«Մասիսի Չափ Շիրակ Երկիրը Կը Սիրեմ» («Անանց Յուշեր» Շարքից)
ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Յովհաննէս Շիրազի բանաստեղծական աշխարհը ներշնչել է հայ երգահաններից շատերին` ստեղծելու իրենց լաւագոյն ստեղծագործութիւնները: Հայ երգեցիկ երաժշտութեան սեռին պատկան ուրոյն տեղ են գտել Միքայէլ Մազմանեանի, Ստեփան Ջրբաշեանի, Արամ Մերանգուլեանի, Գեղանի Չթչեանի, Վլադիլեն Բալեանի` Յովհաննէս Շիրազի բանաստեղծութիւններով գրուած երգերը:
… Տարիներ առաջ էր: Մի քանի արուեստագէտներով այցելել էինք Յովհաննէս Շիրազի որդի քանդակագործ Արա Շիրազի արուեստանոցը: Ժամանակ անց մեզ միացաւ նաեւ Յովհաննէս Շիրազը: Ընդհանուր հաճելի զրոյցի ընթացքում մենք նրան հարց տուեցինք. «Վարպետ, յատուկ երգի համար բառեր գրո՞ւմ էք»:
– Ո՛չ,- իրեն յատուկ պոռթկումով բացականչեց Շիրազը,- ես ո՛չ թէ յատուկ երգերի համար եմ գրում, այլ ես ստեղծում եմ բա-նա-ստեղծ-ութիւն:
Բայց պահ մը լռելուց յետոյ Շիրազը ասաց. «Չէ՛, մի անգամ գրել եմ… Վլադիլեն Բալեանի համար: – Կարդա՛ այդ բանաստեղծութիւնը, Վարպե՛տ,- խնդրեցինք մենք: Շիրազը մի գաւաթ գինի խմեց, եւ դերասանական առոգանութեամբ վայելուչ արտասանեց.
| Հայաստանի աղն ես, Գիւմրի, | |
| Դու` խօսքաշէն, սրամիտ, | |
| Ճշմարտութեան մաղն ես, Գիւմրի, | |
| Դու` իմաստուն, միամիտ… |
Շիրազը արտասանում էր հետզհետէ ոգեւորուելով, ձեռքի արտայայտիչ շարժումներով, ասես լրացնելով այն, ինչ չէր ամփոփւում իր, փոքր-ինչ խռպոտ ձայնի ելեւէջներում: Ես լսում էի Վարպետին ու մտաբերում էի այդ երգի ստեղծման յիշարժան պատմութիւնը: Եւ արժէ, որ հայ սերունդները միշտ իմանան ու յիշեն դա: Այն տարիներին Շիրակ աշխարհի կենտրոն Գիւմրի քաղաքը կոչւում էր Լենինական: Մի օր քաղաքի քաղաքապետը իր մօտ է հրաւիրում երգահան Վլադիլեն Բալեանին եւ ասում է. «Յովհաննէս Շիրազի խօսքերով «Սէրս գաղտնի թող մնայ» երգը դու ես գրել, չէ՞… հիանալի երգ է, մի այդպիսի երգ Վարպետի խօսքերով գրի մեր այս քաղաքի մասին: Շիրազը այնքան է սիրում քո գրած, ամբողջ հայութեանը ծանօթ «Սէրս գաղտնի թող մնայ» երգը, որ յատուկ քեզ համար խօսքեր կը գրի քո նոր երգի համար», վստահեցնում է նա երգահանին:
Ո՞րն էր այդ վստահութեան պատճառը: Անշուշտ այն, թէ ինչպիսի փառահեղ պատմութիւն ունեցաւ Յովհաննէս Շիրազի բանաստեղծութիւններից մէկի խօսքերով ստեղծած անուանի երգահան Վլադիլեն Բալեանի «Սէրս գաղտնի թող մնայ» երգը: Հայ իրականութեան մէջ այդ երգը անմահացաւ նաեւ այն վաւերական փաստով, որ ան սիրեց, բերանացի երգեց տասնամեակից-տասնամեակ հայ ժողովուրդը ձեռք բերեց այդ երգը ինքնաբերաբար ժողովրդական երգի անուանում:
Մեծ բաւարարութեամբ այժմ նշեմ, որ Լիբանանի հայութիւնը նոյնպէս գիտի եւ սիրում է այդ երգը, այն մշտապէս հնչում է ամէն հայի սրտում, որտեղ էլ նա ապրի եւ այդպիսով եւս մի գեղեցիկ կամրջով կամրջում է հայ հոգիները հայրենիքի հետ:
Յիշատակելի է նաեւ այն բացառիկ փաստը, որ «Սէրս գաղտնի թող մնայ» երգը թողարկուել է ժամանակի ամենայայտնի եւ համբաւանուն երաժշտական կազմակերպութիւնների կողմից: Դրանք են. Մոսկուայի «Մելոդիա» եւ Փարիզի «Շան տիւ մոնդ»:
… Այո, այն յիշարժան օրը քանդակագործ Արա Շիրազի` Վարպետի որդու գեղատեսիլ արուեստանոցում նստած, յիշում էի այս ամէնը: Յիշարժան է նաեւ, որ «Սէրս գաղտնի թող մնայ» երգի հետ մեծ ճանաչում ունեցաւ նաեւ «Գիւմրի-Լենինական» երգը, որը դարձաւ այդ քաղաքի պաշտօնական ձօներգը, եւ երկար տարիներ քաղաքի ձայնասփիւռով վաղ առաւօտեան, բոլոր հաղորդումներից առաջ հնչում էր որպէս իւրատեսակ հիմներգ: Յիշատակելի է այդ երգի անզուգական կատարումը. մենակատար` Հայաստանի ժողովրդական երգիչ Ռուբէն Մաթեւոսեան, նուագակցող` Արամ Մերանգուլեանի անուան ժողովրդական գործիքների յայտնի համոյթ: Եւ ինչպէս հայ աշխարհը երգում էր. «Սէրս գաղտնի թող մնայ» երգը` ամէն մէկը, ասես թէ սիրոյ մասին, իր եարի մասին, այդպէս էլ երգում էին.
«Արագած սարը արքայական ոսկէ թագն է քո հողի, քո մի քարն էլ Գիւմրի աշխարհ` աշխարհի հետ չե՛մ փոխի»:
Եւ մի օր… Զարմանալի՜ են, յաճախ անմեկնելի կեանքի, ճակատագրի վայրիվերումները: 1988 թուականի դեկտեմբերի 7-ն էր, ժամը առաւօտեան 11:30: Ես այդ ժամանակ Հայկական Հանրագիտարանի գլխաւոր խմբագրութեան երաժշտութեան բաժնի պատասխանատուն էի: Իմ աշխատասենեակում նստած, նախապատրաստում էի տպագրութեանը յօդուածներիցս մէկը: Սենեակում մեղմօրէն լսւում էր միացուած ռատիոընդունիչի ձայնը: Հաղորդում էին համերգ` Վլադիլեն Բալեանի երգերը: Եւ յանկարծ ձայնասփիւռից ուժգին, ցնցող ձայներ լսուեցին` երկրաշարժի սարսռազդու ցնցումներն էին, եւ… օ՜ Աստուա՜ծ… դրանց զուգընթաց, նոյն պահին շարունակւում էր լսուել Յովհաննէս Շիրազի խօսքերով գրուած Վլադիլեն Բալեանի Գիւմրիին նուիրուած երգը: Ամէնքիս արցունքացան ցնցեցին Գիւմրիի երկրաշարժի պահին մեր աշխատասենեակը ողողած շիրազեան տողերը.
| Շիրազամայր իմ Գիւմրի, | |
| Դու մի բառ ես, | |
| Բայց մի աշխարհ… | |
| Արագածին բազմած արծիւ, | |
| Յաւերժ կ՛ապրես, | |
| Իմ քաղաք… |
… Իսկ դրանից տարիներ առաջ, այն յիշարժան օրը, քանդակագործ Արա Շիրազի արուեստանոցում, Վարպետը կարդալով մեզ համար իր այդ բանաստեղծութիւնը, ասաց. «Կ՛ուզեմ Գիւմրին իմանայ, որ ես Մասիս սարի չափ Շիրակ երկիրը կը սիրեմ»:
Այո՛, կան անմոռաց, անանց սէրեր: Կան յաւերժող երգեր եւ բանաստեղծութիւններ: Եւ թող մեր` հայերիս սէրը դրանց հանդէպ երբեք գաղտնի չմնայ, այլ բարձրաձայն հնչի դարէ դար:
ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր
Երեւան-Պէյրութ

