Սթաթիւս Քուոյի Պահպանումը` Ղարաբաղեան Հիմնահարցի Լուծման Եւրոպական Բանալի (Ա.)
ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎԵԱՆ
«Լեռնային Ղարաբաղը վաղնջական ազրպէյճանական հող է: Ազրպէյճանցիները այդ երկրամասում ապրել են դարերով, իսկ հայերը եկել են այդտեղ որպէս հիւր… Պարզապէս 19-րդ դարում հայերի վերաբնակեցումը ուրիշ շրջաններից Լեռնային Ղարաբաղում յանգեցրել է ժողովրդագրական իրավիճակի փոփոխութեանը եւ ԽԱՀՄ փլուզման պահին հայերն այնտեղ կազմել են մեծամասնութիւն:
Մենք աչք չենք տնկում ուրիշ երկրների տարածքների վրայ: Չնայած նրան, որ այժմեան Հայաստանի Հանրապետութիւնը ստեղծուած է ազրպէյճանական պատմական տարածքների վրայ… ազրպէյճանական ժողովրդի համբերութիւնը անսահման չէ: Մենք պէտք է վերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը»:
Վերեւում բերուած ցեղապաշտական զառանցանքը վերցրուած է Ազրպէյճանի նախագահ Ալիեւի` 2010թ. յունիսի 24-ին կայացած զինուորական զօրավարժութիւնների մասնակիցների առաջ արտասանած ճառից:
Ահա այսպէս, կարծես չեն եղել` Վանի թագաւորութեան սեպագիր արձանագրութիւնները, որտեղ առաջին անգամ յիշատակւում է Արցախը` որպէս այդ թագաւորութեան մէջ մտնող երկրամասերից մէկը. այնուհետեւ որպէս Մեծ Հայաստանի տասներորդ նահանգ:
Արցախում նոր թուարկութիւնից առաջ Տիգրան Մեծի կողմից կառուցուած Տիգրանակերտ քաղաքը, որի պեղումներն արդէն մի քանի տարի է, ինչ մեծ յաջողութեամբ իրականացւում են:
Դ. դարում կառուցուած Ամարասի վանքը, ուր Ե. դարի սկզբին հայկական գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը բացել է առաջին հայկական դպրոցը: Ամարասում է գտնւում Գրիգոր Լուսաւորիչի թոռ` Գրիգորիսի գերեզմանը (338թ.), որը տարածել է քրիստոնէութիւնը Արցախում:
Ե. դարում Վաչագան Բարեպաշտի կողմից ստեղծուած Արցախ-Ուտիքի թագաւորութիւնը Պարտաւ (այժմ Բարդա) մայրաքաղաքով:
Առանշահիկների իշխանական տոհմը, որը Պարսկաստանի կողմից ճանաչուել է որպէս թագաւորական:
Խաչէնի իշխանութիւնը, որի վերելքի տարիներին` 1216-1238 թթ. կառուցուել է հայկական ճարտարապետութեան գլուխգործոցներից մէկը` Գանձասարի վանքը, որի քարէ պատերին հայերէնով փորագրուած է հայկական երկրամասի հերոսական պատմութիւնը:
Հայկական ճարտարապետութեան այլ վեհաշուք կոթողները` Սուրբ Յակոբ, Դադիվանք, Երեք Մանկունք, Եղիշէ Առաքեալ, Գտիչ, Քոլատուկ գիւղի շրջակայքի թաւ անտառներում գտնուող Կօշիկ Անապատի վանքային վեհաշուք համալիրը եւ ուրիշներ:
Արցախում (հետագայում կոչուել է նաեւ Փոքր Սիւնիք, Խաչէն, Ղարաբաղ) հայկական նախարարական-իշխանական գործունէութիւնը երբեք չի ընդհատուել` անգամ թաթար-մոնկոլական լծի ժամանակ: ԺԶ. դարից սկսած` հին նախարարական տներին փոխարինում են մելիքութիւնները (մելիք` նշանակում է իշխան, տիրակալ) եւ Արցախ-Ղարաբաղում սկսում են իշխել խամսայի հայկական մելիքութիւնները («խամսա»-արաբերէն` հինգ): Դրանք են`
1. Գիւլիստան – տարածւում է Գանձակից (Գեանճա) մինչեւ Թարթառ գետը (ընդգրկում է մօտաւորապէս նախկին Ազրպէյճանի ԽՍՀ Խանլար-Գետաշէն եւ Շահումեանի շրջանները):
2. Ջրաբերդ – տարածւում է Թարթառ գետից մինչեւ Խաչէն գետը (ԼՂՀ Մարտակերտի շրջանի հիւսիսային եւ կենտրոնական մասերը):
3. Խաչէն – տարածւում է Խաչէն գետից մինչեւ Բալուջա գետը (ԼՂՀ Կենտրոնական մաս):
4. Վարանդա – տարածւում է այդ գետից մինչեւ Դիզափայտ լերան շրջակայքը (ԼՂՀ Ասկերանի, Մարտունու, Շուշիի շրջանները):
5. Դիզակ – տարածւում է Դիզափայտից մինչեւ Արաքս գետը (ԼՂՀ Հադրութի, Կարեագինօ-Ֆիզուլիի, Բերդաձորի, Կովսականի շրջաններ):
Այդ հինգ հայկական մելիքութիւնները, լինելով անմիջական հարեւաններ, կազմել են մի ամբողջականութիւն եւ գոյատեւել են մինչեւ ռուսական տիրապետութեան հաստատումը` միացումը 1813թ. Ռուսաստանին:
Խամսայի մելիքութիւնների բնակչութիւնը եղել է բաղկացած բացառապէս հայերից: Ահա, օրինակ, ինչ է գրում Ռուսաստանին Ղարաբաղի միացման անմիջական ականատես Միրզա Եուսուֆը պարսկերէն գրուած իր «Ճշմարիտ պատմութիւն» գրքում, որը նուիրուած է Խամսայի Մելիքութեան պատմութեանը` «Ղարաբաղի հինգ մահալները, որոնց բնակչութիւնը բացառապէս քրիստոնեայ է, յայտնի են «խամսա» անունով, քանի որ հինգ թիւը արաբերէն նշանակում է «խամսա»… Նրանցից առաջինը Դիզակն է, որը տարածւում է` արեւմուտքից Հագարու գետից եւ լայնութեամբ` Արաքս գետի երկայնքով»:
Այսպիսով, Միրզա Եուսուֆի գրքից հետեւում է, որ Արցախի ինքնապաշտպանական բանակի կողմից Արաքսի երկայնքով ազատագրուած տարածքները հանդիսացել են Դիզակի մելիքութեան մի մասը եւ այնտեղ մինչեւ 19-րդ դարի սկիզբը ապրել են միայն հայեր:
Ստոյգ յայտնի է, որ թուրքական քոչուոր ցեղերը ներթափանցել են շրջան` հիմնականում դաշտային Ղարաբաղ, 18-րդ դարում պարսկական Նատիր շահի ջանքերով, որպէսզի թուլացուի Ղարաբաղի մելիքների հզօրութիւնը: Քոչուորները զբաղուել են հիմնականում անասնապահութեամբ եւ աւազակութեամբ: Ուստի ապարդիւն ու ծիծաղելի են նորպունեաթովների, ալիեւների ջանքերը հիմնաւորելու քոչուորների բնիկ լինելը, քանզի պատմութիւնը նոյնքան ճշգրիտ գիտութիւն է, որքան` ուսողութիւնը կամ բնագիտութիւնը:
Ասել, որ այդ չեն հասկանում նորթուրք-ազրպէյճանցիները եւ համաթուրանականները, կը լինի սխալ: Պարզապէս նրանց անհրաժեշտ է հերթական անգամ խաբել իսկական պատմութեանը քիչ ծանօթ միջազգային հանրութեանը, ստեղծել «պատմական հիմք» դարաւոր երազանքը` հայկական ցեղը արմատախիլ անելու ու հայկական սեպի ոչնչացման միջոցով ստեղծել Պալքաններից մինչեւ Ալթայ ու Չինական պարիսպ տարածուող գերհզօր թուրքալեզու պետութիւն, իրականութիւն դարձնելու համար:
Այդ նպատակով միանգամայն գիտակցաբար օգտագործում են սուտը, կեղծիքը, երկերեսութիւնը, կաշառելը, ռազմական միջամտութիւնը եւ այլն, քանզի նպատակին հասնելը արդարացնում է միջոցները:
Ազրպէյճանում հայատեացութիւնը բարձրացուած է պետական քաղաքականութեան մակարդակի: Այսպէս, դեռ 1999թ. փետրուարի 1-ին Հայտար Ալիեւը պահանջում էր` «Հարկաւոր է ստեղծել այնպիսի ստեղծագործութիւններ, որոնք մշտապէս հետեւողական ձեւով ապացուցեն այն հողերի ազրպէյճանական լինելը, որտեղ զետեղուած է Հայաստանը: Մենք այդ պէտք է անենք: Մենք պէտք է ճամբայ բացենք գալիք սերունդների համար… Այժմեան Հայաստանի տարածքը հանդիսանում է ազրպէյճանական եւ այդ նշուած է իմ կողմից ստորագրուած հրամանագրում: Երեւանի խանութեան պատմութիւնը յայտնի է: Դուք` պատմաբաններդ, պէտք է հետեւողականօրէն այդ ապացուցէք»:
Վերը բերուածի լոյսի ներքոյ կարելի է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաճել է հիմնական խնդրի` հայկական պետականութեան լրիւ ոչնչացում թուրք-ազրպէյճանական քաղաքական զոյգի կողմից:
Ստեղծուած իրադրութեան գնահատականը մեր կողմից կը տրուի ստորեւ, բայց սկզբում` ազերի-թուրքերի եւ նրանց պետութեան մասին:
Չկայ ազրպէյճանական ազգ: Ազրպէյճանցի` անուանում է, որը իրենց են վերագրել կովկասեան թաթար-թուրքերը:
Այսպէս, 1926թ. մարդահամարի տուեալների մէջ չի նշուած ազրպէյճանցի ազգ, այլ նշուած է «Կովկասեան թաթարներ»: Կովկասեան թաթար-թուրքերի առաջնորդներ մուսաւաթականները Թուրքիայի թելադրանքով այդ անուանումով են կոչել 1918-1920 թթ.: Անդրկովկասում ձեւաւորուած երեք պետականութիւններից մէկին` հեռահար նպատակով, յարմար պահի ներկայացնել տարածքային պահանջներ Իրանին` հիւսիսարեւմտեան մասը, որը կոչւում է Ազրպէյճան (Ատրպատական) եւ որտեղ ապրում են որոշակի քանակութեամբ թուրքեր:
Նորաստեղծ մուսաւաթական պետութիւնը միանգամից սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել իր հարեւաններին` Հայաստանին ու Վրաստանին. այդ պատճառով նա չընդունուեց Ազգերի լիկա:
Լեռնային Ղարաբաղը համարւում էր Հայաստանի Հանրապետութեան բաղկացուցիչ մասը: Այն յայտնուեց խորհրդայնացուած Ազրպէյճանի կազմում ՌԿՊ (բ) Կովկասեան բիւրոյի որոշման հիման վրայ, ընդ որում` Կովպիւրոն 1921թ. յուլիսի 4-ին եւ 5-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ երկու իրարամերժ որոշումներ:
Յուլիսի 4-ին Կովպիւրոյի Պլենումը, առանց արարողակարգային խախտումների ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերեալ: Սակայն, 1921թ. յուլիսի 5-ին` առանց քննարկման եւ քուէարկութեան դնելու, Մոսկուայի ներկայացուցիչ Ստալինը Պլենումի վզին է փաթաթում նոր որոշում` յօգուտ Ազրպէյճանի: Կովբիւրոյի յուլիսի 5-ի որոշման մէջ մասնաւորապէս ասուած է`
ա. Մուսուլմանների եւ հայերի միջեւ խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութիւնից ելնելով` Լեռնային Ղարաբաղը թողնել Ազրպէյճանական ԽՍՀ սահմաններում` տալով նրան լայն մարզային ինքնավարութիւն…
բ. Յանձնարարել Ազրպէյճանի Կենտկոմին որոշել ինքնավար մարզի սահմանները…
գ. Յանձնարարել Ազրպէյճանի Կենտկոմին որոշել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ծաւալը…
ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎԵԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ.
գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր
(Շար. 1)

