Սումկայիթեան Եղեռնագործութեան 26-րդ Տարելիցը
1988 թուականի փետրուարի 26-28-ին Ազրպէյճանի Սումկայիթ արդիւնաբերական քաղաքում հայ բնակչութեան հանդէպ տեղի ունեցած ջարդերը ազգային զտման քաղաքականութեան առաջին դրսեւորման օրինակն էին Խորհրդային Միութեան տարածքում: Բարբարոսական յարձակումների եւ խոշտանգումների արդիւնքում եղան տասնեակ զոհեր: Հարիւրաւոր անմեղ մարդիկ վիրաւորուեցին եւ անդամալոյծ դարձան: Բռնաբարուեցին կանայք եւ դեռահաս աղջիկներ, յանցագործ խաժամուժը իշխանութիւնների աջակցութեամբ ներխուժեց հայ ընտանիքների հարիւրաւոր բնակարաններ, կողոպուտի ենթարկեց արհեստանոցներն ու խանութները: Մինչդեռ ամէն հնարաւորն արուեց կատարուած յանցագործութիւնների հանգամանքները թաքցնելու եւ խեղաթիւրելու համար: Իսկ փաստագրական ապացոյցները, ականատեսների վկայութիւնները, հաւաքուած փաստերը յանգեցնում էին միակ աներկբայ եզրակացութեան. ջարդերը, յանցագործութիւններն ու վայրագութիւններն իրականացուել էին Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրաւունքը ստիպուած է եղել պաշտպանել արեան գնով` իրեն պարտադրուած պատերազմի ընթացքում: Լեռնային Ղարաբաղի խնդիրը սկիզբ առաւ 26 տարի առաջ, որպէս խաղաղ ցոյցերի շարք հայերի կողմից, որոնք ցանկանում էին որոշել իրենց սեփական կեանքը, իրենց ապագան ոչ Ազրպէյճանի իրաւասութեան տակ: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրաւունքների ու ազատութեան պաշտպանութեան օգտին: Քաղաքակիրթ եւ օրինական իւրաքանչիւր գործողութեանը հետեւում էր բռնութեան ծաւալում, հայ ազգաբնակչութեան իրաւունքների զանգուածային եւ համատարած ոտնահարում, բռնութիւններ եւ կոտարածներ, ժողովրդավարական բռնանուաճում, տնտեսական շրջափակում: Մենք ականատես էինք ամենադաժան ազգային զտումների եւ տեղահանման քաղաքականութեան: Սումկայիթում հայերի դէմ կատարուած բռնութիւնները փոխեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բնոյթը եւ 1988 թուականը Լեռնային Ղարաբաղի պատմութեան մէջ դարձաւ շրջադարձային:
Միջազգային արձագանգը բաւարար չէր: Փլուզուող Խորհրդային Միութեան իշխանութիւններն չտուեցին համապատասխան գնահատական կատարուածին: Ցաւօք, կորպաչովեան վարչակազմը սահմանափակուեց «խուլիկանական տարրերի գործողութիւններ» գնահատականով: Եղան արձագանգներ միջազգային որոշ կառոյցների, ականաւոր գիտնականների, քաղաքական գործիչների կողմից: Մասնաւորապէս, Եւրոպական դատարանը դատապարտեց Սումկայիթում եւ Պաքւում կատարուած ազգային զտումները հայերի հանդէպ: 2006 թուականին ընդունուեց նաեւ բանաձեւ, որը դատապարտում է հայկական կրօնական եւ մշակութային յուշարձանների ոչնչացումը նախկինում հայաբնակ Նախիջեւանի մարզում:
Աշխարհահռչակ գիտնական Անտրէյ Սախարովը ասել է. Անհրաժեշտ է արդարացի դատավարութիւն Սումկայիթի կոտորածների ոճրագործների համար: Ճորճ Սորոսը հաստատեց, որ առաջին հայկական ջարդերը Ազրպէյճանում հրահրուել են տեղական կազմակերպուած յանցաւոր խմբաւորումների կողմից` կառավարուելով Ազրպէյճանի ապագայ նախագահ Հէյտար Ալիեւի կողմից:
Սումկայիթեան եղեռնագործութիւնից յետոյ ազրպէյճանական իշխանութիւնների նախաձեռնութեամբ յարձակումները հայ բնակչութեան հանդէպ շարունակուեցին ամբողջ երկրի տարածքով:1988 թուակակն մայիսին Շուշիում, որտեղից յաջորդ մի քանի տարիների ընթացքում հրետանային ռմբակոծութիւններ էին իրականացւում Ստեփանակերտի վրայ, կազմակերպուեց հայերի տեղահանում: 1988 թուականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հայերի կոտորածները տեղի ունեցան Պաքւում, Կիրովապատում` Գեանջայ, Շեմաքում, Շեմաքորում, Նախիջեւանում, այլ բնակավայրերում: Հայերը սպաննուեցին եւ վիրաւորուեցին Խոջալու գիւղում: Խորհրդային մամուլը նկարագրում էր, թէ ինչպէս ոճրագործները Կիրովապատում ներխուժել էին ծերանոց, սպաննել անօգնական ծերերին, ներառեալ անդամալոյծների: 1990 թուականի սկզբին հայկական հետապնդումներն ու կոտորածները դարձան աւելի կազմակերպուած Պաքւում: Սպաննուեցին հարիւրաւոր անմեղ մարդիկ, մամուլը ամէնօրեայ հաղորդագրութիւններում զետեղում էր նիւթեր աննկարագրելի սարսափների մասին: Օրական սպանութիւնները կատարւում էին տեղական իշխանութիւնների աչքի առջեւ: Ազրպէյճանից հայ փախստականների եւ տեղահանուածների թիւը 400 հազարից աւելի է:
Հայ ժողովրդի դէմ ուղղուած պատժամիջոցներից յայտնի է «Օղակ» գործողութիւնը, որը 1991 թուականի ապրիլին անցկացուեց Ազրպէյճանի ոստիկանութեան յատուկ ջոկատների եւ Խորհրդային Միութեան ներքին գործերի նախարարութեան համատեղ ուժերով: Իրականացուեց պետական ահաբեկչութեան աննախադէպ աքթ, որը հետապնդում էր ղարաբաղեան շարժումը գլխատելու, ազգային միասնութիւնը խարխլելու նպատակ: Զոհեր դարձան Խանլարի շրջանի Գետաշէն եւ Մարտունաշեն գիւղերի բնակիչները: Նոյնը կատարուեց Խանլարի շրջանում 2, Շահումեանի շրջանում 3, Հատրութի շրջանում 15 եւ Շուշիի շրջանում 4 բնակավայրերում: Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ գօտում սպաննուեցին հարիւրից աւելի մարդիկ, պատանդ վերցուեցին հարիւրաւոր մարդիկ:
Յաջորդ տարիներին Ազրպէյճանը փորձեց լայնածաւալ ռազմական գործողութիւններ ծաւալել Ղարաբաղի դէմ, սակայն տապալուեց իր նենգ ծրագրերում: Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերն արժանի հակահարուած տուեցին ազրպէյճանական բանակին: Ռազմական պարտութիւնները ստիպեցին ազերիներին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ 1994 թուականի մայիսի 12-ին Խըրխըզիստանի մայրաքաղաք Պիշքեքում ստորագրել հրադադարի արձանագրութիւնը:
Ազրպէյճանն իր անկախութեան հռչակումից անմիջապէս յետոյ ազատեց դատապարտուած մարդասպաններին եւ հրապարակայնօրէն նրանց հռչակեց ազգային հերոսներ: Նոյնը արուեց վերջերս, երբ հունգարա-ազրպէյճանական խայտառակ գործարքի արդիւնքում ազատ արձակուեց մարդասպան Սաֆարովը, ով կացնահար էր արել քնած հայ զինուոր Գուրգէն Մարգարեանին ՆԱԹՕ-ի դասընթացների ընթացքում, եւ նախագահ Ալիեւի կողմից հռչակուեց ազգային հերոս: Ի դէպ այս տարի փետրուարի 19-ին լրացաւ այդ սարսափելի եւ անմարդկային յանցագործութեան 10-րդ տարելիցը: Զաւեշտալին նաեւ այն է, որ ազրպէյճանական քարոզչութիւնը ամէնուր եւ անընդհատ փորձում է նախայարձակի պիտակ կպցնել Հայաստանին եւ Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպուած են եղել զէնք վերցնել բառացիօրէն չբնաջնջուելու համար: Իրականութիւնն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ եւ միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյութեան իր իրաւունքը, պաշտպանել իր արժէքները, իր եկեղեցիներն ու խաչքարները: Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացած պետութիւն է: Արցախը չնայած բոլոր դժուարութիւնների, ծանր փորձութիւնների, առաջընթաց է ապրում, ամրացնում է պետական – ժողովրդավարական կառոյցները, զարգացնում իր տնտեսութիւնն ու մշակոյթը, պաշտպանում խաղաղութիւնը:
Միջազգային հանրութեանը վերջնականապէս եւ մէկընդմիշտ պէտք է պարզ լինի, որ Ազրպէյճանն է սկսել զինուած նախայարձակումն ընդդէմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: Ազրպէյճանը հիմա էլ շարունակում է կոպտօրէն խախտել զինադադարի դրութիւնը եւ հայերի հանդէպ ատելութեան մթնոլորտ ստեղծել իր երկրում: Սա պէտք է խստօրէն դատապարտուի միջազգային հանրութեան կողմից:
26 տարի յետոյ մեր գլուխն ենք խոնարհում Սումկայիթեան անմեղ զոհերի յիշատակի առջեւ եւ համոզմունք յայտնում, որ հայերի հանդէպ կատարուած յանցագործութիւնները, աննկարագրելի դաժանութիւններն եւ ոճրագործութիւնները կ’արժանանան համապատասխան գնահատականի եւ կը դատապարտուեն ողջ մարդկութեան կողմից: Գիտակցում ենք, որ միայն մեր միասնական կամքով եւ հաւաքական ուժով կարող ենք հզօրացնել մեր հայրենիքը եւ ապահովել մեր բոլոր հայրենանուէր եւ ազգանուէր իղձերի եւ ծրագրերի իրականացումը:
Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան
արտակարգ եւ լիազօր դեսպան
ԱՇՈՏ ՔՈՉԱՐԵԱՆ

