ՅԱՐՈՒԹԻՒՆ ԿԱԼԵՆՑ

Լինել ազատ եւ այդուհանդերձ չկորցնել շփումը իրականութեան հետ. դա է այն էպիկական կերպարի դրաման, որ տարբեր ձեւերով կոչւում է գիւտարար, արուեստագէտ կամ բանաստեղծ»:
ՖԵՌՆԱՆ ԼԵԺԷ

Աշնանը Լիբանանում անցկացուելու են Հայկական մշակոյթի օրեր: Ի թիւս մշակութային այլ ձեռնարկների, բացուելու է նաեւ գեղանկարիչ Յարութիւն Կալենցի ցուցահանդէսը: «Ազդակ» վերջերս Կալենցի որդու` Սարօ Կալենցի հետ հարցազրոյցի միջոցով անդրադարձած է Կալենցի արուեստին` շեշտելով  մանաւանդ նրա պէյրութեան շրջանը: Նշել ենք, որ Լիբանանն ըստ արժանաւոյն չի գնահատել եւ արժեւորել տաղանդաւոր այս գեղանկարչին: Իսկ հայրենիքում Կալենցը իր արժանաւոր տեղը գտել է միայն յետմահու եւ շատ դժուարութեամբ:

«Ազդակ» վերջերս հետեւեալ յօդուածը ստացաւ Երեւանից, որի հեղինակները

թանգարանագէտ ու արուեստաբան են: Նրանք վերլուծել են Կալենցի ստեղծագործութիւնները` իւրովի արժեւորելով գեղանկարչի անցած ճանապարհը: Յօդուածի մէջբերումները կատարուած են թէ՛ Յարութիւն Կալենցից, թէ՛   նրա կնոջից` Արմինէ Կալենցից:

«Ա.»

Ասում են նկարչի կեանքի պատմութիւնը սկսւում է առաջին կտաւից, նախորդողը` նախապատմութիւնն է կամ կտաւին մօտենալու ճանապարհը:

Կալենց գեղանկարչի նախապատմութիւնը սկսւում է 1910 թուականին Սեբաստիոյ նահանգի Կիւրին գիւղաքաղաքից, որտեղ Անիից գաղթած Ֆերմանեան գերդաստանում ծնւում է ապագայ նկարիչը(1):

«Յայտնի չէ` 1910 թուականին ե՞րբ էր գարնանամուտը եւ ե՞րբ էր Զատկուայ օրը, միայն Յարութեան տօնի հետ կապուած` մեծ հայրիկը խանդավառուած գոչել էր`

«Յարութիւն եկաւ մեր տանը»(2):

Նկարչի յիշողութեան դրուագներում մանկութիւնից մնացել էր մեծ հայրիկի առած սպիտակ ձին… աքսորի ճանապարհը… ծնողների կորուստը… Հալէպի որբանոցը…

Յարութիւն Կալենց – Իսկ ես յիշում եմ, ամէն ինչ յիշում եմ. խուճապ… գողացան սպիտակ ձին… Մեր հարազատներից մէկը, ծառին կապուած, այրւում էր, սարսափ… Ամբողջ ճանապարհն անցանք ոտաբոբիկ, արիւնլուայ ներբաններով, բզկտուած, ցնցոտիներով, թշուառական, սովամահ: Հասանք ՀալԷպ: Մեզ չորս եղբայրներուս դրին որբանոց:

Ժամանակը չփոխեց նրա յիշողութեան գոյնը, բայց նա խուսափեց աղէտի վերապրումը պատկերելուց` տէրը դառնալով իր ներկայի եւ ապագայի, անցեալը թողնելով չնկարուած նկարներում:

Տասներեք տարեկան էր Յարութիւնը, երբ հանդիպեց Օննիկ Աւետիսեանին, ումից էլ ստացաւ առաջին նկարչական դասերը:

Եթէ ոեւէ մէկը, իբր ուսուցիչ մնացել է Յարութիւնի կեանքում` դա եղել է Օննիկ Աւետիսեանը… (Արմինէ Կալենց):

Հետագայում նա հանդիպում է ֆրանսացի նկարիչ Քլոտ Միշըլին, որը միանգամից նկատում է երիտասարդ նկարչին եւ իր հետ վերցնում շրջագայութիւնների Լիբանան եւ Սուրիա` կազմակերպելով նաեւ ցուցահանդէսներ:

Կալենցն եկաւ աշխատելու իմ աշխատանոցիս մէջ, եւ դարձաւ իմ վարպետս,- խոստովանել է ֆրանսացի նկարիչը:

1939 թուական … Նիւ Եորքի միջազգային ցուցահանդէս… Կալենցին առաջարկւում է Լիբանանի տաղաւարի ձեւաւորումը, որի համար արժանանում է ցուցահանդէսի յանձնաժողովի եւ Լիբանանի կառավարութեան պատուոգրերին:

Այս տարիներին էլ հանդիպում է իր ապագայ կնոջը` Արմինէ Կալենցին: Դա ուսուցչի եւ աշակերտի հանդիպում էր:

Հարսանիքն եղաւ 1943 թուի մայիսի 2-ին, Զատկի յաջորդ շաբաթ օրը, Ս. Նշան եկեղեցում, այն խորանի առաջ, որտեղ Կալենցի Մատոննան եւ բնորդը ես էի (Արմինէ Կալենց):

Ծնուել էր առաջնեկը… Եւ 1946-ին Կալենցը որոշում է կայացնում վերադառնալ հայրենիք` պատկերացում անգամ չունենալով, թէ ինչ է կատարւում «երկաթէ վարագոյրի ետեւում թաքնուած» իր հայրենիքում:

Յարութիւն Կալենց – Ես այնտեղ մեծ գործեր պիտի կատարեմ, ֆիլմ պիտի նկարեմ… որտեղ քո աչքերը միշտ պիտի լինեն… ինչե՜ր պիտի չանեմ…

Նա Հայաստան եկաւ` տոգորուած ֆրանսական արուեստի աւանդոյթներով եւ յայտնուեց իր համար բոլորովին անսովոր եւ անընդունելի մի իրականութեան մէջ, որտեղ արուեստագէտից պահանջւում էր ստեղծել ձեւով ազգային եւ բովանդակութեամբ համայնավարական արուեստ, որը պէտք է արտացոլի համայնավարական իրականութիւնը, անողոք կռիւ մղի քաղքենիական-ձեւապաշտական նկարչութեան մնացուկների դէմ… Իսկ ձեւապաշտական տուրք տալու մէջ մեղադրւում էին մինչեւ անգամ Սարեանն ու Քոչարը:

1947 թուականի մայիսին բացւում է հայրենադարձ նկարիչների առաջին ցուցահանդէսը` Յարութիւն եւ Արմինէ Կալենց, Յովհաննես Զմոյեան (Լիբանան), Յովհաննէս Ասատրեան եւ Գէորգ Գանտհարեան (Սուրիա), Բարթուղ Վարդանեան (Ռումանիա), Տիրան Սութճեան (Ֆրանսա), Մազօ Մարգարեան (Պարսկաստան), Վառարանեան (Եթովպիա):

Ի հարկէ նախապատուութիւնը բոլորի կողմից տրուեց Յարութիւն Կալենցին… Մարտիրոս Սարեանը կանգնել էր Կալենցի նկարների առաջ եւ ասել, որ մեծ ապագայ է սպասւում նրան (Արմինէ Կալենց):

Առաջին տասը տարիները հայրենիքում եղան ներքին տարագրութեան տարիներ:

Յարութիւն Կալենց – Մեզնից կը պահանջեն, որ աւելի թոյլ նկարենք, քան կրնանք: Ըսելով, որ այդ ժամանակ ժողովուրդը կը հասկնայ ձեր արուեստը…

Գորշ, մղձաւանջային, պարտադրուած, անհոգի արուեստի եւ համատարած անազատութեան ժամանակներ էին: Կալենցին սկսեցին մեղադրել ձեւապաշտութեան մէջ, որն այդ տարիներին հաւասարազօր էր «հայրենիքի դաւաճան» լինելուն` համապատասխան հետեւանքներով: Կալենցին ձերբակալութիւնից եւ աքսորից փրկեց Պէյրութի իր ընկերների` յատկապէս Անդրանիկ Ծառուկեանի հետեւողական «աչքը»:

Յարութիւն Կալենց – Երբ մենք նոր եկած էինք հայրենիք, ես հպարտ, հայեացքս Արարատին յառած կը քալէի Երեւանում, իսկ հիմա ոչինչ չեմ տեսնիր, կը քալեմ հայեացքս կօշիկներիս ծայրերուն յառած…

Չի կարելի մարդուն զրկել երազանքից: Անհրաժեշտ է, որ երկինքը պատկանի մարդուն…

Կալենցի երազանքը նկարելն էր, երկինքը` հայրենիքը…

Նրանից խլել էին ե՛ւ երազանքը, ե՛ւ հայրենիքը…:

Կտաւին համարեա չէր մօտենում…

Սակայն կտաւին չմօտենալ` չէր նշանակում կտաւի հետ չլինել…

Վերածէք այդ տարիները ամիսների, օրերի, ժամերի, րոպէների եւ կը ստանաք կտաւին չմօտենալու նկարչի տառապանքի գինը:

Նա ստիպուած էր զբաղուել որմազդներ, ցուցանակներ, այլ նկարիչների քաղաքական նկարների ընդօրինակութիւններ կատարելով: Սակայն անգամ պատուէրների կատարման մէջ երբեք չդաւաճանեց իրեն:

… Սակայն Կալենցն արուեստագետ էր եւ յոգնեց ու մի օր բղաւեց, որ եթէ մի օր նկարչութիւն անի, այլեւս երկու աչք, մի քիթ, մի բերան չի նկարելու (Արմինէ Կալենց):

Եւ նա ունեցաւ այդ քաջութիւնը` հրաժարուել երկու աչք, մի քիթ ու մի բերան նկարելուց… Այդ տարիներին դա հաւասարազօր էր հոգեւոր սխրանքի: Շատ նկարիչներ կոտրուեցին, շատերը դարձան գաղափարական մեքենայի զոհը…

Կալենցի համար նկարիչ լինել կը նշանակէր նախ եւ առաջ ազատ մարդ լինել, եւ նա կարողացաւ համատարած անազատութեան մէջ պահպանել իր ազատութիւնն ու անկախութիւնը:

Յարութիւն Կալենց – Նկարիչը կը նմանի ճամբորդի մը, որ կը քալէ խարխափելով: Երբ կը հանդիպիս արուեստը հասկացող մարդոց, որոնք կարծիք կը յայտնեն մեր աշխատանքներու մասին, անոնք ցոյց կու տան մեզի, թէ ո՞ւր կ՛երթանք մենք կամ ճի՛շդ կ՛երթանք: Արդեօք ճի՛շդ ենք ընտրած մեր ճամբեն:

1959 թուականին սկսուեց նոր ժամանակաշրջան: Կալենցի կեանքում յայտնուեց այդպիսի մի անձնաւորութիւն` բնագէտ Արտեմ Ալիխանեանը:

Կալենցի համար սկսուեց ստեղծագործական պոռթկումի, ճանաչման, գնահատանքի եւ հոգեւոր նուաճումների մի ժամանակաշրջան: Կալենցի փոքրիկ, բայց հիւրընկալ արուեստանոցը դարձաւ մշակութային կենտրոն…

Ցուցահանդէսներ Մոսկուայի եւ Լենինկրատի մտաւորականների բնակարաններում…

Եւ վերջապէս 1962 թուականին` անհատական ցուցահանդէս Երեւանում:

Այս ամէնին անշուշտ նպաստեց նաեւ քաղաքական իրադրութեան փոփոխութիւնը` կուսակցութեան 20-րդ համագումար, ստալինեան պաշտամունքի քննադատութիւն, գաղափարական մեքենայի կողմից թոյլատրուած չափաւորուած ազատութիւններ… Մի ժամանակաշրջան, որը հետագայում պիտի անուանուէր «ձնհալի» ժամանակաշրջան` ռուս գրող  Իլեա Էրենպուրկի համանուն վէպի անունով:

Իսկ 1959-ին Էրենպուրկը Կալենցի արուեստանոցում էր…

Ես եղայ նկարիչ Կալենցի արուեստանոցում: Նա Հայաստան է եկել Լիբանանից եւ ապրում ու աշխատում է խորդանոցում, որը դժուար է արուեստանոց անուանել:

Նա չդժգոհեց, բայց նրա հետ իմ հարցազրոյցը երեք օր պահում էին խմբագրութիւնում` համոզելով ինձ հանել յօդուածից «ձեւապաշտ» Կալենցի անունը: Նրան օգնում էր Մոսկուայում յայտնի բնագէտ Ա. Ի. Ալիխանեանը:

Դժուար ժամանակներ էին, 1959 թ. դեռեւս Ա. Գերասիմովի նկարները որոշ չինովնիկների շրջանում համարւում էին արուեստի չափանիշ:

Կալենցն ի վերջոյ յաղթեց, Երեւանում ցուցադրուեցին նրա նկարները: Դրանից շատ չանցած նկարիչը հեռացաւ կեանքից (Իլեա Էրենպուրկ)(3):

Այո, Կալենցն ի վերջոյ յաղթեց, բայց ի՞նչ գնով…

1962-ի նրա անհատական ցուցահանդէսը իրադարձութիւն էր: Այն ուղենշային եղաւ ոչ միայն հեղինակի, այլեւ հայ կերպարուեստի զարգացման համար:

Ցուցահանդէսի տպաւորութիւնների գրքից.

«Հանճարեղ մարդ, անցիր աբստրակցիայի: Միայն այն ժամանակ կը գամ, որ արուեստը յաղթանակում է նաեւ հայերի մօտ» (Վ. Բաբայեան):

«Կեցցէ՛ս Կալենց, դու նկարում ես միանգամայն ժամանակակից ոգով: Քո յաջորդ քայլը ապստրաքցիոնիզմն է» (Գ. Աւագեան):

Ցուցահանդէսի բացմանն արձագանգեցին նաեւ ռուս մտաւորականները.

«Թոյլ տուէք մէկ անգամ եւս խոնարհուել Ձեր հանճարի առջեւ…» (Ալեքսանդր Գիտովիչ):

Այլ էր պաշտօնական արձագանքը. «Սովետսկայա կուլտուրա» («Խորհրդային մշակոյթ») թերթում տպագրուեց մոսկուացի նկարիչ Դմիտրի Նալբանդեանի յօդուածը, որտեղ ասուած էր. «Մեզանում դեռ քիչ չեն խոստումներն ու լուրջ թերութիւնները. դրա ապացոյցն են Վրաստանի վերջին ցուցահանդէսը եւ Երեւանում բացուած Կալենցի ցուցահանդէսը»:

Նոյն թուականին Մոսկուայում լոյս տեսած «Հայաստանի արուեստը» գրքում բառ անգամ չկար Կալենց նկարչի մասին: Իսկ Պէյրութում բացուած խորհրդահայ 36 նկարիչների ցուցահանդէսում, Լիբանանի կառավարութեան բարձր գնահատանքին արժանացած Յարութիւն Կալենցը ներկայացուած չէր:

Եթէ 40-50-ականներին նրան մեղադրում էին ձեւապաշտութեան մէջ, ապա 60-ականներին պարզապէս անտեսում էին:

Իր մտերիմ բարեկամի` Լեւոն Մկրտչեանի վկայութեամբ, «…քննադատների անուշադրութեանը պատասխանում էր չաշխատելով, իր տաղանդը նրանցից թաքցնելով, դրանով իսկ վրէժ լուծելով քննադատներից»:

Յարութիւն Կալենց – Ինչքան մեծնաս, այնքան մենակ կը մնաս:

Որքան մեծանում էր նկարչի փառքը, այնքան նա իրեն աւելի մենակ ու մեկուսացուած էր զգում: Նրա արուեստը այդպէս էլ չյարմարուեց տիրող գաղափարախօսութեանը: Սակայն նրա պայքարը անհետեւանք չեղաւ, Կալենցին յաջողուեց` որքան աննկատ (պաշտօնական քննադատութեան համար), նոյնքան արմատական (նկարիչների նոր սերնդի համար) յեղաշրջում կատարել. ընկերվարական-իրապաշտական, գաղափարախօսական նկարչութիւնից դէպի ազատ, եւրոպական, առաւելապէս գոյնին նախապատուութիւն տուող նկարչութիւն` ազատագրելով հայ կերպարուեստը ազգային կեղծ տեքորաթիւ դիմագծից եւ «գիւղագրութիւնից»:

Կալենցի դասերը

Յարութիւն Կալենց – Սովորիր, որ մոռանաս…

Սա իր որդուն տուած առաջին դասերից մէկն էր, որ կը նշանակէր իւրացրու անցեալի մեծ վարպետների արուեստը, բայց ոչ թէ նմանակելու, այլ քոնը ստեղծելու համար:

Կալենցը ակադեմիական կրթութիւն չէր ստացել, մէկ ուրիշի համար այդ բացը կարող էր խոչընդոտ հանդիսանալ արուեստում կատարելութեան հասնելուն, բայց ո՛չ Կալենցի… Կալենցն ինքը դպրոց էր:

Նրա աշխարհաճանաչողութիւնը նախաիմացութեան տիրոյթներում էր:

Յարութիւն Կալենց – Նկարը պատմութիւն չէ… քեզ տրուած է փակ մակերեսի կազմակերպումը:

Նկարի մակերեսը այն սրբազան տարածութիւնն էր, որտեղ նա կատարում էր իր անդրիմացական յայտնաբերումները` արտաքին աշխարհից եկող անմիջական զուգորդումների ընկալումից վերարտադրութիւն ընկած ճանապարհին:

Յարութիւն Կալենց – Մոտերն արուեստը միակն է, որուն համար կ՛արժէ աշխատիլ: Բայց նորութիւնը պէտք չէ կարծել, թէ այլանդակութիւն կը նշանակէ: Ամէն նկարիչ մեծագոյն նորութիւնը տուած կ՛ըլլայ, եթէ յաջողի տալ ինքզինքը…

Վերջում բոլոր իզմերը (բնախմորները) կը վերանան եւ կ՛ամփոփուեն մէկ ամբողջութեան մէջ եւ կը դառնան բնութիւն:

Կալենցին դժուար է որեւէ բնախմորի մէջ «տեղաւորել»: Նրա գեղագիտական հաւատամքը բնութեան հետ ներդաշնակ լինելն էր ու գեղեցիկն արարելը: Դրան նա հասնում էր տարբեր բնախմորներու համադրութեամբ. նա կարող էր անգամ ընկերվարական-իրապաշտութիւնը համադրել ֆովիզմին եւ ստանալ վերլուծական խորանարդապաշտութիւն, ինչպէս օրինակ «Բերքահաւաք» (1962), «Ծառը- կոմպոզիցիա N1-8» (1966) կտաւներում: Կարեւորը, ինչպէս ինքն էր ասում, որ «գեղեցիկը չաւրուի»:

Նա դասական էր դասականների մէջ եւ նորարար` նորարարների մէջ :

Յարութիւն Կալենց – Գոյնը նկարչութեան գագաթն է:

Գոյնը Կալենցի նկարներում հասնելով յագեցուածութեան բարձրագոյն աստիճանի` փոխարինում է դիպաշարին եւ ունի ոչ միայն իմացական, այլեւ կերպարային դերակատարութիւն: Այն իրեն է ենթարկում ամէն ինչ` կառուցուածք, տարածութիւն, գործողութիւն, պատկեր: Կալենցի գոյնի ներգործութեան ոյժը նրա մաքրութեան եւ կենսունակութեան մէջ է:

Փաուլ Քլէի նման նա եւս կարող էր ասել. «Գոյնը եւ ես մէկ ենք»:

Յարութիւն Կալենց – Բնութեան մէջ գոյութիւն չունի երկուսին երրորդով հաշտեցնելու գաղափարը: Բնութեան մէջ իրենք հաշտ ապրում են միմեանց հետ, այդ մեր խնդիրն է, որ չենք կարողանում հաշտեցնել իրենց:

Առաւելագոյն վառ դեղին, առաւելագոյն  վառ կապոյտ, առաւելագոյն վառ կարմիր, մանուշակագոյն. սրանք գոյներ են, որոնք ազատ ապրում են կողք կողքի Կալենցի կտաւներում: Կալենցն ի տարբերութիւն Սարեանի եւ Մատիսի` չգնաց երկու ուժեղ գոյները երրորդով կամ միջանկեալ գոյնով հաշտեցնելու ճանապարհով:

Նրա կտաւներում երբեմն երրորդ` միջանկեալ գոյնն աւելի ուժեղ է, ինչպէս, օրինակ, «Բակի անկիւնը» կտաւում, որտեղ գերիշխող է միջանկեալ գոյնը:

Յարութիւն Կալենց – Պէտք է կարողանաս հասկանալ, որ սա նկար է, իսկ դու ուզում ես բնութիւնը նկարել: Բնութիւնը լի է նկարներով, պէտք է կարողանալ տեսնել դրանք:

Կալենցեան բնանկարը տեղավայր չէ, այլ պայմանական միջավայր: Կալենցի համար բնութիւնը իր աշխարհը ստեղծելու ելակէտ էր: Նա տեղափոխում էր բնութիւնը նկարի մակերես` ստեղծելով զգացական մի միջավայր, որտեղ նա թաքցնում էր իր անձնական դրաման («Աշունը Երեւանի շրջակայքում», «Հրազդանի կիրճը»): Նա նկարում էր ի՛ր նկարը` լինէր բնանկար, թէ նաթիւրմորթ: Պատկերուած իրը Կալենցի նկարներում փաստ կամ իրադարձութիւն չէ, այլ ձեւ, որը տարրալուծւում է գոյնի մէջ` կորցնելով իր նախնական նշանակութիւնը:

Եթէ գոյնի արժանիքը խորութեան մէջ է, ապա ձեւի արժանիքը նիւթի ֆակտուրայի մէջ է: Նա մեծ վարպետութեամբ կարողանում էր վերարտադրել ֆակտուրան թեթեւ մի քսուածքով` հնարաւոր դարձնելով նիւթի պարզաբանումը դիտորդի համար:

Յարութիւն Կալենց – Դիմանկարն ինձ համար ե՛ւ բնանկար է, ե՛ւ աւելին… Դիմանկարն իմ հայրենիքն է:

Կալենցը երբեք չէր նկարում անշարժ բնորդի: Նրանք անդադար քայլում էին, իրենց գործն էին անում եւ մէկ ակնթարթ Կալենցի խնդրանքով նորից յայտնւում էին նկարչի առջեւ: Այդ մէկ ակնթարթում նրան յաջողւում էր զգալ բնորդին, թափանցել նրա ներաշխարհը: Եթէ սարեանական դիմանկարները կենսագրութիւն են, ապա կալենցեան դիմանկարը նախ եւ առաջ բնաւորութիւն է:

Նրա դիմանկարներում հիմնականում մտաւորականներ են, հանրածանօթ մարդիկ, որոնց հոգեբանական նկարագիրը մեր առջեւ բացայայտում է նկարիչը:

Իւրաքանչիւր մանրամասն, գոյն, ստուեր, գիծ, անգամ խորքը ծառայում են բնորդի անհատականութեան բացայայտմանը:

Դիմանկարներում Կալենցը չափազանց անկեղծ է բնորդի հետ, իսկ որոշ դիմանկարներում` անգամ անխնայ: Ալեքսանդր Գիտովիչի, Տիմշիցի, Համլեթի, դերասանուհի Խմարայի դիմանկարներում նա մարդկային անհատականութեան անողոք վերլուծող է:

Այս դիմանկարներում նկարիչն աշխատել է մեծ եւ հատու վրձնահարուածներով, տեղ-տեղ թանձր քսուածքներով եւ գունային մեծ կտորներով` բնորդի ներքին հակասութիւնը տեղափոխելով կտաւի մակերես: Սակայն երբեմն էլ (Էմմա Չօլախեանի, դերասանուհի Կարաբելնիկովայի դիմանկարներում) նա կարծես խնայում է բնորդին` հաղորդելով դիմանկարին աւելորդ զգացմունքայնութիւն:

Կալենցի դիմանկարներում եւ ինքնադիմանկարներում մշտապէս առկայ է ալթըր իկոնին, որը մի դէպքում նկարչի քնարական հերոսն է, միւս դէպքում` իր երկրորդ եսը:

Կալենցեան դիմանկարը փոխեց գիտակցականի եւ ենթագիտակցականի յարաբերութիւնների իմացութեան սահմանները կերպարուեստում:

Յարութիւն Կալենց – Մենք ունենք կարծրատիպեր, որոնք պէտք է կարողանանք կոտրել: Թուղթը տալիս է պայմանականութիւններից ազատուելու հնարաւորութիւն:

Եթէ գոյնը վարպետի համար նկարչութեան գագաթն էր, ապա գծանկարը նկարչութեան հիմքն էր:

Գծանկարչութիւնում նա hասնելով գծի նրբագեղութեան, սահունութեան, արտայայտչականութեան բարձրագոյն աստիճանին` բացարձակօրէն ազատագրուեց բնութեան եւ իրականութեան կախուածութիւնից:

Նրա որոշ գծանկարներում տեսնում էք Փիքասոյի, Քոչարի ազդեցութիւնը, այն, ինչը բացակայում է կտաւներում: Թւում է` նկարիչը թուղթն օգտագործել է ոչ միայն պայմանականութիւններից, այլեւ ազդեցութիւններից ազատուելու համար:

Եթէ կտաւներում ձեւախեղումները չէին անցնում կերպարային մօտիւի սահմանը, ապա գծանկարներում նա յաղթահարեց նաեւ կերպարայինի սահմանը:

Նկարչի յատկապէս վերջին տարիների գծանկարներում գերակշռում են ոչ առարկայական կառուցուածքային աշխատանքները, չնայած որ վերացականութիւն նրա համար ինքնանպատակ չի եղել: Սրանք փորձեր էին, որ այդպէս էլ մնացին կտաւին հասնելու ճանապարհին:

Քո վերջին նկարը` «Գարունը խաչքարով»… Դա մի գեղեցիկ երգ է… Զարմանալի նաեւ նրանով, որ խաչքարը առաջին եւ վերջին անգամ քո նկարի մէջ… դեռ մի օր առաջ նկարում էիր դա եւ մտածում էիր երեք նկարները` «Ծառը», «Զանգուի ափին» եւ «Գարունը» յանձնելուց յետոյ այլեւս լրջօրէն անցնել գծագրութիւններդ իւղաներկի վերածելուն (Արմինէ Կալենց):

Նկարչի կեանքի պատմութիւնը սկսւում է առաջին կտաւից եւ աւարտւում` վերջին կտաւով…, յետոն` նկարի կեանքն է :

Յարութիւն Կալենց- Կը խորհիմ կեանքիս վրայ: Կը խորհիմ, թէ ի՞նչ եղած եմ հազար տարի առաջ եւ որտե՞ղ էի ես: Չեմ կրնար ըսել, թէ իմ «եսը» ընդհանրապէս գոյութիւն ունեցած չէ, բայց կարող չեմ ըսել նաեւ, թէ այն եղած է այդ հեռաւոր ժամանակներուն մէջ…

 

ՄԱՐԻՆԷ ՀԱՐՈՅԵԱՆ, թանգարանագէտ,
Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի
թանգարանի գիտական քարտուղար

ՍՈՆԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ, արուեստաբան
ՀՀ մշակոյթի նախարարութեան ժամանակակից
արուեստի վարչութեան պետ

Յատուկ «ԱԶԴԱԿ»ին

1.- Ֆերմանեան ազգանունը հետագայում դարձել էր Խարմանդեան, որ թուրքերէնով նշանակում է կալ, կալս, որտեղից էլ Կալենց ազգանունը (Արմինէ Կալենց, Ներիր ինձ, Յարութիւն, Երեւան, 1977):

2.- Այս եւ հետագայ բոլոր մէջբերումները նոյն գրքից են:

3.- Իլեա Էրենբուրգ, Մարդիկ, տարիներ, կեանք, հատոր 3, Մոսկուա, 1990 (ռուսերէն):

4.- Գեղարուեստական թեքնիքի իւրայատկութիւնը արուեստի գործերում:

Share this Article
CATEGORIES