Թուրք Պատմաբաններն ՈւռՃացնում Են Ցեղասպանութիւնից Փրկուած Հայերի Թիւը

Զուիցերիական Ժընեւ քաղաքում բնակուող պատմաբան Մեհմեթ Շիւքրիւ Կիւզելը բացայայտել է հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ թուրք պատմաբանների զեղծարարութիւնները:

Ըստ Կիւզելի, «Մերձաւոր Արեւելքի օգնութեան միութիւն» կազմակերպութեան ներկայացուցիչները 1921 թ. զեկոյց էին պատրաստել հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ, ինչն էլ պատմաբանների կողմից սխալ է հաշուարկուել: Մեհմեթ Շիւքրիւ Կիւզելն այս եզրայանգմանն է եկել ՄԱԿ-ի գրադարանում կատարած ուսումնասիրութիւններից յետոյ:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Վաթան» թերթը մէջբերում է Կիւզելի խօսքերը.

«Մեծն Բրիտանիայի եւ Միացեալ Նահանգների լրտեսների կողմից  (նկատի ունի «Մերձաւոր Արեւելքի օգնութեան միութիւնը» – խմբ.) պատրաստուած զեկոյցում նշւում է, որ Օսմանեան կայսրութիւնում ապրող, փախստականի կարգավիճակով աշխարհի տարբեր երկրներ ցրուած, անձնագրերը փոխած հայերի ընդհանուր թիւը 817 873 է կազմում: Այս տուեալը ներառում է  նաեւ  այդ թուականին (1921-խմբ.)  Պոլսում եւ երկրի արեւելեան շրջաններում մնացած հայ բնակչութեան թիւը, որը ըստ նոյն զեկուցի, եղել է 281 հազար մարդ: Սակայն Միացեալ Նահանգներ արխիւային փաստաթղթերից մէկում տեղ գտած յայտարարութեան պատճառով մեծաւ մասամբ թուրք պատմաբանները 817 հազար թիւը վերագրել են փախստական հայերին` դրան գումարելով 281 հազար: Ստացուած թուին գումարել են նաեւ Միացեալ Նահանգների արխիւային փաստաթղթում նշուած 95000 հայ կանանց եւ երեխաների թիւը եւ ստացել 1 193 873 մարդ»:

Կիւզելը յաւելել է, որ այդպիսով թուրք պատմաբանները մեծ սխալ են գործում` 2 անգամ հաշուելով Թուրքիայում մնացած 281 հազար հայերի թիւը:

Share this Article
CATEGORIES