Եւ Որտե՞ղ Են Յեղաշրջումների Սիրահար Թուրք Զօրավարները

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Erdoganlar1960 թուականի մայիսի 26, 1971 թուականի մարտի 9, 1980 թուականի սեպտեմբերի 12, 1997 թուականի փետրուարի 28: Սրանք տարեթուեր են, որոնք փոխել են մերօրեայ Թուրքիան: Աւելի յստակ` սրանք յեղաշրջումներ են, որոնց ժամանակ թուրքական կառավարութիւններ են հեռացուել, քաղաքականութիւն է փոխուել, նոր աշխարհայեացք ու կենսակերպ ձեւաւորուել: Յեղաշրջումների կամ յեղաշրջումների փորձերի հիմնական մասի նպատակը եղել է իսլամամէտ քաղաքական ուժերի հեռացումն իշխանութիւնից, իսկ այն, որ զինուորականները թուրքական աշխարհիկութեան հիմքն են, յայտնի փաստ է: Այս աւանդոյթը ստեղծուել է դեռ Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման տարիներին (1923-1938 թթ), իսկ հետագայում միայն վերահաստատուել եւ աւելի խորացել:

1960 թուականին սկիզբ դրուեց Թուրքիայի յեղաշրջումների աւանդոյթին: Թուով 37 ոչ բարձրաստիճան սպաներ (այդ թւում` յայտնի թուրք ազգայնական Ալփարսլան Թիւրքեշը) իշխանութիւնը վերցրին իրենց  ձեռքը` վերջ տալով «Դեմոկրատական» կուսակցութեան 10-ամեայ իշխանութեանը` այն համարելով Թուրքիայի աշխարհիկ քեմալական հիմքերի դէմ ուղղուած սպառնալիք: Զինուորականների որոշմամբ վարչապետ Ատնան Մենտերեսը կախաղան բարձրացուեց:

Թուրքական զինուորականութիւնը 11 տարի անց կրկին միջամտեց երկրի ներքին քաղաքականութեանը: Սա արդէն 1971 թուականն էր:

Իսկ ահա ամենադաժան յեղաշրջումը դեռ առջեւում էր: 1980 թուականի մարտի 12-ին փողոցներում հրասայլեր յայտնուեցին, Սուլէյման Տեմիրէլի կառավարութիւնը հեռացուեց, որից յետոյ սկսուեցին այլախոհների ձերբակալութիւնները, խոշտանգումներ, լրատուամիջոցների փակումը, մէկ խօսքով` բռնաճնշումների մի հզօր ալիք: Թուրքիայի զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետ Քենան Էվրենը, ով էլ գլխաւորում էր յեղաշրջումը, դարձաւ երկրի նախագահ եւ այդ պաշտօնում մնաց 2 տարի: 1982 թուականին ընդունուեց սահմանադրութիւնը, որը գործում է մինչ օրս եւ որը վաղուց հնացած են համարում ինչպէս թուրքերը, այնպէս էլ միջազգային հանրութիւնը: Թէեւ սահմանադրութիւնը, որն ընդունուել է ռազմական յեղաշրջման արդիւնքներով եւ դրա տրամաբանութեամբ, հետագայում որոշակի փոփոխութիւնների է ենթարկուել, սակայն այն լուրջ դժգոհութիւն է առաջացնում Թուրքիայում եւ ներկայում փորձեր են արւում նոր սահմանադրութիւն ստեղծել:

Եւ ահա այս ամէնից 17 տարի անց` 1997 թուականին, Թուրքիայում կայացաւ «Թաւշեայ յեղաշրջում»: Այս անգամ թուրք զօրավարները փոխեցին Նեճմէտտին Էրպաքանի իսլամամէտ կառավարութիւնն առանց բռնութեան` կոչ անելով նրան խաղաղութեամբ բաժանուելու զբաղեցրած պաշտօնից` չկիսելով նրա քաղաքական հայեացքները:

Իսկ ահա սա մերօրեայ Թուրքիայի դեռեւս վերջին յեղաշրջումն է: Իսկ վերջին տարիներին աւելի յաճախ խօսուել է յեղաշրջման փորձերի մասին, օրինակ, «Էրկենեքոն», «Պալիոզ»:

Առաւել յայտնի է «Էրկենեքոն» թուրքական ազգայնամոլական խմբաւորման գործը, որի շարքերում էին զինուորականներ, յատուկ ծառայութիւնների աշխատակիցներ, լրագրողներ, գիտնականներ: Կազմակերպութեան նպատակն էր Թուրքիայում իշխանութեան զաւթումը եւ քեմալական հիմքերի առաւել ամրապնդումն ու պահպանումը: Այս գործն արդէն երկար տարիներ ընթանում է, ուղեկցւում զանգուածային ձերբակալութիւններով, իսկ Էրտողանի հակառակորդները յայտարարում են, թէ այս ամէնի միջոցով նա թուլացնում է ընդդիմութեան եւ զինուորականութիւնը:

Իսկ ահա առաւել հետաքրքիր էր բացայայտումները «Պալիոզ» (մեծ մուրճ) յեղաշրջման գործով, որի մանրամասներից պարզ է դառնում, թէ ինչ ծրագրով էր թուրքական սպայակոյտը պատրաստւում հեռացնել Թայիփ Էրտողանի իսլամամէտ կառավարութիւնը: 2003-ի նախագիծը ենթադրում էր ստեղծել քաոսային իրավիճակ Թուրքիայում, ապա ցոյց տալ, որ երկրի կառավարութիւնն ունակ չէ ղեկավարել երկիրը, ինչին էլ հետեւելու էր նրա չէզոքացումը:

Հետաքրքիր էր նաեւ քաոս ստեղծելու պատկերացումը` նախ պայթեցուելու էին երկու խոշոր մզկիթներ Պոլսում, Եգէական ծովում թուրքական կործանիչ էր վայր գցուելու` նշելով, թէ մեղաւորը Յունաստանն է, որի դէմ իբր պատերազմ է սկսւում, մի քանի այլ սադրանքներ էլ էին նախատեսւում: Արդիւնքը` քաոս ու խուճապ:

Այս ամէնը լաւագոյնս ցուցադրում է, թէ թուրք զօրավարներն ինչ միջոցներով են փորձում հեռացնել կառավարութիւնը, այն է` ստեղծում են խառնակ իրավիճակ, հեղինակազերծում են կառավարութիւնը կամ այն ղեկավարելու ոչ ունակ ներկայացնում, ապա չէզոքացնում եւ ժամանակաւոր տիրում իշխանութեանը մինչ իրենց յարմար թեկնածուների ընտրութիւնը:

Առաջին հայեացքից գրեթէ նմանատիպ պատկեր էր Էրտողանի կառավարութեան դէմ վերջին շաբաթներին տարուող գործողութիւնը: Դեկտեմբերի 16-17-ին հիմնականում Պոլսում ընթացան ձերբակալութիւններ, որոնք կապուած էին խոշոր փտածութեան գործողութիւնների հետ: Ձերբակալուածների թիւն անցնում էր 5 տասնեակը, իսկ նրանց թւում էին Թուրքիայի ներքին գործերի, քաղաքաշինութեան եւ տնտեսութեան նախարարների որդիները: Փտածութեան գայթակղութիւնում շրջանառւում էին նաեւ մի շարք նախարարների, անգամ Էրտողանի որդու` Պիլալի, մեծ թուով  յայտնի գործարարների անուններ:

Ի հարկէ, Էրտողանի կառավարութեան համար սա լուրջ ցնցում էր, վերջինս ստիպուած էր փոխել 10 նախարարի, փորձել արդարանալ, ներքին եւ արտաքին թշնամիներ փնտռել: Իսկ 2014-ին Թուրքիայում նախ տեղական ինքնակառավարման մարմինների, ապա նաեւ պատմական նախագահական ընտրութիւններ են (առաջին անգամ Թուրքիայում քաղաքացիներն են ընտրելու նախագահին, իսկ Էրտողանն այս հաշուով մեծ յոյսեր ունի):

Էրտողանի Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան համար առաջիկայ ընտրութիւնները լուրջ փորձութիւն են, քանի որ իշխող ուժն ընտրութեան է գնալու առանց քարոզիչ, մուսուլման աստուածաբան Ֆեթհուլլա Կիւլենի եւ նրա կողմնակիցների հզօր աջակցութեան: Իսկ Կիւլենի դերը Թուրքիայում հսկայական է, յայտնի է, որ հէնց նա է կանգնած Էրտողանի կառավարութեան դէմ գործողութիւնների յետեւում` դժգոհ լինելով իր նախկին դաշնակցի վերջին շրջանի քաղաքականութիւնից ու յատկապէս կիւլենական դպրոցները փակելու նախաձեռնութիւնից:

Եւ այստեղ է ստեղծուած իրավիճակի ամբողջ հետաքրքրութիւնը: Էրտողանի կառավարութեան դէմ ռազմական յեղաշրջումներին բնորոշ ձեւով գործում է մի անձ, ով հէնց 1997-ի յեղաշրջումից յետոյ է լքել Թուրքիան եւ ով ինքնին թուրքական աշխարհիկութեան հիմնասեան` զինուորականների թիրախում է իր հիմնադրած շարժումով:

Հիմա հարց է առաջանում, թէ ո՞ւր են թուրք զօրավարները: Չէ՞ որ սա նրանց համար յարմար պահ է հաշիւները մաքրելու այդքան ատելի Էրտողանից, ով ի վերջոյ կարողացաւ կրճատել նրանց յաւակնութիւնները երկրի ներքին ու արտաքին քաղաքական կեանքում:

Արդեօ՞ք Էրտողանի կառավարութիւնը կարողացել է վերջնականապէս նրանց հեռացնել ներքին քաղաքականութիւնից, թուլացնել հարիւրաւոր ձերբակալութիւններով, մեղադրանքներով, օրէնսդրական փոփոխութիւններով:

Թէ՞ նրանք դեռ սպասում են իրադարձութիւնների բնական զարգացմանը, սպասում էլ աւելի յարմար պահի:

Մի գուցէ ուղղակի դիտում են, թէ իրենց փոխարէն ինչպէս է գործում վաղեմի հակառակորդ Կիւլեն հոճաէֆենտին:

Այս հարցերի պատասխանը լաւագոյնս կը տայ ժամանակը: Սակայն նախանշանները ցոյց են տալիս, որ Էրտողանի ջանքերն արդիւնք տուել են, զինուորականները քաղաքականութեան տեսանկիւնից կրաւորական դիրք են զբաղեցրել, եւ եթէ նախկինում նման յարմար առիթը նրանք բաց չէին թողնի, ապա այժմ միայն հանդիսականի դերում են հետեւում դէպքերի զարգացմանը:

Ի վերջոյ, յարակարծիք Թուրքիայում բացառել պէտք չէ ոչինչ, միգուցէ թուլացած զօրավարների փոխարէն փորձեն երիտասարդ սպաները: Իսկ նման փորձ, ինչպէս վերը նշել ենք, Թուրքիայի Հանրապետութեան յեղաշրջումներով հարուստ պատմութիւնում եղել է:

 

«Ռազմ.էնֆօ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )