Թուրքիայի Արխիւներն Իրօ՞ք Բաց Են Ուսումնասիրութիւնների Համար. Թուրք Պատմաբանը Հերքում Է Էրտողանի Յայտարարութիւնը
«ԹԵՐԹ»
Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանն ապրիլի 24-ի առիթով յայտարարութեան մէջ բոլոր հայերին ցաւակցեց, ինչը կարեւոր զարգացում կարելի է համարել: Չնայած նրա խօսքերը ցոյց տուեցին, որ 1915թ. դէպքերի վերաբերեալ թուրքական կառավարութեան տեսակէտը լուրջ փոփոխութեան չի ենթարկուել, գրում է թուրք պատմաբան Օքթայ Օզելը թուրքական «Ռատիքալ» պարբերականում հրապարակուած յօդուածում:
Պատմաբանի յօդուածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Վարչապետի այդ յայտարարութիւնը դրական է անդրադառնալու պատմական աշխատութիւնների, պատմաբանների ազատ աշխատելու եւ գրելու մթնոլորտի ստեղծման վրայ: Մեզ` պատմաբաններիս համար դրա նշանակութիւնն այլ է: 1915-ի դէպքերի վրայ աշխատող թուրք պատմաբանների վրայ եղած ճնշման ծանրութիւնը հանուելու է մեր ուսերից:
«Սակայն հարցի այլ կողմը կայ. Թուրքիայի վարչապետն ասում է, որ երկրի բոլոր արխիւները բաց են ուսումնասիրութիւնների համար: Դա մասամբ է ճիշդ: Կառավարութեանը կից պետական արխիւների տնօրէնութիւնը վերջին տարիներին տեղացի կամ օտարերկրացի ուսումնասիրողներին բաց եւ միջազգային չափանիշներին համապատասխան ծառայութիւն է մատուցում:
«Սակայն այլ արխիւներում պատկերը շատ տարբեր է. դրանցից որոշներն ամբողջութեամբ փակ են, որոշներն էլ առերեւոյթ են բաց միայն, իսկ մի մասն էլ բաց է կիսով չափ:
«Որոշ դէպքերում հետազօտութեան համար արխիւ մտնելը դեռ չի նշանակում, որ այնտեղի բոլոր փաստաթղթերը, առանց որեւէ բացառութեան, ազատօրէն կարողանում ես ուսումնասիրել:
«Խնդիրը հէնց այստեղ է: 1915թ. համար չափազանց կարեւոր փաստաթղթերի առումով էական նշանակութիւն ունեցող ռազմական արխիւը, թէեւ որպէս բաց արխիւ է ներկայացւում, սակայն իրականում փակ է: Այսինքն յայտարարութիւնները, թէ` «այսօր մեր երկրի արխիւներում տեղ գտած հարիւր հազարաւոր փաստաթղթերը բաց են բոլոր պատմաբանների համար, ճիշդ չեն: Դա պէտք է իմանան նախ վարչապետն ու կառավարութիւնը, ապա հանրութիւնը»:
«Այդ արխիւն Օսմանեան կայսրութեան` Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին Էնվեր փաշայից եւ Թալէաթ փաշայից սկսած բոլոր նախարարների` Ցեղասպանութեան վերաբերեալ ողջ գրագրութիւնն է ներառում: Առանց այդ փաստաթղթերի` բոլոր կատարուելիք աշխատանքները կիսատ, խաբուսիկ եւ միակողմանի պատկեր կը ներկայացնեն: Հէնց այդպէս էլ տեղի է ունենում:
«Մեզ` պատմաբաններիս հետաքրքրող նիւթերի մասին անհրաժեշտ փաստաթղթերն այնտեղի աշխատակիցներն են որոշում: Այո՛, ճիշդ էք լսում. այն, թէ պատմաբանին ի՛նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ուսումնասիրութեան համար, որոշում է ոչ թէ ինքը, այլ պաշտօնեան:
«Երբ մեր վարչապետն ասում է, թէ արխիւների բոլոր փաստաթղթերը բաց են ուսումնասիրութեան համար, ցաւօք, շրջանցում է այս իրականութիւնը: Այդ ապատեղեկատուութիւնը ստուեր է գցում նման կարեւոր յայտարարութեան վրայ: Դրանով կառավարութիւնն իրեն դարձեալ դժուարին կացութեան մէջ է դնում հանրութեան առաջ:
Ցաւալի է, բայց դա է իրականութիւնը…»:

