ԵՐԵՒԱՆ-ՊԷՅՐՈՒԹ-ԵՐԵՒԱՆ ԹՌԻՉՔԻ ԳԻՆԸ. ՍԱ ԳԻ՞Ն Է, ԹԷ՞ ԿԵՂԵՔՈՒՄ

Հայաստանի մայրաքաղաք Երեւանից Սփիւռքի «մայրաքաղաք» Պէյրութ օդային տարածութիւնը ազգային փոխադրող «Արմաւիա»ի օդանաւերը յաղթահարում են մէկուկէս ժամում: «Արմաւիա»ի թռիչքացուցակում Պէյրութը ամենակարճ թռիչքներից է, սակայն այս օրերին` նաեւ ամենաթանկերից մէկը:

Այսօրուայ դրութեամբ եթէ որեւէ մէկը պատրաստւում է ճանապարհորդել դէպի Լիբանան, ապա պէտք է Երեւան-Պէյրութ-Երեւան յետադարձ թռիչքի համար վճարի 266 հազար դրամ (720 ամերիկեան տոլար) «էկոնոմ» կարգի համար եւ յոյս ունենալ, որ սպասողների ցուցակում տեղ կը բացուի: Հասկանալի է, որ «պիզնէս» կարգը շատ աւելի թանկ է: Որպէսզի հասկանալի լինի, թէ 266 հազար դրամն ինչ գին է, պէտք է համեմատել այլ ուղղութիւնների հետ: Այսպէս, Երեւան-Մոսկուա-Նիւ Եորք-Մոսկուա-Երեւան թռիչքը, որը տեւում է 25 ժամ, երբեմն կարելի է գնել մօտաւորապէս 266 հազար դրամով:

Օդանաւի տոմսեր վաճառող մայրաքաղաքի մի քանի կէտերում շրջայցից պարզւում է, որ ողջ ամառուայ ընթացքում գրեթէ անհնար է Պէյրութ թռչել (յետադարձով) գոնէ 200 հազար դրամով (540 ամերիկեան տոլար), որը համարւում է տուեալ ուղղութեան մեկնարկային գինը: Նկատենք, որ անգամ 200 հազար դրամն է չափից բարձր գին, եթէ հաշուի ենք առնում, որ ժամանակին Երեւան-Պէյրութ-Երեւան տոմսն արժեցել է մինչեւ 140 հազար դրամ (380 ամերիկեան տոլար):

Օդային փոխադրումներ իրականացնելը, հասկանալի է, թէ պիզնես է, բայց ամէն պիզնես պիտի տրամաբանական լինի: Սեփական երկրի քաղաքացիներին կեղեքելը նոյնպէս պէտք է տրամաբանական լինի:

Հայաստանի համար Պէյրութը միայն քաղաք չէ: Այնտեղ է գտնւում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, Հայ կաթողիկէ եկեղեցու նստավայրը, հայկական աւանդական կուսակցութիւնների կենտրոնատեղին: Պէյրութում է գտնւում Հայաստանից դուրս միակ հայկական համալսարանը` Հայկազեանը: Ինչ-որ իմաստով այսօրուայ սփիւռքահայ գաղութների մեծ մասը Միացեալ Նահանգներում, Քանատայում, Աւստրալիայում, Եւրոպայում, ձեւաւորուել են հէնց Պէյրութից հեռացած հայութեան հաշուին: Անգամ այսօրուայ պայմաններում` Պէյրութն աւելին է, քան լոկ 80 հազարանոց հայկական գաղթօճախ:

Դժբախտաբար, «Արմաւիա»ն օգտագործելով իր մենաշնորհային դիրքը հայաստանեան շուկայում, գներ է պարտադրում Հայաստանի եւ սփիւռքի հայութեանը:

Ժամանակին, երբ Երեւանից Պէյրութ չկար ուղիղ թռիչք, հայերն օգտւում էին Հալէպի օդանաւակայանից: Հալէպից մինչեւ Պէյրութ ցամաքային ճանապարհը չորս ժամ է: Բայց պարզւում է, որ «Արմավիա»ն այս հարցում էլ «հոգ» է տարել եւ բաւականին բարձրացրել գները: Այսօր Երեւան-Հալէպ-Երեւան ուղղութիւնը 166 հազար դրամ (450 ամերիկեան տոլար) է նախկին 120 հազարի (325 ամերիկեան տոլար) փոխարէն: Բացի այդ, հաշուի առնելով Սուրիոյ ներքաղաքական բարդ վիճակը, նախընտրելի է առժամանակ խուսափել Հայաստանի բարեկամ արաբական այս երկրի տարածքը թէկուզ թրանզիթ օգտագործելուց:

Այդուհանդերձ, եթէ դուք պատրաստւում էք մեկնել Պէյրութ յառաջիկայ շաբաթներին  եւ չէք ուզում մնալ «սպասողների» ցուցակի վրայ եւ կամ ինքնակամ կեղեքուել 1.125 ամերիկեան տոլարով կամ 416 հազար դրամով (այս պահին ազատ տոմս կայ հէնց այդ գնով), ապա համեմատաբար էժան տարբերակ կարող է լինել, չզարմանաք` «թուրքական աւիաուղիներից» օգտուելը: Ճիշդ է, դուք ստիպուած կը լինէք աւելի շատ ժամանակ ծախսել եւ արժանանալ որոշ պաշտօնեայ հայերի պարսաւանքին` թէ ինչպէս կարելի է օգտուել թշնամու երկրի օդային փոխադրողից, բայց այլընտրանք չկայ:

Այլընտրանքը ինքնակամ կեղեքուելն է:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES