ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԵՐ

Գործակցութեամբ եւ աջակցութեամբ «Դար» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակութեան հիմնադրամին, հայրենի տաղանդաւոր դերասանուհի, թատերագէտ եւ գրող` Աննա Պետրոսեան ձեռնարկած ու ծրագրած է գրել եւ հրատարակել «Բոլոր ժամանակների Հայաստանը» ստուարածաւալ հատորաշարը, որուն երեք հատորները արդէն իսկ լոյս տեսած են: Այս հատորներուն մէջ, Հայաստանը, հայոց պատմութիւնն ու առհասարակ հայ մշակոյթը հանդէս կու գան իբրեւ մէկ ամբողջութիւն եւ կ՛ընթերցուին վէպի մը նման: Նոյնիսկ օտարները այս հատորաշարին մէջ պիտի գտնեն հայ ազգային ինքնութիւնն ու մշակութային ուրոյն դիմագիծը: Այս իսկ պատճառով հատորաշարը տակաւին չաւարտած պէտք է սկսինք թարգմանել եւ հրատարակել նաեւ օտար լեզուներով թէ՛ այլալեզու հայերուն, եւ թէ՛ օտար ընթերցողներու համար:

Իբրեւ նմուշ ստորեւ կ՛արտատպենք հատուած մը Արցախի լեռներու մասին, ուր կը դրսեւորուին նաեւ հեղինակին ճանաչողական բարձր մակարդակն ու գրողին տաղանդի արժանիքները:

Աստծոյ արարչագործութեան սկզբից Արցախը հայոց երկիր էր ու հզօր, քաջազուն ցեղի հայրենիք, յոյն պատմագիր Ստրապոնի վկայութեամբ` «պատերազմների ժամանակ հանում է մեծաքանակ հեծելազօր»: Արցախը սեպագիր արձանագրութիւններուն վկայուած է որպէս Ուրտեխէ երկիր:

Արցախն արեւմուտքից ձգւում է Սեւանայ լճի արեւելեան ափով, հարաւ-արեւմուտքից` Աղուանօ-Հագարի գետակով, հարաւից` Երասխի հովտով մինչեւ Մուխանք դաշտը` իր մէջ առնելով այդ դաշտի արեւմտեան կէսը: Հիւսիսից եւ հիւսիս-արեւելքից հարեւան է Ուտիքին: Արցախը լեռնային արագահոս գետերի ու գետակների հայրենիք է, նաեւ` անտառաշատ, որի պատճառով կոչուել է «Մայրաստանիկ Արցախ», «Թանձրախիտ մայրիսն Արցախոյ»:

Բայց խօսքը հիմա Արցախի լեռների մասին է: Որպէսզի կարողանանք յաղթահարել լայնահուն եւ բացազատ լեռնագոգերին ու հովիտներին յաջորդող անձուկ ու անդնդախոր կիրճերը եւ կարողանանք հասնել լեռնագագաթներին, պէտք է համբերատար ու դիմացկուն աւանակ, ջորի կամ արցախեան ցեղի հաստատաքայլ ձի հեծած բարձրանանք զառիթափ ճանապարհներով, որոնք անցնում են ուղղաբերձ լանջերով դէպի վեր: Մենք ուխտաւորներ ենք եւ գնում ենք ուխտի Արցախի լեռներ, որովհետեւ այդ հզօր լեռնակուտակումների մէջ չկայ շատ թէ քիչ մի լեռնագագաթ, որի կատարը չլինի գերբնական ուժերի բնակավայր, որոնք, ի դէպ, ըստ ժողովրդական հաւատալիքի` չափազանց բարեացակամ են տրամադրուած իրենց երկրպագողների հանդէպ:

Ուրեմն. Մռաւը` հիւսիսում, Դիզափայտը` հարաւում, եւ զոյգ` Մեծ եւ Փոքր Քիրսերը` կենտրոնական մասում: Բարձր ու հզօր Մռաւ լեռն առանձնապէս է ընդգծւում Արցախեան լեռնազանգուածների մէջ: Երկու վտանգաւոր ու զառիթափ գալարապտոյտ արահետներով, հոտաւէտ խոտ ու ծաղկի միջով հասնենք բարձունքում ցցուած լերկ ժայռերին, փոքրիկ, շատ փոքրիկ հարթակին` ցանկապատուած մեծ քարերով (որ յանկարծ մարդու ոտքը չսահի ցած` դէպի անդունդը), եւ երկրպագենք այդ փոքրիկ հարթակում դրուած սպիտակ, փոքրիկ խաչքարին: Հարթակի ելքերից մէկի մօտ ջրհոր կայ: Ամրան ամենաշոգ օրն անգամ սառը ջուր եւ նոյնիսկ ձիւն կայ այնտեղ: Ասում են` դեղ է հիւանդին: Վայելենք այդ ջուրը եւ նախքան իջնելը Մռաւից` հայեացք ձգենք չորս դին բացուող զմայլելի տեսարաններին: Հարաւում` մինչեւ Արաքս եւ աւելի հեռուն` մինչեւ Պարսկաստան, հիւսիսում` Մեծ Կովկասի վիթխարի պատին յենուած տափաստաններ, արեւելքում` հարթ ցածրավայրեր` մինչեւ Կասպից ծով, եւ արեւմուտքում` Կուր գետը, որը ձգւում է մինչեւ Փոքր Կովկասի ճիւղաւորումները:

Որտեղի՞ց է ստացել իր անունը Մռաւ լեռը: Աւանդութիւնը պատմում է, որ հեռու-հեռաւոր ժամանակներում, երբ օտար թշնամին գալիս է ստրկացնելու Արցախը, Մռաւ անունով հայ իշխանը իր մարդկանցով ամրանում է այս լեռներում եւ դիմադրում: Թշնամին բազում անգամ շատ է լինում Մռաւի քաջերից, բայց այդ քաջերն իրենց զօրավարի հետ ջարդ ու փշուր են անում թշնամուն, իսկ ողջ մնացածներին էլ փախցնում հայոց սահմաններից դուրս: Սակայն կռուի ժամանակ զոհւում է քաջ Մռաւ իշխանը, եւ ի երախտագիտութիւն նրա յիշատակի եւ ի պատիւ նրա` այդ օրուանից լեռը կոչւում է նրա անունով` Մռաւ:

Ինչպէս հայոց շատ լեռներ, այնպէս էլ Մռաւը, առաջնութեան համար վիճել ու կռուել է ուրիշ լեռների հետ: Պաշտուող լեռների շարքում Մռաւը վերջիններից չէր: Մռաւի ծերպերում, գագաթներում, անդունդներում եւ դէպի վեր սողացող արահետ-բաւիղներում, մթին քարանձաւներում եւ ժայռեղէն ընդերքից բխող աղբիւրներում իրապատում հերոսական դէպքերի յիշողութիւններ կան պահուած:

Մռաւի գագաթից ողջոյն տանք Մեծ Քիրս եւ Փոքր Քիրս լեռնագագաթներին եւ իջնենք դէպի հարաւ` դէպի Դիզափայտ, եւ յաղթահարելով նոյն դժուարութիւնները` բարձրանանք դուրս ցցուած լերկ ժայռերով պսակուած գագաթը, որտեղ ամենաբարձր տեղում` փոքր տարածութեան վրայ, կանգնած է փոքրիկ եկեղեցին…

Նկատեցի՞ք, բոլոր լեռներով որ անցանք, ամենաանհաւանական տեղերում, ծերպերի եւ անդունդների եզրին, գագաթներին բազմաթիւ եկեղեցիներ, խաչքարեր եւ սրբավայրեր կան: Բայց ինչո՞ւ է արցախցի հայը եկեղեցին կառուցել լերան կատարին, որտեղ ջուր չկայ: Ջուրը լերան ստորոտում է միայն: Եկեղեցին կառուցելու համար ի՜նչ տառապանքներ եւ դժուարութիւններ են յաղթահարել կառուցողները: Այդ ի՜նչ սրբազան հաւատ ու ի՜նչ խնկարկում է եղել այդ հաւատին, որ այդպիսի բարձրութեան վրայ, երկնքին այդքան մօտիկ են կառուցել Աստծոյ տունը: Եւ պատկերացնո՞ւմ էք` ներքեւում գտնուողներին ինչպիսի աստուածահաճոյ զգացմունքների մէջ են մխրճուել, երբ լսել են երկնքից հնչող զանգահարութիւնը, որովհետեւ, երբ ամպերն իջնում ու ծածկում են Դիզափայտ լերան գագաթն ու նրա վրայ բազմած փոքրիկ եկեղեցին, թւում է, թէ զանգահարութիւնը երկնքից է հնչում: Վարդավառի օրը ուխտի էին գալիս այստեղ եւ շքեղօրէն, մեծ խանդավառութեամբ տօնում էին սիրելի տօնը: Բայց այստեղ ուխտի էին գալիս նաեւ ուշ աշնանը ու վաղ գարնանը: Գալիս էին երկրպագելու նաեւ անյայտ ճգնաւորների գերեզմաններին, յատկապէս` մի մեծ գերեզմանաքարի, որի տակից կանայք փորփրում էին հողը, ցորենի կամ գարու հատիկներ փնտռում: Եթէ ցորեն են գտնում, տղայ կ՛ունենան, եթէ գարի` աղջիկ: Այս ցորենի ու գարու մասին ահա թէ ինչ է ասւում Յայսմաւուրքներից մէկում: Երբ հոները գրաւում են Արցախը, գերեվարում են հայոց տառերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից շատերին, որոնց հետ է լինում նաեւ Թագուհի անունով անուանի տիկինը: Հոների զօրքերի առաջնորդը, շլացած նրա գեղեցկութեամբ, ուզում է նրան բռնի իր կինը դարձնել: Սակայն տիկինը ըմբոստութեամբ մերժում է նրան եւ որպէս պատիժ բզկտւում է: Գիշերը նրա արեան հետքերը եւ մարմնին մասերը, ասդին-անդին ցրուած, սկսում են պայծառ լոյս արձակել: Այս հրաշքից զարհուրած` հոների զօրավարը իր երկու որդիների ու ռազմիկների հետ միասին քրիստոնէութիւն է ընդունում: Իմանալով այս` հոների արքան հրամայում է գլխատել նրանց: Զօրավարի երկու որդիներին յաջողւում է փախչել, բայց արքայի զինուորները լերան գագաթին հասնում են նրանց եւ սրախողխող անելով` դիերը փայտերի նման ցորենի ու գարու դեզերի վրայ դնելով` այրում:

Ասում են, ահա այսպէս լեռն ստացաւ Դիզափայտ եւ գաւառը` Դիզակ անունները: Ասում են, որ հողում մինչեւ հիմա պահպանուել են ցորենի եւ գարու հասկերից թափուած հատիկներ:

Ղօղանջում է Դիզափայտի զանգակատան զանգը` մեր հոգիները լցնելով անուշ յիշատակներով… Եւ Դիզափայտի զանգահարութեան արձագանգում են Թարթառ գետին մերձ, Հին Գայլ կոչուող լերան գագաթին Վահէ անունը կրող երկու զանգակատների զանգերը:

Ինչո՞ւ են քրիստոնէական զանգակատները կոչւում Վահէ, որը խորհրդանիշն է ծագող արեւի, Արա, Շիվինէ, Վահագն եւ Միհր-Մհեր աստուածների: Ասում են, որ եթէ երաշտի ժամանակ նրանցից մէկը ջրեն, անձրեւ կը գայ, իսկ եթէ միւսի վրայ անձրեւի ժամանակ կրակ վառեն, կը ծագի արեւը:

Մի՞թէ այս բարձունքը եւս եղել է արեւի պաշտամունքի վայր, գուցէ նաեւ ջրի՞… Եթէ Վահագնը պաշտուել է այստեղ որպէս արեւի, կրակի, կայծակի խորհրդանիշ, անշուշտ, նրա դիցուհին` սքանչելի Աստղիկը` ջրերի չքնաղ տիրուհին, աւելի հին Նար եւ Ծովինար ջրերի աստուածուհու փոխանորդը, նոյնպէս պիտի պաշտուէր իր ամուսնու հետ միասին… Ուրեմն նորից լեռ-կրակ, լեռ-ջուր, լեռ-հող, լեռ-երկինք կամ կրակ-արեւ, ջուր-երկինք… Եւ այսպէս` մինչեւ Քրիստոսի խաչի յաղթանակը:

Չոգեւորուենք: Ժամանակը գայ, մանրամասն պիտի պատմենք մեր բոլոր հեթանոս աստուածների մասին: Պիտի պատմենք` ոչ միայն նշելով նրանց հիմնական էութիւնները, այլեւ բնաւորութիւնները` որպէս հայոց հաւաքական բնաւորութեան պատշաճ վկաների: Պիտի հիանանք եւ սովորենք նորից ու նորից շատ կարեւոր բաներ` սակայն մնալով ողջամիտ քրիստոնեաներ եւ առաքելական, լուսաւորչական եկեղեցու ջատագովներ:

Արցախեան լեռնազանգուածում եւս չկայ մի գագաթ, որը սրբազան կամ սուրբ չլինի եւ չպաշտուի: Եթէ այդ գագաթներին զանգակատուն չկայ, ապա զարդաքանդակուած խաչքարեր ունեցող քարակոյտեր կան, իսկ ալպեան արօտավայրերից ներքեւ գտնուելու դէպքում` անպայման շրջապատուած են տարբեր ծառատեսակների պուրակներով: Այս պուրակները նոյնպէս համարւում են սրբազան եւ անձեռնմխելի: Երբեմն հանդիպում ես ծառերի, որոնք փաթաթուած են կանաչ, կարմիր փալասներով: Սրանք հեռաւոր ժամանակների յիշատակ Կանաչ եւ Կարմիր կիրակիների խորհրդանշաններն են: Կանաչ եւ Կարմիր կիրակիները տօնւում էին ապրիլ ամսուայ վերջին շաբաթներին եւ նուիրուած էին մայր բնութեան զարթօնքին: Քրիստոնէութիւնն այն դարձրեց իր յարութիւն առնող Աստծոյ տօներից մէկը… Կանաչ-Կարմիր կիրակիները:

Արցախցիներն ասում են, որ լեռների եւ պուրակների պաշտամունքների շարունակութիւնն են մէկը միւսի:

Եթէ բարձր լեռնագագաթներին մերձ դարաւոր պուրակներ կան, ուրեմն այնտեղ ապրելիս է եղել վաղեմի մի սուրբ, որը մինչեւ հիմա պաշտւում է: Ասում են` այդ պուրակները բերրիութիւն են պարգեւում շրջապատի դաշտերին, պաշտպանում երաշտից, կարկտահարութիւնից, հեղեղից, մորեխից, առհասարակ բոլոր արհաւիրքներից: Այդպիսին է նաեւ Կոհակ կոչուող պուրակը: Մենք դեռ կը ճամբորդենք Սօսեաց պուրակներով, որտեղ հեթանոս հայ քուրմերը գուշակում էին ծայռերի տերեւների սօսափիւնով: Գուցէ Կոհակ կոչուող պուրակի պաշտամունքն էլ գալիս է այն հիմնաւուրց ժամանակներից, հեթանոսութիւնից, մանաւանդ որ Կոհակը չի հանդուրժում իր ներսում ո՛չ վանք, ո՛չ եկեղեցի… Ծառերի միջեւ զանգակատան աւերակներն են երեւում: Որքան ցանկացել են այստեղ զանգակատուն-եկեղեցի կառուցել, ամէն անգամ բարձունքը նետել է իր վրայ յենուած ծանրութիւնը… Բայց ամենակարեւորն այն է, որ այստեղից ոչ ոք չի համարձակւում տերեւ պոկել, անգամ ճիւղ կտրել, նոյնիսկ ծառից թափուած ոստերը տանել: Ժողովուրդը հաւատում է, որ նման սրբապիղծը կաթուածահար է լինում, կամ նրա գործերն անյաջող գնում: Բայց չէ՞ որ սա սնահաւատութիւն չէ: Այս հաւատի պատճառով մինչեւ հիմա ապրում են ու չեն չորացել պուրակներում գտնուող աղբիւրները, որոնք էլ սնում են պուրակները եւ կանգուն պահում: Ջուրն այստեղ կեղտոտելը, պղծելը բացառւում է: Ջուրը պաշտւում է:

Ահա եւ փակուեց սրբազան լեռ, սրբազան պուրակ, սրբազան հող, սրբազան աղբիւր շղթան…

Որքա՜ն կը շահէր մեր ժողովուրդը, եթէ այդ պաշտամունքները համազգային լինէին:

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Share this Article
CATEGORIES