Ինչպէ՞ս Գտնել Հայերի Գանձերը. Թուրքերը Տեսաուղեցոյց Են Ստեղծել
«ՆԻՈՒԶ»
Թուրքիայում հայերի գանձեր փնտռողներն այնքան են մասնագիտացել իրենց գործում, որ սկսել են «Եութիուպ»-ի միջոցով գանձագողութեան դասեր տալ սկսնակներին:
Թուրքական «Թարաֆ» պարբերականն անդրադարձել է գանձագողերի տեսաուղեցոյցներին` նշելով, թէ զարմանալին այն է, որ «Եութիուպ» կայքէջում յայտնուած այդ տեսաուղեցոյցների իւրաքանչիւրի դիտումն անցնում է 10 հազարը:
Տեսաուղեցոյցերից մէկում, որը վերնագրուած է «Հայի տունը գաղտնի գանձարան է», հեղինակը պատմում է, թէ մինչեւ Ցեղասպանութիւնը հայերն իրենց թանկարժէք իրերն ու զարդերը պահել են տան մէջ սարքած յատուկ պահոցներում կամ այգիներում: «Ցեղասպանութիւնից յետոյ որոշ հայեր կարողացել են յետ գալ եւ իրենց գանձերը տանել կամ էլ պատրիարքարան են դիմել եւ պատրիարքարանի միջոցով են իրենց թանկարժէք իրերն ու զարդերը յետ ստացել:
Չնայած դրան, դեռ շատ հայերի տներ կան, որտեղ գանձերը մնում են: Հայերի գանձերը գտնելու համար երբեք մի՛ օգտագործէք քարտէսներ կամ նշաններ: Հայերը երբեք դրանք քարտէսում չեն նշել, ոչ էլ նշաններ են արել: Հայերի գանձերը փնտռէք տներում եւ այգիներում, ասւում է տեսաուղեցոյցի մէջ:
Նշենք, որ ամբողջ Թուրքիայի տարածքում, որտեղ որ ապրել են հայերը, գանձ փնտռելու տենդ է: Տեղի բնակիչները առիթը բաց չեն թողնում իրենց պատմական հայրենիքը մեկնած հայերից հետաքրքրուելու «թաքցրած գանձերով»` դրանք կիսուելու առաջարկ անելով նրանց:
Գանձերի մոլուցքով տառապողներն իրականացնում են սրբապղծութիւն` քանդելով հայերի գերեզմաններն ու եկեղեցիների հիմքերը:

