ԱՐՏԱԳԱՂԹԻ ՆՈՐ ԱԼԻՔ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Շաբաթ օրը` յունիսի 25-ին, «Ազատութիւն» ռատիոկայանի հայկական ծառայութեան «Տեսակէտների խաչմերուկ» խորագրով հաղորդման հիւրերն էին Կարէն Բեքարեանը եւ Թաթուլ Յակոբեանը` տողերիս հեղինակը: Հաղորդման հեղինակ, Հայաստանում ամենայայտնի լրագրողներից Աննա Իսրայէլեանը մեր համաձայնութեամբ մեզ ներկայացրեց որպէս վերլուծաբաններ` չնշելով մեր աշխատանքի վայրը: Այսպիսով, ռատիոկայանի հազարաւոր ունկնդիրներն այս անգամ չտեղեկացուեցին, թէ «ով ում բարեկամն է» անուղղակի եւ կամ գուցէ ուղղակի իմաստով:

Կարէն Բեքարեանը աշխատում է նախագահականում` Սերժ Սարգսեանի աշխատակազմում, Թաթուլ Յակոբեանը` Սիւիլիթաս հիմնադրամում, որի հիմնադիրը Հայաստանի նախկին արտաքին գործոց նախարարներից Վարդան Օսկանեանն է:

Քննարկման թեման Կազանի վերջին հանդիպումն էր, երբ հարց ուղղուեց, թէ ինչո՞ւ այն չտուեց սպասուած արդիւնքը, պատասխանեցի, որ Հայաստանի կողմից վեցուկէս շրջաններ զիջելու պատրաստակամութեան դիմաց անգամ Ազրպէյճանը չի պատրաստւում հիմնարար սկզբունքների փաստաթղթում ամրագրել Արցախի ինքնորոշման իրաւունքի իրականացման դրոյթը` ռեֆերենտումի ճանապարհով: Աւելին, Ազրպէյճանը բանակցային սեղանի վրայ դրուած Սոչիի փաստաթղթում տասը նոր փոփոխութիւններ է առաջարկել:

Պարոն Բեքարեանին հաւանաբար թուաց, թէ քննադատում եմ նախագահ Սերժ Սարգսեանին, եւ ի պատասխան, առանց անուններ տալու, յիշեցրեց մօտ տասը տարուայ վաղեմութիւն ունեցող մի հեռուստահաղորդում (անկեղծօրէն, նման հեռուստահաղորդում, եթէ անգամ եղել է, ես չեմ դիտել), որի ժամանակ Հայաստանի բարձրաստիճան մի պաշտօնեայ` ազատագրուած տարածքներում հաստատուած բնակչի հեռախօսահարցին ի պատասխան, թէ ինքը՞ կարող է երաշխաւորել, որ այդ տարածքները չեն վերադարձուելու Ազրպէյճանին, պաշտօնեան ասել է, որ չի կարող նման բան երաշխաւորել:

Այդպէս էլ հասկանալի չեղաւ, թէ ինչ կապ ունի անանուն պաշտօնեայի տասը տարի առաջ ասուած խօսքերը Կազանի հանդիպման հետ: Ամէն դէպքում, փորձեցի եթերում պարոն Բեքարեանից պարզել այդ պաշտօնեայի անունը: Սակայն նա անդրդուելի էր եւ անուններ չտուեց: Ես ենթադրում եմ, որ նա նկատի ունէր Վարդան Օսկանեանին: Ես ենթադրում եմ նաեւ, որ նա հրահանգ էր ստացել ինձ «հակահարուած» տալ, եթէ յանկարծ եթերում քննադատեմ Հայաստանի իշխանութիւններին: Միանգամից ասեմ, որ ես առաջին հերթին լրագրող եմ, այլ ոչ Սերժ Սարգսեանի քննադատը կամ Վարդան Օսկանեանի պաշտպանը:

Բանավէճի ընթացքում, ի պատասխան պարոն Բեքարեանի անանուն յիշատակման, ես էլ անունով վերյիշեցի գործող նախագահ Սերժ Սարգսեանի` պաշտպանութեան նախարար եղած ժամանակ նրա հռետորական հարցը խորհրդարանի ամպիոնից` Աղդամը մեր հայրենիքն է՞:

Ահա այսպէս, եթէ լրագրող ես, պիտի անուններ տաս եւ ոչ թէ իրար յաջորդող իշխանութիւնների ու նախագահների գովքն անես: Մանաւանդ, որ երկրի իշխանութիւններին ու նախագահներին գովաբանողների պակաս չկայ մի երկրում, որի երեք միլիոն բնակչութիւնից մէկ միլիոնը համարւում է աղքատ: Մի երկրում, որտեղ արտագաղթը կրկին գլուխ է բարձրացրել եւ այդ մասին հրապարակաւ տագնապ են հնչեցնում անգամ այն մտաւորականները, ովքեր առիթի դեպում գովաբանում են գործող իշխանութիւններին:

Ինչո՞ւ այս ամէնը պատմեցի: Որովհետեւ յարգարժան Բեքարեանը, ըստ էութեան, ազատագրուած տարածքներում Հայաստանի վերաբնակեցման քաղաքականութեան ձախողումը կապեց երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի իշխանութեան տարիների հետ: Նման պնդումը այնքան անհիմն է ու անարդար, որքան վերաբնակեցման քաղաքականութեան ձախողումը Սարգսեանի` Աղդամի մասին արուած հրապարակային յիշատակման հետ կապելը: Եթէ մենք այսպէս ենք ախտորոշում մեր ձախողումների խորքային պատճառները, ապա ուղղակի զբաղւում ենք քարոզչութեամբ, դեմագոգիայով կամ անպատասխանատու հայրենասիրութեամբ: Իսրայէլի բոլոր վարչապետները խօսում են բռնագրաւումի ու Պաղեստինին հող զիջելու պատրաստակամութեան մասին, սակայն այդ տարածքներում հրեայ բնակչութեան թիւը աւելանում է տասնեակ հազարներով:

Վեց-վեցուկէս շրջան յանձնելու պատրաստ Հայաստանի բոլոր նախագահները եւ արտգործնախարարները (հրապարակաւ նրանք այդ մասին յայտարարել են տարբեր առիթներով եւ բազմաթիւ անգամներ) Արցախի բանակցային գործընթացում աւելի ուժեղ դիրքեր կ՛ունենային,  եթէ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում կարողանար անցնող շուրջ երկու տասնեակների ընթացքում ազատագրուած տարածքներում իրականացնել վերաբնակեցման քաղաքականութիւն: Անշուշտ, ուշ չէ երբեք դա անել: Սթաթիւս քուոն կարող է շարունակուել դեռ տարիներ ու տասնամեակներ: Սակայն Հայաստանի բոլոր երեք նախագահների օրօք մենք չկարողացանք իրականացնել իրական, ընդգրկուն վերաբնակեցում: Սա գիտակցում են նրանք, ովքեր տարին մի քանի անգամ ոտքով քայլում են Մռաւից Արաքս, այցելում գիւղեր, հանդիպում բնակիչներին:

Այս ամէնի հետ մէկտեղ պիտի նաեւ նշել, որ իրաւամբ, վերջին տարիներին բաւականին աշխատանքներ են տարուել Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում: Ճիշդ է, վերաբնակիչների թիւը գրեթէ չի աւելացել, այնքան է, որքան Լեւոն Տէր Պետրոսեանի եւ Ռոպերթ Քոչարեանի, Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի նախագահութեան տարիներին է, սակայն բնակիչների կենցաղը որոշ չափով բարելաւուել է, զարգացել են ենթակառուցուածքները: Մի խօսքով, դրական քայլեր են կատարուել, որում անուրանալի է նաեւ սփիւռքահայութեան ներդրումը:

Յատկապէս քարոզչութեան եւ դեմագոգիայի սիրահարները շարունակում են կրկնել, որ Խորհրդային Միութեան եօթանասուն տարիներին, երբ Արցախն իր կամքին հակառակ դրուել էր Պաքուի վերահսկողութեան տակ, արցախցիները` ստեղծուած անտանելի պայմաններին չդիմանալով, հեռանում էին իրենց բնօրրանից: Անշուշտ, դա ճիշդ է: Բայց ինձ զարմացնում է այլ բան. այսօր, երբ արդէն երկու տասնամեակ Արցախը Ազրպէյճանից չունի որեւէ կախում, ինչո՞ւ են արցախցիները (ինչպէս նաեւ Հայաստանի բնակիչները) ձգտում Ռուսաստան կամ այլուր: Ինչո՞ւ չեն ազատագրուած տարածքներ, Արցախ կամ Հայաստան վերադառնում Խորհրդային Միութեան տարիներին Պաքւում, Սումկայիթում, Կիրովապատում հաստատուած, ապա ջարդերի ու բռնի տեղահանումների ենթարկուած եւ Ռուսաստանում հաստատուած արցախահայերը վերադառնում տուն:

Այս հարցերի պատասխանը պէտք է փնտռել մեր երկրի ներսում: Այս հարցերի պատասխանը թաքնուած է այսօրուայ, հինգ տարի առաջուայ, 1995-ի Հայաստանի ու Արցախի ներքին անարդար, կոռումպացուած, մենաշնորհային համակարգի ծալքերում: Հեշտ է Ազրպէյճանին մեղադրել ու մի կողմ քաշուել: Հեշտ է սեփական սխալները գտնել այլուր:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES