Համշէնն Ու Համշէնահայերը. Ներկայացնում Են Համշէնցի Մտաւորականները ( Բ. Մաս )
Հարցազրոյցը վարեց` ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Վերջին տարիներին Համշէնի առեղծուածն սկսել է աւելի շատ յուզել համայն աշխարհի հայութեանը: Ովքե՞ր են նրանք` մեր ազգակից համշէնահայերը: Ինչպէ՞ս են հէնց իրենք սահմանում համշէնական ինքնութիւնը: Ի՞նչ խնդիրների են հանդիպում Թուրքիայում եւ ի՞նչ լուծումներ առաջարկում դրանց համար: Ինչպէ՞ս փրկել Համշէնի բարբառը անհետանալու վտանգից: Ի՞նչ գործունէութիւն է ծաւալում նորաստեղծ համշէնական «Հատիկ» միութիւնը: Ինչո՞ւ են բազմաթիւ համշէնցիներ յարում ձախակողմեան շարժումներին: Արդեօ՞ք համշէնցիները շփումներ եւ կապեր ունեն աշխարհի հայութեան եւ Թուրքիայի սահմաններից դուրս բնակուող համշէնահայերի հետ: Հարցազրոյցը կայացել է համացանցի միջոցով:
Այս բոլոր հարցերի շուրջ զրուցեցինք Թուրքիայում ապրող 3 համշէնահայ մտաւորականների հետ:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔԸ «Հատիկ» միութեան փոխնախագահն է, նաեւ` համայն աշխարհում համշէներէնով թողարկուած առաջին ալպոմի հեղինակ երգիչներից մէկը:
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒՆ քաղաքական պատճառներով 8 տարի անցկացրել է բանտում:
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸՆ 2005-2009 թթ. զբաղեցրել է Խոպայի քաղաքապետարանի Հասարակայնութեան հետ կապերի բաժնի տնօրէնի պաշտօնը: Ի դէպ` հէնց այդ ժամանակաշրջանում է առաջին անգամ Խոպայի քաղաքապետ ընտրուել մի համշէնահայ` Եըլմազ Թոփալօղլուն:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Շփումներ ունեցե՞լ էք Ռուսաստանի եւ Աբխազիայի համշէնցիների հետ:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Համացանցով նամակագրական կապ ենք ունեցել Ռուսաստանում եւ Աբխազիայում ապրող համշէնցիների հետ, իսկ 2012 թ. ռուսաստանաբնակ համշէնցիների հրաւէրով «Վովա» երաժշտական խմբի հետ հնարաւորութիւն ունեցայ երկու համերգ տալ Մոսկուայում եւ Սոչիում: Այս համերգների կապակցութեամբ «Հատիկ» միութիւնից մի քանի ընկերներով Մոսկուա եւ Սոչի մեկնելով` առիթ ունեցանք ծանօթանալու այնտեղի մեր համշէնցի եղբայրների հետ: Մեր առաջին դէմ առ դէմ երկխօսութիւնը եղաւ հէնց այդ համերգների առթիւ մեր ունեցած շփման շնորհիւ:
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒ.- Այնտեղի համշէնցիների հետ ուղղակի շփումներ չեմ ունեցել: Այնտեղի համշէնցիների մասին տեղեկացուած եմ` «Հատիկ»-ի եւ Համշէնի մշակոյթի ու պատմութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններ անող ընկերներիս շնորհիւ:
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸ.- Ես ժամանակ առ ժամանակ շփումներ ունենում եմ ռուսաստանաբնակ համշէնցիների հետ:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- 2011 թ. հոկտեմբեր ամսին Պոլսում հիմնուեց «Հատիկ» (Համշէնական մշակոյթի ուսումնասիրման եւ պահպանման կազմակերպութիւն) միութիւնը: Դուք անդամագրուա՞ծ էք այդ միութեանը: Ինչպիսի՞ գործունէութիւն է ծաւալում եւ ի՞նչ տեսակի աշխատանքներ է կատարում սոյն կազմակերպութիւնը: Ձեր կարծիքով, այս միութիւնն ուրիշ ինչպիսի՞ միջոցառումներ կարող է իրականացնել` համշէնական մշակոյթը պահպանելու նպատակով:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- «Հատիկ» միութիւնը հիմնուել է 2011 թ. յունիսին, իսկ 2011 թ. հոկտեմբերին, իր կեդրոնը բացելով, սկսել փաստացի գործունէութիւնը: Ես միութեան 7 հիմնադիր անդամներից մէկն եմ եւ ստեղծումից ի վեր կատարում եմ գլխաւոր քարտուղարի պարտականութիւնները: «Հատիկ»-ը հիմնուել է համշէնական լեզուի, մշակոյթի, պատմութեան ոլորտներում գիտական, մշակութային, արուեստի աշխատանքներ կատարելու եւ անդամների միջեւ ընկերային համերաշխութիւն ամրապնդելու նպատակով: Դեռեւս չենք կարող ասել, թէ ազդեցիկ, յագեցած գործունէութիւն է ծաւալել, սակայն «Հատիկ»-ի հիմնումը, որպէս առաջնային քայլ, ինքնին կարեւոր է: «Հատիկ»-ի հիմնումով առաջին անգամ Թուրքիայում յատկապէս համշէներէն խօսող համշէնցիները միաւորուեցին մէկ կառոյցի մէջ եւ համշէնականութեան միջոցով դարձան մի գործունէութեան առարկայ: Մեր միութիւնում մինչ այժմ իրականացուել են տարբեր միջոցառումներ. ներկայացուել է մեր երաժշտութիւնն ու պարերը, մատուցուել են մեր աւանդական ուտեստներ, կազմակերպուել են համերգներ, ճաշկերոյթներ, նուագել են մեր գործիքներով` պարկապզուկով, շարժապատկերի ուղղութեամբ մեր գիտելիքները հարստացնելու նպատակով սեմինարներ կազմակերպուել, զեկուցումներ` լեզուի եւ մշակոյթի թեմայով, հանդիպումներ` եայլաներում, զբօսանաւով զբօսանքներ, բացի այդ` որոշ ուսանողների կրթաթոշակի հնարաւորութիւն ենք ստեղծել: Երիտասարդ գիտնականների հետ իրականացւում է մի գիտական աշխատանք, որի ուսումնասիրութեան առարկան համշէներէնի քերականական կառուցուածքն է:
«Հատիկ»-ը պէտք է հիմք լինի համշէներէն լեզուով մշակութային, արուեստի, գիտական նախագծերի իրականացման, ստեղծագործութիւնների արարման եւ այլնի համար, պէտք է այնպիսի ուսումնասիրութիւններ կատարի համշէնական մշակոյթի եւ լեզուի ուղղութեամբ, որոնք նախ` կ՛աւելացնեն համշէնցիների հետաքրքրութիւնն այս թեմաների նկատմամբ, պէտք է անհրաժեշտ գործունէութիւն ծաւալի, հնարաւորութիւններ ստեղծի, որպէսզի համշէներէնը չվերանայ, խրախուսի այդ ուղղութեամբ կատարուող աշխատանքները:
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒ.- Ես մասնակցել եմ «Հատիկ»-ի հիմնադրման աշխատանքներին, կազմակերպութեան Խորհրդակցական խորհրդի անդամ եմ: Մենք «Հատիկ»-ը ստեղծել ենք երկու նպատակով. առաջին` ինչպէս վերեւում էլ եմ համառօտ անդրադարձել այդ հարցին, ուսումնասիրութիւններ կատարել համշէնական մշակոյթի եւ լեզուի վերաբերեալ, աջակցել այս բնագաւառում աշխատող հետազօտողներին, երկրորդ` ապահովել, որ համշէնցիները ծանօթանան միմեանց հետ եւ միաւորուեն: Երկրորդ ուղղութեամբ կազմակերպութիւնը որոշ աշխատանքներ կատարել է: Թուրքիայում բնակուող համշէնցիների մեծ մասը տեղեակ է միութեան հիմնադրման մասին եւ հետեւում է նրա գործունէութեանը: Սակայն մենք, որպէս կազմակերպութիւն, մեր հիմնական նպատակի ուղղութեամբ դեռեւս աշխատանքներ չենք իրականացրել: Դրա հիմնական պատճառը ցրուածութիւնն ու թեքնիք դժուարութիւններն են: Սակայն ես կարծում եմ, որ կարճ ժամանակամիջոցում աշխատանքներ կ՛անենք նաեւ այս ուղղութեամբ:
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸ.- Այո՛, ես անդամագրուած եմ «Հատիկ» միութեանը: Սակայն չեմ կարողանում մասնակցել «Հատիկ»-ի` Պոլսում տեղի ունեցող միջոցառումներին, քանի որ բնակւում եմ Խոպայում: Կազմակերպութիւնը երբեմն զանազան հաւաքներ, ուղեւորութիւններ եւ մշակութային միջոցառումներ է իրականացնում անդամ եղող եւ չեղող համշէնցիների հետ: Միութեան նպատակը համշէնական մշակոյթի, լեզուի պահպանման ուղղութեամբ բազմազան գործունէութիւն ծաւալելն է:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- ԵՈՒՆԵՍՔՕ-ի հրապարակած «Վտանգի տակ գտնուող լեզուների ատլասը» ցոյց է տալիս, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Համշէներէնը տեղ է գտել «բացայայտ վտանգի տակ եղող» լեզուների դասի տակ: Ըստ ձեզ, ուրիշ ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպէսզի համշէնահայերէնը չվերանայ, եւ պահպանուի համշէնական մշակոյթը:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Ինչպէս վերեւում նշեցի, համշէներէն լեզուով մշակութային եւ գիտական ստեղծագործութիւններ ստեղծելը եւ նախագծեր իրականացնելը հիմնարար անհրաժեշտութիւն է: «Հատիկ»-ն ինքն էլ կարող է համշէներէնի վերաբերեալ աշխատանքներ կատարել, համշէներէնի ուսուցման համար ծրագրեր իրականացնել, դասընթացներ կազմակերպել: Բացի այդ` պէտք է միջին տեւողութեամբ անհրաժեշտ գիտական ներկառուցուածքային ուսումնասիրութիւններ անելով` ապահովել, որ համշէներէնը դասաւանդուի դպրոցներում:
Համշէներէնի պահպանման եւ զարգացման առումով մէկ այլ հնարաւորութիւն է նաեւ հայ գիտնականների, մշակոյթի եւ արուեստի գործիչների եւ, անգամ, Հայաստանի հետ երկխօսութեան զարգացումը: Կարող ենք արձանագրել, որ գիտութեան, մշակոյթի եւ արուեստի շրջանակների հետ, թէկուզ եւ սահմանափակ, այնուամենայնիւ, առկայ է երկխօսութիւն, սակայն Հայաստանի պետութեան հետ քաղաքական եւ պատմական պատճառներով մօտ ժամանակներում անհնար է թւում այնպիսի առնչութիւն, որպիսին նկատում ենք Վրաստանի պետութեան եւ թրքաբնակ վրացիների պարագայում:
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒ.- Նախ եւ առաջ պէտք է համշէնահայերէնի բառարան կազմել եւ կենդանի համշէներէնն արձանագրելով` փրկել նրան վերացումից: Համշէնական լեզուի եւ մշակոյթի վերաբերեալ աշխատանքները գիտական հէնքի վրայ դնելու համար հարկաւոր է մի անկախ կամ համալսարանին կից հիմնարկ հիմնել: Բացի այդ` պէտք է տարբեր վայրերում եւ ժամանակներում հրատարակուած` համշէնահայերի վերաբերեալ յօդուածները, գրքերը եւ այլ փաստաթղթեր մէկտեղելով` դրանք հասանելի դարձնել բոլորին: Համշէնական լեզուն ու մշակոյթը պահպանելու եւ զարգացնելու համար անպայման պէտք է խրախուսել համշէներէնով գրականութեան եւ արուեստի գործերի ստեղծումը:
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸ.- Այո՛, ԵՈՒՆԵՍՔՕ-ի հրապարակած «Վտանգի տակ գտնուող լեզուների ատլասում» համշէներէնի վերաբերեալ առկայ է «բացայայտ վտանգի տակ գտնուող» նշումը: «Վտանգը կանխելու» համար կարելի է համշէներէն դասընթացներ կազմակերպել, համշէնահայերէնն ինչ-որ կերպ գրաւոր լեզուի վերածել, աւելի հասանելի դարձնել խօսքային եւ տեսողական միջոցներով: Կարելի է այս գործընթացում ապահովել համշէնահայ մտաւորականների մասնակցութիւնը եւ յատկապէ՛ս պէտք է ապահովել:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ինչպէս յայտնի է, բազմաթիւ համշէնահայեր, գլխաւորապէս խոպացի համշէնցիներն ընդգրկուած են ձախակողմեան շարժումներում: Որո՞նք են դրա պատճառները: Ուրիշ ո՞ր քաղաքական հոսանքներում են տեղ գտել համշէնցիները:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Սոյն հարցի վերաբերեալ մինչ այժմ որեւէ գիտական ուսումնասիրութիւն եւ վերլուծութիւն չի կատարուել: Խոպայի համշէնցիների այդ հակումն առանձնապէս տարածուած չէ միւս համշէնցիների մէջ: Օրինակ` 1778-79 թթ. ռուս-թրքական պատերազմի ժամանակաշրջանում Խոպայից Ատապազար եւ Տիւզճէ շրջաններ գաղթած համշէնցիների մօտ, ընդհակառակը, առաւել տարածուած են թրքական ազգայնամոլութիւնը եւ իսլամական քաղաքական միտումները: Ռիզէի շրջանի համշէնցիների մէջ եւս զգալիօրէն մեծ տեղ են զբաղեցնում թրքական ազգայնական տեսակէտները:
Այս հարցում իմ անձնական մեկնաբանութիւնը հետեւեալն է. Խոպայի համշէնցիների` ձախակողմեան հոսանքներին յարելու մէջ դեր է խաղացել նաեւ այն հանգամանքը, որ Համշէնի շրջանից համեմատաբար աւելի ուշ ժամանակաշրջանում (հաւանաբար մօտ 18-րդ դարում) Խոպա գաղթած համշէնցիները պայքար են մղել տեղացի լազերի դէմ` տնտեսական, ընկերային եւ քաղաքական կեանքում հաստատուելու համար: Դեռեւս 50-60 տարի առաջ Խոպայի համշէնցիները առանձնապէս չէին կարողանում տեղ գրաւել Խոպայի ընկերային եւ քաղաքական կեանքում: Այդ ձեւով նաեւ պետական հնարաւորութիւններն օգտագործելով` համշէնցիներին տեղական տնտեսական, քաղաքական կեանքից, տեղական կառավարումից դուրս պահելը (առանձին անդրադարձի նիւթ է նաեւ այն, թէ այդ ուղղութեամբ պետութեան կամքը եւս եղե՞լ է, թէ՞ ոչ) տեղիք է տուել, որ Խոպայի համշէնցիների մէջ ձեւաւորուի ընդդիմադիր ինքնութիւն, որ նրանք լինեն տուժածի, արհամարհուածի, ճնշուածի կողքին, դէմ լինեն անիրաւացիութիւններին եւ անարդարութիւններին ու համակրանք տածեն իշխանութեանն ընդդիմադիր ձախակողմեան քաղաքական գաղափարների նկատմամբ եւ հանդէս գան որպէս այդ ուղղութեամբ պայքարող անձինք: Քանի որ Ռիզէի համշէնցիները 780 թ. ի վեր նոյն տարածքում են ապրել (հէնց Ռիզէում է գտնւում բուն Համշէնը` Համամաշենը – Մ. Ա.), այնտեղ նման խնդիր չկայ: Ինչ վերաբերում է Տիւզճէ եւ Ատապազար շրջաններին, ապա համշէնցիներն այդ վայրերում նոյնպէս, միւսների համեմատ, տեղաբնակ ժողովուրդ են, որովհետեւ այս շրջաններ գաղթ է եղել Պալքաններից եւ Կովկասից:
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒ.- Քաղաքականութեան մէջ համշէնցիների` ձախակողմեան շարժումների հանդէպ աւելի մեծ համակրանք տածելու պատճառները պայմանաւորուած են նրանց` պետութեան կողմից տնտեսական, ընկերային եւ մշակութային առումներով արհամարհուելու, ճնշումների ենթարկուելու հանգամանքներով: Սակայն, ինչպէս բոլոր ընդհանրացումների դէպքում, այս ընդհանրացման ժամանակ եւս պէտք է վերապահում արուի: Այս ընդհանրացումից չենք կարող հետեւութիւն անել, թէ անխտիր բոլոր համշէնցիներն են ձախակողմեան: Ընդհակառակը, սեւծովեան շրջանից այնպիսի վայրեր գաղթած համշէնցիները, ինչպիսիք են Տիւզճէն, Աքչաքոճան, Տիլովասըն, կատաղի թուրք ազգայնամոլներ են, եւ նրանցից շատերն այնպիսի անձինք են, ովքեր մասնակցութիւն են ունեցել պետութեան կեղտոտ գործերին: Քաղաքականութեան մէջ նրանց ունեցած դերերը տարբեր են` պայմանաւորուած այնպիսի գործօններով, ինչպիսիք են նրանց ստացած կրթութիւնը, գործնական հնարաւորութիւնները, բնիկ թէ գաղթական լինելը:
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸ.- Այո՛, բազմաթիւ համշէնցիներ, գլխաւորապէս` Խոպայի համշէնահայերը տեղ են գտել ձախակողմեան շարժումներում եւ դեռ շարունակում են յարել դրանց: Անշուշտ այս երեւոյթը պայմանաւորուած է զանազան հանգամանքներով: Ինքս կարծում եմ, որ իրականում նրանք ձախակողմեան-մարքսական ուղեգիծ են որդեգրել պաշտօնական հանրութեան մէջ ընդունուած չլինելու եւ անընդհատ արհամարհուած վիճակում գտնուելու պատճառով:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Երբեւէ այցելե՞լ էք Հայաստան: Արդեօք շփումներ ունէ՞ք Հայաստանի եւ սփիւռքի հայերի հետ:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Հայաստան ենք եկել 2008 թ., Նարեկացի արուեստի միութեան կազմակերպութեամբ համերգ տալու նպատակով: 3 համերգ ենք տուել այնտեղ: Նոյն թուականին Երեւանում կայացել է նաեւ Համշէնին նուիրուած մի գիտաժողով, որին գիտնականներ են մասնակցել նաեւ Թուրքիայից: Այդ կապակցութեամբ ծաւալուած մեր երկխօսութիւնը շարունակւում է, իսկ բարեկամական կապերը` պահպանւում: Հետագայ տարիներին Հայաստանից ժամանած որոշ ընկերների հետ հանդիպման առիթներ ենք ունեցել Թուրքիայում, մեր որոշ գիտնական բարեկամներ հիւրընկալուել են մեզ մօտ, եւ նրանց հետ միասին մի քանի անգամ հնարաւորութիւն ենք ունեցել շրջելու Խոպայի եւ Համշէնի տարածքներում:
Թուրքիայում, յատկապէս «Ակօս» շաբաթաթերթում աշխատող որոշ հայ ընկերներ ունենք, սակայն երեւանեան համերգի շնորհիւ հաստատածս 1-2 կապերից բացի, ուրիշ որեւէ երկխօսութիւն չեմ ունեցել սփիւռքահայերի հետ:
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒ.- Չնայած որ ընկերութիւն եմ անում Հայաստանի եւ սփիւռքի բազմաթիւ հայերի հետ, սակայն, դժբախտաբար, բախտ չեմ ունեցել Հայաստան այցելելու:
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸ.- Այո՛, մի քանի անգամ եկել եմ Հայաստան: Սփիւռքահայերի հետ եւս ծանօթանալու առիթ եմ ունեցել, երբ նրանք խմբով կամ անհատապէս այցելել են Թուրքիա:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- 2013 թ. սեպտեմբերի 30-ին Թուրքիայում իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան կառավարութիւնը հրապարակեց «Ժողովրդավարացման փաթեթը»: Եթէ փաթեթում տեղ յատկացուէր նաեւ համշէնցիներին, ապա ի՞նչ առաջարկութիւններով հանդէս կը գայիք դուք:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Փաթեթում հնարաւորութիւն է տրւում, որ բացի թրքերէնից, նաեւ քրտերէնը կրթութեան լեզու դառնայ մասնաւոր դպրոցներում: Մինչ այդ էլ քրտերէնը պետական դպրոցներում ընդգրկուել էր որպէս ընտրովի դաս: Մայրենի լեզուի դասաւանդումը եւ մայրենի լեզուով կրթութիւնը կամայական կերպով սահմանափակելը հակառակ է մարդու իրաւունքներին: Մայրենի լեզուով կրթութիւնը եւ մայրենի լեզուի ուսուցումը մարդու հիմնարար իրաւունքն է:
Եթէ ես սպասում ունենայի կամ առաջարկ անէի փաթեթի առնչութեամբ, ապա դա կը լինէր դպրոցներում համշէներէնի ընդգրկումը, որը համշէնցիների համար կը լինէր պարտադիր, իսկ միւս աշակերտների համար` ընտրովի, ինչպէս նաեւ` այդ կրթութեան համար անհրաժեշտ ենթակառուցուածքի երաշխաւորումը պետութեան կողմից: Ինչ վերաբերում է այն հարցին, թէ արդեօք համշէներէնը պէ՞տք է լինի համշէնցիների ընդհանուր կրթութեան լեզուն, ապա սոյն խնդիրը մանկավարժութեան տեսանկիւնից առանձին քննուելու կարօտ մի հարց է, եւ անձամբ ինձ նման առաջարկն անիրական է թւում` Թուրքիայի առումով:
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒ.- Այդ փաթեթում կարող էր հետեւեալ յօդուածը տեղ գտնել. Արդուինում գործում է Չորուհի (Ճորոխի – Մ. Ա.) համալսարանը, ես կ՛առաջարկէի, որ այդ համալսարանի ենթակայութեան տակ Խոպայում հիմնուէր համշէնական լեզուն ու մշակոյթն ուսումնասիրող որեւէ հաստատութիւն:
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸ.- Ճիշդն ասած` Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան կառավարութեան կողմից 2013 թ. սեպտեմբերի 30-ին հանրութեանը ներկայացուած «Ժողովրդավարացման փաթեթն» իրականում, հակառակ իր անուանը, հակաժողովրդավարական փաթեթ է: Ըստ էութեան, խնդիրն այն է, որ ԱՔԿ կառավարութիւնը հասարակական ընդդիմութիւնը ճնշելու նպատակով է նման գործողութիւն ձեռնարկել: Հետեւաբար նման կառավարութեանը համշէնցիների եւ համշէնահայերի վերաբերեալ որեւէ առաջարկով հանդէս գալս զուր ջանք կը լինէր:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ցանկանո՞ւմ էք որեւէ բան յաւելել:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Թրքաբնակ համշէնցիների տեսակէտների, գաղափարների եւ զգացումների վերաբերեալ աւելի իրատեսական արդիւնքների հասնելու համար պէտք է տեղ յատկացնել նաեւ տարբեր քաղաքական գաղափարներ կրող եւ զանազան ընկերային-մշակութային բնագաւառներ ներկայացնող անձանց տեսակէտներին: Դժբախտաբար հայ համայնքից սոյն խնդրի շուրջ ուսումնասիրութիւններ իրականացնող անձինք եւ հրատարակութիւններ անող հաստատութիւնները աւելի շատ կարողանում են շփուել կրթուած, ձախակողմեան, ընկերվարական, ազատական կամ ժողովրդավարական մարդկանց հետ. հակառակը մտածող անձանց հանդիպելու հնարաւորութիւնները խիստ սահմանափակ են: Օրիո՛րդ Մելինէ, ինչպէս որ դուք էլ էիք ինձ յայտնել, այս հարցազրոյցին մասնակից միւս անձինք եւս իմ ընկերներն են, ովքեր կրում են վերը նշածս յատկանիշները եւ, ընդհանուր առմամբ, մենք իրար նման մտածող մարդիկ ենք:
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒ.- Համշէնական լեզուի եւ ինքնութեան պահպանումն ու զարգացումը միայն համշէնցիների պարտականութիւնը չէ, ովքեր այն կ՛ապահովեն իրենց աշխատանքներով: Հարկաւոր է հայաստանցի գիտնականների գլխաւորութեամբ այս ոլորտում համագործակցութիւն եւ մնայուն գործակցութիւններ զարգացնել` համայն աշխարհում համշէնցիների շուրջ ուսումնասիրութիւններ կատարողների միջեւ: Այդպիսով, հնարաւոր կը լինի ցրուած վիճակում գտնուող տեղեկութիւններն ու վաւերագրերը մէկտեղել եւ մի արդիւնաւէտ գործընթաց ապահովել:
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸ.- Շնորհակալ եմ` մտքերս արտայայտելու հնարաւորութիւն ընձեռելու համար:
«ՀՈՐԻԶՈՆ»
(Վերջ)

