Յոյների Ցեղասպանութիւնը. Հարցազրոյց Գէորգ Վարդանեանի Եւ Թեհմինէ Մարտոյեանի Հետ

Մայիսի 19-ը հռչակուած է Պոնտոսի յոյների ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման օր: Այդ կապակցութեամբ «Ակունք»-ը զրուցեց հիմնահարցի մասնագէտներ` Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի Համեմատական ցեղասպանագիտութեան բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների թեկնածու Գէորգ Վարդանեանի եւ նոյն հիմնարկի գիտական քարտուղար, պատմական գիտութիւնների թեկնածու Թեհմինէ Մարտոյեանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրոյցը:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ինչպէս յայտնի է, երիտթուրքերի եւ քեմալականների ցեղասպանական քաղաքականութիւնը դրսեւորուեց ոչ միայն հայ, այլ նաեւ միւս քրիստոնեայ ժողովուրդների, մասնաւորապէս` յոյների եւ ասորիների հանդէպ: Ե՞րբ եւ ինչպիսի՞ հանգամանքներում է սկսուել յոյների ցեղասպանութիւնը, եւ ինչո՞ւ են յոյները հէնց մայիսի 19-ին ոգեկոչում իրենց զոհերի յիշատակը:

Interview_Kevork-vartanyanԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- ժամանակագրական առումով այն ընդգրկում է Պալքանեան պատերազմներից սկսած մինչեւ Լոզանի խորհրդաժողով ընկած ժամանակահատուածը (1913-1923): Իսկ զոհերի յիշատակի օրի ընտրութիւնն առաւելապէս ունի խորհրդանշական բնոյթ. 1919 թ. 19-ին ապագայ թուրքական հանրապետութեան հիմնադիր Մուսթաֆա Քեմալը հասաւ Սամսոն, եւ հակայունական քաղաքականութիւնը Պոնտոսում մտաւ վերջնական փուլ: Օրուայ ընտրութիւնը տասնամեակներ առաջ կատարուել է Յունաստանում գործող պոնտոսցիների կազմակերպութիւնների կողմից: Բացի այդ, Յունաստանի խորհրդարանի` 1994թ. ընդունած օրէնքով մայիսի 19-ը հռչակուեց որպէս «Պոնտոսի յոյների ցեղասպանութեան յիշատակի օր»: Պէտք է նշել նաեւ, որ 1998 թ. Յունաստանի խորհրդարանը մէկ այլ որոշում եւս ընդունեց, որի համաձայն` սեպտեմբերի 14-ը հռչակուեց որպէս «Թուրքական պետութեան կողմից Փոքր Ասիայի յոյների ցեղասպանութեան յիշատակի ազգային օր»:  Յիշատակի օրուայ հետ կապուած, թերեւս, այսքանը:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Որո՞նք են յոյների ցեղասպանութեան դրդապատճառները եւ գործօնները:

ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Օսմանեան կայսրութեան գոյութեան վերջին տարիները պատմութեան մէջ մնացին որպէս ցեղային զտումների եւ ցեղասպանութեան ժամանակաշրջան: Արեւմտահայերից բացի` զանգուածային տեղահանութիւնների եւ կոտորածների ենթարկուեցին նաեւ հպատակ միւս ժողովուրդները` ասորիները, եզիտիները եւ, վերջապէս, յոյները: Եթէ փորձենք առաւել պարզ ասել, ապա յոյների տեղահանութիւններն ու կոտորածներն Օսմանեան կայսրութիւնում տարուող թուրքացման քաղաքականութեան մի մասն են կազմել: Իրականում, սակայն, այն ունի առաւել խորը պատճառներ եւ պայմանաւորող գործօններ: Թուարկեմ միայն մի քանիսը.  կոտորածներին նախընթաց բաւական երկար պատմական ժամանակահատուածում օսմանահպատակ յոյների պատմական խոցելիութեան ձեւաւորումը,  19-րդ դարի 20-ական թթ. յոյների ազգային ազատագրական պայքարի արդիւնքում  «յունական հարցի» մասնակի լուծումը (Յունաստանի անկախացումից յետոյ յոյներով բնակեցուած տարածքների մեծ մասը շարունակեց մնալ Օսմանեան կայսրութեան կազմի մէջ), 19-րդ դարում օսմանեան բարենորոգումների անկատար մնալը, գլխաւոր` մուսուլման-քրիստոնեայ իրաւահաւասարութեան հարցի չլուծուելը, թուրքական ազգայնականութեան մօտեցումները օսմանահպատակ յոյների նկատմամբ եւ այլն:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ի՞նչ փուլերով է իրականացուել յոյների ցեղասպանութիւնը:

ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Սա թերեւս ամենակարեւոր հարցերից մէկն է, քանզի յոյների փորձառութիւնն ունի որոշակի փուլային զարգացում ինչպէս ժամանակագրական, այնպէս էլ աշխարհագրական առումներով: Տեղահանութիւններն ու կոտորածներն ընդգրկում են երեք հիմնական փուլ` ա. 1913-1914 թթ. (1914թ. առաջին կէս, նաեւ որոշակիօրէն 1915 թ.), 1916-1918 թթ. եւ 1919-1923 թթ.:  Պարզապէս խնդիրն այն է, որ հիմնահարցի հետազօտման մէջ ցայսօր առկայ է մեթոտաբանական որոշակի խառնաշփոթ, քանի որ չնայած բոլոր փուլերում էլ նպատակը նոյնն է եղել (ազատել Օսմանեան կայսրութեան տարածքը յոյներից), այնուամենայնիւ, հակայունական քաղաքականութիւնն ունի իրագործման մեքանիզմների որոշակի տարբերութիւններ:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ինչպիսի՞ հետեւանքների է յանգեցրել յոյների ցեղասպանութիւնը:

ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Հետեւանքները սարսափելի են: Խօսքը 100 հազարաւոր մարդկանց ֆիզիքական ոչնչացման, 1.5 միլիոն բռնի արտաքսուածների մասին է: Չմոռանանք նաեւ բազմահազար յոյների բռնի իսլամացումը եւ թուրքացումը: Եթէ 1453 թ. Կոստանդնուպոլսի անկումով վերջ տրուեց Փոքր Ասիայում յոյների քաղաքական ներկայութեանը, ապա 1913-1923 թթ. ողբերգական իրադարձութիւնների պատճառով` նաեւ ֆիզիքական:

Նաեւ մեծ հարուած հասցուեց յոյների հոգեւոր եւ նիւթական մշակոյթին. աւերուեցին բազմաթիւ հոգեւոր եւ կրթական հաստատութիւններ: Չմոռանանք նաեւ նիւթական վիթխարի կորուստների մասին: Բաւական է յիշել միայն, որ Պալքանեան պատերազմներից առաջ Օսմանեան կայսրութեան տնտեսութեան կէսից մի քիչ պակասը գտնւում էր յոյների ձեռքին:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ի՞նչ զուգահեռներ կարելի է անցկացնել հայերի եւ յոյների ցեղասպանութիւնների միջեւ: Նշէք, խնդրեմ, մի քանի էական նմանութիւններ եւ տարբերութիւններ:

ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Հայերի եւ յոյների փորձառութիւնն ունի մի շարք նմանութիւններ եւ կառուցուածքային տարբերութիւններ: Նմանութիւններից գլխաւորը ընդհանուր դահճի` ցեղասպան պետութեան եւ իրագործողների առկայութիւնն է: Մեծ դեր է ունեցել Յունաստանի առկայութիւնը, որը որոշ դէպքերում զսպող դեր է կատարել երիտթուրքերի համար, սակայն դա առաւելապէս ազդել է իրագործման մեքանիզմների վրայ: Հայոց ցեղասպանութեան մէջ առկայ է քրտական գործօնը, որը գրեթէ բացակայում է յոյների դէպքում: Յոյներին շատ դէպքերում ոչ թէ կոտորել են, այլ նրանք զոհուել են գաղթի ճանապարհին ստեղծուած անմարդկային պայմաններում: Յոյների դէպքում չկան խոշոր համակենտրոնացման ճամբարներ, ինչպիսիք հայերի դէպքում Տէր Զօրը կամ Ռաս Ուլ Այնն են:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ի՞նչ տեղի ունեցաւ Զմիւռնիայում, որը պատմագրութեան մէջ յայտնի է «Զմիւռնիայի աղէտ» արտայայտութեամբ:

tehmine-mardoyanԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ.- Զմիւռնիան միջնադարում յայտնի էր «Արեւելքի փոքր Փարիզ», «Յոնիական ծովի թագուհի» եւ այլ կոչումներով: 1922 թ. սեպտեմբերին հազարամեակների պատմութիւն ունեցող ստեղծագործ երկու ժողովուրդ բնաջնջուեց, իսկ զմիւռնիաբնակ հայերին ու յոյներին պատկանող թաղամասերը հրկիզուեցին: Գիտական գրականութեան մէջ խիստ յաճախ ենք հանդիպում «աղէտ», «հրդեհ», «կոտորած» եւ այլ եզրերի: Թէեւ իննսուներկու տարի է անցել կատարուածից, այնուամենայնիւ անհրաժեշտ է տեղի ունեցածը ճիշդ բնորոշել եւ յստակեցնել տիրող անորոշութիւնը:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.– Ինչո՞ւ էին Զմիւռնիայի քրիստոնեաները բացառում իրենց բնաջնջման հնարաւորութիւնը:

ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ.- Զմիւռնիայի հայերն ու յոյները համակուել էին այն համոզմամբ, թէ իբր իրենց կեանքին վտանգ չի սպառնում, քանի որ գտնւում էին, ինչպէս իրենց էր թւում, օտարերկրեայ ներկայացուցչութիւնների «յուսալի» հովանու ներքոյ, եւ միամտաբար հաւատում էին, որ թուրքերը հերթական անգամ վայրագութիւններ չեն իրականացնի: Զմիւռնիայի հայերի եւ յոյների համոզմունքը, որ իրենց հետ որեւէ աղէտալի բան տեղի չի ունենայ, կատարելապէս հիմնազուրկ էր: Քեմալականներն ամէն ինչ իրականացրին անթերի, անշեղօրէն եւ ճշգրիտ:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- «Ըստ ձեզ, ո՞րն էր Զմիւռնիայում բռնկուած լայնածաւալ հրդեհի պատճառը, եւ ո՞ւմ կողմից էր այն հրահրուել:

ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ.- «Ո՞վ հրկիզեց Զմիւռնիան» հարցի շուրջ տեսակէտները կարելի է բաժանել երկու հակադիր խմբի.

ա. Ըստ առաջին տեսակէտի, քաղաքը կանխամտածուածօրէն հրկիզել են թուրքերը:

Քաղաքի քրիստոնեաների թաղամասերը հրդեհելու թուրքերի կանխամտածուած ծրագիրը մի  քանի նպատակ էր հետապնդում. բնաջնջել հայերին եւ յոյներին, թաքցնել յանցագործութեան հետքերը այդ ճանապարհով, աւերել մշակութային արժէք ներկայացնող հաստատութիւնները, կոթողները, քրիստոնեայ բնակչութեան բարձրարժէք մշակոյթը:

բ. Ըստ երկրորդ տեսակէտի, Զմիւռնիան հրկիզել են հայերն ու յոյները:

Փաստերն անկողմնակալ տեսակէտից դիտարկող մասնագէտների մեծ մասը շեշտում է այն հանգամանքը, որ մեղադրանքը յոյների եւ հայերի նկատմամբ շինծու էր եւ կեղծ: Դա նկատել են առաջին հերթին իրադարձութիւնների ականատեսները, հրաշքով ողջ մնացածները:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Մօտաւորապէս քանի՞ մարդ զոհուեց այդ ժամանակ:

ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ.- Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կազմակերպութեան գործադիր քարտուղար Է. Պիերսթատթի հաղորդած տեղեկութեան համաձայն, Զմիւռնիայի արիւնահեղութեանը զոհ գնաց շուրջ 100 հազար մարդ, իսկ 160.000-ը տեղահանուեց: Զմիւռնիայում Միացեալ Նահանգների հիւպատոս Ճ. Հորթոնը հաւաստում է, որ զոհերի ընդհանուր թիւը կազմում էր 100-120.000 մարդ, միայն հրդեհը խլեց շուրջ 25.000 մարդու կեանք: Նիւթական կորուստն ընդհանուր առմամբ կազմում է 60 միլիոն տոլար:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ձեր կարծիքով, Զմիւռնիայի` 1922 թ. դէպքերը ինչպէ՞ս պէտք է բնորոշել` միջազգային իրաւունքի տեսանկիւնից: Դուք ո՞ր բառով էք սահմանում այդ իրադարձութիւնները:

ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ.- Զմիւռնիայի քրիստոնեայ բնակչութեան` հայերի եւ յոյների բնաջնջման կանխամտածուած լինելն ապացուցում են կառավարութեան, գործող իշխանութիւնների հրահանգների փաստերը: Դրանցից առաջինը Այտըն նահանգի ոստիկանապետ Մեհմեթ Հրիֆի հրամանն է` յղած Զմիւռնիայի Ռեշիտիէ ոստիկանատուն: Յաջորդ փաստը Զմիւռնիայի ռազմական կառավարիչ, տիվիզիայի հրամանատար Նուրէտտինի` սեպտեմբերի 3/16-ին հրապարակած հրամանն է, որի բովանդակութիւնից պարզ է դառնում, որ կատարուածը միջազգային յանցագործութիւն է, իսկ միջազգային իրաւունքն այն որակում է իբրեւ առանձնապէս վտանգաւոր իրաւախախտում, եթէ նոյնիսկ այն կատարուել է` ելնելով երկրի ներքին օրէնսդրութիւնից: Երրորդ փաստը 1922 թ. սեպտեմբերի 11-ին Ազգերի լիկային` Անգարայի յղած  հաղորդագրութիւնն է, որտեղ Անգարայի կառավարութիւնը «նախազգուշացնում» է, որ պատասխանատուութիւն չի կրելու այն կոտորածների համար, որոնք Զմիւռնիայի թուրք ազգաբնակչութիւնը հնարաւոր է, որ իրականացնի: Հայ եւ յոյն բնակչութեան բնաջնջումը Զմիւռնիայում միջազգային իրաւունքի չափանիշների, ՄԱԿ-ի` Ցեղասպանութեան մասին հռչակագրի եւ ընդհանրապէս Ցեղասպանութիւնն արգելող միջազգային-իրաւական չափանիշների խախտում է: Բոլոր ապացոյցները միջազգային իրաւունքի տեսանկիւնից հիմք են տալիս պնդելու, որ 1922 թ. սեպտեմբերին Զմիւռնիայում քրիստոնեայ բնակչութեան, այն է` հայերի եւ յոյների նպատակադրուած բնաջնջումը պէտք է որակել որպէս ցեղասպանութիւն, քանի որ այն լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի` «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» հռչակագրի դրոյթներին: 1998 թ. Յունաստանի խորհրդարանը «Փոքրասիական աղէտը» որակեց որպէս ցեղասպանութիւն, իսկ սեպտեմբերի 14-ը` ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր: 2002 թ. Միացեալ Նահանգների Նիւ Ճըրզի եւ Նիւ Եորք նահանգների կառավարիչները յայտարարեցին Զմիւռնիայի զոհերի յիշատակման իրենց օրերը: Ծագումով իրլանտացի Ճէյմս Է. Մաքկրիվին սեպտեմբերի 8-ը յայտարարել է Զմիւռնիայի կործանման եւ Պոնտոսի ու Փոքր Ասիայի յոյն ժողովրդի ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր, իսկ ամերիկացի յայտնի քաղաքական գործիչ Ճորճ Փատաքին հոկտեմբերի 6-ը` Զմիւռնիայի հրդեհի եւ Փոքր Ասիայի յոյների հալածանքի յիշատակման օր:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.– Շնորհակալ եմ հարցազրոյցի համար:

ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ, ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ.- Մենք էլ ենք շնորհակալ:

«ԱԿՈՒՆՔ»

 

Share this Article
CATEGORIES