ՀՅԴ Երիտասարդականի Կոչը ԸԵՄՄ-ին` Քեսապի Դէպքերուն Առնչութեամբ
ՀՅԴ Երիտասարդականը Քեսապի դէպքերուն առնչութեամբ կոչ-յայտարարութեամբ դիմած էր Ընկերվարական երիտասարդներու միջազգային միութեան` պահանջելով կեցուածք ճշդել այդ առնչութեամբ եւ ՀՅԴ Երիտասարդականի դիրքորոշումը փոխանցել կազմակերպութեան անդամ միւս միութիւններուն: ՀՅԴ Երիտասարդականի կոչ-յայտարարութիւնը` ԸԵՄՄ-ին ուղղուած, տեղադրուած է իր կայքին վրայ եւ ուղարկուած` անդամ կազմակերպութիւններուն: Ստորեւ կը ներկայացնենք կոչ-յայտարարութիւնը.
«ՀՅԴ Երիտասարդականը լրջօրէն մտահոգուած է Սիրիայի` հայերով բնակեցուած Քեսապ քաղաքի ճգնաժամային իրավիճակով: Վերջին մի քանի օրերը Քեսապի խաղաղ բնակիչների համար եղել են իսկական մղձաւանջ, երբ «Քայիտա»-ի հետ կապուած ծայրայեղականները յարձակում գործեցին քաղաքի վրայ:
Գտնուելով Սիրիայի հիւսիսարեւմտեան մասում` Թուրքիայի սահմանին մօտ, Քեսապը մինչեւ վերջերս խուսափում էր Սիրիայի հակամարտութեան խոշոր մարտերից: Վերջին տարիներին մեծացել է հայ բնակչութեան թիւն այս քաղաքում, որը որպէս ապահով ապաստարան է ծառայել Եագուպիյէի, Ռաքքայի եւ Հալէպի` պատերազմից աւերուած քաղաքների փախստականների համար:
Մարտի 21-ի առաւօտեան ծայրայեղական զինեալները Քեսապի քաղաքացիների վրայ դաժան յարձակում սկսեցին: Յաջորդաբար յարձակումներ իրականացուեցին մարտի 22-ին եւ 23-ին, որոնք ներառում էին տեղի բնակարանների զանգուածային կողոպուտներ եւ այդ տարածքում հայկական եկեղեցիների պղծումը: Թուրքիայի կողմից իրականացուած կատաղի յարձակումների օրերի ընթացքում Քեսապի գրեթէ ողջ հայ համայնքը փախաւ հարեւան Լաթաքիա եւ Պասիթ քաղաքները` կոտորածից խուսափելու համար: Այն քաղաքացիները, ովքեր չկարողացան փախչել, պատանդ են վերցուել, մինչդեռ տներն ու եկեղեցիները պարբերաբար թալանւում ու պղծւում են: Բացի այդ, լուրեր են պտտւում, թէ վիրաւոր ծայրայեղականները վերադառնում են Թուրքիա` բժշկական օգնութիւն ստանալու:
Եթէ ճիշդ են այն կասկածները, թէ Թուրքիան աջակցում է այդ յարձակումներին, ապա դա շատ մտահոգիչ է: Աջակցութիւնը «Քայիտա»-ի արտաքին զինեալներին եւ Սիրիայի անմեղ քաղաքացիների նկատմամբ նրանց յարձակումներին խաթարում է բռնութեամբ աւերուած երկրում խաղաղութիւն հաստատելու ընթացիկ միջազգային ջանքերը: Թուրքիայի ուղղակի համագործակցութիւնը «Քայիտա»-ի ծայրայեղականների հետ ցոյց է տալիս, որ այն երկիրը, որը բանակցում է Եւրոպական Միութիւն մտնելու համար, ուղղակիօրէն կապուած է աշխարհի ամենածայրայեղական կազմակերպութեան հետ: Այսպիսի պահուածքը պէտք չէ ընդունուի:
Այս տարածքի եւ ողջ աշխարհի հայութեան համար նման իրավիճակը սարսափելի է եւ 1915-1923 թուականներին օսմանեան Թուրքիայի իշխանութիւնների կողմից հայերի դէմ իրականացուած ցեղասպանութեան դառը յիշեցում: Իրավիճակը Քեսապում ճգնաժամային է եւ աւելի անյուսալի կը լինի, եթէ ծայրայեղականները հասնեն Լաթաքիա: Պահանջում ենք միջազգային արձագանգ` Քեսապի նկատմամբ:
Մենք խնդրում ենք, որ ԸԵՄՄ-ն եւ բոլոր քոյր կառոյցները պահանջեն համապատասխան կառավարութիւններից դատապարտել Սիրիայի` Քեսապի հայկական տարածքի քաղաքացիական հասարակութեան դէմ` «Քայիտա»-ի արտաքին զինեալների հետ ցանկացած համագործակցութիւն եւ աջակցութիւն:
Միասին կարող ենք վերջ տալ այս աջակցութեանն ու օգնութեանը ծայրայեղական խմբերին եւ յստակ ուղերձ ուղարկել, որ նպատակաուղղուած ռազմական հարուածները անընդունելի են ցանկացած պարագայում եւ մարդու իրաւունքների յստակ ոտնահարում են:
Միջազգային համայնքը պէտք է անմիջապէս արձագանգի եւ դադարեցնի հետագայ բռնութիւնները: Որպէս ընկերվարական երիտասարդութիւն` մենք չենք կարող անտարբեր մնալ Քեսապում շարունակուող բռնութիւնների նկատմամբ:
Քայլեր ձեռնարկե՛նք հէնց հիմա: Փրկե՛նք Քեսապը»:

