«Փրկուած Մայրը» Արձանը Լաս Վեկասում. Յիշատակի Տուրք Ցեղասպանութիւնից Փրկուած Հայուհիներին

mayrԳարի Տերացուն իր կնոջ` Տորիսի հետ ապրում է ամերիկեան Լաս Վեկաս քաղաքի խաղաղ թաղամասում: Չնայած իր համեմատաբար խաղաղ կեանքին` նա յիշում է ողբերգական պատմութիւնները, որոնք իրեն պատմել է Ցեղասպանութիւնից փրկուած մայրը:

Ինչպէս գրում է «Լաս Վեկաս ռիվիու ճըրնըլ»-ը, սէրը մօր նկատմամբ ստիպել է նրան մասնակցել ջարդերից փրկուած կանանց յիշատակին նուիրուած արձանի կանգնեցմանը: «Կինս եւ ես ճանապարհորդել ենք ողջ աշխարհում, եղել ենք հայկական տարբեր կենտրոններում,- պատմել է   Տերացուն:- Սակայն մենք երբեք ոչինչ չենք տեսել, որ նուիրուած լինի հայ կանանց յիշատակին, ովքեր փրկուել են Ցեղասպանութիւնից: Ես ցանկացել եմ կեանքի կոչել մօրս մտադրութիւնները եւ արժանին մատուցել այդ կանանց»:

«Տերացուն ծնուել է Հալէպում, Սուրիայում, որտեղ հաստատուել են ծնողները Ցեղասպանութիւնից փրկուելուց յետոյ: Ցեղասպանութիւնը տեղի է ունեցել Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին եւ խլել մօտ 1.5 միլիոն մարդու կեանք», գրում է թերթը, եւ մէջբերում` «Մայրս պատմում էր ջարդի սարսափների մասին: Նա պատմում էր, թէ որքան շատ կանայք են տուժել», ընդգծել է տղամարդը:

Ամէն տարի ապրիլի 24-ին մարդիկ ողջ աշխարհում հաւաքւում են, որպէսզի յարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանութեան զոհերին: Լաս Վեկասում Հայ առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու  քարտուղար եւ Հայ-ամերիկեան մշակութային ընկերութեան անդամ Ատրուշան Արմէնեանի խօսքով` Տերացուն կարողացել է գտնել քանդակագործ Ռոման Գալստեանին, ով 1915թ. ցեղասպանութիւնից փրկուած եւ նոր սերունդ ծնած հայ մայրերի պրոնզէ քանդակն է ստեղծել: «Փրկուած մայրը» քանդակը տեղադրուել է Լաս Վեկասում` Հայ առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու մուտքի մօտ:

Share this Article
CATEGORIES