ՎԱՆԱՅ ԿԱՏՈՒ. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Վանի համալսարանում, որտեղ կանգ է առնում Վան այցելող իւրաքանչիւր զբօսաշրջիկ, ի թիւս այլ արժէքների, նրանց է ներկայացւում նաեւ Վանայ կատուն, իբրեւ թուրքական ցեղական կատու: Վանում զբօսաշրջիկներին է վաճառւում  նաեւ Վանի արուեստի մասին պատմող գիրք, որի մէջ հայկական գորգագործութիւնը, ձեռագործութիւնն ու այլ արհեստներ ներկայացւում են իբրեւ թուրքական մշակոյթի նմուշներ:

Այս առաջին ու միակ  դէպքը չէ, երբ Թուրքիայում տեղի է ունենում արժէքների խեղաթիւրում:

Դարեր շարունակ ազնուական ծագումով Վանայ կատուն յայտնի է իբրեւ հայկական հնագոյն տարածաշրջաններից մէկում` Վանում  կազմաւորուած ցեղատեսակ: Հայկական կատուասէրների ընկերութիւնները եւ մանաւանդ` Վանայ կատուով զբաղուող կազմակերպութիւնները պատրաստւում են միջազգայնօրէն արշաւ ձեռնարկել` Վանայ կատուն Կատուների միջազգային պատկերագրքում իբրեւ հայկական հաստատելու:

Թուրքերը ոչ միայն «սեփականաշնորհել» են Վանայ կատուն, այլ նաեւ իրենց բոլորովին ճերմակ անգորական կատուն տասնամեակներ շարունակ խաչասերում են Վանայ կատուի հետ  (անգորական կատուն  աւելի թոյլ է եւ ունի մի շարք հիւանդութիւններ) եւ աշխարհին ներկայացնում են  այն «Թուրքական Վանայ կատու» անուան տակ:  Թուրքերը Վանայ կատուներին ներկայացնում են որպէս թրքական ազգային ժառանգութիւն, եւ նրանց բոլորովին չի շփոթեցնում նոյնիսկ այն փաստը, որ թրքական հնագոյն աւանդոյթում լիովին բացակայում է տանը կատու պահելու սովորոյթը: Թուրքիայում   Վանայ կատուի ոչնչացումը, ձուլումը եւ նրա հանդէպ ոչ դրական վերաբերմունքը նոր չէ, որ սկսել է:

1915-1922 թուականներին Թուրքիայում հայերի Ցեղասպանութեան նոր ալիքից յետոյ հայկական գիւղերում սկսեցին բնակութիւն հաստատել թուրքերը կամ քրտերը, իսկ կատուները, ողջ ունեցուածքի հետ միասին, բաժին հասան նոր տէրերին: Թուրքերը, հաշուի առնելով հայերի դրական վերաբերմունքը կատուների նկատմամբ  խիստ բացասական վերաբերուեցին նրանց (ընդհուպ մինչեւ ոչնչացումը):

Վանայ կատուի պատմութեան մէջ մէկ այլ ողբերգական էջ է 20-րդ դարի 80-ական թուականները: Քրտական ապստամբութիւնների տարիներին, երբ ոչնչացւում էին քրտական ամբողջ գիւղեր, Թուրքիայում անխնայ ոչնչացւում է նաեւ Վանայ կատուների մեծամասնութիւնը` շուրջ 200 հատ (այդ մասին ժամանակին գրել են գերմանական եւ ամերիկեան թերթերը): Դրա համար առիթ է հանդիսացել այն, որ որոշ քրտեր մեծարել են Վանայ կատուներին (այդ սովորոյթը նրանց փոխանցուել է հայերից), ինչն առաջացրել է թուրքերի խիստ բացասական վերաբերմունքը: Եւ Թուրքիայի մշակոյթի նախարարը կոչ է արել ոչնչացնել Վանայ կատուներին` որպէս թշնամական մշակոյթի մաս: Հետաքրքիրն այն է, որ քրտերը Վանայ կատուին անուանում են Pisika Wane` «Վանի փիսիկ» (տեղեկատուներում կատուն թրքերէն կոչւում է Van Kedisi): Այն, որ քրտերը հայերէն են կոչում կատուին, լիովին հաւանական է, որ Վանայ կատու պահողներից շատերը քրտեր չէին, կամ էլ ոչ լրիւ քիւրտ էին:

Այսօր մաքուր եւ անխառն Վանայ կատուների թիւն աշխարհում շատ քիչ է:

Երկու տարի առաջ` 2009թ. ապրիլի 10-ին «ԻԹԱՌ-ԹԱՍՍ» գործակալութիւնը լրատուութիւն հաղորդեց, որ  աշխարհում կայ Վանայ կատուների 400 առանձնեակ: Դրանց մի մասը Վանայ կատուների ցեղատեսակի հիման վրայ սերուած ժամանակակից ցեղատեսակներ են` «Թուրքական Անգորա», «Թուրքական Վան» եւ «Անատոլի»: Նրանք բոլորն էլ  համարւում են հնագոյն ընտանեցուած  կատուների ժառանգներ: Սակայն սպիտակաթոյր եւ նրբագեղմ Վանայ կատուն նրանց մէջ մնում է բացառիկ ու անկրկնելի…

Հրաշալի արտաքին ունեն Վանայ ազնուական կատուները. նրանք  սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են, որոնց մուշտակն անջրանցիկ է: Ունեն ձիգ, երկարաւուն, լողորդի զարգացած ու մկանուտ կրծքավանդակով  մարմին: Վանայ կատուի մէջքը ուղղանկեան ձեւ ունի, որը դէպի պոչը նեղանում է: Նրա երկարութիւնը քթից մինչեւ պոչի ծայրը  90-120 սմ է, բարձրութիւնը մինչեւ ուսերը` 35-40 սմ:  Վանայ կատուները յայտնի են իրենց ինքնատիպ խառնուածքով. նրանք  խելացի են ու ճարպիկ, մաքրասէր ու բարեացակամ,  կապուած ու նուիրուած են տէրերին: Նրանք շատ լաւ զգում են շրջապատի տրամադրութիւնը, յատկապէս, երբ տէրը հիւանդ է լինում, կատուն փորձում է թաթիկներով բուժել նրան:

Վանայ կատուները լաւ որսորդներ են. նրանք ճարպկօրէն որսում են մկներ, մողէսներ, թռչուններ, ճանճեր, միջատներ: Բացի կատուներին սովորաբար  տրուող ուտելիքներից,  ուտում են նաեւ սեխ, ձմերուկ եւ այլ պտուղներ: Նրանք առջեւի թաթով ստուգում են նաեւ կաթի եւ կերակրի ջերմաստիճանը եւ ստուգելուց յետոյ են միայն ճաշում: Ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ եթէ Վանայ կատուն քիչ է շփւում մարդկանց հետ կամ ընդհանրապէս չի շփւում, նա շատ արագ վայրենանում է…

Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են ջրում լողալ եւ ձուկ որսալ:

Զարգացած գլխուղեղով, վագրային քայլուածքով, աղուէսի պոչի նմանուող պոչով Վանայ կատուների առանձնայատկութիւններից մէկը նրանց աչքերի տարբեր գոյներն են, որ նրանց դարձնում է շատ գրաւիչ: Աչքերի գոյնով  Վանայ փիսիկները բաժանւում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագոյն աչքերով, սաթագոյն (դեղին ու նրա նրբերանգներով), յաճախ` աչքերի տարբեր գոյներով (աջը` երկնագոյն, ձախը` բաց սաթագոյն, դեղին ու դեղնականաչ, երբեմն` դարչնագոյն) աչքերով: Յատկապէս արժէքաւոր են տարագոյն աչքերով կատուները:

Նորածին Վանայ կատուիկների աչքերը լինում են գորշագոյն: Նրանց գոյնը փոխւում է ծննդեան 25-րդ օրից սկսած եւ 40 օրականում ստանում է վերջնական գոյնը: Սովորաբար այդ ցեղի կատուների ականջների միջեւ կարելի է նկատել 1 կամ 2 կէտ: 2 կէտի առկայութիւնը բնորոշ է տարագոյն աչքեր ունեցողներին: Արուների  զանգուածը 3,6-ից 10 քկ է, էգերինը`  4,5-6 քկ: Վանայ կատուները զուգաւորւում են փետրուար-մարտին: Նրանք նոր ապրելավայրին յարմարւում են 20-30 օրուայ ընթացքում:

Վանայ նրբագոյն փիսիկների երկրորդ առանձնայատկութիւնը նրանց մուշտակի բծաւորումն է` ականջների եւ պոչի վրայ եւ մէկ խայտ` ուսերի շրջանում (այսինքն` այն մասերում, որոնք ջրի մակարդակից բարձր են մնում, երբ կատուն լողում է), պղնձագոյն (ծիրանագոյն) գունաւորում կայ, որ կոչւում է Վանայ թոյր:

Հետաքրքրական մի հանգամանք.  դասական Վանայ կատուի գեղմի նշանների այդ գոյնը` ծիրանագոյնը կամ պղնձագոյնը համապատասխանում է Վանայ լճի արեւածագի եւ մայրամուտի գոյնին… Երբ  կատուն լողանում է Վանայ լճում (արեւածագին կամ մայրամուտին)` այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, կարծես թէ արեւն ինքն է կատուի մուշտակի վրայ թողել այդ ծիրանագոյն նշանները: Այդ պատկերից ծնուել է առասպելն այն մասին, որ Աստուած, տեսնելով լողացող Վանայ կատուին` ստեղծել է Վանայ թոյրը: Վանայ թոյր անուանումով է կոչւում  նաեւ  ընտանի այլ կենդանիների մօտ սպիտակ մուշտակի վրայ խայտերի նոյն կամ նմանատիպ դասաւորութիւնը:

Վանայ կատուն առաջացել է միայն Վանայ լճի շրջանում եւ աշխարհի ոչ մի վայրում չի հանդիպել:

ՑԵՂԱՏԵՍԱԿԻ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Վանայ կատու ցեղատեսակը մինչեւ 1950-ական թուականները անյայտ էր Եւրոպայում: 1955 թուականին յուլիս-օգոստոս ամիսներին բրիտանական երկու թղթակիցներ` Լորա Լաշինքթընն ու Սոնիա Հոլիտեյը Թուրքիա են գնում` յօդուած պատրաստելու նպատակով: Լորա Լաշինքթընը կատուասէր էր եւ Թուրքիայում նկատում է գեղեցիկ մուշտակով եւ աչքերի անսովոր գոյներով կատուներ: Նա հիւրանոցի աշխատողին հարցնում է այդ կատուների մասին եւ տեղեկանում է, որ շքեղ ու գեղեցիկ արտաքինով այդ կատուները Վանայ կատուներ են: Եւ քանի որ նրա հետաքրքրութիւնը մեծ է լինում, Լորային Վանայ կատուի երկու ձագ են նուիրում: Թղթակիցը դրանք իր հետ բերում է Բրիտանիա, Լոնտոն: 1959 թուականին Լորա Լաշինքթընը Վանայ կատուի եւս  երկու ձագ է բերում Թուրքիայից: Տասը տարի յետոյ անգլիացի այդ կատուասէր լրագրողին յաջողւում է ձեռք բերել մեծ թուով Վանայ կատուներ, որոնք ծնուած էին տարբեր չորս զոյգ նախնիներից: Լորայի նոր զբաղմունքը նկատում են Եւրոպայի կատուասէրների կազմակերպութիւնների անդամներ, որոնք առաջարկում են թղթակցի խնամքի տակ գտնուող կատուները ճանաչել եւ արձանագրել իբրեւ նոր ցեղատեսակ: Լորան այդ մասին յայտնում է թուրքական իշխանութիւններին, որոնք շուտով աջակցում են եւ կատուն Եւրոպայում ճանաչւում  է իբրեւ «Թուրքական Վանայ կատու»: Դրանից յետոյ, 1969 թուականին Ճի.Սի.Սի.Էֆ.ը (Կավըրնինք քաունսիլ աֆ տը քէթ ֆենսի) ցեղատեսակը գրանցում է  «Թուրքական կատու» անուամբ, իսկ 1971 թուականին այն «Թուրքական Վանայ կատու» անունով ճանաչւում է  FIFE-ի կողմից: Հետագայ տարիներին «Թուրքական Վանայ կատու» ցեղատեսակը ճանաչւում է նաեւ կատուասէրների միջազգային այլ կազմակերպութիւնների կողմից եւս, բայց ոչ մի տեղ չի նշուել,  որ այն սերել է հայկական բարձրաւանդանկից:

ՎԱՆԱՅ ԿԱՏՈՒՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վանայ կատուները Հայաստանի տարածք են հասել 1915 թուականից յետոյ, երբ հայերը փրկուելով Օսմանեան կայսրութեան իրականացրած ցեղասպանութեան սարսափներից, իրենց հետ էին վերցնում ոչ միայն ունեցուածքը, այլեւ իրենց սիրելիներին` Վանայ կատուներին: Քանի որ, բնականաբար, այն ժամանակ Հայաստանում սելեկցիա չէր տարւում, նրանք աստիճանաբար խառնւում են տեղական կարճամորթի ցեղատեսակների հետ: Այսօր Հայաստանում նոյնիսկ մի ինչ-որ  բակային կատուի մէջ կարելի է նշմարել ժառանգական արիստոկրատութեան մի գիծ` գխի վրայ նշան, պոչի վրայ գունաւոր օղակներ, սքանչելի սաթագոյն աչքեր® Խորհրդային տարիներին Հայաստանում յատուկ հետաքրքրութիւն չկար Վանայ կատուների նկատմամբ, եւ միայն առանձին մարդիկ էին, որ արժեւորում էին Արեւմտեան Հայաստանի կենցաղային մշակոյթի մէկ մասը կազմող այդ էակին:

Հայաստանի Հանրապետութիւնում  Վանայ կատուի հանդէպ հետաքրքրութիւնը վերածնուել է 1993 թուականից սկսած` շնորհիւ երեք հոգու` Կարէն Մանուէլեանի, Դաւիթ Մաթեւոսեանի  եւ Խեչոյեանների ընտանիքի: 1998 թուականին Խեչոյեանների ընտանիքը, Կարէն Մանուէլեանից ձեռք բերելով Նանէ անունով Վանայ կատուին` Հայաստանում սկիզբ է դրել Վանայ կատուների բուծման, պահպանման եւ տարածման գործին: Մի քանի տարի յետոյ Խեչոյեանները Պելճիքայից Երեւան են բերել Եւրոպայի կրկնակի ախոյեան, Իզմիր անունով Վանայ կատուին, իսկ Հոլանտայից` կամակոր խառնուածքով եւ Ուրախ մականունով մէկ այլ վանուհու: Այսօր Հայաստանում Խեչոյեանները հիմնել են Վանայ կատուների բազմացման Ակրոհոլտինկ, ինչպէս նաեւ` «Վանայ կատու» հիմնադրամը: Նրանք  այս տարիների ընթացքում արդէն ստացել են Վանայ կատուների մօտ 100 սերունդ, որոնք այսօր ապրում են հայ ու օտար տարբեր ընտանիքներում: Կատուները նրանք հիմնականում նուիրել են կատուասէրների, բարեացակամ ու հոգատար ընտանիքների,  ինչպէս նաեւ` խնդրայարոյց բնաւորութիւն ունեցող երեխաների: Իսկ ընդհանրապէս Վանայ կատուները թանկ արժեն` նրանց գինն այսօր 1500-ից մինչեւ 10 հազար  ամերիկեան տոլար է: Այս  բուծարանի կատուները տարբեր տարիների ցուցադրուել են ցուցահանդէսներում, ինչպէս նաեւ Հայաստանի բնութեան թանգարանում: Վանայ կատու հիմնադրամը տարբեր առիթներով կոչ է անում կատուասէրներին` Վանայ կատու անուան տակ չգնել թուրքական անգորական կատու` ակամայից դառնալով թուրքական քարոզչութեան զոհը, լաւ ճանաչել Հայաստանի հպարտութիւններից մէկը հանդիսացող Վանայ կատուն եւ ամէն ինչ անել` այն աշխարհում ամրագրելու իբրեւ միայն հայկական Վան բնակավայրին բնորոշ ցեղատեսակ:

Ի դէպ, ճիշդ նոյն ձեւով վտանգի տակ է յայտնուել նաեւ Վանայ մրրկահաւը, որի, ինչպէս նաեւ` գամփռի, Արցախի նժոյգի եւ վտանգի եզրին կանգնած մի շարք կենդանիների պահպանմամբ զբաղւում է «Վանայ կատու» բուծարանը:

 

ՎԱՆԱՅ ԿԱՏՈՒՆ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ
ԵՒ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

1999  թուականին Հայաստանի Հանրապետութիւնում  թողարկուել է «Վանայ կատու» անուանումով փոստային դրոշմաթուղթ (նկարիչ` Ալպէր Քեճեան), որի  վրայ պատկերուած է նշանաւոր Վանայ կատուն: Վանայ ճերմակ կատուն յիշատակուել է ոչ միայն Ֆիլատելիայի, այլեւ` համաշխարհային նկարչութեան եւ հայ գրականութեան մէջ:  Ֆրանսացի գեղանկարիչ Անթուան Ժան Պեյլը վրձնած է Վանայ կատուն` «Աղջիկը սպիտակ կատուի հետ» խորագիրով:

Հայ դասական գրող Րաֆֆին «Խաչագողի յիշատակարանը» վէպում  գրել է այդ կատուների մասին, իսկ «Կայծեր» վէպում ահա այսպիսի յիշատակութիւն կայ. «Գալով այդ քաղաքը (Վան), թէեւ ծիծաղելի է, բայց պէտք է խոստովանուիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մէկն այն էր, որ տեսնեմ Վանայ հռչակաւոր կատուները: Մի՞թէ այդ տան մէջ կատու չկայ, մտածում էի ես, եւ աչքերս անհամբերութեամբ թափառում էին այս կողմ ու այն կողմ: Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կայ, որ շատ անգամ մարդ յանկարծ տեսնում է միեւնոյն առարկան, որի վրայ մի րոպէ առաջ անգիտակցաբար մտածում էր: Ահա հանդիսաւոր կերպով ներս մտաւ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպէս ձիւն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով եւ թաւիշեայ բրդոտ թաթիկներով: Նա լուռ անցաւ սենեակի միջով, նախ մօտեցաւ ինձ եւ մի առանձին քնքշութեամբ գանգրահեր գլուխը եւ թաւամազ պոչը քսեց իմ երեսին, յետոյ գնաց բարեւելու Ասլանին: Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտոյտներ կատարեց Ասլանի շուրջը եւ ապա նստեց նրա մօտ: Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թէ մեզանից որն էր աւելի յարգանքի արժանի: Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ գլուխը, մէջքն ու ագին: Առաջին անգամ մի զարմանալի երեւոյթ գրաւեց իմ ուշադրութեանը: Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մէջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրըխկճրըխկում էին եւ դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի:

– Այդ ի՞նչ է,- հարցրի ես:

– Կայծեր են…- պատասխանեց նա եւ սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները, թէ որպէս շփումից առաջ է գալիս կրակը»:

Հայ նշանաւոր գրող Վրթանէս Փափազեանը (որը ծնունդով Վան քաղաքից էր, եւ ուր անցել են նրա մանկութիւնը ու երիտասարդութիւնը), «Վանայ կատու» խորագրով մի գեղեցիկ ու  կարճ պատմուածք ունի,  որի անունով կոչուել է նաեւ նրա պատմուածքների ժողովածուն:

Հայ գրող Ակսէլ Բակունցը իր «Մթնաձոր» պատմուածքում նկարագրել է «կապոյտ Վանայ փիսոյին»:

Վանայ կատուների մասին յիշատակել է նաեւ 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծ Պարոյր Սեւակը «Անլռելի զանգակատուն» պոէմում:

 

ԳԱՄՓՌԸ ԹՈՒՐՔԵՐԻՑ
ԱՆՑԵԼ Է ՀԱՅԵՐԻՆ

Տասնամեակներ շարունակ թուրքերը աշխարհին յայտարարել են, որ գամփռը թրքական ծագում ունի, եւ նրանց յաջողուել է 1989-ին  «Շների համաշխարհային ատլասում» այն գրանցել իբրեւ թրքական շուն`  «Անատոլիական Ղարաբաշ» անուան տակ: Այդ փաստը զայրոյթ է յարուցել հայերի, մանաւանդ շնասէրների եւ գամփռ շան պատմութիւնն իմացողների մօտ: Յայտնի է, որ գամփռն աշխարհում ամենահին շնատեսակն է, այն  յիշատակւում է Նոյի առասպելի մէջ: Նոյն ինքն է իր հետ շունն Արարատից իջեցրել աշխարհ… Գամփռ շան նախատիպին հանդիպում ենք նաեւ Արտաւազդ թագաւորին առնչուող պատմութեան մէջ, որտեղ թագաւորի շղթաների զնտանը կրծողը հէնց հայկական գելխեղդ գամփռն է… Հայերը շատ երկար պայքարեցին, որպէսզի աշխարհին ապացուցեն, որ գամփռը հայկական բնակավայրերի ծագում ունի: Այդ աշխատանքներին լծուել էր Հայաստանի ծինաբանութեան միութիւնը:

Երկար տարիների պայքարից յետոյ այս տարուայ փետրուարի 10-ին, ժամը 17:30-ին Միջազգային ծինաբանութեան միութիւնը ընդունել է փաստը, որ գելխեղդը հայկական ծագման շուն է: Այժմ շատ երկրներ Հայաստանը կը ճանաչեն նաեւ շնով, քանի որ այն գրանցուել է շների միջազգային ատլասում: Հարցը նաեւ քաղաքական բնոյթ ունի` որեւէ կենդանիի` ազգային  ծագումն ապացուցելով նաեւ հողային պատկանելիութիւն է հաստատագրւում:

Այսօր Հայաստանում գործում է Հայկական գամփռ գելխեղդ շնատեսակի Մխիթար բուծարանը, որը զբաղւում է գամփռի բուծմամբ, տարածմամբ եւ շնատեսակի անխառն պահպանմամբ:

Հայաստանի ծինաբանութեան միութեան յաջորդ անելիքներից ու գերակայ նպատակներից է վերադարձնել Վանայ կատուին, որին եւս թուրքերը սեփականաշնորհել են, դրանից յետոյ քայլեր կը ձեռնարկուեն հայերին նաեւ Արցախեան ձիու ծագումը հայերին վերադարձնելու ուղղութեամբ: Յայտնի է, որ Արցախի ոսկէ նժոյգը ազրպէյճանցիները համարում են ազերիական բնակավայրերի տեսակ:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

 

 

Share this Article
CATEGORIES