Տեղեկատուութիւն «Իմ Հայաստան» Համահայկական II Փառատօնի Մասին

Սիրելի՛ գործընկեր,

Տեղեկացնում ենք, որ 2014 թուականի ընթացքում Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը կ՛իրականացնի «Իմ Հայաստան» համահայկական II փառատօնը:

Փառատօնի նպատակներն ու խնդիրներն են Հայաստան-սփիւռք կապերի եւ համագործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնմանը, հայ մշակոյթի եւ մշակութային ինքնութեան պահպանմանն ու զարգացմանը, Հայաստան-Արցախ-սփիւռք կապերի ամրապնդմանը, համագործակցութեան նոր ձեւաչափերի ձեւաւորմանն աջակցելը, Հայաստանի եւ սփիւռքի երիտասարդ ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը սատարելը, մշակոյթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի յայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը:

Փառատօնի շրջանակներում նախատեսւում են հետեւեալ միջոցառումները`

1.- «Իմ Հայաստան» համահայկական II փառատօնի հանդիսաւոր բացում (յուլիսի 1)

2.- «Պարարուեստի օրեր» (յուլիսի 1-ից 10-ը)

Համերգներ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում

Օշականեան աւանդական քաղցրաւենիքի օր` «Գիւղի տատիկ», ֆլեշմոպ (յուլիսի 5)

Վարպետութեան դասընթացներ պարուսոյցների համար

Պարուսոյցներին մեթոտական նիւթերի (գրքոյկներ, ձայնասկաւառակներ) տրամադրում

3.- «Խմբերգային արուեստի օրեր» (օգոստոսի 1-ից 5-ը)

Համերգներ Երեւանում եւ մարզերում

Համերգ` նուիրուած Յովհաննէս Չէքիճեանի 85-ամեակին (Մարզահամերգային համալիր)

Խմբավարներին մեթոտական նիւթերի (նոթաներ, երաժշտութիւն) տրամադրում

4.- «Ասմունքի օր» (օգոստոսի 16)

5.- «Տուտուկի եւ հայկական այլ նուագարանների փառատօն» (սեպտեմբերի 20-ից 25-ը)

Համերգներ Երեւանում եւ մարզերում

Հայկական նուագարաններին նուիրուած գիտագործնական քննարկումներ` ժապաւէնների ցուցադրումով (սեպտեմբերի 22)

6.- «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26)

36 հատորից բաղկացած «Ազգային երգարան» մատենաշարի շնորհահանդէս

Շքահամերգ

Փառատօնին կարող են մասնակցել սփիւռքեան պարախմբերը, երգչախմբերն ու անհատ կատարողները (երաժիշտներ, երգիչներ, ասմունքողներ եւ այլք):

Փառատօնին իրենց մասնակցութիւնը կը բերեն նաեւ ճանաչուած խումբեր եւ անհատներ Հայաստանի Հանրապետութիւնից եւ Արցախից:

Փառատօնի շրջանակներում նախատեսւում են նաեւ կլոր սեղան-քննարկումներ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի շրջանակներում պատրաստ է հոգալու որոշ մասնակիցների (ովքեր ունեն կեցութեան կարիք) սննդի եւ կեցութեան ծախսերը (3 օր), տրամադրել համապատասխան դահլիճներ, ապահովել փոխադրամիջոցներով եւ թեքնիք անհրաժեշտ միջոցներով,  իրականացնել միջոցառումների կազմակերպական աշխատանքները:

Փառատօնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան յայտերի ձեւերը եւ ուղարկել [email protected] հասցէով:

Մասնակից խմբերը եւ անհատները պէտք է ներկայացնեն մինչեւ 20 րոպէ տեւողութեամբ համերգային ծրագիր (3-5 համար), վերջին մէկ տարուայ ընթացքում ունեցած ելոյթների որեւէ տեսագրութիւն, գրքոյկ, նկարներ, ցուցապաստառ եւ այլն:

Փառատօնի անցկացման վերջնական ծրագիրը հնարաւոր կը լինի կազմել յայտերը ամփոփելուց յետոյ: Տուեալ խմբի կամ անհատի մասնակցութիւնը երաշխաւորւում է, եթէ նրա կողմից ներկայացուած յայտը ստացուել է մինչեւ 2014 թուականի մայիսի 1-ը:

Սիրելի՛ հայրենակիցներ, համայնքային բոլոր պարախմբերին, երգչախմբերին եւ անհատ կատարողներին կոչ ենք անում միանալ այս մշակութային շարժմանը, դառնալ հայրենիքում կազմակերպուող համահայկական փառատօնի մասնակիցը, նպաստել համահայկական մշակութային փոխգործակցութեանը:

Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի գրասենեակ` զանգահարելով` 010 530937, 010530939 հեռախօսահամարներով կամ անհրաժեշտ տեղեկատուութիւնը գտնելով www.imhayastan.am  կայքէջում:

Սպասում ենք ձեր նամակներին:

Կից ներկայացնում ենք յայտաձեւերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

 

 

Share this Article
CATEGORIES