ՓԱԿՈՒՂԻ ՔԱԶԱՆՈՒՄ` ՉԱՐԵԱՑ ՓՈՔՐԱԳՈՅՆԸ. ԱԶՐՊԷՅՃԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆԸ ԱՆԳԱՄ ՎԵՑՈՒԿէՍ ՇՐՋԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄԱՑ

Ռուսաստանի նախագահ Տմիթրի Մետվետեւի միջնորդութեամբ Թաթարստանի Քազան քաղաքում նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ յունիսի 24-ին կայացած հանդիպումը արդարացրեց իրատեսների ակնկալիքները. Հայաստանն ու Ազրպէյ    ճանը բոլորովին էլ մօտ չեն ստորագրել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների շուրջ փաստաթուղթ:

Քազանեան հանդիպման մանրամասների պակասը չի խանգարում հասկանալ, թէ ո՛ր հարցերի շուրջ չեն կարողանում համաձայնութեան գալ Երեւանն ու Պաքուն: Եթէ առանց վերապահումների հաւատանք Հայաստանի արտաքին գործերի նախարարի խօսքերին, ապա «Քազանը բեկումնային չեղաւ, որովհետեւ Ազրպէյճանը պատրաստ չեղաւ ընդունել եռանախագահների կողմից առաջարկուած հիմնարար սկզբունքների վերջին (Սոչիի) տարբերակը»: Նախագահների հանդիպումից յետոյ Էդուարդ Նալբանդեանը հայ լրագրողներին ասել է նաեւ, որ «ազրպէյճանական կողմը մօտ մէկ տասնեակ փոփոխութիւններ առաջարկեց, եւ դա էր պատճառը, որ Քազանի հանդիպումը բեկումնային չեղաւ»:

Այսօր բանակցային սեղանին դրուած փաստաթուղթը կազմուած է 14 հիմնարար սկզբունքներից, եւ եթէ իրաւամբ Ազրպէյճանը մօտ 10 փոփոխութիւններ է առաջարկել, դա նշանակում է, որ Պաքուն գրեթէ ամբողջութեամբ մերժում է կարգաւորման հիմնարար սկզբունքները, այլ խօսքով` ազրպէյճանական կողմը տապալում է բանակցային գործընթացը: Այսպէս է, թէ ոչ, ցոյց կը տայ յառաջիկայ ապագան` բանակցութիւնների յաջորդ փուլը:

Անշուշտ, պէտք չէ բացառել, որ Ազրպէյճանը 10 փոփոխութիւններ առաջարկելով, հետապնդում է մարտավարական նպատակներ, այսինքն` Հայաստանից 10 պահանջ է ուզում, որ հետագայ բանակցութիւններում ներկայացուած պահանջների մեծ մասից  հրաժարուի` դա ներկայացնելով «զիջում, փոխզիջում կամ բարի կամքի դրսեւորում», որպէսզի գոնէ հայկական կողմից եւս մէկ զիջում հնարաւոր լինի կորզել:

Գուցէ Ազրպէյճանը այս մարտավարութիւնն է որդեգրել, սակայն հաստատ է մէկ բան. Հայաստանը եւ Արցախը զիջելու տեղ չունեն: Որպէսզի պարզ լինի, թէ ի՛նչ զիջումների մասին է խօսքը, ներկայացնենք այն փաստաթուղթը, որի շուրջ նախագահները չեն կարողացել համաձայնութեան հասնել Քազանում: Ինչպէս յայտնի է, այդ փաստաթուղթը կազմուած է 14 հիմնարար սկզբունքներից: Ներկայացնենք դրանցից առաջին չորսը, որոնք ամենակարեւորն են:

Առաջին. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կ՛որոշուի պլեբիսցիտի` հանրաքուէի միջոցով, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի բնակչութեան կամքի ազատ եւ արդար կամարտայայտում: Պլեբիսցիտի ժամկէտներն ու  մանրամասները կողմերը կը համաձայնեցնեն հետագայ բանակցութիւններում:

Երկրորդ. միջանկեալ ժամկէտի ընթացքում` մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կ՛ունենան որոշակի իրաւունքներ եւ առաւելութիւններ, մասնաւորապէս` Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը իրաւունք է ունենալու ընտրելու պաշտօնեաներ` միջանկեալ շրջանում կառավարելու համար: Այդ պաշտօնեաները կ՛իրականացնեն օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւն, ինչպէս նաեւ կը հիմնեն դատարաններ: Լեռնային Ղարաբաղի միջանկեալ իշխանութիւնները կ՛ունենան դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկւում են անմիջականօրէն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Լեռնային Ղարաբաղը կարող է անդամակցել միջազգային այն կազմակերպութիւններին, որոնցում միջազգայնօրէն ճանաչուած լինելու կարգավիճակը պարտադիր չէ: Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ արտասահմանեան երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների ֆինանսական օժանդակութիւնը:

Երրորդ. հայկական ուժերը դուրս են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի յարակից բոլոր տարածքներից: Հայկական ուժերը դուրս են բերւում Քելբաջարի շրջանից եւ Լաչինի ոչ միջանցքային տարածքներից: Հայկական սահմանափակ զօրամիաւորում տեղակայուելու է այն տարածքում, որը որոշելու է Միջազգային անցումային յանձնաժողովը` մինչեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը: Քելբաջարի շրջանի վերահսկողութիւնը իրականացնելու է Միջազգային անցումային յանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի եւ Ազրպէյճանի ներկայացուցիչներ: Քելբաջարի հայ բնակչութեան դուրս գալը շրջանից խրախուսուելու է: Ազրպէյճանական տեղահանուած անձինք վերադառնալու են Քելբաջարի շրջան խաղաղութեան համաձայնագրի ստորագրումից յետոյ:

Չորրորդ. համաձայնեցուած լայնութեան միջանցքը պէտք է կապի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը պահպանելու է այն կարգավիճակը, որը առկայ էր փաստաթղթի ստորագրման պահին: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումից յետոյ, միջանցքի կարգավիճակը կը կարգաւորուի` հաշուի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:

Այսպիսով, կարող ենք ասել, որ Քազանում փակուղին չարեաց փոքրագոյնն էր հայկական կողմի համար: Անշուշտ, պէտք է պատրաստ լինել ազրպէյճանական կողմի հնարաւոր արկածախնդրութիւններին, յատկապէս Հայաստան-Ազրպէյճան եւ Արցախ-Ազրպէյճան սահմաններում: Վերջին շրջանում յատկապէս աննախադէպ կերպով աշխուժացել են դիպուկահարները, որոնց կրակոցները խլում են երիտասարդ կեանքեր:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES