Արցախի Մէջ ՀՅԴ 123-ամեակի Հանդիսաւոր Տօնակատարութեան Ընթացքին Արտասանուած Խօսքեր

Դաշնակցութիւնը Սքանչելի Գործ Է Անում. Պարգեւ Արք. Մարտիրոսեան  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի Առաջնորդ

Arch.Barkev-MardirossianԱյսօր մենք այստեղ ենք` նշելու մեր աւանդական հայ կուսակցութեան 123-ամեակը: Արցախեան պատերազմի դաժան տարիներին մեր արցախցիները գիւմրեցիների պէս չկորցրին իրենց հումորի զգացումը, եւ դա շատ լաւ է: Մէկ էլ տեսնում էիր դաժան օրերին կատակ էին անում, անեկդոտներ էին յօրինում, որը խօսում էր մեր անկոտրում ոգու մասին: Հիմա մի օրինակ բերեմ, թէ ինչո՛ւ եմ դա ասում:

Գիւղերից մէկում մեր տարեց ղարաբաղցիները գիւղամիջին նստած` նարտի էին խաղում: Տարեց մի մարդ է գալիս` սպիտակ մօրուքով:

– Բարե՛ւ…

– Բարե՛ւ… Համեցի՛ր:

Թէյ են տալիս, հարցնում` անունդ  ինչ է…

– Վարդան…

– Քանի՞ տարեկան ես:

– 92:

Իսկ այդ տարեց մարդիկ 120-125 տարեկան էին: Նրանցից մէկը նայում է ու ասում.

– Էս խոխան հուվա, վեր մեր կողքին նստէ:

Հիմա, Ղարաբաղի չափանիշներով, Դաշնակցութիւնը հասել է բնական ղարաբաղցու հասուն տարիքի, այնպէս որ, մեր Դաշնակցութիւնն անցել է իր ուրոյն ճանապարհը:

Այսօրուայ ձեր բաժանած փոքրիկ գրքոյկում գրուած է` Դաշնակցութիւնը նաեւ պատմութիւն   է: Այո, ի հարկէ, Դաշնակցութիւնն ունի իր ուրոյն պատմութիւնը:

Երբ որ մի մարդ, մի կազմակերպութիւն ճանապարհ է անցնում, երկար ճանապարհ, իսկ 123 տարին երկար ճանապարհ է, ոտքերը կարող են յոգնել, վէրքոտուել, կարող է արեւահարուել: Բայց Դաշնակցութիւնը կարողացաւ ամուր կերպով անցնել այդ ճանապարհը, որը լի էր բազմաթիւ դժուարութիւններով եւ մարտահրաւէրներով` ազատագրական պայքար 90-ական թուականներին, Ատանայի կոտորած, Ցեղասպանութիւն, առաջին հայկական հանրապետութիւն, բանակի, պետութեան ստեղծում, գոյատեւում սփիւռքի պայմաններում, քանզի արգելուած էր Խորհրդային Միութեան տարածքում:

Այս ամէնին Դաշնակցութիւնը դիմացաւ: Երեւի դրա գաղտնիքն այն է, որ գաղափարի կուսակցութիւն է, ինչը ճիշդ է, ազգային է, որը շատ հրապուրիչ է շատ հայերի համար, եւ, ամենահետաքրքիրը, դասական իմաստով, որպէս կուսակցութիւն, խիստ կարգապահութիւն ունի, եւ, միաժամանակ, դրա հետ ֆենոմենալ մի երեւոյթ ունի` ճկուն շրջանային ղեկավարութիւն:

Ես կարծում եմ` գոյատեւման գաղտնիքներից են դրանք: Պիտի ասեմ, որ Դաշնակցութիւնը մեծագոյն ներդրումներ ունի հայրենիքի կերտման եւ ազգապահպանման հարցերում: Բազմաթիւ փառաւոր  անձեր է ծնել ազգի համար: Յաճախ լինելով սփիւռքի տարբեր օճախներում, կարող եմ վստահօրէն ասել, մեծագոյն հիացմունքով եւ երախտագիտութեամբ` հայապահպանման, ազգապահպանման գործում իսկապէս Դաշնակցութիւնը սքանչելի գործ է անում: Բոլորն էլ հայախօս են, որը շատ խրախուսելի է: Արցախում ՀՅԴ-ն 25-րդ յոբելեանն է նշում, որի առիթով շնորհաւորում եմ ե՛ւ ողջ Դաշնակցութեանը,  ե՛ւ Արցախի Դաշնակցութեանը, մեր սիրելի ընկերներին, մեր մարտական ընկերներին: Ինչպէս պատմութեան ընթացքում, մեր օրերին էլ Դաշնակցութիւնը նետուեց մարտի դաշտ, զէնքը ձեռքին, հայկական երազանքներով: Հայրենիք, ազատութիւն, անկախութիւն եւ մէկ երազանք, որ բոլորիս համար շատ հարազատ է` ամբողջական պատմական Հայաստան:

Ինչպէս պարոն Թովմասեանն ասաց` օրակարգի 4 կարեւոր հարցերը օրագրից չեն իջնում, եւ դա լաւ է: Եւ մենք, որպէս հայեր, այդ երազանքները պիտի առաջ տանենք: Որքան էլ երկար լինի մեր ազգի ճանապարհը` 10 հազար տարի, 15 հազար տարի, մենք պիտի չյոգնենք, այդ երազանքները բոլորս անպայմանօրէն կեանքի պիտի կոչենք: Ես, որպէս եկեղեցական, ի հարկէ, որպէս ոչ կուսակցական, գիտեմ գնահատել ե՛ւ ոչ կուսակցականներին, ե՛ւ բոլոր կուսակցութիւններին, ե՛ւ Դաշնակցութեանը, որի կրկնակի յոբելեանի առիթով մենք այսօր այստեղ ենք:

Շնորհաւորում եմ, մաղթում եմ  այդ ազգային իտէալներին, որպէս գաղափարի կրող կուսակցութիւն, շարունակէք կեանքի կոչել բոլոր այդ նուիրական իղձերը, որոնք սատարելու են մեր ազգի միասնութեանը, ոգուն, հաւատքին եւ յաղթանակին: Եւ մենք` բոլորս միասին, պարտաւոր ենք ապագայում տօնել մեր հայոց մեծագոյն ամբողջական Հայաստանի յաղթանակը, որը դուք էք երազում, որը մենք ենք երազում, որին բոլորս ծառայում ենք:

Շնորհաւորում եմ…

ՀՅԴ–ն Առկայ Մարտահրաւէրներին Նայում Է
Բաց Աչքերով Եւ Պատրաստակամ` Մասնակիցը
Լինելու Դրանց Լուծմանը. Դաւիթ Իշխանեան

1969192ՀՅԴ 123-ամեակին նուիրուած` Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում տեղի ունեցող տօնակատարութեան ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը: Նա իր խօսքում մասնաւորապէս նշեց, որ այս օրերին աշխարհասփիւռ հայութիւնը տօնում է Հայ յեղափոխական դաշնակցութեան 123-ամեակը, տօնում են, որպէսզի վերաիմաստաւորեն մեր անցեալը` ներկայի եւ ապագայի խնդիրների լուծմանը պատրաստակամութեան երդում տալով: «Նոյն պատրաստակամութեամբ է ՀՅԴ Արցախի կառոյցն այսօր տօնում է Դաշնակցութեան 123-ամեակը: Այս տօնը բոլորինս է: Ուրեմն թոյլ տուէք շնորհաւորելու բոլորիդ` տօնի կապակցութեամբ»,  ասաց նա:

ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչը նաեւ շնորհաւորեց Արցախի Վերածննդի տօնի կապակցութեամբ եւ աւելացրեց. «Փետրուարեան շնորհաւորանքներս թերի կը լինէին, եթէ բոլորիդ չշնորհաւորէի նաեւ 1921 թուականի փետրուարեան համաժողովրդական ապստամբութեան կապակցութեամբ: Մեր ժողովրդի մէջ դեռեւս պարզ ու թափանցիկ չեն լուսաբանուած 1921 թ. փետրուարեան ապստամբութեան էութիւնն ու նրա դասերը, բայց եւ այնպէս, այն իր համաժողովրդական պոռթկումով նոյն նպատակն էր հետապնդում` ինչ 1988-ը: Մեր ժողովրդի բովանդակ շահերը ոտնահարող որեւէ երեւոյթ անընդունելի համարելով, լինի ցեղասպան թուրքի, պոլշեւիկ ռուսի կամ համայնավար ազգերու կողմից, այդ պոռթկումն ազատ ու արդար ապրելու դրսեւորման հետեւանքն էր` ի պաշտպանութիւն սեփական իրաւունքների ու շահերի»:

Նա նաեւ նշեց. «Չլինէր 1890 թ. Քրիստափոր Միքայէլեանի, Սիմոն Զաւարեանի եւ Ստեփան Զօրեանի` Հայ յեղափոխական դաշնակցութիւն հիմնելու սուրբ նախաձեռնութիւնը, չլինէր 1918 թուականի մայիսի 28-ը, չլինէր 1921 թուականի փետրուարեան ապստամբութիւնը չէր լինի 1967 թուականը չէր լինի նաեւ 1988-ը, 1991-ը: Ուրեմն հպարտանանք, որ սերունդն ենք 100-ամեայ ազատատենչ ոգին կրող մեր պապերի ու հայրերի»:

Դաւիթ Իշխանեանը նաեւ ընդգծեց, որ Դաշնակցութեան որեւէ ամեակի տօնակատարութիւնը փառաբանութեան կամ գովաբանութեան  հաւաք չէ, այլ հաշուետուութիւն` արուածի ու չարուածի համար, անդրադարձ` առկայ հիմնախնդիրներին ու մարտահրաւէրներին:

«Հպարտութեամբ ուզում եմ շեշտել, որ այս օրերին լրանում է նաեւ ՀՅԴ կառոյցի` Արցախում վերահաստատման 25-ամեակը: Վերահաստատման, որովհետեւ քչերը գիտեն, որ 1905-1921 թուականներին ՀՅԴ Արցախի կառոյցը, իր շուրջը համախմբելով հազարաւոր արցախցի հերոսների, փրկեց արցախցիներին ցեղասպանութիւնից ու տեղահանութիւնից: Աւելի՛ն. 1918-ի յուլիսին, Ղարաբաղի առաջին համագումարում վերահաստատուեց, որ Ղարաբաղը մաս է կազմում Հայաստանի Հանրապետութեան: Այդ ոգին փոխանցուեց մեր սերնդին, եւ շատերը Դաշնակցութեանը անդամագրուելու ճանապարհով փորձեցին իրականութիւն դարձնել տասնամեակների երազանքը` Արցախը մայր հայրենիքին վերամիաւորելու սուրբ գործը», նշեց Դաւիթ Իշխանեանը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը խօսեց նաեւ Հայ յեղափոխական դաշնակցութեան յառաջիկայ անելիքների եւ առկայ մարտահրաւէրների մասին: «ՀՅԴ-ն առկայ մարտահրաւէրներին նայում է բաց աչքերով եւ պատրաստակամ` մասնակիցը լինելու դրանց լուծմանը: Ժամանակն է, որ իւրաքանչիւր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ պատասխանատու լինի իր ստանձնած պարտականութիւնների համար` լինի դա ընդդիմութիւն, թէ իշխանութիւն: Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, լինելով ընկերվարական կուսակցութիւն, պատրաստակամ է` լինելու ընկերային արդարութեան երաշխաւորը: Դաշնակցութիւնը, լինելով ազգային կուսակցութիւն, իր ազգային արժեհամակարգով ունի լուրջ առաքելութիւն թէ՛ ներքաղաքական եւ թէ՛ արտաքին քաղաքական ասպարէզում:

«123-ամեայ Դաշնակցութեան կենսագրութիւնը վկայում է, որ նա միշտ եղել է պայքարի թատերաբեմում: Դաշնակցութեան յամառ պայքարը երբեք դադար չի ունեցել: Քանի դեռ հայ ժողովուրդն ունի արդար դատ, ազատ ապրելու իրաւունք եւ ցանկութիւն, Դաշնակցութիւնը ժողովրդի կողքին է, միշտ պատրաստակամ` պայքարի բոլոր թատերաբեմերում լինելու առաջամարտիկ:

«Լինենք իշխանութիւն, թէ ընդդիմութիւն, Դաշնակցութիւնն ունի իր առաքելութիւնը եւ նպատակը` Միացեալ, Ազատ եւ Անկախ Հայաստանի կերտումը: Արցախը այդ նպատակի մի մասնիկն է»:

ՀՅԴ Ճանապարհը Ազգային Նուիրումի Ճանապարհ Է.
Աշոտ Ղուլեան , ԼՂՀ  Ազգային Ժողովի Նախագահ

GhoulianՈւրախ եմ եւս մէկ անգամ ներկայ գտնուելու ՀՅԴ տարեդարձին նուիրուած ձեռնարկին եւ նորից շնորհաւորել ձեզ` դահլիճում ներկայ գտնուողներին եւ նրանց, ովքեր այսօր այստեղ չեն, բոլորիս համար նշանակալից իրադարձութեան` ՀՅԴ կուսակցութեան հիմնադրման 123-րդ տարեդարձի առթիւ:

Ուրախ եմ այդ շնորհաւորանքը յղել անձամբ իմ անունից եւ Արցախի Ժողովրդավարական կուսակցութեան անունից եւ մեր վերջին երկու տասնամեակների համագործակցութիւնը կարծում եմ վկայութիւնն է այն բանի, որ Արցախի քաղաքական  դաշտի դերակատարները կարող են համատեղ քաղաքական, տնտեսական, ընկերային  բազմաթիւ խնդիրների լուծումներ գտնել համատեղ եւ միասին առաջ տանել այդ խնդիրների իրականացումը:

Անժխտելի է ՀՅԴ ընդգծուած դերակատարութիւնը հայ ժողովրդի ազգային գաղափարախօսութեան ու քաղաքական մտքի ձեւաւորման, հայ քաղաքական դաշտի կայացման եւ զարգացման ասպարէզում: Ի սկզբանէ իր գործունէութեան ամբողջ ընթացքում իր ողջ ներուժը նպատակաուղղելով հայ ժողովրդի շահերի պաշտպանութեանը` կուսակցութիւնը անցել է մի ճանապարհ, որը այլ կերպ չենք կարող գնահատել, քան` ազգային նուիրումի ճանապարհ:

Մեր ազգային տարեգրութեան մէջ ՀՅ Դաշնակցութեան դերը անխզելիօրէն կապուած է մեր ժողովրդին պարտադրուած պատմական անարդարութիւնների դէմ պայքարի հետ: Դժուար է գերագնահատել նրա աւանդը հայոց ազգային ազատագրական շարժումների կազմակերպման, կորուսեալ պետականութեան վերականգնման, մասնաւորապէս` Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրման գործում: Նշանակալի է կուսակցութեան մասնակցութիւնը 20-րդ դարավերջի հայոց ազգային վերազարթօնքի եւ ազգային-ազատագրական պայքարին, նրա ներդրումն արցախեան ձեռք բերուած յաղթանակներում, հայոց անկախ, ինքնիշխան զուգապետութեան` ՀՀ եւ ԼՂՀ կայացման եւ ամրապնդման, համազգային նպատակների շուրջ աշխարհասփիւռ հայութեան համախմբման, Հայ դատի միջազգայնացման ասպարէզում:

ՀՅԴ արցախեան կառոյցը եւ, մասնաւորապէս, ՀՅԴ խմբակցութիւնը, աշխուժօրէն համագործակցելով ԼՂՀ խորհրդարանում ներկայացուած միւս քաղաքական կուսակցութիւնների հետ, արդէն 20 տարուց ի վեր արժանի աւանդ է բերում ԼՂՀ զարգացմանը, ամրապնդմանն ու հզօրացմանը:

Վերստին շնորհաւորելով նշանակալի տարեդարձի առթիւ` ՀՅԴ մեր գործընկերներին մաղթում եմ ամենայն յաջողութիւններ, ի շահ համազգային երազանքների իրականացման:

Share this Article
CATEGORIES