Գեղեցիկ Երկխօսութիւն

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

IMG_4463Երաժշտական արուեստում զուգանուագը այնքան էլ տարածուած ձեւ չէ: Կատարողական արուեստի իւրատեսակ երաժշտական սեռ է զուգանուագը, որի հիմքում երկու նուագարանների ներդաշնակ ներկայութիւնն է: Ինքը` տուեալ երաժշտական սեռը բաւականաչափ բարդ է եւ ընդգրկուն, մանաւանդ երբ այդ երկու նուագարանները տարբեր են: Դժուարին եւ մեծ մասնագիտական կարողութիւններ են անհրաժեշտ, որպէսզի երկու բոլորովին տարբեր նուագարաններ, օրինակ մէկը` ստեղնային, միւսը լարային, կար երկու տարբեր տեսակի լարային նուագարանները ներդաշնակօրէն միաձուլուեն, մտերմանան եւ դրանցից իւրաքանչիւրը բնաւ չկորցնելով, չզիջելով իր ուրոյն, ինքնատիպ անհատականութիւնը` կազմեն մի գեղեցիկ միասնականութիւն:

Համաշխարհային երաժշտական մշակոյթի բնագաւառը ո՛չ մեծապէս, սակայն որոշ չափով հարուստ է երաժշտահանների կողմից գրուած նման ստեղծագործութիւններով, եւ կատարողական արուեստը նոյնպէս ճանաչում է բարձր վարպետութեամբ օժտուած երաժիշտներին, որոնք իրենց համերգային նուագացանկում պատեհօրէն ներկայացնում են նաեւ երաժշտական զուգանուագի սեռը: Ըստ էութեան խնդրոյ առարկայ երաժշտական սեռը` երկու նուագարանների, երկու անհատ-կատարողների, երկու տարբեր աշխարհների առանձնայատուկ գեղեցիկ մի երկխօսութիւն է:  Սրա վառ վկայութիւնն էր վերջերս «Jesus and Mary» դպրոցի սրահում կայացած ուշագրաւ համերգը, որուն հանդէս եկան Լիբանանի Համազգայինի «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցի տնօրէն, ջութակահար Աշոտ Ճենտերեճեանը եւ նոյն երաժշտանոցի կիթառի բաժնի վարիչ կիթառահար Մկրտիչ Միքայէլեանը: Նշենք, որ երաժշտական զուգանուագի ոլորտում բաւականին քիչ տարածում գտած, գրեթէ` հազուադէպ զուգանուագ է` երբ միասնականօրէն հանդէս են գալիս այնպիսի նուագարաններ, ինչպիսիք են ջութակն ու կիթառը: Աշոտ Ճենտերեճեանի եւ Մկրտիչ Միքայէլեանի համերգային յայտագիրը բաղկացած էր տուեալ երաժշտական սեռին պատկան լաւագոյն ստեղծագործութիւնների հաճելի համայնապատկերից: Դրանց հեղինակների թւում էին. Պագանինի, Շայդլեր, Գոնսալես, Պիացոլա, Իբեր: Երկու կատարողներից ամէն մէկը ցուցաբերելով իր անհատական կատարողական արուեստի բաղադրեալները` թեքնիք կարողութիւնները, նուագարանին տիրապետելու հմտութիւնը, կատարուելիք ստեղծագործութեան մէջ խորապէս ներթափանցելու օժտուածութիւնը եւ այն ճիշդ մեկնաբանութեամբ մատուցելու ձիրքը, վարպետօրէն ծառայեցրեցին այդ ամէնը ընդհանուր երաժշտական նպատակին: Ստեղծեցին երկու տարբեր նուագարանների ներդաշնակ համահնչեղ կերպարային զուգանուագ:

Ջութակահարներ Աշոտ եւ Արմէն Ճենտերեճեանները Հայաստանում եւ սփիւռքում ճանաչուած զուգանուագ են: Տասնեակ տարիների ընթացքում նրանց զուգանուագային ելոյթները թէ՛ Երեւանում, թէ՛ այլուր մեծ գեղագիտական հաճոյքով են ընկալուել ու մնացել են նրանց ունկնդիրների յիշողութեան մէջ:

«Ջութակի եւ կիթառի` այդ երկու նուագարանների հնչիւնային հմայքը առանձնայատուկ է, բոլորովին ուրիշ, իւրովի ընկալողական տրամադրութիւն է ստեղծում սրահում: Շատ հաճելի է, որ այդ երկու տարբեր նուագարանները ունեն մտերմիկ, ասես միմեանց պարուրող հնչողականութիւն: Ցաւոք, այո՛, հազուադէպ է հնչում ջութակ-կիթառ համաստեղութիւնը, եւ ես ուրախ եմ, որ Լիբանանում կայ Մկրտիչ Միքայէլեանի նման երաժիշտ, որը նման զուգանուագի կարկառուն ջատագովն է, ինչը վառ դրսեւորումն է գտել իր ստեղծագործական կեանքում: Նա գրեթէ ամէն տարի հանդէս է գալիս նման ելոյթներով: Սա մեր երկրորդ համատեղ համերգն էր: Կ՛ուզէի յիշեցնել, որ նա ժամանակին հանդէս է եկել նաեւ մի ճանաչուած ռումանացի ջութակահարի հետ, նաեւ «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցի նախկին տնօրէն Երուանդ Երկանեանի հետ», ասում է Աշոտ Ճենտերեճեանը:

Յիշատակած համերգը, որպէս արժանւոյն երեւոյթ ունի նաեւ մի շարք այլ դրական գործօններ: «Jesus and Mary» դպրոցի սրահում մեծ  մասամբ արաբական ունկնդիր էր, եւ հաճելի է, որ այդպիսով արաբական մտաւորական արուեստասէր հանրութիւնը նման առիթ ունեցաւ եւս մէկ անգամ առնչուելու, ծանօթանալու հայ կատարողական արուեստին: Դրական գործօններից մէկն էլ այն է, որ այսպիսով մեր երիտասարդ երաժիշտները (տուեալ դէպքում` Մկրտիչ Միքայէլեանը) պատեհ առիթ են ունենում կատարելագործելու իրենց ընդունակութիւնները, հանդէս գալով աւելի մեծ սերնդի, բազմավաստակ եւ հմուտ երաժիշտների հետ` յանձինս Աշոտ Ճենտերեճեանի: «Ես շատ եմ սիրում ընդհանրապէս զուգանուագի երաժշտական տեսակը, բայց ամէնից շատ` մասնաւորապէս ջութակի հետ նուագելը: Դա շատ իւրայատուկ, ուրիշ մի աշխարհ է երբ նուագում եմ ջութակի հետ, մեծագոյն հաճոյքով լսում եմ դրա ձայնը եւ ներդաշնակւում, տրւում դրան, դա այո, շատ մեծ ստեղծագործական, գեղագիտական եւ հոգեկան հաճոյք է: Կան բաւականին թուով գրուած լաւ ստեղծագործութիւններ, գրուած ջութակի եւ կիթառի համար, եւ կ՛ուզենայի ամբողջ կեանքիս ընթացքում կատարել, հնչեցնել դրանք»,- ասում է կիթառահար Մկրտիչ Միքայէլեանը:

Այո՛, յիշեալ համերգը` ջութակի եւ կիթառի հնչողութեամբ, Աշոտ Ճենտերեճեանի եւ Մկրտիչ Միքայէլեանի կատարմամբ, իրապէս մի գեղեցիկ երկխօսութիւն էր, որն անմոռաց, յուզաթաթաւ գեղագիտական հաճոյք պարգեւեց ունկնդրին:

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր

Երեւան-Պէյրութ

Share this Article
CATEGORIES