Թուրքական Զանգուածային Լրատուամիջոցների «Վրիպա՞կը», Թէ՞ Խոստովանութիւնը. Մի Լուսանկարի Պատմութիւն
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ
Թուրքական յայտնի լրատուական կայքերից «Հապերլեր»-ը ռուս լուսանկարչի գործեր է հրապարակել, որոնք արուել են 100 տարի առաջ տարբեր երկրներում, այդ թւում, ըստ «Հապերլեր»-ի, կան նաեւ Թուրքիայի տարածքում արուած լուսանկարներ:
«Հապերլեր»-ը առաջինը տեղադրել է հայ կնոջ լուսանկար` հայկական տարազով (ենթադրաբար` Արեւմտեան Հայաստանի Արդուին շրջանից): Այո՛, բոլորս տեղեակ ենք, որ 100 տարի առաջ` մինչեւ Հայոց ցեղասպանութեան իրագործումը, հայերն ու թուրքերը ապրել են միասին` մէկ հողի վրայ: Սակայն զարմանալին այն է, որ հայուհու լուսանկարի տակ, փակագծերի մէջ, բառացիօրէն գրել են. «Այժմ այս շրջանը գտնւում է Թուրքիայի սահմաններից ներս»: Այսի՞նքն: Առաջին հայեացքից ընթերցողի համար բնական նախադասութիւն կարող է թուալ` ռուս լուսանկարիչը 100 տարի առաջ եղել է Թուրքիայում եւ լուսանկարել հայ կնոջ: Սակայն ի՞նչ կարիք կայ փակագծերի մէջ շեշտել, որ այդ շրջանն այժմ Թուրքիայի տարածքում է: Չէ՞ որ Թուրքիայում Արեւմտեան Հայաստանի մասին խօսելը թապու է: Ի՞նչ նկատի ունեն` սահմաններից ներս ասելով: Ուրեմն ընդունո՞ւմ են, որ այդ տարածքն իրենցը չի եղել, բայց ներկայում իրենց տարածքում է: Թուրքերը ոչինչ «պարզապէս» չեն անում: Ուրեմն հնարաւոր է երկու տարբերակ` կա՛մ տուեալ լրագրողը թուրք է, բայց` պատմութիւնից տեղեակ, կա՛մ էլ Թուրքիայի կառավարութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախօրէին ինքն իրեն ապահովելու համար աչք է փակում նման ձեւակերպումների վրայ, որպէսզի ցոյց տայ աշխարհին, որ ոչինչ չի հերքում, ընդհակառակը` բացէիբաց հայ կնոջ` 100- ամեայ վաղեմութեան լուսանկար է հրապարակում, ի հարկէ` որոշ բառախաղերով:
«Երկիր»

