Մհերի Դրան Գիրքը
Վերջերս Երեւանի «ԱՆՏԱՐԵՍ» հրատարակչատունէն լոյս տեսած է Լեւոն Խեչոյեանի «Մհերի դրան գիրքը» հատուածը, որ` «իրականում Խեչոյեան արուեստագէտի եւ մարդու պատգամն է մեզ` ապրողներիս»:
Այս պատգամագիրքը կ՛արծարծէ խիստ ժամանակակից եւ հրատապ մարդկայնական ու ազգային այնպիսի հարցեր, որոնք ոմանց համար կրնան վիճելի ըլլալ եւ նոյնիսկ` ո՛չ ընդունելի: Բոլոր պարագաներուն սակայն գիրքը գրուած է արդարամտութեամբ, հաւատքով եւ ինքնաբուխ անկեղծութեամբ ու անմիջական հայրենասիրութեամբ:
Իբրեւ նմուշ` ստորեւ կու տանք հատուած մը, ուր գեղանկարիչը եւ հեղինակը կը վերլուծեն ու կը մեկնաբանեն արուեստագէտը այն եռանկարը, որ պիտի պատկերուի Ազգային ժողովի դահլիճի պատին, եւ որուն վրայ պիտի բացայայտուի Փոքր Մհերի կեանքի երեք ժամանակաշրջանները:
Հետաքրքրականն ու շահեկանը այն է, որ արուեստագէտը ծրագրած է կերտել «Երջանիկ Հայաստանը` իր նորացած մարդկանցով»:
Իսկ եզրակացութիւնն ու մեկնաբանման շարունակութիւնը կը վստահինք ընթերցողին ողջմտութեան ու հայեցողութեան:
Երջանիկ Հայաստանը` Իր Նորացած Մարդկանցով…
Նկարիչն ինձ արդէն երկու անգամ էր զանգահարել: Ասում էր` Ազգային ժողովի դահլիճի պատին համբարձման գիշերուայ միստերիաներով եռամաս խոշորածաւալ պաննօ է ցանկանում սկսել. Մհերի կեանքի երեք ժամանակաշրջաններն էր բացայայտելու: Ասում էր` այդ փուլերի զգացողութիւնն իր մէջ այնքան իրական է, որ քնած լինի, թէ արթուն` արձագանգում է նրանց:
Առաջին պաննոյում Մհերի այդքան տարօրինակ ծնունդը` բռան մէջ մի պուտ արիւն պահած, աշխարհ գալն էր պատկերելու: Միւսում` լքուած բոլորի կողմից, անմահ, անսերունդ թափառումներն էր պատկերելու, յետոյ վերադարձն էր լինելու, Ագռաւաքարում` նախաստեղծ սկզբի մէջ, որպէս բարձրագոյն ոգի` գարեհատիկի` ընկոյզի չափ դառնալուն սպասելը, մինչեւ հրաման գար, ելնէր, հին, անարդար աշխարհի կործանումը դնէր:
Նկարիչը պնդում էր, թէ գարեհատիկի` ընկոյզի չափ դառնալու հասկացութիւնից է սկսւում երկուութիւնը, եթէ Մհերը հեռանար Ագռաւաքարից, կը սմքէր գոյաբանական աշխարհի կեղեւը, կը սկսուէր երկրի վերջը:
Ընկալուչից երբեմն-երբեմն կորչում էր խօսակցութիւնը, նա կապի պատասխանատուներին գոռում էր. «Ձեր տիրու մերը…»: Յետոյ վերադառնալով նախկին խօսակցութեանը` հարցնում էր. «Մի՞թէ Մհերի` նման արտայայտութիւնը մեր ժամանակի մարդու համար կանխորոշուած գուշակութիւն չէ, ով օր օրի, մինչեւ այս վայրկեանն էլ լքում է հազարաւոր դարերի ընթացքում քրտնաջան աշխատանքով արարուած հոգեւոր աշխարհը: Մի՞թէ ճշմարիտ չէ, որ գոյաբանական աշխարհի` ներսից ոգին հեռանալու դէպքում նրա թաղանթը չի կարող դիմանալ…»: Ասում էր, որ Մհերի ծննդից սկսած` կանխորոշ աշխարհ կործանելու նման առաքելութիւնը (նկատի ունէր` ափի մէջ մի կաթիլ արիւնը) իրեն ամէն անգամ մտածել է տուել, թէ այն մեր ապագային ատոմային ռումբի սպառնացող վտանգի մասին գուշակութիւն է, թէ ոգուց հեռացած ժամանակակից մարդը, միեւնոյն է, մի օր սեղմելու է ատոմային ռումբի կոճակը եւ տրոհելու է երկրագունդը: Մեծ պայթիւնից յետոյ նոր ժամանակների սկիզբն է դրուելու. «Մինչեւ գարին չդառնայ քան ընկոյզ մի» մհերեան արտայայտութիւնը տիեզերակարգի համաձայն` աշխարհի պարբերական քանդում-վերակառուցման միջոցով դէպի «ամբողջը, մէկը» վերադառնալու իմաստով է ասուած, իրականանալու է սկզբի եւ վերջին մասին այսօրուայ գիտական մտքի հաստատումը, թէ այդ տրոհումը նման է լինելու տիեզերքում արդէն մի անգամ պատահած ՄԵԾ ՊԱՅԹԻՒՆԻ ժամանակին»: Ասում էր. «Միլիոնաւոր տարիների խառնակութիւններով լցուած երկիրը դարձեալ անձեւ ու պարապ է մնալու, մինչեւ նոր սկզբի, նոր փուլի ժամանակաշրջանը գայ,- ասում էր,- ճիշդ է, Մհերի փակուելու վերաբերեալ ազգային վէպի 150 պատումներում իրարամերժ պատճառներ են բերւում, մի դէպքում խօսւում է` իբրեւ Դաւթի Նզովքից վիրաւորուած էր երկրագունդը լքել, միւսում էլ թէ` հողն արդէն նրա Ագռաւաքար հեռանալու հետ էր սկսել աշխարհի վերջի գալստեան նշաններով մեծ փոփոխութիւններ ցոյց տալ (Մհերի ոտքերի տակ գետնի փլուելը, ծառերի պտուղ չտալը, ընտանի կենդանիների` մարդկանց մօտից փախչելը):
Մի երրորդ դէպքում էլ թէ` Մեծ տան` ժառանգաբար փոխանցուող իշխանական գահից հրաժարուելուց յետոյ արժանացել էր աւագների եւ ազնուականների ամենասարսափելի` դաւաճանի ու վախկոտի դատավճռին: Անչափ հիասթափուած էր եղել, այլեւս յաւերժ չվերադառնալու միտումով էր գնացել Ագռաւաքար` փակուելու:
Բայց ես այդ ամէնն այլ կերպ եմ ընկալում,- ասում էր նկարիչը,- կարծում եմ` Մհերը, հրաժարուելով նախնիների սահմանած օրէնքներից, անսահմանի տարածքներ էր դուրս եկել, որտեղից ներքին մարդու ճամբան է սկսւում»:
Նկարիչն իր ստեղծագործական տեսակէտները, համոզմունքներն էր ուզում ճշդել, որովհետեւ չորրորդ կուրսի իմ ուսանողներ, որ դասերից յետոյ նրա մօտ պաննոյի վարձով բնորդներ էին դառնում, իրեն պատմել էին «ազգային վէպի իմ գիտակ լինելու մասին», որ «իմ դասախօսութիւնների ժամանակ լսարանները լեփ-լեցուն են լինում, անգամ ուրիշ ինստիտուտներից դասերից փախած ունկնդիրներ էին մասնակցում»: Հարցնում էր. «Դուք ի՞նչ էք կարծում, Մհերի` Ագռաւաքարում փակուելով, մի՞թէ անվերադարձ խորտակուել էր այլուրում գոյութիւն ունեցող ճանապարհները գտնելու պատրանքը, մէկընդմիշտ աւարտուել էին կանչի յետեւից գնացող մարդու խիզախումները, արդեօք փլուե՞լ էր իրական եւ թուացեալ աշխարհների ափերը կապող կամուրջը, որտեղով երբեւէ Մհերն էր անցել,- ասում էր,- Ագռաւաքար մտնելը ողնաշարի ծուծքը մտնելուն էր նման, Մհերը ժողովրդի մէջ գնալու եւ նրա քրոմոսոմի միջոցով կրկին վերադառնալու ճամբան էր գտել»:
Մի շաբաթից, չորրորդ զանգից յետոյ, նկարչի առաջարկով Ազգային ժողովի դահլիճում կրկին հանդիպեցինք: Շուրջբոլորը խմբերով տղաներ ու աղջիկներն էին կանգնած, մարմիններին` մերկութեան աստիճանի ընդգրկող կարմիր տրիկոներ էին: Ներկոտ, գոյնզգոյն վրձինները պահածոյի թիթեղեայ տուփի մէջ պոչերի վրայ տնկեց մեխակների պէս, առաստաղի տակի ճռճռացող փայտէ հարթակից իջաւ: Հէնց այնտեղ` աշխատանքային էսքիզների թղթերով լցուած սեղանի շուրջը, սուրճ էինք խմում: Զրուցում էինք դեսից-դենից, միաժամանակ բացակայ դեպուտատներից թափուր դահլիճի պատերի կոմպոզիցիան էր դիտում: Միանգամից գլխի ընկայ` շատ իւրայատուկ ճանապարհ էր ընտրել: Նրան ասացի այդ մասին: Ծխում էր, ասաց` ինքը համոզուած է` կարող է գունային երանգներով մեկնաբանել այն ամէնը, ինչի մասին հեռախօսային խօսակցութիւնների ժամանակ ասել էր ինձ:
Զարմանքով դիտում էի Ագռաւաքարի շուրջբոլորը` Համբարձման գիշերուայ պաննոն: Բուսական աշխարհը դալուկ-դալուկ է, օդը լցուած է կիսամութ սնդիկագոյն աստղալոյսով, առաջին պլանում պատկերուած աղջիկների կերպարներն ամբողջովին կարմիր էին: Կազմուածքներում ինչ-որ երկսեռութիւն էր նկատւում, երբեմն ընդգծուած լուսնաճերմակ պաղ դիմակներով տղաների էին նմանւում, երբեմն էլ կարծես փողոցներում, բակերում, հրապարակներում ներկայացումներ տուող մերկ, ոլորապտոյտ կարմրածուփ միմոսներ լինէին, որ օձի կաշին փոխելու նմանութեամբ գալարւում էին` ծառերի հետ միախառնուած. Մհերի երկրորդ գալստեան ժամանակներում մարմինը հոգին հագնելու պաշտամունքային միստիկ արարողակարգն էին կատարում:
Երգում էին իրենց վիճակի երգերը, այնքան խաղաղ, շշուկով էին երգում, որ անգամ պաննոն դիտող հանդիսատեսների հետին շարքում կանգնածներին կը թուար, թէ մեղեդին իրականում հնչում է, բայց այնքան մեղմ է, որ իրենք չեն լսում: Սա էր սկիզբը:
Յետոյ նկարիչը պատմում էր ազգային վէպի բովանդակութեան իր անհամաձայնութիւնների մասին, որ դեռ նկարելու էր: Ցանկանում էր, ինչքան հնարաւոր է, պաշտպանել Մհերին ժամանակակիցների հերիւրանքներից: Կտրականապէս մերժում էր նրանց մեղադրանքները, իբրեւ թէ «ներսում մէկ ուրիշին էր տեղ տուել», «թաքնուել էր լերան չարքերի մէջ», «գերբնական զօրութիւնը չէր ծառայեցրել սեփական ժողովրդին»:
Նկարիչն ասում էր. «Բայց մինչ Մհերը նման բան դեռ երբեք չէր պատահել, որ Մեծ տան որեւէ անդամ հրաժարուէր դարերով կուտակուած հարստութիւնից եւ իշխանութեան ժառանգորդը լինելու իրաւունքից, յանկարծ փորձէր ըմբոստանալ աւանդական հինաւուրց իրաւակարգին: Մհերի գահից հրաժարուելը կարծես ամբողջ դարաշրջան էր փոխել: Ժողովուրդը, յատկապէս երիտասարդները, որ ձայնի ցուցումով իրենց նստակեաց տեղերից գալիս, լցւում էին Սասուն, հիմա արդէն իրենք էին իրենց փրկելու:
Վաղուց չկային Մեծ տան փառապանծ նախնիք` Սանասարը, Բաղդասարը, Քառասուն Ճուղ Դեղձուն Ծամը, Մեծ Մհերը, Դաւիթը, Խանդութը, որոնք երկրին եւ ժողովրդին սպառնացող առաջին հարուածն իրենց վրայ էին վերցրել: Իսկ Թորոսը, Վերգոն, Հովանն արդէն ծերացել էին, էլ չէին գործում կառավարելու կարգուկանոնի երբեմնի հզօր լծակները, պահը եկել էր իշխանութիւնը յաջորդ սերնդին յանձնելու:
Իսկ Մհերը գնալ, Ագռաւաքարում փակուելով` ոչ միայն Մեծ տան աւանդոյթին էր հակառակուել, այլեւ ժողովրդին էր անպաշտպան թողել, դրանով միայնակ մարդու` ինքն իրեն, իր ներսը ճանաչելու ժամանակաշրջանի սկիզբն էր դրուել,- նկարիչն ասում էր,- հէնց ժողովրդի լքուածութեան եւ միայնակութեան գիտակցութիւնից էլ իսկական յեղափոխութիւն էր կատարուել մտածողութեան մէջ»:
Քանի կարմիր տրիկոյով, գեղեցիկ յետոյքով, ձեռքերն ու դէմքը կարմրով ներկած միմոսանման աղջիկը գարեջուր, երկրորդ սուրճի բաժակներն էր դնում սեղանին, նկարիչը խօսքն ընդհատեց: Դիմացն առանց դեպուտատների դատարկ դահլիճն էր, նկարչի համակարգչից Պեթհովէնի 9-րդ սիմֆոնիայի եզրափակիչ մասի «Ձօն ուրախութեանն» էինք լսում: Աղջիկը գնաց:
Աւելի ուշ ասաց. «Ես էլ չգիտեմ, թէ ինչ եմ յօրինել ինքս ինձ համար: Չեմ կարողանում հասկանալ` ինչո՞ւ հէնց այդ թեման որոշեցի նկարել: Երբեմն թւում է` գուցէ պատճառը մհերեան մտածելակերպն է, կամ էլ ես էլ ձեզ նման հաւատում եմ նրա կենդանի լինելուն, անգամ նրա հետ ժամանակակիցներ ենք: Ով գիտէ` արդարացնելով Մհերին, կարող է իմ տեսակն եմ փորձում փրկել: Չգիտեմ, հնարաւոր է` այս ամէնն ասում եմ, որ ինքս իմ հաւատն ամրապնդեմ, թէ գալու է Հայոց աշխարհի կապանքները փշրելու, վերելքի ժամանակը: Տեսնելու եմ մեր երկրի խորհրդանիշ` ընկոյզի չափ դարձած կարմիր գարեհատիկը, որի խորքից դուրս է գալու նոր դարաշրջանի երջանիկ Հայաստանը` իր նորացած մարդկանցով. նրանց արթնացած մարմինները պիտի հագնեն հոգիները, եւ այն ժամանակ ներկային հակառակ` հոգին դուրսը պիտի լինի, մարմինը` ներսը, եւ մեր հոգու աչքերը սկսելու են տեսնել…»:
Նախադասութիւնը չաւարտած` բառը կծկուեց կոկորդում, կարմրեց, բառը վերամբարձ էր թուացել: Բայց երեւում էր` ներքուստ հպարտ է: Ծխախոտը հանգնելով` խօսում էր. «Գուցէ նրա կեանքի երեք ժամանակաշրջանները նկարելու միւս պատճառներից մէկն էլ ընդունուած ակադեմիական տեսակէտին դէմ գնալու փափաքն էր, որ ցանկացած հրատարակութեան մէջ ասւում է, իբրեւ թէ հակառակիչ բնաւորութեան համար էր Մհերը հօր կողմից ծանրագոյն անէծքով նզովուել, յետոյ էր Ագռաւաքար գնացել: Վիրաւորանքից էր այրերում ապրող խաւարի ուժերին խնդրել` իրենց ծառայութեան վերցնեն»:
Նկարիչն ուզում էր բոլոր հնարաւոր եւ անհնար միջոցներով արդարացնել Մհերին. սա էր նրա ցանկութիւնը:
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԵԱՆ