյթի ժամանակ, առանց հայերի մասին յիշատակելու, ունկնդիրներին պատմեց Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան մասին: Գալով 1914 թ.` աւարտեց զեկոյցը` ասելով` «շարունակութիւնը գիտէք»: Անցան հարց ու պատասխան բաժնին: 3-4 հարցից յետոյ յայտարարեցին, թէ գիտաժողովն աւարտուեց:
Դրսում հիւրասիրութիւն կար, որի ընթացքում Մեթին Հիւլակիւին ասացի, թէ սա ինչպիսի՞ գիտաժողով էր, որ հարց ուղղելու հնարաւորութիւն չտուեցիք, իսկ նրանք, ովքեր հարցեր ուղղեցին, միմեանց գիտէին: Նախագահը ժխտեց` ասելով` «ոչ մէկին չենք ճանաչում»: Երբ, հակառակ նրա խօսքերի, ասացի, թէ գիշերն եմ իմացել գիտաժողովի մասին եւ Պոլսից առաւօտեան ժամը 7:30-ին յատուկ այս գիտաժողովի համար եմ եկել, ասաց. «Ի՜նչ հաճելի է, բարով էք եկել»: Ուշքս ու միտքս դեռ գիտաժողովում էր: Երբ ասացի, որ կայքում նշուած գիտաժողովները, որոնք տեղի են ունենալու մինչեւ 2015 թ, եթէ այսպէս մենախօսութեան տեսքով են անցնելու, ապա որեւէ նշանակութիւն չունեն, յայտնեց, որ 2015 թուականն ընդհանրապէս չեն արտասանելու` «2015 մի ասէք, 2015 մի ասէք»:
Երբ նախագահի հետ զրուցում էինք, Շիւքրիւ Հանիօղլուն ազատուելով դուրս էր եկել: Նրան ասացի, որ առանց հայերին յիշատակելու «Իթթիհատ»-ի մասին խօսելը լիարժէք չէ, եւ որպէսզի հայերի մասին խօսք չգնայ, կիսատ ընդհատեցին գիտաժողովը` ասելով, թէ 1914 թ. յետոյ կատարուածի մասին արդէն գիտէք: Պնդեց, թէ կարճ կապեց, որպէսզի ունկնդիրներին շատ չյոգնեցնի: Այնուհետեւ յիշեցրեցի, որ «Իթթիհատ»-ի հիմնադիր Իպրահիմ Թեմոն իր յուշերում գրում է, որ «Իթթիհատ»-ի 1895 թ. առաջին յայտարարութիւնը հայերի մասին է եղել, ինչպէս նաեւ յիշեցրեցի Միութեան խորհրդաժողովի ժամանակ արքայազն Սաբահադդինի խօսքերը. «Օտար պետութիւնների միջամտութիւնը մեր ներքին գործերին ամէն անգամ մերժուել է, սակայն չենք կարող չհաստատել, որ մեր երկրում առանց արտաքին միջամտութեան չի կարելի բարենորոգում կատարել: Մենք, միայն օտար երկրներից քաշուելով, մեզ հետ ապրող քրիստոնեաներին կարողացանք պաշտպանել: Եթէ օտար պետութիւններից չվախենայինք, ողջ քրիստոնեաներին` յատկապէս հայերին, մինչեւ վերջին մարդը սպաննելու էինք…»:
Պատասխանեց, որ գիտի, ես էլ խօսքը փոխելու հնարաւորութիւն չտուեցի` անմիջապէս յիշեցնելով 1915 թ. յուլիս 12-ի հեռագիրը, ըստ որի` «հայերի տեղահանման եւ բնակեցման ընթացքում առանց խնամակալի մնացած երեխաների խնամքի եւ դաստիարակութեան» համար յարմար էր գտնուել բաժանել հայ կամ օտարական չունեցող գիւղերի եւ «քազան»-երի յայտնի, ակնածալի եւ նիւթական բարւոք վիճակում գտնուող մարդկանց, իսկ նիւթական բարւոք վիճակում չգտնուող մուսուլման ընտանիքներին որոշուել էր ամսական 30 ղուրոշ վճարել, ինչպէս նաեւ 1915 թ. օգոստոսի 19-ի որոշումը, ըստ որի` «իսլամացած եւ վստահելի անձանց մօտ թողնուած երեխաների անձնական անշարժ գոյքը պաշտպանելով յանձնել ժառանգութիւն թողածների ժառանգներին», մէջբերեցի անգլերենով լոյս տեսած Օսմանեան կայսրութեան վերաբերեալ իր վերջին գրքի վերջին պարբերութիւնը. «Պատերազմում ամենաողբերգական դէպքերից մէկն էլ Անատոլուի (Արեւմտեան Հայաստանի-«Ակունք»-ի խմբ.) հայ բնակչութեան մեծամասնութեան տեղահանութիւնն էր: Պատերազմի վաղ շրջանում օսմանեան արեւելեան ռազմաճակատում մեծ անյաջողութեան հնարաւորութեան հետ դէմ առ դէմ հանդիպելով` ըստ կառավարութեան տեսակէտի` օսմանեան-ռուսական պատերազմական հարթակում եւ շրջակայքում բնակուող հայ առաքելական եկեղեցու հետեւորդ հայերին ամբողջութեամբ տեղահանելու որոշում կայացուեց: Այս որոշումը պայմանաւորուած էր նրանով, որ հայ յեղափոխական կոմիտէները դաւաճանել էին Օսմանեան կայսրութեանն ու աջակցում էին առաջ շարժուող ռուսական բանակին: Սակայն այս որոշումից հրաժարուեցին` առանց մանրամասն կիրառութեան, այս հրաժարումը չէր տարածւում հայ առաքելական եկեղեցու հետեւորդ հայերի վրայ: Պոլսոյ, Զմիւռնիոյ, Քէօթահիայի պէս որոշ քաղաքների հայերին չտեղահանեցին: Ի յաւելումն այս ամէնի` կառավարութիւնը տեղահանեց մայրաքաղաքի եւ միւս մեծ քաղաքների հայկական ընտրանի յայտնի եւ ակնածալի մեծամասնութեանը, մտաւորականների եւ իրենց գործի վարպետների` հիմնաւորելով, թէ այս մարդիկ գաղտնի աջակցում են ապստամբ հայ կոմիտէականերին: Օսմանեան Պատգամաւորների խորհրդի բազմաթիւ հայ անդամները ներառեալ բազմաթիւ հայ քաղաքական գործիչներ որոշ ժամանակ անց արժանացան նոյն ճակատագրին: Հայերի տեղահանութիւնն (հիմնականում Սուրիայի Տէր Զօրի շրջան) իրականցուեց մեծ բռնութեան, սովի պայմաններում, որն էլ յանգեցրեց մեծաթիւ մարդկային կորուստների: Տեղահանութիւնը մեծաւ մասամբ վերջ դրեց Անատոլիայի (Արեւմտեան Հայաստանի-ակունքի խմբ.) հայերի գոյութեանը»: Յայտնելով, որ բաւականաչափ բացատրութիւն չի տրւում, հարցրեցի, թէ արտերկրում մեզանից շատ աղբիւրներ ձեռքի տակ ունենալով, ի՞նչ պատասխան կը տայ իմ այս միամիտ հարցին.
– Ուսուցի՛չ Շիւքրիւ, 1915 թ. մենք հայերին իրօ՞ք կոտորել ենք:
Թէեւ պատասխանն իմ հարցին չէր վերաբերում, սակայն, այնուամենայնիւ, հետաքրքիր էր.
Այս հարցին պատասխանելու համար պէտք է մի գիրք գրել, իսկ մենք անգամ կարեւոր գործերի համար ժամանակ չենք կարողանում գտնել:
Քանի որ աւելացնելու որեւէ բան չգտայ, շնորհակալութիւն յայտնելով` ցանկանում եմ այսքանով աւարտել ասելիքս:
Թարգմանեց`
ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»

