Խմբագրական «Ալիք»-ի. Ներազգային Ճակատի Կազմակերպման Հրամայականը…
Անշուշտ հայաշխարհը Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցը համարում է, այսպէս ասած, նախահարթակ` գալիք 100-րդ տարելից-ամեակին, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայոց համընդհանուր պահանջատիրութեան վճռորոշ մի փուլ` աւելի հարուստ կենսափորձով յաջորդ ամեակ-հանգրուան թեւակոխելու համար:
1.- Անշուշտ հայաշխարհը Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցը համարում է, այսպէս ասած, նախահարթակ` գալիք 100-րդ տարելից-ամեակին, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայոց համընդհանուր պահանջատիրութեան վճռորոշ մի փուլ` աւելի հարուստ կենսափորձով յաջորդ ամեակ-հանգրուան թեւակոխելու համար:
Տասնամեակները, հարիւրամեակները օրինաչափօրէն մի-մի հանգրուաններ են (ընդ որում` կարճ) ժողովուրդ-ազգերի պատմութեան երկայնքում ու դրանում ազատագրական-պահանջատիրական պայքարի հոլովոյթում… որում էլ յաջորդական սերունդներ են ընկղմուել, յաղթել են ու պարտուել, վերածնուել են ու նահատակուել-մարտիրոսացել, յանուն հէնց «կռուի յարատեւութեան», առանց որի` նոյնինքն կեանքը դառնում է անիմաստ…
Մտաբերենք, արդ, քաթալոնացուն, սկովտիացուն, իրլանտացուն, քրտին, պաղեստինցուն… ու դեռ մենք զմեզ…
* * *
2.- Հայոց պահանջատիրութիւն եւ ահաւասիկ 99-ամեայ ոտնահարուած իրաւունքների հատուցման ու արդարութեան վերականգնման համար մղուող պայքարի հոլովոյթը: Պայքարի դրսեւորման նոր եղանակներ` պետական թէ՛ ժողովրդական:
Միասնականութեան նշանաբան-գաղափարի հասունացում, «Հաւաքական ուժի» նորովի գիտակցում եւ նոր ժամանակների կենսափորձի արգասիք` «Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւն»…, ահա՛ եւ մեր հին ու նոր յաղթանակների գրաւականը:
* * *
3.- Օպամայով թէ առանց Օպամայի, քոնկրեսներով թէ առանց քոնկրեսների, «Հայ-թուրքական» փրոթոգոլներով թէ առանց դրանց ու դեռ թուրք-ազրպէյճանական համատեղ դաւերով ու ժխտողականութեամբ հանդերձ, «նպատակս տկարութիւն չի ճանչնար…», որտեղ եւ «մեզ տատանումներ հարկաւոր չեն լինի…»:
Ահաւասիկ, ցեղասպանաբարոյ արժեհամակարգին դէմ ենք տալու մեր ազնուաբարոյ, բայց հաստատապէս ոչ պարտուողական արժեհամակարգը` մարդկային թէ՛ ազգային վսեմ գաղափարները երիցս կեանքի կոչելով, ի հեճուկս շահամոլ անբարոյականների:
Թող լինեն դրանք` քաղաքական թէ՛ դիւանագիտական, նիւթապաշտական թէ՛ քարոզչական… ընդհուպ` մինչեւ Տինք ու Քեսապ սրբապղծած Թուրքա-տեռորիստական բորենիների վոհմակներ…
… Ահաւասիկ, հայաշխարհի մէկդարեայ պայքարի ու պահանջատիրութեան 99-րդ հանգրուանը թող լինի նաեւ ու մանաւանդ ներազգային (պետական թէ ժողովրդական, հայրենական թէ սփիւռքեան) վիթխարի ճակատում տարատեսակ ուժերի կուտակման, համախմբման, եւ որ կարեւոր է, կազմակերպման կենսափորձով առաջնորդուելու հրամայականը, որով էլ ազգովին երաշխաւորած կը լինենք մեր համազգային ու համահայկական նպատակների իրականացումը` 100-րդ հանգրուանին ընդառաջ:

