Ցեղասպանութիւն Եւ Տարհանում. Հայ Երեխաների Տարհանումն Օսմանեան Թուրքիայից 1914-1922 Թթ.

Սառա Քոռնինկի կողմից Զմիւռնիայից տարհանուած երեխաները, 1922թ.
1914-1922թթ. Հայոց ցեղասպանութեան պատճառով շուրջ 500 հազար հայ երեխաներ սպաննուեցին (ողջակիզուեցին, թունաւորուեցին, խեղդամահ արուեցին), մահացան սովից, տարբեր համաճարակային հիւանդութիւններից: Ցեղասպանութիւնը վերապրած շատ երեխաներ` որբացան, բռնի իսլամացուեցին: Կենդանի մնացածներին վերահաս մահից փրկելու եւ կայսրութեան տարածքից տարհանելու գործուն աշխատանքներ իրականացրին հայկական միութիւնները, եկեղեցական կառոյցները, օտարերկրեայ նպաստամատոյց կազմակերպութիւնները (Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէ, Լոնտոնի քաղաքագլխի ֆոնտ, Դանիացի տիկնանց միութիւն, Ռուսական Կարմիր խաչ, Ռուսաստանի քաղաքների միութիւն եւ այլն), ինչպէս նաեւ` միջազգային կազմակերպութիւնները (Կարմիր խաչ, Ազգերի լիկա):
Մահուան վտանգի առջեւ յայտնուած որբերի տարհանումն ապահովելու էր երեխաների հետագայ ֆիզիքական անվտանգութեան, կեցութեան եւ ազգային դաստիարակութեան հարցը: Ըստ էութեան, տարհանւում էին այն որբերը, որոնց Ցեղասպանութեան տարիներին հաւաքագրել էին անմարդաբնակ վայրերից (անապատներից, անտառներից), փողոցներից, որտեղ նրանք զբաղւում էին մուրացկանութեամբ, մահմետական ընտանիքներից եւ թուրքական պետական որբանոցներից: Տարհանուեցին նաեւ ռազմական գործողութիւնների գօտում յայտնուած հայ երեխաները, որոնց տարհանումը իրականացուեց ռուս եւ անգլիացի զինուորականների կողմից:
Ցեղասպանութեան տարիներին հայ երեխաների առաջին լայնածաւալ տարհանումն իրականացուեց Մուսա Լերան հերոսամարտի ժամանակ: 1915թ.ի գարնանը երիտթուրքական կառավարութիւնը սկսում է Արեւմտեան Հայաստանի եւ կայսրութեան միւս շրջանների հայ բնակչութեան տեղահանութիւնն ու բնաջնջումը: Յուլիսի 30-ին նաեւ Միջերկրականի առափնեայ շրջանի` Սուէտիայի (Հալէպի նահանգ, Անտիոքի գաւառ) վեց հայկական գիւղերի աւելի քան 6000 բնակչութեանը գաղթի հրաման է տրւում: Հրամանին է ենթարկւում բնակչութեան մի փոքր մասը, մնացածը` մօտ 5000 սուէտիահայեր բարձրանալով Մուսա Լեռը, դիմում են ինքնապաշտպանութեան, որը տեւում է 53 օր: Ֆրանսական «Կիշեն» ու «Ժան տ՛Արք» նաւերը օգնութեան են հասնում եւ սեպտեմբերի 13-15 4058 հոգու Մուսա Լեռից տարհանում Եգիպտոսի Փոր Սայիտ նաւահանգիստ: Մի քանի երեխաներ ծնուեցին ֆրանսական նաւերի վրայ, որոնց անուանակոչեցին խորհրդանշական անուններով` Կիշեն, Ազատուհի եւ այլն:
Մուսա Լեռից Փոր Սայիտ տարհանուածներից 1563-ը երեխաներ էին:

Մուսա Լեռից տարհանուած երեխաները Փոր Սայիտում, 1915թ.
Այս ընթացքում հայ երեխաների տարհանման գործողութիւններ իրականացուեցին` Խնուսում, Վանում, Բաղէշում եւ այլ վայրերում:
Փոքր Ասիայում քեմալական (ազգայնական) շարժման ծաւալմանը զուգընթաց` 1921-22թթ. Օսմանեան կայսրութեան որբանոցներում ապաստանած հայ երեխաների համար վտանգաւոր իրավիճակ է ստեղծւում: Այն աւելի է սրւում Կիլիկիայում քեմալականների կողմից իրագործուած հայկական կոտորածներից յետոյ, որի պատճառով հազարաւոր կիլիկիահայեր Այնթապից, Մարաշից, Հաճընից, Մերսինից եւ այլ վայրերից ստիպուած են լինում լքել իրենց հայրենի բնակավայրերը: 1921թ. վերջին` կիլիկիահայերի զանգուածային գաղթի ընթացքում, շուրջ 7500 հայ որբ Կիլիկիայից տարհանւում է Հալէպ, Պէյրութ, Դամասկոս եւ Ալեքսանտրեթ, որոնց մեծ մասը յայտնւում է Ազգային խնամատարութեան եւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան խնամակալութեան տակ:
Հայ երեխաների տարհանման դրուագներից է նաեւ 1921թ. դեկտեմբերին Պասրայի նահանգի Նահր էլ Օման աւանի հայկական գաղթակայանից 816 հայ որբի նաւով փոխադրումը Երուսաղէմ, որտեղ նրանց դիմաւորում են Երուսաղէմի հայոց պատրիարք Եղիշէ արք. Դուրեանը, ազգային գործիչներ եւ մեծ թուով տեղացի հայեր:

1915-1923թթ. երիտթուրքերի եւ քեմալականների կողմից իրագործուած հայկական կոտորածների պատճառով որբացած հազարաւոր հայ երեխաներ յայտնուեցին ֆիզիքական ոչնչացման վտանգի տակ` Օսմանեան կայսրութեան ողջ տարածքով մէկ: Այս մտահոգութեամբ պայմանաւորուած` 1922թ. փետրուարի 7-ին Հալէպում կայանում է Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի աշխատակիցների եւ Կիլիկիոյ Սահակ Բ. կաթողիկիոսի կողմից լիազօրուած հայկական պատուիրակութեան ժողովը` առաջնորդական փոխանորդ Յարութիւն քհնյ. Եսայեանի նախագահութեամբ: Ժողովը որոշում է Թուրքիայի հարաւային եւ հարաւարեւելեան շրջանների որբանոցներում ապաստանած հայ որբերին, տեղափոխել Սիրիա եւ Լիբանան, իսկ հիւսիսային եւ հիւսիսարեւմտեան շրջանների որբացած հայ երեխաներին` Յունաստան եւ Կովկաս: Թուրքիայի ներքին` կենտրոնական շրջանների` Կեսարիա, Գոնիա, Սեբաստիա, ինչպէս նաեւ հիւսիսային շրջանների` Տրապիզոն, Սամսոն, քրիստոնեայ որբերը` հայ եւ յոյն ծնողազուրկ երեխաները, Ամերիկեան նպաստամատոյցի որոշմամբ ցամաքային ճանապարհով փոխադրւում են Կ. Պոլիս, իսկ այնտեղից` նաւով Յունաստան եւ տեղաբաշխւում 13 որբանոցներում: Քայքայուող Օսմանեան կայսրութեան միւս շրջաններից` Թրակիայից, որբերը տեղափոխւում են Ռումանիա եւ Պուլկարիա, իսկ Զմիւռնիայից եւ Պուրսայից` Մարիցա գետով` Յունաստան:

Խարբերդից տարհանուած 5000 հայ երեխաներից մի խումբ, 1922թ.
Թուրքիայի հարաւային եւ հարաւարեւելեան շրջաններից (Ուրֆայի շրջակայքից, Մարտինից, Խարբերդից, Ակնից եւ Մալաթիայից) հայ որբերի տարհանման պատասխանատուներ նշանակուեցին Եակոբ Քիւնցլերը եւ նրա կինը` Էլիզապեթը, ովքեր 1922թ.ից աշխատում էին Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէի Ուրֆայի մասնաճիւղում եւ զբաղւում այդ կազմակերպութեան կողմից հաւաքուած հայ որբերի խնամքով: Նրանց թեկնածութեան ընտրութիւնը պայմանաւորուած էր վերջիններիս` տարածքի եւ թուրքերէնի փայլուն իմացութեամբ: 1922թ. ապրիլին Խարբերդից եւ յարակից շրջաններից Քիւնցլերը կազմակերպում է համաշխարհային պատմութեան մէջ որբերի ամենաստուար` շուրջ 5000 երեխաների աննախադէպ տարհանման գործողութիւնը: Ըստ Եա. Քիւնցլերի կազմած վիճակագրութեան, ընդհանուր առմամբ Թուրքիայի հարաւային եւ հարաւարեւելեան բնակավայրերից տարբեր խմբերով իր կողմից տարհանւում է շուրջ 8000 հայ երեխայ, որոնք տեղաբաշխւում են Սիրիայի եւ Լիբանանի որբանոցներում:

Եակոբ Քիւնցլերի կողմից Թուրքիայից տարհանուած 8000 հայ որբերի տարհանման ուղիները, 1922թ.
1922թ. սեպտեմբերին` Զմիւռնիայի աղէտի ժամանակ, շուրջ 5000 յոյն եւ հայ որբեր տարհանւում են քեմալականների կողմից հրդեհի մատնուած քաղաքից` Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի աշխատակից Սառա Քոռնինկի ջանքերով, որոնց ամերիկեան ռազմանաւերով տեղափոխում են Յունաստան:
Տարհանման այս գործողութիւնների արդիւնքում երիտթուրքերի ու քեմալականների ցեղասպանական գործողութիւններից փրկուեցին հազարաւոր հայ որբեր:
Ըստ Ճ. Պարթոնի տուեալների, 1922-23թթ.` Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի գործուն աշխատանքների շնորհիւ, մօտաւոր հաշուարկով Թուրքիայից Սիրիա, Լիբանան եւ Յունաստան տարհանուեցին մօտ 30 հազար հայ եւ յոյն որբեր, որից 12 հազար հայ երեխաներ` կայսրութեան միայն հարաւային, հարաւարեւելեան շրջաններից:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

