Թաներ Աքչամ. ,Լքեալ Գոյքի Մասին Բոլոր Օրէնքներում Թէ՛ Օսմանեան Եւ Թէ՛ Հանրապետական Կառավարութիւններն Անընդհատ Կրկնել Են Այն Սկզբունքը, Թէ Այդ Ունեցուածքի Իրական Տէրերը Հայերն Են»
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Մեր ընթերցողներին ենք ներկայացնում «Ակունք»-ի հարցազրոյցը Հայոց ցեղասպանութեան փաստն ընդունող եւ այդ թեմայով իր բազմաթիւ գրքերով յայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ: Զրոյցը վարուել է համացանցի միջոցով:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Աքչամ, մի քանի շաբաթ առաջ հրատարակուել է «Օրէնքների ոգին: Հետեւել ցեղասպանութեան հետքին` «Լքեալ գոյքերի» մասին օրէնքներում» («Kanunlarin Ruhu. Emval-i Metruke Kanunlarnda Soykirimin izini Surmek») վերնագրով ձեր գիրքը, որ հեղինակել էք ձեր ուսանող ումիթ քուրթի հետ համատեղ: Ինչպէս յայտնի է, Հայոց ցեղասպանութեան հետեւանքներից են եղել ոչ միայն մարդկային կորուստներն ու հայրենազրկումը, այլ նաեւ` հայերին պատկանած անհամար գոյքի կորուստը: Սոյն աշխատութիւնն առաջինն է՞, որ իրականացրել էք հայերի լքեալգոյքի թեմայով, թէ նախկինում էլ արուած ուսումնասիրութիւններ ունէք տուեալխնդրի առնչութեամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Սահմանափակ թուով օսմանեան որոշ փաստաթղթեր էի հրատարակել նաեւ 2008 թ. տպագրուած «Հայկական հարցը լուծուած է» («Ermeni Meselesi Hallolunmutur») վերնագրով իմ գրքում, իսկ հետագայում` 2012 թ., անգլերէնով հրատարակուած «Երիտթուրքերի` մարդկութեանն ուղղուած ոճրագործութիւնը. Հայոց ցեղասպանութիւնը եւ ցեղային զտումը Օսմանեան կայսրութիւնում» («Young Turks’s Crime Against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in the Ottoman Empire») աշխատութեանս մէջ սոյն թեմայով մի փոքր աւելի շատ վաւերագրեր էի շրջանառութեան մէջ դրել:
Վերոնշեալ գրքերում տեղ գտած փաստաթղթերը հիմնականում հեռագրեր են, որոնք 1915-18 թթ. կենտրոնական կառավարութիւնը յղել է վիլայեթներ, եւ դրանք բոլորն էլ այսօր պահպանւում են Պոլսում գտնուող Կառավարութեան արխիւում: Իմ կողմից հրատարակուած այդ հեռագրերը վերաբերում էին այն հարցին, թէ ինչպէ՛ս պէտք է օգտագործուէր հայկական գոյքը:
Հ.- Ո՞րն էր այդ փաստաթղթերի գլխաւոր միտքը՞:
Պ.- Սոյն փաստաթղթերը բացայայտ կերպով ցոյց են տալիս, որ օսմանեան կառավարութիւնը հայերից բռնագրաւուած անշարժ եւ շարժական գոյքը հիմնականում օգտագործել է հետեւեալ 5 տարբեր նպատակներով. ա) տներն ու հողատարածքները հիմնականում ձրի կերպով բաժանուել են դրսից (յատկապէս` Պալքաններից) եկած մուսուլման գաղթականների միջեւ, բ) հայկական ձեռնարկութիւնները, իսլամական քաղքենիական դասակարգը զարգացնելու նպատակով փոխանցուել են մահմետական գործատուներին կամ էլ վաճառուել աճուրդի միջոցով եւ ցածր գներով, գ) արտերի եւ այգիների բերքը, անասունները եւ որոշ շարժական եւ անշարժ գոյքեր տրուել են զինուորներին` պատերազմը ֆինանսաւորելու նպատակով, դ) հայերի ունեցուածքն օգտագործուել է նաեւ հայութեան բռնագաղթի ժամանակ` որոշ ծախսեր հոգալու նպատակով, ե) մեծ շինութիւններն օգտագործուել են որպէս կալանատուն, դպրոց, հիւանդանոց, պետական գրասենեակ եւ այլն: Անշուշտ, հայերի գոյքն օգտագործուել է նաեւ այլ նպատակներով, բայց այս բոլոր վաւերագրերը վկայում են հետեւեալ փաստի մասին. օսմանեան կառավարութիւնը հայերի գոյքը բռնագրաւելիս ունեցել է որոշակի ծրագիր:
Անկասկած, գոյքը նաեւ կողոպտուել է: Յատկապէս մուսուլման աւագանին եւ տեղական դիւանակալները բռնազաւթել եւ ապօրինի կերպով սեփականացրել են հայերի ունեցուածքը: Սակայն դժուար է ասել, թէ այդ թալանը եղել է պետական քաղաքականութիւն: Կառավարութիւնն աշխատել է միջոցներ ձեռնարկել դրա դէմ. յանձնաժողովներ է ուղարկել շրջաններ, դատարաններ հիմնել եւ դատել կողոպուտ իրականացնողներին, սակայն չի կարողացել թալանի դէմն առնել:
Հ.-Դուք նկատի ունէք այն, որ իթթիհատականներն այնպիսի բծախնդրութիւն են ցուցաբերել հայերի գոյքի նկատմամբ, որը չի եղել հայ մարդու հանդէպ, այնպէս չէ՞:
Պ.- Այո՛, հէնց դա նկատի ունեմ. հայերի ունեցուածքի նկատմամբ ցուցաբերուած բծախնդրութեան 10 տոկոսն անգամ չի եղել հայ մարդու հանդէպ: Եթէ նման ուշադրութիւն ցուցաբերուէր, արդէն իսկ Ցեղասպանութիւն չէր լինի: Գոյքի եւ մարդկանց նկատմամբ ցուցաբերուած այդ տարբեր վերաբերմունքը Ցեղասպանութեան փաստի խիստ էական հիմնաւորումն է: Արդէն իսկ հէնց այդ հանգամանքն է ինձ դրդել` սոյն թեմայով ուսումնասիրութիւն կատարելու:
Հ.- Ձեր կարծիքով, հայերի գոյքի բռնազաւթումը կարելի է հայոց ցեղասպանութեան գլխաւոր դրդապատճառներից մէկը համարե՞լ:
Պ.- Համոզուած չեմ: Նոյնիսկ կարող եմ ասել, որ բաւականին կասկածում եմ, որ այդպէս է: Այլ բան է ասել, թէ Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութիւնը Հայոց ցեղասպանութիւնը տնտեսական դրդապատճառներով է կատարել, եւ լրիւ ուրիշ բան` թէ այդ գործից տնտեսապէս մեծ շահ է ապահովել. այս երկու խօսքերի միջեւ տարբերութիւն կայ: Ես չեմ կարծում, թէ երիտթուրքերը Ցեղասպանութեան մասին որոշում կայացնելիս մտածել են` «Այս գործից տնտեսական շահ էլ կ՛ապահովենք: Այդ պատճառով, եկէք, Հայոց ցեղասպանութիւնը կազմակերպենք»: Յամենայն դէպս, մեր ձեռքի տակ չկայ որեւէ փաստ, որը կ՛ապացուցի, թէ նրանք այդպէս են մտածել: Անգամ Միացեալ Նահանգների դեսպան Մորկենթաուի կամ գերմանացի քահանայ Լեփսիուսի հաղորդածների շնորհիւ գիտենք, որ իթթիհատական ղեկավարներն, ըստ էութեան, գիտակցում էին, որ Հայոց ցեղասպանութեան պատճառով լուրջ տնտեսական անկում էր գրանցուելու Անատոլիայում: Եւ նրանք ասել են. «Մենք գիտակցում ենք այն տնտեսական վնասը, որ կրելու ենք, սակայն անկախ վնասի չափից` մենք վճռական ենք այս հարցում»: Այսպէս,հայերը շատ կարեւոր տեղ էին զբաղեցնում Անատոլիայի տնտեսութեան մէջ: Հէնց նրանք էին աւանների արհեստաւորները, եւ հէնց նրանց ձեռքում էին գտնւում կարեւոր արհեստները: Այդ պատճառով իթթիհատականները գիտէին, որ հայերի հեռացմամբ այդ տնտեսութիւնը լրիւ անկում էր ապրելու: Նոյնիսկ այդ նկատառմամբ Ցեղասպանութեան ժամանակ որոշ մասնագիտութիւնների տէր հայ արհեստաւորների չաքսորելով` յատուկ հրամաններով ապահովել են, որ նման հայերը մնան: Հակառակ դէպքում անհնար կը լինէր ոեւէ մէկին գտնել, որը կը զբաղուէր այդ գործերով:
Այնուամենայնիւ, եթէ անգամ Ցեղասպանութեան որոշումը չի ընդունուել տնտեսական շարժառիթներով, տնտեսական շահի ապահովումը խիստ էական գործառոյթ է կատարել Ցեղասպանութեան գործադրման ընթացքում: Տեղական մակարդակով թուրք-քրտական մահմետական բնակչութեան նշանակալի մի մասը Ցեղասպանութեանը կարող է մասնակցած լինել տնտեսական շահ ապահովելու նպատակով: Դրա համար պէտք է մեծ ուշադրութիւն յատկացնել այն խնդրին, թէ ինչպէ՛ս է տեղական մակարդակով փոխանցուել հայկական հարստութիւնը: Դժբախտաբար սոյն թեմայով առայժմ բաւարար չափով ուսումնասիրութիւններ չեն եղել: Իմ ուսանողը` Ումիթ Քուրթը, այդ հարցն ուսումնասիրում է Այնթապի առանցքով: Հարկաւոր է նման աշխատանքներ կատարել նաեւ այլ նահանգների ուղղութեամբ:
Եթէ հարցն այս հարթութիւնից դիտարկենք, կարող ենք ենթադրել, թէ իթթիհատականները տնտեսական շահոյթի խնդիրը օգտագործել են կաշառքի ձեւով: Թերեւս այդպէս է կազմաւորուել իթթիհատական-տեղական աւագանի գործակցութիւնը:
Տեսնում ենք նաեւ, որ այդ բոլոր պատճառներով իթթիհատականներն ի սկզբանէ են մտածել` ի՛նչ անել հայերի կողմից թողնուելիք գոյքի հետ, եւ` որոշ գաղափարներ զարգացրել դրա վերաբերեալ: Սոյն հարցում առաջին որոշումը նրանք կայացրել են 1915 թ. մայիսի 17-ի կողմերը, եւ այդ որոշումը վերաբերել է բանակից դասալիքների եւ Ռուսաստան փախածների ընտանիքների գոյքին:
Թերեւս աւելի էական է հետեւեալը. կայացուած սոյն որոշման մէջ նշւում է, թէ յոյների նկատմամբ այդ գործադրումը պէտք է արուի նաեւ հայ դասալիքների հանդէպ: Այսինքն քրիստոնեաներին երկրից արտաքսելու եւ դրա ընթացքում նրանց գոյքը զաւթելու գաղափարը նախկինում էլ է եղել, եւ այն գործադրուել է յոյների հանդէպ: Սակայն 1915 թ. մայիսի 17-ին սոյն որոշումը ներառել է նաեւ հայ դասալիքներին:
1915 թ. մայիսի 23-ի տարեթիւը կրող մէկ այլ փաստաթղթից հասկանում ենք, որ բոլոր հայերի ողջ ունեցուածքի վերաբերեալ մանրամասն աշխատանք է կատարուել մայիսի կէսերին, եւ որոշումն էլ հէնց այդ օրերին է ընդունուել: Աւելի ուշ` 1915 թ. մայիսի 30-ին, յունիսի 10-ին եւ սեպտեմբերի 26-ին հրապարակւում են այլ օրէնքներ եւ որոշումներ: Այդ ամսաթուերի ընթացքում էլ շրջաններ առաքուած բազմաթիւ փաստաթղթերում հրահանգներ կան այն մասին, թէ ի՛նչ պէտք է արուի հայերի գոյքի հետ: Դրանք մենք մէկ առ մէկ հրատարակել ենք մեր գրքում եւ որոշ մեկնաբանութիւններ տուել դրանց բովանդակութեան վերաբերեալ: Խորհուրդ կը տամ կարդալ դրանք:
Ես նկատել եմ հետեւեալը. եթէ անգամ իթթիհատականները հայերի բնաջնջման մասին որոշում են ընդունել ոչ թէ տնտեսական, այլ առաւելապէս գաղափարական-քաղաքական դրդապատճառներով, այնուամենայնիւ օգտուել են իրենց բոլոր հնարաւորութիւններից` տնտեսական առումով եւս շահած դուրս գալու նպատակով, եւ ձգտել` առաւելագոյն օգուտ քաղել հայերից մնացած հարստութիւնից: Բացի այդ` տնտեսական շահի շնորհիւ նրանք տեղական մակարդակով էլ են աջակցութիւն ստացել:
Հ.- Որ փաստաթղթերի վրայ է հիմնւում ձեր գիրքը:
Պ.- Մեր գիրքը հիմնականում առնչւում է օրէնքներին եւ որոշումներին: Հետեւաբար մենք օգտագործել ենք բոլորին հասու աղբիւրներ, այսինքն չենք բացայայտել խիստ անյայտ, գաղտնի փաստաթղթեր: Օսմանեան շրջանի ուսումնասիրութեան համար մենք օգտագործել ենք «Թաքուիմ-ի վեքային» («Իրադարձութիւնների օրացոյց»` օսմանեան կառավարութեան պաշտօնաթերթը-ակունքի խմբ.), հանրապետական շրջանի համար` «Ռեսմի կազեթեն» («Պաշտօնական թերթ»` Թուրքիայի հանրապետութեան պաշտօնաթերթը «Ակունք»-ի խմբ.), մեր կողմից օգտագործուած որոշ գլխաւոր աղբիւրների շարքում են նաեւ այլ օրաթերթեր եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արձանագրութիւնները: Մեր օգտուած միւս աղբիւրներն են Լոզանի բանակցութիւնների արձանագրութիւնները եւ դրանց ընթացքում թուրքական կառավարութեան եւ Լոզանում բանակցութիւնները վարող պատուիրակութեան միջեւ յղուած հեռագրերը… Բացի այդ` յաճախ ենք վկայակոչել նաեւ Լոզանից յետոյ Թուրքիայի ու Դաշնակից պետութիւնների (Ֆրանսա, Անգլիա, Միացեալ Նահանգներ) միջեւ տեղի ունեցած բանակցութիւններին վերաբերող նամակագրութիւնները, կնքուած պայմանագրերը:
Մեր աշխատութիւնն այդ առումով հիմնուած է ոչ թէ անյայտ աղբիւրների, այլ յայտնի, բայց ոչ մէկի կողմից ցայժմ չօգտագործուած օրէնքների, որոշումների եւ միջազգային պայմանագրերի վրայ, որոնք արժանացել են մեր մանրազնին ուշադրութեանը: Կարծում եմ, որ սոյն ուսումնասիրութիւնը ապացուցում է նաեւ այն, որ պատմագրութիւն` չի նշանակում նոր եւ անյայտ փաստաթղթեր գտնել: Այն նաեւ արդէն իսկ ձեռքի տակ գտնուող վաւերագրերն այլ աչքով կարդալն ու մեկնաբանելն է…
Հ.- Կարող էք մեզ մի քանի օրինակ տա՞լ:
Պ.- Օրինակ` Լոզանի պայմանագիրը… Այն հասու է բոլորին, բայց եւ այնպէս ոչ ոք տեղեակ չէ, որ լքեալ գոյքի խնդիրը էական չափով լուծուել է նաեւ յիշեալ պայմանագրով: Այնինչ, Լոզանի համաձայն, Թուրքիան ընդունել է, որ իր բռնագրաւած լքեալ գոյքը յետ է վերադարձնելու տէրերին, եթէ նրանք ողջ են, կամ` նրանց ժառանգներին: Այդ խնդիրը կարգաւորուած է պայմանագրի տարբեր յօդուածներով: Ոչ ոք դրանք չի կարդացել եւ տեղեակ չէ դրանց մասին: Մենք գրքում ցոյց ենք տալիս, որ Լոզանի պայմանագրի առնուազն 3-4 հատուածում Թուրքիան համաձայնուել է տէրերին վերադարձնել լքեալ գոյքը:
Ընդամէնը մէկ օրինակ. «Տնտեսական դրոյթներ» վերնագրով 3-րդ բաժնում 65-րդ եւ 72-րդ յօդուածների միջեւ առկայ են «Գոյք, իրաւունքներ եւ շահեր»-ին առնչուող դրոյթները: Յատկապէս չափազանց կարեւոր է 65-րդ յօդուածի երրորդ պարբերութիւնը, ըստ որի, 1915 թ. տեղահանութիւնն ու սպանութիւնները բնորոշւում են որպէս «անօրինական կերպով ձեռնարկուած ռազմական միջոց», եւ ասւում, թէ այդ բռնագաղթի պատճառով մարդկանց կրած վնասները փոխհատուցուելու են: Այդ յօդուածի համաձայն, ողջ մնացած իւրաքանչիւր հայ կամ սպաննուած հայի ժառանգ ունի տեղահանութեան պատճառով բռնազաւթուած իր գոյքը յետ ստանալու իրաւունք: Դա Լոզանի պայմանագրի դրոյթներից մէկն է: Սակայն տուեալ անձն իր այդ իրաւունքից օգտուել կարողանալու համար պէտք էր 1924 թ. օգոստոսի 6-ի դրութեամբ լինէր իր գոյքի մօտ: Մենք բացայայտեցինք հետեւեալ ճմարտութիւնը. Թուրքիան այդ դրոյթը չկատարելու համար ներս չի թողել երկրի սահմանից դուրս գտնուող հայերին եւ կարծես պատնէշ է ստեղծել պետութեան շուրջ: Թուրքիան օրէնքներ է հրատարակել եւ արգելել հայերի մուտքը երկիր եւ անգամ արգելք եղել պետութեան ներսում ապրող հայերի ազատ տեղաշարժին: Նպատակն էր` արգելել, որ ոեւէ հայ կամ սպաննուած անձի ժառանգ գայ եւ յետ ստանայ իր գոյքը:
Հ.- Կարող էք մէկ այլ օրինակ էլ բերե՞լ:
Պ.- Դրանք այնքան շատ են, որ… Օրինակ` Լոզանի պայմանագրի 58-րդ յօդուածի համաձայն որոշւում է` Պերլինի դրամատներից մէկում պահուած` այն ժամանակուայ արժէքով 5 միլիոն սթերլին ոսկին օգտագործել Դաշնակից պետութիւնների քաղաքացիների վնասները փոխհատուցելու նպատակով: Սոյն խնդրով զբաղուելու համար 1923 թ. մի յանձնաժողով է հիմնւում Փարիզում, որը մի ցանկ է հրապարակում, թէ որ վնասները պէտք է փոխհատուցուեն: Փոխհատուցուելիք վնասների շարքում է նաեւ տեղահանութեան ժամանակ սպաննուած կանանց եւ երեխաների ընտանիքներին վճարելու անհրաժեշտութիւնը: Այստեղ կարեւոր չէ այն հանգամանքը, թէ Փարիզի յանձնաժողովի կայացրած սոյն որոշումը ներկայիս իրաւունքի առումով կիրառելի՞ է, թէ՞ ոչ, կամ էլ` թէ արուած վճարումները որքանով են համապատասխան եղել իրական վնասների չափերին: Արդէն իսկ որպէսզի կարողանայիք ձեր վախճանուած ազգականի համար փոխհատուցում ստանալ, պէտք էր նախ 1914 թ. օգոստոսին Անգլիայի, Ֆրանսայի կամ այլ երկրի քաղաքացի լինէիք, եւ, բացի այդ, վճարուող գումարի չափը եւս ծիծաղելի էր: Սակայն խնդիրը դա չէ… Մեզ համար կարեւորն այն փաստն է, որ դեռեւս 1920-ական թուականներին Ցեղասպանութեան ժամանակ կորուստ կրած անձանց վնասները փոխհատուցել նախատեսող մի սկզբունք է ընդունուել Լոզանի պայմանագրով: Բացի դրանից` այսօր կարող է շատ հանգիստ ծագել հետեւեալ հարցը. ձեր մահացած ազգականների եւ կրած կորուստների համար փոխհատուցում ստանալ կարողանալու համար պարտադի՞ր է Անգլիայի, Ֆրանսայի կամ այլ երկրի քաղաքացի լինելը:
Հ.- Լոզանի պայմանագրում ուրիշ ի՞նչ կէտեր կան, որոնց մասին մենք տեղեակ չենք:
Պ.- Ինչե՜ր չկան, ինչե՜ր: Չէ՞ որ ոչ ոք, այդ թւում նաեւ` ես, ինչպէս հարկն է, չի կարդացել այդ պայմանագիրը… Տեսէ՛ք, ձեզ մէկ այլ օրինակ էլ ներկայացնեմ: Պայմանագրի` «Քաղաքական դրոյթներ» վերնագրով առաջին մասի 2-րդ հատուածում` 30-րդ եւ 36-րդ յօդուածների միջեւ կարգաւորումներ կան «Հպատակութեան» առնչութեամբ: Դրա համաձայն, Օսմանեան կայսրութեան քաղաքացիները (մեր օրինակում` հայերը) ունեն օսմանեան տարածքների վրայ հիմնուած նոր պետութիւններից ոեւէ մէկի քաղաքացին դառնալու ընտրութեան իրաւունք: Ասենք, թէ այդ մարդիկ (տուեալ դէպքում` հայերը) որոշել են մնալ Սուրիայում, Իրաքում կամ Լիբանանում: Տուեալ անձինք ունեն Թուրքիայի սահմաններում գտնուող իրենց ողջ ունեցուածքն ուզած ձեւով օգտագործելու իրաւունք, եւ Թուրքիան պարտաւոր է դրանք նրանց վերադարձնել:
Այսպէս, օրինակ, այդ ուղղութեամբ բանակցութիւններ են տարւում Ֆրանսայի հետ, եւ մի պայմանագիր է ստորագրւում գոյքի` միմեանց վերադարձնելու մասին: Մեր աշխատութեան մէջ ցոյց է տրւում, որ աննախադէպ խարդաւանքներ են արուել` Թուրքիայում, Սուրիայում, Լիբանանում եւ Իրաքում բնակուող հայերին թէ՛ նրանց սեփական եւ թէ՛ սպաննուած ազգականների ունեցուածքը չվերադարձնելու նպատակով: Եւ իրաւունքին է խառնել խորամանկութիւնը: Ֆրանսան էլ է ընդգրկուել այդ խաղում եւ լքել հայերին:
Այսինքն այսօրուայ սահմանմամբ «փոխհատուցումն» իրականում Լոզանում անուղղակի կերպով ընդունուած հանգամանք է: Անշուշտ պայմանագրի դրոյթներն առնչւում են ողջ մնացած կամ սպանուած, բայց ժառանգ ունեցող հայերին: Սակայն, արդիւնքում, կրկնում եմ, որ Ցեղասպանութեան ընթացքում բռնագրաւուած ապրանքների` տէրերին վերադարձնելը Լոզանի դրոյթն է:
Այստեղ ուզում եմ մի յաւելում անել: Փոխհատուցման հարցը պէտք չէ քննարկուի` սահմանափակուելով միայն բռնազաւթուած գոյքով: Փոխհատուցումն աւելի լայն ու ընդգրկուն երեւոյթ է եւ աւելի խորը իմաստ է կրում, քան հայերի անհատական ունեցուածքի կորուստն է: Ի վերջոյ մի ողջ ազգ է վերացել` իր մշակութային եւ նիւթական հարստութիւններով. ըստ իս, փոխհատուցումը ոչ թէ անհատական, այլ հաւաքական խնդիր է:
Հ.- Գրքում, բացի այն փաստաթղթերից, որոնց առնչութեամբ ասացիք, թէ բոլորը գիտեն, բայց չեն կարդացել, միթէ չէք հրապարակել բոլորովին անյա՞յտ, նոր վաւերագրեր:
Պ.- Ի հարկէ, աշխատութեան մէջ նման բաւականաչափ փաստաթղթեր կան: Ձեզ միայն մի օրինակ տամ: Ինչպէս գիտէք, այսօր Թուրքիայում Ցեղասպանութիւնը ժխտողները անընդհատ հրապարակում են նաեւ մի էական սուտ: Նրանց գլխաւորում է Եուսուֆ Հալաչօղլուն (դոկտոր, փրոֆ. Հալաչօղլուն թուրքական պատմագիտական ընկերութեան (Turk Tarih Kurumu) նախկին նախագահն է, «Ակունք»-ի խմբ.), ով իր զանազան գրքերում, առանց բովանդակութիւնը պարզաբանելու, որոշ օսմանեան արխիւային փաստաթղթերի համարները տալով` պնդում է, թէ Սուրիա հաստատուած հայերին փոխհատուցուել է նրանց թողած ունեցուածքի դիմաց: Ձեզ` հայերիդ համար այդ տեղեկութիւնն, ի հարկէ, վատ կատակ է: Սակայն Թուրքիայում բազմաթիւ անձինք հաւատում են այդ տեղեկութեանը, քանի որ որպէս աղբիւր են վկայակոչուել օսմանեան վաւերագրեր, եւ կարծում են, թէ հայերին վճարուել է նրանց գոյքի հատուցումը: Հալաչօղլուն որպէս հաւաստի աղբիւր մատնանշած օսմանեան փաստաթղթերի ամբողջական բովանդակութիւնը չի հրապարակել, այլ միայն նկարագրել է, սակայն դա քննարկման այլ թեմա է:
Մենք մեր այս գրքում որոշ հատուածներ ենք հրատարակել մի պաշտօնական զեկոյցից, որը պատկանում է օսմանեան կառավարութեան ֆինանսների, արդարադատութեան եւ ներքին գործերի նախարարութիւնների կողմից համատեղ կերպով ստեղծուած մի յանձնաժողովի: 1918 թ. փետրուարին հրապարակուած սոյն զեկոյցը յայտնում է, թէ «Լքեալ գոյքի օրէնք»-ների համաձայն, պէտք է հայերին փոխհատուցել նրանց ունեցուածքի համար, բայց 1918 թ. փետրուարի դրութեամբ դա դեռեւս չի արուել, եւ ի յայտ է եկել օրէնքներին հակասող դրութիւն: Այսինքն իթթիհատական կառավարութիւնը խոստովանում է, որ` «Հայերի գոյքի փոխհատուցումը չի տուել», եւ դա շատ կարեւոր է: Սոյն վաւերագրի բովանդակութեանը եւ դրա մեկնաբանութեանը կարող էք ծանօթանալ մեր գրքում:
Հ.- Արդեօք հնարաւոր է հաշուել այն նիւթական կորուստը, որ կրել է հայութիւնը հայոց ցեղասպանութեան պատճառով, եւ ձեր գրքում նման փորձարւում է՞:
Պ.- Փակէ՛ք ձեր աչքերը, պատկերացրէք 1914 թ. հայկական ունեցուածքը եւ աշխատէք ձեր աչքի առաջ բերել այն: Դրան յաւելէք 100 տարի: Եթէ հայերը բնաջնջուած չլինէին, 1914 թ. այդ հարստութիւնն այսօր ի՞նչ չափերի հասած կը լինէր: Կարծում էք` դա հնարաւո՞ր կը լինի թուով արտայայտել:
Իմ խիղճը թոյլ չի տալիս այդ կորուստը նիւթական թուերով արտայայտել անգամ: Դա մի կորուստ է, որն անհնար է գումարով հաշուել: Բացի այդ` մեր գրքի նիւթը դա չէր:
Հ.- Հայերի ողջ ունեցուածքի զաւթումն ինչպիսի դեր է խաղում Հայոց ցեղասպանութեան ժխտողականութեան մէջ:
Պ.- Իմ կարծիքով, շատ ամուր կապ կայ: Դա մեր գրքի գլխաւոր փաստարկներից մէկն է: Եթէ պետութիւնը 1915 թ. իրագործած յանցագործութիւնները ճանաչի, հարկադրուած կը լինի ընդունել նաեւ այդ մարդկանց կրած վնասները հատուցելու անհրաժեշտութիւնը: Դրա համար էլ նախընտրում է ժխտել:
Մենք նաեւ բացայայտեցինք մէկ այլ ճշմարտութիւն, որի մասին դեռ ոչ ոք չգիտէ: Դա եւս շատ ուշագրաւ կէտ է իրականում: Մենք ցոյց տուեցինք, որ լքեալ գոյքերի առնչութեամբ հրապարակուած բոլոր օրէնքներում ու որոշումներում թէ՛ օսմանեան կառավարութիւնը եւ թէ՛ հանրապետական շրջանի կառավարութիւններն անընդհատ կրկնել են այն սկզբունքը, թէ այդ ունեցուածքի իրական տէրերը հայերն են: Կառավարութիւնները կա՛մ ասել են, թէ հայերի գոյքը բռնագրաւուում է` «դրա արժէքը տիրոջը հատուցելու համար», ինչպէս դա երեւում է իթթիհատականների օրինակում, կա՛մ էլ յայտնել, թէ` «քանի որ գոյքի իրական տէրերը վերացել են, ապա մենք ժամանակաւոր կերպով տիրոջ անունից տէր ենք կանգնում այդ ունեցուածքին, որպէսզի վնաս չհասցուի դրան»: Այդ պատճառով էլ երկու ժամանակաշրջաններում էլ կրկնուել է այն սկզբունքը, ըստ որի, հայերին անպայման տրուելու է կա’մ գոյքի փոխհատուցում, կա՛մ էլ` հէնց ունեցուածքն ինքը: Դա է օրէնքների էութիւնը: Ուշագրաւ է, որ յատկապէս հանրապետական շրջանում հրապարակուած օրէնքներից ոչ մէկում չի ասւում` «Մենք բռնազաւթել ենք այս գոյքը. այն հայերինը չէ»: Նշւում է, թէ` «դրանք ղեկավարուել են հայերի անունից»: Այսինքն` մեր ձեռքի տակ գտնուող օրէնքների համաձայն եւս կառավարութիւնը հարկադրուած է հայերին վերադարձնել նրանց ունեցուածքը կամ տալ դրա հատուցումը:
Ինձ թւում է, որ նաեւ այդ պատճառով են անցեալը ժխտում: Շատ աւելորդ աղմուկ են հանում, որովհետեւ գիտեն, որ նոյնիսկ անիրաւացի են`մեզ հասու հէնց իրենց օրէնքներով: Ըստ իս, խիստ ամօթալի մի ոճրագործութիւն կատարած լինելու գիտակցումն աւելի ժխտող է դարձնում նրանց:
Հ.- Կը ցանկանա՞ք որեւէ բան յաւելել:
Պ.- Սոյն գրքի վերաբերեալ իմ տուած բոլոր հարցազրոյցների նման, այս հարցազրոյցս էլ եմ ուզում աւարտել Հրանդ Տինքի` 2005 թ. «Ռատիքալ» օրաթերթի լրագրող Նեշէ Տիւզելին տուած հարցազրոյցի հետեւեալ խօսքերով. «Հայոց գոյքի խնդիրն իրականում ներկայ պահին Թուրքիայի` ապագային վերաբերող ամենասարսափելի, ամենաահաւոր հարցն է… Առանց այդ էլ այս երկրում աւելի դժուար է խօսել ոչ թէ մահացածների, այլ ողջ մնացածների մասին»:
«Իսկ ինչո՞ւ» հարցին հետեւեալ պատասխանն է տալիս Հրանդը. «Որովհետեւ կը բացայայտուեն անհաւատալի ճշմարտութիւններ: Եթէ հարց բարձրացուի, թէ ո՛ւմ միջեւ է բաժանուել հայերից մնացած գոյքը, եւ` «ում ինչ է պատահել», դա շատ մեծ ցնցում կը յարուցի: Քանզի կ՛արժեզրկուի երկրին յարմարեցուած մի ողջ պատմութիւն: Հասարակութեան մէջ կը տարածուի այն գաղափարը, որ եթէ այդ պատմութիւնը սխալ էր ներկայացուել, ուրեմն այլ բաներ էլ են սխալ պատմուել: Թուրքիայում կը գրանցուի մի էական փոփոխութիւն»:
Միակ յոյսս այն է, թէ այս գիրքը մեկնարկ կը դառնայ նման քննարկումների համար:
«Ակունք»

