ՏԱՍՆԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԳԱՐԵԳԻՆ ԱՌԱՋԻՆԻ ՈՒ ՄԻՇՏ ՆՐԱ ՀԵՏ

Արդէն տասներկու տարի է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա. վեհափառը մեզ հետ չէ: 1999 թուականի յունիսի 29-ին երկրային իր բուռն գործունէութիւնից յետոյ նա գնաց վայելելու վաստակած երկնային հանգիստը` մեզ իբրեւ ներշնչանք թողնելով ո՛չ միայն շիրմաքարի «Մարդ է, որ գործէ զերկիր» սիրուած բնաբանը: «Ափսոս, հազար ափսոս, որ Հայոց 131-րդ կաթողիկոսն այդքան վաղաժամ հեռացաւ մեզանից, եւ այդքան ողբերգականօրէն ընդհատուեց նրա խօսքը, որ շքեղօրէն հնչում էր նրա շուրթերի վրայ` ցուցադրելով հայ լեզուի եւ հայ մտքի մեծագանձ կարողութիւնները: Բարեբախտութիւն է, որ մնացին նրա ազգաշահ գործերը, բազում ու բազմազան աշխատութիւնները, նրա արտասովոր մտքի ու հայութեամբ բաբախող հոգու գրաւոր վկայութիւնները, որոնք շատ անելիք ունեն մեր այս նիւթապաշտ, օրէցօր հայաթափուող ու ոգեթափուող ժամանակներում: Այսպէս է արտայայտուել վշտի այն օրերին Սիլվա Կապուտիկեանը:

Կարճ, բայց հիմնակերտ էր Լուսահոգի կաթողիկոսի գահակալութեան շրջանը Ս. Էջմիածնում: Գարեգին Առաջինն իրեն յատուկ եռանդով ձեռնամուխ եղաւ հաւատացեալների շրջանում քրիստոնէական գիտակցութեան ու ազգային արժէքների ամրապնդմանը, երիտասարդ հոգեւորականների պատրաստմանը, վանքերի ու եկեղեցիների նորոգմանն ու կառուցմանը, հրատարակչական գործունէութեանը, աշխարհասփիւռ հայութեան տարաբեւեռ հանգրուաններում հովուական ծառայութեան մատուցմանը…:

«Պատմական խառը ժամանակներում Վեհափառ հայրապետը պատասխանեց Աստծոյ կանչին` գալով հովուելու իր հոտը` իբրեւ Ամենայն հայոց հայրապետ, եկաւ իր ծառայութիւնը բերելու իր ժողովրդին: Լուծը ծանր էր, սակայն յիշելով Մովսէսի պատգամը` ուղղուած Յեսուին, թէ` քա՜ջ եղիր, որովհետեւ Աստծոյ Հոգին քեզ հետ է, եկաւ լինելու քաջ հովիւ: Ներշնչուած Ս. Հոգով` շարունակեց հովուել իր հոտը, առաջնորդել դէպի Աղբիւրը Լոյսի: Համաշխարհային անձ է, համաշխարհային գիտակցութիւն եւ ներգործութիւն ունեցող անձ է Գարեգին Ա. Վեհափառ հայրապետը, որը խանդավառող ուժ դարձաւ տարբեր եկեղեցիների հաւատացեալների համար»: Այս խօսքերն ի գնահատանք Մայր տաճարում հնչեցուեցին Երանայիշատակ կաթողիկոսի մահուան տասնամեայ տարելիցի առիթով գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի կողմից:

Դեռեւս ըստ արժանւոյն չեն գնահատուել Գարեգին Առաջին հայրապետի ազգային-հոգեւոր բազմաշնորհ վաստակը եւ այս առումով մենք դեռ պարտք ունենք հատուցելու նրա թողած հարուստ ժառանգութեանը:

Անգնահատելի արժէքներ են մեծ մտաւորական-գրասէրի աստուածաբանական ու հայագիտական գրքերն ու աշխատութիւնները, իսկ իր շնորհիւ լոյս աշխարհ եկած այլ կարեւոր հրատարակութիւններով կարող են յագեցուել մի ամբողջ գրադարանի դարակաշարեր:

Անհնար է նաեւ գերագնահատել Վեհափառի ներդրումը աշխարհում մեր եկեղեցու ու ժողովրդի հեղինակութեան բարձրացման գործում: Լինելով հանդերձ միջեկեղեցական, միջկրօնական շարժման ռահուիրաներից, սա էր նրա յորդորն ուղղուած ամէնքիս. «Քայլ պահենք աշխարհին հետ, առանց սակայն, մեր ճամբայէն դուրս գալու»:

Ազդեցիկ էր Հովուապետի խօսքը, իսկ միտքն` իմաստուն, հայ թէ օտար տպաւորւում էին նրա վառ անհատականութեամբ: Այդպիսի մէկն էր ծերակուտական Էտուարտ Քէնետին, ով Վեհափառի մահուան օրերին Միացեալ Նահանգների ծերակոյտում յայտարարեց. «Ես հպարտ էի, որ Նորին Սրբութիւնն իմ ընկերն էր: Նա ոգեշնչում էր բոլոր նրանց, ովքեր գիտէին իրեն…»:

Յիրաւի, շատերին կարող էր ոգեշնչել Գարեգին Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսը, իմաստաւորել նրանց կեանքը եւ դրդել գործելու «զերկիր»: Շատերիս է դեռեւս ոգեշնչելու մեզ յայտնի ու դեռեւս անյայտ, հասկացուած ու դեռ ապագայում հասկացուելիք նրա խօսքը եւ գործը…:

ԱՇՈՏ ՎԱՒԵԱՆ
ընթերցող

Share this Article
CATEGORIES