Մուսալեռցի Երիտասարդների «Տունը»` Երեւանում

Մ. Մ.

agomp-00117 փետրուարին «Մուսալեռ» հայրենակցական միութեան երիտասարդական թեւի 5-րդ տարեդարձն էր եւ ակումբի պաշտօնական բացումը: Այս 5 տարիների ընթացքում մուսալեռցի երիտասարդները չունէին մշտական տարածք: Երիտասարդական թեւի առաջին ատենապետ Աբրահամ Բալաբանեանը նշեց, որ 5 տարի առաջ իրենք կազմել են ապագայի այն ծրագրերը, թէ ինչին է ծառայելու երիտասարդական թեւը: Ակումբը նա համարեց անհրաժեշտութիւն, որտեղ ամէն կիրակի հաւաքուելու են մուսալեռցի երիտասարդները: Ընդ որում, ակումբում սկսել են անցկացնել մուսալերան բարբառի եւ անգլերէնի դասընթացները, բացի այդ լինելու են մուսալերան ազգային պարերի դասընթացներ, որոնք կազմակերպելու է «Կարին» ազգագրական պարային համոյթի գեղարուեստական ղեկավար Գագիկ Գինոսեանը: «Մենք ունենում ենք մի կենտրոն, որի դռներն ամէն կիրակի բաց են մուսալեռցի երիտասարդների առջեւ, եւ ցանկացած մուսալեռցի կարող է համարել, որ սա իր տունն է»,- ասաց Ա. Բալաբանեանը:

Միջոցառմանը ներկայ էին գտնւում մի շարք  հիւրեր, որոնցից ոմանք իրենց մաղթանքներն ուղղեցին մուսալեռցի երիտասարդներին: Գուսան Հայկազունը նշեց, որ ակումբի ստեղծումը կարող է կապել մուսալեռցիներին, ապա աւելացրեց, որ միշտ լինելու է հնարաւորութիւն մեր Կիլիկիային տէր կանգնելու: Գագիկ Գինոսեանն էլ ասաց, որ ինքը 5 անգամ առիթ է ունեցել լինել Այնճարում, որտեղ բերել է 2 թմբուկ, եւ իրենց համերգներն առանց այդ թմբուկների չեն անցկացնում: «Կաթն ինչքան էլ թողնենք կարագ չի դառնայ, ինչ-որ մէկը պիտի այն հարի, որպէսզի իւղային մասը կպնի իրար, որ կարագ դառնայ: Այս դէպքում էլ մինչեւ մասսան իրար չտաս, միջի իւղային մարդիկ իրար չեն կպնի, չեն միաւորուի, գործ չի դառնայ: Դրա համար, կարծում եմ, իւրաքանչիւր հասարակութեան ինչ-որ մի բջջի մէջ կան կարեւոր այն մարդիկ, որոնք լինում են այդ նախաձեռնողները, այդ հարողները, որոնց շնորհիւ դառնում է այսպիսի միջոցառում, յետոյ` կազմակերպութիւն, որն իր շուրջը պիտի հաւաքի մնացած մարդկանց: Եւ վստահ եմ, որ եթէ կան այդպիսի մարդիկ, ապա մի օր Այնճարի շէնքերի պէս շէնքեր կը կառուցուեն` իրենց նիստուկացով, իրենց կահկարասիով»,- նկատեց Գ. Գինոսեանը:

«Մուսալեռ» երիտասարդական թեւի հիմնադիր Գաբրիէլ Փանոսեանից հետաքրքրուեցինք, թէ որն էր նախաձեռնութեան նպատակը: Նա ասաց, որ 5 տարի առաջ տեսել էր, որ միութեան աշխատանքները հիմնականում տանում են տարեցները, եւ շատ էր ուզում, որ երիտասարդներն էլ մասնակից դառնան այդ գործում: «Մտածեցի, որ երիտասարդները պէտք է առանձին լինեն, որ կարողանան իրենք իրենցով աշխատանքն տանեն, փորձեցի կազմել մի խումբ, եւ Սուրբ Սարգսի տօնին սկսեց գործը, որը յաջողութիւն ունեցաւ»,-  ընդգծեց Գ. Փանոսեանը: Նրա խօսքով` այսօր արդէն մօտ 250 անդամ ունեն: Ակումբի տեղը նրա կարծիքով իրենց իտէալ տեղը չէ, բայց յոյս ունեն, որ առաջիկայում իրենց համար աւելի յարմարաւէտ տեղ կը լինի: Գ. Փանոսեանը նաեւ ասաց, որ ակումբի ստեղծմանն աջակցել են մուսալեռցի նուիրատուները:

 

 

 

Share this Article
CATEGORIES