«Տը Կարտիըն»-ի Անդրադարձը Հայոց Ցեղասպանութեան Վերապրածի Պատմութեանը

«Աստուած թողեց ինձ այսքան երկար ապրել, որպէսզի կարողանամ պատմել այս պատմութիւնը»: 

ՈՎՍԱՆՆԱ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

 

Ovsanna-Kaloustian-Բրիտանական հեղինակաւոր «Տը Կարտիըն» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանութիւնը վերապրած 106-ամեայ Ովսաննա Գալուստեանի պատմութեանը «Առաջին Համաշխարհային պատերազմ. վերջին վերապրածների յիշողութիւնները» յատուկ նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացուել է եւրոպական 4 այլ թերթերի հետ համատեղ:

Փոքրամարմին տարեց կինն այլեւս դուրս չի գալիս Մարսէյի փողոցներ, քայլում է ձեռնափայտի օգնութեամբ: Սակայն նա չունի իր դստեր ու թոռների ուշադրութեան պակաս, ովքեր այդ առումով շատ են «երես տուել» կնոջը:

Երբ հարցնում ես նրան իր մանկութեան մասին, նա միանգամից անհանգիստ է դառնում: 106-ամեայ Ովսաննա Գալուստեանը 1915թ. տեղի ունեցած Ցեղասպանութեան վերջին վերապրածներից է, ով իր մէջ է կրում անցեալի ողջ սարսափելի յիշողութիւնները: Նա քաջ գիտակցում է, թէ այդ դէպքերից մէկ դար անց ինչ կարեւոր առաքելութիւն ունի:

«Աստուած թողեց ինձ այսքան երկար ապրել, որպէսզի կարողանամ պատմել այս պատմութիւնը», նշել է կինը: Ովսաննան իր մտքում պահել է բազմաթիւ պատկերներ ու մանրամասներ այն սարսափի, եղեռնի ու արտաքսումների մասին, որոնց դատապարտուած է եղել նրա ժողովուրդն Օսմանեան կայսրութեան կառավարման տարիներին:

Ովսաննան ծնուել է 1907թ.` Կոստանդնուպոլսից 100 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Ատապազարում: Նա մեծացել է եկեղեցու հարեւանութեամբ գտնուող գեղեցիկ, եռայարկ տանը, որը նաեւ պարտէզ ունէր: Ովսաննայի հայրն ունեցել է սրճարան, վարսավիրանոց ու ատամնաբուժարան:

Քաղաքն Օսմանեան կայսրութեան տարածքում բնակուող հայերի համար եղել է կարեւոր առեւտրային ու արհեստագործական կենտրոն, որի բնակչութեան կէսը եղել են հայեր: Ովսաննան վերյիշում է, որ Ատապազարում անգամ յոյներն ու թուրքերն էին հայերէն խօսում:

Ովսաննան ընդամէնը ութ տարեկան էր, երբ երիտթուրքերի կառավարութիւնը հրահանգեց կազմակերպել հայերի արտաքսումը: «Կիրակի էր, նրա մայրը վերադառնում էր եկեղեցուց. քահանան հէնց նոր յայտնել էր, որ քաղաքը պէտք է դատարկուէր երեք օրում», պատմում է Ովսաննայի թոռը` Ֆրետերիքը, ով քաջատեղեակ է ընտանիքի պատմութեանը:

Մարդիկ խմբեր կազմեցին ու ոտքով շարժուեցին դէպի հարաւ ու արեւելք: Ովսաննան իր ծնողների, եղբօր, քեռիների, մօրաքոյրների ու զարմիկների հետ միասին ժամանեց Էսքիշեհիր, որտեղ նրանց խմբով լցրին անասունների համար նախատեսուած գնացքի վակոնը: Ահա այսպէս են հազարաւոր հայեր ուղարկուել Սուրիոյ անապատներ:

Սակայն ճանապարհին գնացքը կանգնեցրել են թուրքական նահանգներից մէկում ու հրամայել հայերին կառուցել ժամանակաւոր ճամբար: Երկու տարի անց նրանց յաջողուել է փախչել ու գիւղական բնակավայրում թաքնուել: Ովսաննան վերյիշում է, թէ ինչպէս էր անհանգստանում այն երիտասարդ աղջիկների համար, որոնց առեւանգում էին Օսմանեան կայսրութեանն աջակցող յանցագործները:

1918թ. Ովսաննան ու իր ընտանիքը կարողացել են վերադառնալ իրենց հարազատ տուն, սակայն այն յայտնաբերել են հողին հաւասարեցուած: Բացի այդ, քաղաքի նոր թուրք բնակիչները թոյլ չեն տուել հայ ընտանիքին մնալ այդտեղ ու վռնտել են նրանց:

Սկզբում նրանք տեղափոխուել են Կոստանդնուպոլիս, իսկ 1924թ. Ովսաննայի բարեկամներն արտագաղթել են Միացեալ Նահանգներ: Դրանից 4 տարի անց նրա ընտանիքը նաւակով փախել է Մարսէյ: Այսօր Մարսէյի բնակչութեան 10 առ հարիւրը Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգներն են:

Ֆրանսայում Ովսաննան ամուսնացել է իր նման մազապուրծ եղած Զաւէն Գալուստեանի հետ. նրանք բացել են արեւելեան խանութ, գնել մի կտոր հող ու վերջնականապէս հիմնաւորուել Մարսէյում: «Ժխտելով Հայոց ցեղասպանութեան փաստը` մարդիկ ժխտում են նաեւ իմ տատի պատմած պատմութիւններն ու ասած խօսքերը», եզրափակել է Ֆրետերիքը:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ԹԱՆԳԱՐԱՆ – ՀԻՄՆԱՐԿ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )