Ինչպիսի՞ն Է 2015 Թ.-ի Վերաբերեալ Թուրքիայի Ռազմավարութիւնը

«Նիուզ.ամ»-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Օրհան Քեմալ Ճենկիզի յօդուածը, որը տպագրուել է թուրքական «Թուտէյզ Զաման»-ում:

Մի քանի կտոր իրար միացնելուց յետոյ հնարաւոր է ստանալ հնարաւոր ռազմավարութեան ու միջոցառումների ընդհանուր պատկեր, որոնք կը կիրառուեն վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի կառավարութեան կողմից 2015թ., երբ լրանում է Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը:

Երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն հոկտեմբերին այցելեց Զուիցերիա, նա զուիցերիական իշխանութիւնների հետ քննարկեց Թուրքիայի վերաբերմունքը յուշարձանի նկատմամբ, որը հայերը ցանկանում են կանգնեցնել Ժընեւում: Սա վկայում է այն մասին, որ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան դիրքորոշումը 1915թ.-ի վերաբերեալ որեւէ կերպ չի փոխուել:

Մենք պէտք է հաշուի առնենք նաեւ, որ Արդարութիւն ու բարգաւաճում կուսակցութիւնը ներկայացնող փոխվարչապետ Պիւլենտ Արընչը 2015թ.-ի վերաբերեալ ասել է. «Լրանում է ինչպէս Տարտանելի իրադարձութիւնների 100-ամեակը, այնպէս էլ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ պնդումների: Մենք լուրջ աշխատում ենք: Սիմփոզիումների, խորհրդաժողովների, սեմինարների, հրապարակումների ու փաստագրական ժապաւէնների օգնութեամբ աշխատանքներ են տարւում: Սակայն մենք նաեւ յատուկ գործունէութիւն ենք մշակում հասարակական դիւանագիտութեան բնագաւառում, որը կարող է ազդել ողջ աշխարհի վրայ»: Նրա յայտարարութիւնը նաեւ ցոյց է տալիս, որ կառավարութիւնը տրամադրուած է կրկնել այս հարցի շուրջ պետական պաշտօնական քաղաքականութիւնը:

Յայտնի է, որ մեր քաղաքական կուսակցութիւնները ոչ մի հարցում չեն կարող համաձայնութեան գալ, սակայն թւում է, որ քրտամէտ Խաղաղութիւն ու ժողովրդավարութիւն կուսակցութիւնից բացի, բոլորը համաձայն են, որ 2015թ.-ի վերաբերեալ ինչ-որ բան պէտք է անել: Թուրքական պատմական հասարակութիւնը պատրաստւում է 2015թ.-ին: Հաստատութեան նախագահը յայտարարել է, որ նրանք աշխատում են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ նիւթի բնագրի նախապատրաստման շուրջ:

Ի յաւելում` կարելի է նաեւ նկատել, որ ոչ միայն լիովին բացառւում է հաշտութեան հնարաւորութիւնը, այնպէս էլ ոչ մահմետականները բացառւում են նրա խօսքերից: Նա յաճախ Թուրքիան անուանում է զանազան ցեղային խմբերի խճանկար: Նա յաճախ է յիշատակում արաբների, քրտերի, թուրքերի, չերքէզների ու լազերի մասին: Սակայն երբեք չի յիշում Թուրքիայի ոչ մահմետականների մասին` այդ թւում հայերի, յոյների, հրեաների ու սուրիացիների մասին:

Հաւաքելով այս կտորները` հնարաւոր է կանխատեսել, որ Թուրքիայի պաշտպանողական քաղաքականութիւնը 2015թ.-ին չի փոխուելու:  Եթէ կառավարութիւնը Հայկական հարցի վերաբերեալ քիչ հաւանական, աննախադէպ ու աւելի վճռական քայլերի չդիմի, անտրամաբանական կը լինի 1915թ.-ի վերաբերեալ Թուրքիայի պաշտօնական դիրքորոշման մէջ լուրջ փոփոխութիւններ ակնկալել:

Share this Article
CATEGORIES