Թուրքերը Վրացիներին Են Նուիրում Հայկական Մշակոյթի Յուշարձանները. Մշակոյթի Նախարարութիւնը Շարունակում Է Լռել
«ՆԻՈՒԶ»
Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը պատշաճ ուշադրութիւն չի դարձնում մշակութային ժառանգութեանը ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ դրա սահմաններից դուրս: Այդ մասին վերջերս յայտարարել է Հանրային խորհրդի ենթայանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրեանը:
«Մասնաւորապէս, խօսքը 2011թ. Թուրքիայում 300 հայկական յուշարձանները վրացական ճանաչելու մասին է: Դրանց թւում են պատմական Տայք նահանգի Օշքուանք, Բանակ եւ Իշխան տաճարները: Առ այսօր հայկական իշխանութիւնները չեն արձագանգել»,- նշել է նա:
Գրող Վահան Տէր Ղազարեանը նշել է, թէ Անգարան շարունակում է հայկական յուշարձանների ոչնչացման քաղաքականութիւն: Նրա խօսքով, Թուրքիան նաեւ նպատակ ունի լարուածութիւն մտցնել հայ-վրացական յարաբերութիւններում: «Սակայն հայերը պէտք չէ ենթարկուեն այդ սադրանքին, հակառակը թեման պէտք է քաղաքական հարթութիւնից տեղափոխենք գիտական հարթութիւն»:
Նախօրէին նիստ է գումարուել, որի ընթացքում առաջարկուել է ժամանակաւոր յանձնաժողով ստեղծել` ներգրաւելով նաեւ օտարերկրեայ փորձագէտների, որը կը զբաղուի մշակութային ժառանգութեան միասնական հիմքի ստեղծմամբ:
Նշենք, որ Տայքը Մեծ Հայքի 14-րդ, հիւսիսարեւմտեան նահանգն է, Ճորոխ գետի աւազանում:

