Հայոց Հինաւուրց Հզօրագոյն Մայրաքաղաքը` Անին
ԿԱՐԻՆԷ ԱՂԱՊԱՊԵԱՆ

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ (Տիգրան Հոնենց) եկեղեցին
«Ժողովուրդ Հայոց, գիտցիր, որ սպասման վիճակ է այս: Հաւատա, որ պիտի վերադառնաս քո պապերի, արիարանց քաջերի երկիրը: Եկել ենք այստեղ չմնալու համար, եկել ենք
վերադառնալու համար… Գիտցի՛ր, հա՛յ ժողովուրդ, որ արժէք ես դու, եւ խօսք ունիս ասելու այս նամարդ աշխարհին»:
ԱՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ

Անիի զինանշանը
Շարունակական կորուստները տեսնելով` ափսոսելով, յուզուելով, անցանք Կողբի աղի հանքերի մօտով: Արեւի ճառագայթներից աղի բլուրները փայլատակում էին: Այստեղից են աղ տարել Ռուսաստանի ցարի համար: Հանքն այնքան հարուստ է աղով, որ դեռ չորս հարիւր տարի պիտի բաւարարի Թուրքիոյ ներքին պահանջը: Շուտով հանքերը կ՛օգտագործեն նաեւ բժշկական զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակով: Կողբի հանքերը մինչեւ 1920 պատկանել են Հայաստանին, այնուհետեւ Կարսի պայմանագրով բռնակցուել են Թուրքիոյ:
Անհրապոյր ճանապարհ անցնելով` հասանք Անի: Անին գտնւում է Գիւմրիից ընդամէնը 30 քմ. (18 մղոն) հարաւ-արեւմուտք, Ախուրեան գետի աջ ափին: Հնում գտնուելով Դուին-Տրապիզոն կարեւորագոյն ճանապարհի վրայ Անին արագ թափով զարգացել է: 961-ին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրում են Անի եւ այն հռչակում մայրաքաղաք: Անին առեւտրա-արհեստաւորական մեծահռչակ, շքեղ մայրաքաղաք է եղել մինչեւ 1053: Գլխաւոր մուտքի վրայ վազող եօվազի բարձրաքանդակն է, 13-րդ դարի Անիի զինանշանը: Ներս ենք մտնում անցնելով Անիի «Աշոտաշէն» եւ «Սմբատաշէն» հողաշէն պարիսպներով: Մեր առջեւ անմարդաբնակ հսկայական տարածք է: Խառնւում են եօյզերը, կարօտը, ցաւը, հիացմունքը, ափսոսանքը: Քայլում ենք Անիի պահպանուած միակ` սալապատ հազարամեայ փողոցով, զգացմունքներն աննկարագրելի են: Անին արհեստագործութեան մեծ կեդրոն է եղել: Զարգացած էր մետաղամշակութիւնը, բրուտագործութիւնը եւ յիսունի հասնող այլ արհեստներ: Յայտնի էին գործուածքները, գորգերը, մետաղեայ իրերը, զէնքերը, խեցեղէնը: Զարգացած է եղել ձէթի արտադրութիւնը: Այն օգտագործել են լուսաւորութեան, սննդի, պաշտպանութեան համար: Անին եղել է նաեւ միջնադարեան Հայաստանի ապակեգործական մեծ կեդրոն: Անին հիացրել է իր նրբակերտ շէնքերով, պաշտպանական պարիսպներով ու աշտարակներով, տասնեակների հասնող եկեղեցիներով, Ախուրեանի վրայի կամուրջներով եւ այլ կառոյցներով:
Կամուրջներից մէկն ունեցել է 31,5 մ. երկարութիւն, երկու կողմում աշտարակաւոր երկաթագամ դռներ եւ տախտակեայ բացուող մասեր: Անին ունեցել է միջնաբերդ, որի բարձրադիր մասում արքունի ընդարձակ պալատն է եղել: Անիի մեծատաղանդ ճարտարապետներից էր Տրդատը, որ ստեղծել է Անիի մայր տաճարը, Գագկաշէնը, նա նաեւ Կոնստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարի գմբէթի վարպետ վերակառուցողն էր: Անեցիները ցանկանում էին ամէն ինչ ներկայացնել գեղեցիկ եւ հմայիչ տեսքով: Հետաքրքրական է, որ Անիի միջնաբերդում գտնուել են 10-11-րդ դարերի օրերից պատրաստուած խողովակներ: Անիում երկարատեւ ուսումնասիրութիւններ են կատարել Նիկողայոս Մառը, նրա մշտական գործընկերներ Թորոս Թորամանեանն ու Մառի աշակերտ Յովսէփ Օրբելին:

Անիի սալապատ փողոցը
Եղել է նաեւ «Ստորգետնեայ Անին», բնական եւ արհեստական հարիւրաւոր քարանձաւներից բաղկացած թաղամասը` կրկնայարկ, եռայարկ բնակարաններով: Հիւսիսային թեւում է եղել բաղնիքը` 7 սենեակներով, եղել են տաք եւ սառը ջրերի աւազաններ, ջրամատակարարման, ջրահեռացման եւ տաքացման համակարգերով:
Անմիջապէս աչքի է ընկնում հպարտ կանգնած աւերակների թագուհին` Անիի մայր տաճարը, Սուրբ Կաթողիկէն: Նրա հմայքը պարզութեան մէջ է: Տաճարը նուիրուած է Սուրբ Աստուածածնին: Եկեղեցու կառուցումը տեւել է քսան տարի: Սմբատը Տրդատին է յանձնել իր եկեղեցու շինարարութիւնը, բայց հէնց սկզբում էլ մահացել է: Գործի գլուխ է կանգնել նրա յաջորդի` Գագիկ Շահանշահի կինը` Կատրանիդէ թագուհին: Մի աւանդութիւն կայ, թէ իբր եկեղեցու միտքը Կատրանիդէին տուել է երազում յայտնուած հրեշտակը, խոստանալով, որ կառոյցի շինարարութեան ընթացքում չի լքի եւ այնքան ժամանակ կը պահպանի եկեղեցին, մինչեւ արաբները տեսնեն Քրիստոսի գալուստը: Այդ հրեշտակներն էլ պահպանում են տաճարն առ այսօր: Կատրանիդէ թագուհու դամբարանը գտնւում է անմիջապէս տաճարի կողքին: 1319-ին երկրաշարժից փլուել է մայր տաճարի գմբէթը, որոշ վնասներ էլ հասցրել է 1988-ի երկրաշարժը: անձախոյզներն էլ իրենց սեւ գործն են արել:

Սուրբ Գրիգոր եկեղեցին
Սուրբ Գրիգոր (Գագկաշէն) եկեղեցին եռայարկ է եղել, նման` Զուարթնոցին: Այստեղ պեղումների ժամանակ գտնուել է Գագիկ Ա.-ի արձանիկը, ձեռքին` եկեղեցու մանրակերտը:
Տեսանք վերակառուցուող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի երեսքարերը յափշտակելուց եկեղեցին կիսով չափ կործանուել է: Ընդհանուր յօրինուածքը այնքան միասնական է եղել, որ անգամ մէջտէղից կիսուելուց յետոյ էլ գմբէթը լիովին չի քանդուել: Սուրբ Փրկիչը Անիի երջանիկ օրերում մեծ հռչակ ստացած Պահլաւունի տոհմի իշխանական յուշարձան էր: Այն կառուցել է Ապլղարիպ Պահլաւունի մարզպանը 1035-ին: Եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացւում էին Համաշխարհային յուշարձանների հիմնադրամի, Կարսի մշակոյթի, զբօսաշրջութեան վարչութեան եւ Ամերիկայի դեսպանատան օժանդակութեամբ:
2009-ին մասնակի վերականգնուել էր Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը (Տիգրան Հոնենցի) եկեղեցին, իսկ վեհարանը չի ամբողջացուել, որպէսզի խաչի տեղադրման խնդիրներ չծագեն: Այն կառուցել է եկեղեցիների բարերար Տիգրան Հոնենցը: Սա զարմանալի գեղեցիկ եկեղեցի է` ներսից եւ դրսից զարդարուն պատկերաքանդակներով, զարդաքանդակներով: Ներսում աստուածաշնչեան եւ Հայաստանում քրիստոնէութեան տարածման թեմաներով հարուստ որմնանկարներ են պատկերուած:

Սուրբ Առաքելոցի նախշերը
1917-ին Նիկողայոս Մառը Ս. Փեթերսպուրկից Թիֆլիս է ուղարկում Անիի հնագիտական հաշուետուութիւնները, օրագրերը, լուսանկարները, որոնք ցաւօք, Ա. Համաշխարհային պատերազմի խառնակ ժամանակ ճանապարհին կորչում են:
Հեռւում հպարտ կանգնած էր Սուրբ Գրիգոր Ապուղամրենց եկեղեցին: Այն մայր տաճարից էլ հին է եւ պահպանել է իր ամբողջականութիւնը: 1918-ին Անին դարձաւ ռազմաբեմ, թուրքերը գրաւեցին այն, յուշարձանների մի մասը վերածեցին աւերակների:
Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցուել է 10-11-րդ դարերում: Սա մի քանդակազարդ հրաշք է, ներսում խճանկարներով զարդարուած գեղեցիկ առաստաղով, նրբագործ խաչքարերով բացառիկ ձեռագործ գեղեցկութիւն:

Սուրբ Գրիգոր Ապուղամրենց եկեղեցին
Երբ հեռանում էինք Անիից, արեւն արդէն մայր էր մտել` իր հետ տանելով օրուայ մեր լուսաւոր տպաւորութիւնները: Անիում դարձեալ իշխում էր կիսալուսինը: Բայց դեռ գալու է մեր արեւածագի ժամը:

Կարսի հին կայարանը
Անիից հեռացանք ուշ երեկոյեան եւ շարժուեցինք Սարիղամիշ: Հանգրուանեցինք անտառների եզրին գտնուող հիւրանոցում: Ին՜չ անտառներ, ի՜նչ մաքուր օդ: Այստեղ դահուկարշաւով զբաղուողների համար մարզահամալիր էր: Առաւօտեան մտայ անտառ, գրկեցի, շոյեցի ծառերը: Յիշեցի արձակագիր, հրապարակախօս, լրագրող Մարկօ Ղուկասեանի պատմութիւնը (նրա ծնողներն ու իմ տատը Բասէնից են եղել): Մի անգամ Գիւմրիում տեսնում է, որ մի հին կիսաւեր տուն են քանդում, որի տանիքի անտառանիւթը բերուած է լինում Սարիղամիշի անտառներից, եւ իր ներսում կուտակուած կորուսեալ հայրենիքի կարօտից դրդուած, խնդրում է բանուորներին, որ մի տաշեղ տան իրեն: Եւ նա, որպէս սուրբ մասունք, պահում էր այն: Ցաւօք չհասցրեցի իրեն պատմել իմ տեսած Սարիղամիշի անտառների եւ Բասէնի մասին:

Արտահանի բերդը
Ուխտագնացներով մէկ անգամ եւս վերադարձանք Կարս` հրաժեշտ տալու հնագոյն մայրաքաղաքին: Այս անգամ տեսանք այն չարաբաստիկ կառքը, որի մէջ հոկտեմբեր 13, 1921-ին ստորագրուել էր Կարսի պայմանագիրը:

Տխրահռչակ կառքը` Կարսում
Կարսի պայմանագրով քեմալական Թուրքիան անտրտունջ մարսելով հայերի Ցեղասպանութեամբ ապրած ողջ ողբերգութիւնը` չեղեալ յայտարարել տուեց Սեւրի պայմանագիրը: Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ գծուեց նոր սահման, որն անցնում էր Ախուրեան եւ Արաքս գետերով: Արդիւնքում Թուրքիա անցան Կարսի մարզը գրեթէ ամբողջութեամբ իր Կարս, Սարիղամիշ, Արտահան, Օլթի, Կաղզուան քաղաքներով եւ Անիի աւերակներով (մօտ 18,6 հազար քառ. քմ.), ինչպէս նաեւ` Երեւանի նահանգի Սուրմալուի գաւառը, ներառեալ Արարատ լեռը եւ Իգդիր ու Կողբ քաղաքները (մօտ 5 հազար քառ. քմ.): Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրուեց ընդունել եւ ճանաչել սեփական տարածքների` Կարսի մարզի ու Սուրմալուի գաւառի (մօտ 24 հազար քառ. քմ.) եւ Նախիջեւանի երկրամասի (5,5 հազար քառ. քմ.) կորուստը:

Սուրբ Առաքելոց եկեղեցին
Այնուհետեւ գնացինք Կարսի հին երկաթուղիի կայարան: Սա այն կայարանն է, որտեղից Կարսի մարզի հայ ժողովուրդը վերջին անգամ հրաժեշտ տուեց սիրելի Կարսին: Մենք էլ հրաժեշտ տուեցինք Կարսին եւ մեկնեցինք Արտահան: Այն գտնւում էր Կուր գետի վերին հոսանքի շրջանում, մի լայնատարած դաշտի արեւելեան ծայրամասում, բարձրաբերձ լեռների ստորոտում: Կուրի ձախ ափին ժայռաբլրի վրայ էր գտնւում Արտահանի բերդը, մօտ 10մ բարձրութեամբ պարիսպներով: Արտահանում հայերն ունէին երկու եկեղեցի` Սուրբ Աստուածածին եւ Սուրբ Գէորգ անուններով, երկդասեան վարժարան եւ գիմնազիայ, սիրողական թատրոն: 1920-ին Արտահանը գրաւուեց թուրքերի կողմից, հայ բնակչութիւնը կոտորուեց, գաղթուեց:

Սարիղամիշի անտառները
Այսպէս տխուր խոհերով լեցուն մենք վերադարձանք Հայաստան: Բոլորիս սրտերում ցաւ կար, ափսոսանք: Բայց` մի փոքր հանգստութիւն, որ մեր աչքերով տեսանք կորուսեալ հայրենիքը, որ այդքան երազում էին տեսնել մեր պապերը:
Ուխտագնացներով միահամուռ որոշեցինք` շարունակել հետաքրքիր ճամբորդութիւնը 2014-ի ամրանը, այս անգամ` դէպի պատմական Կիլիկիա:
Երեւան

