1915 Թ. Ոտնաձայները

Հարցազրոյցը վարեց` ԷՄՐԷ ՃՈՆ ՏԱՂԼԸՕՂԼՈՒ

Էտիպ Կեօլպաշի Նկարը՝ Պերճ Արապեանի

Էտիպ Կեօլպաշի
Նկարը՝ Պերճ Արապեանի

1894-1896 թթ. կոտորածները թէեւ մնում են 1915 թ. ցեղասպանութեան ստուերում, սակայն Օսմանեան կայսրութիւնում բնակուող հայերի գոյութեանը հասցուած ամենամեծ հարուածներից մէկն է: «Ակօս» շաբաթաթերթը զրուցել է 1894 թ. Սասունում, 1895 թ. Տրապիզոնում սկսուած ու ողջ միջին եւ արեւելեան Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան, «Ակունք»-ի խմբ.) վիլայեթներն ընդգրկած, այնուհետեւ Հալէպում եւ Կիլիկիայում, 1896 թ.` Վանում, Ակնում եւ Պոլիսում իրականացուած կոտորածների վերաբերեալ «Սայմըն Ֆրէյզըր» համալսարանում հետազօտական աշխատանք կատարող Էտիպ Կեօլպաշիի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Որո՞նք էին այն պատճառները, որոնց արդիւնքում ծնուեց 1894-1896 թթ. բռնութեան ալիքը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ակնյայտ է, որ Ապտիւլ Համիտ Բ.ի ղեկավարութիւնը հայ բնակչութեանն ընկալում էր որպէս կայսրութեան միութեանն ու անվտանգութեանը սպառնացող անմիջական եւ կենսական վտանգ: Այս ընկալման արդիւնքում հայերը լուսանցքայնացուել, իսկ մուսուլման առաջնորդները զօրեղացել էին: Սա նպատակ ունէր արեւելեան վիլայեթների մուսուլման բնակչութեան հաւատարմութիւնը շահել եւ յատկապէս խոչընդոտել քրտերի օտարումը վարչակարգից: Այս պատճառով էլ յատկապէս Թանզիմաթի վերջին շրջանում արեւելեան վիլայեթներում ի յայտ եկած հեղինակութեան եւ իշխանութեան պարապուրդի արդիւնքում տեղացի բնակչութեան խմբերի` իշխանութեան եւ տնտեսական աղբիւրների համար մղած պայքարում սկսեցին քրտական աշիրեթներին առաջին «փլան» մղել: Այդ իսկ պատճառով հայերի վրայ յարձակումները բացայայտ բնոյթ կրեցին: Ահա այս գործընթացն անուանում եմ «հայ բնակչութեան աշխարհականացում», այսինքն խօսքը գնում է մի գործընթացի մասին, որի ժամանակ ողջ հայ բնակչութեանն անվտանգութեան քաղաքականութեան եւ գործունէութեան առարկայ են դարձնում: Այս գործընթացում այնպիսի արտայայտութիւններ, ինչպիսիք են հաւատարմութիւն ու անհաւատարմութիւն, հայկական խառնակութիւն, հայերի նպատակներին ծառայել, որպէս քաղաքական արտայայտութիւններ սկսում են գերակշռել:

Հ.- Լա՛ւ, այդ ժամանակ հայերն իրականում իրենցից ի՞նչ «վտանգ» էին ներկայացնում:

Պ.- Այս վտանգի ընկալումը հայ յեղափոխականների եւ ազգայնականների` Անատոլիայի կէսը զաւթել-չզաւթելուց անկախ է զարգանում: Ըստ իս, այդքան ազդեցիկ եւ զօրեղ չէին կամ էլ շատ որոշակի վայրերով էր սահմանափակւում այդ ուժն ու իշխանութիւնը: Բացի Վանից եւ Էրզրումից` այնքան անզօր էին, որ ձերբակալութեամբ վերջ կը դրուէր: Սակայն այս վտանգի ընկալումը, ամէն ինչից անկախ, ի յայտ է գալիս Ապտիւլ Համիտ Բ.ի իշխանութեան մտայնութեան մէջ առկայ անհանգստութիւններից: Ըստ էութեան, յայտնի է, որ նմանատիպ անվտանգութեան մտավախութիւններն այսօր անգամ մեծ բռնութիւն կը ծնեն: Այդ իսկ պատճառով ընկալումը, որ հայ բնակչութիւնն անվստահելի է եւ ամէն պահի կայսրութիւնից բաժանուելու է, կայսրութեան վերջին շրջանում անմիջականօրէն ազդում է հայերի ճակատագրի վրայ:

Հ.- Կարելի է ասել, որ այս բռնութեան ալիքը ձգուել է մինչ 1915 թ.:

Պ.- Բնականաբար, շատ յստակ է: 1870-ական թթ. միջազգային կարգավիճակ ստացած «հայկական հարցի» հետ մէկտեղ 1877-1878 թթ. պատերազմում Օսմանեան կայսրութեան կրած պարտութիւնը, Պալքանների մեծածաւալ կորուստը, ինչպէս նաեւ հիւսիսարեւելեան Անատոլիայի կորուստն ի օգուտ Ռուսաստանի Ապտիւլ Համիտի իշխանութեան համար «կայսրութեան բաժանման» մեծ մտավախութիւնների առիթ հանդիսացան: Բացի այդ, արեւելեան վիլայեթներում հայերին քրտական աշիրեթների յարձակումներից պաշտպանելու, աւելի արդար հարկային համակարգ ունենալու, տեղական կառավարման մէջ արդար ներկայութիւն ապահովելու, քրիստոնեայ ոստիկանական եւ ոստիկան զօրաց ուժեր ունենալու պահանջները ղեկավարութեան աչքում այս մտավախութիւնները սաստկացնելու գործօններից էին: Ըստ էութեան, հայերի բարեփոխումների պահանջները բաւարարելու մասին յայտարարութիւնից միայն երեք շաբաթ յետոյ սկսեցին այս կոտորածները, ինչը, բնականաբար, պատահականութիւն չէ: Այսինքն` «Հայկական հարցը» Օսմանեան կայսրութեան համար վերածուեց «Անատոլիայի հարցի», քանի որ օսմանեան դիւանակալութիւնը ժամանակ առ ժամանակ այս խնդիրը հէնց այս բնորոշմամբ է յիշատակում: Արդէն 19-րդ դարի վերջում Անատոլիա ասելիս Օսմանեան կայսրութեան կենտրոնի վերածուած աշխարհագրական շրջանն է հասկացւում: Հետեւաբար օսմանեան ղեկավարութեան համար այս հարցը «պուլկարական» կամ էլ «սերպական» հարցին չի կարող նմանուել: Այս առումով, վարկածական կը լինի, սակայն եթէ հայերը Անատոլիայում հոծ բնակուէին ոչ թէ 6, այլ 1-2 վիլայեթում, ապա շատ մեծ ճգնաժամի ժամանակ իշխանութիւնը կարող էր աչք փակել այդ վիլայեթների վրայ, սակայն 6 վիլայեթի դէպքում` երբեք: Օրինակ` շատ հետաքրքիր է, որ այս կոտորածներից յետոյ Ֆրանսայի հիւպատոսարանում կազմակերպուած ժողովի արձանագրութեան համաձայն` հայոց պատրիարքն առաջարկել է ողջ հայերին հաւաքել Հալէպում: Թէեւ ընդունելութիւն չի գտել, սակայն բնակչութեանն ուղղուած այս քաղաքականութեան վերաբերեալ առաջարկը նշանակում է, որ համատեղ կեանքն իրօք զօրացել էր եւ զօրանալու էր:

Հ.- Յայտնի է, որ 1894-1896 թթ. յատկապէս Անատոլիայի արեւելքում հայերի համար բռնութեան ժամանակաշրջան է, որը հիմնականում քրտերից կազմուած համիտեան գնդերն են ստեղծել: Բռնութեան այս ալիքի մէջ ո՞րն է համիտեան գնդերի դերը:

Պ.- Հէնց սկզբից ասեմ, որ այս հարցի վերաբերեալ շատ ուսումնասիրութիւններ չկան, որի պատճառով էլ ընդհանրապէս այս կոտորածները վերագրում ենք համիտեան գնդերին, սակայն նրանց աշխուժ մասնակցութիւնը սահմանափակւում է 3-4 վայրով: Օրինակ` Ուրֆան այդ կենտրոններից մէկն է: Բացի այդ, նախաձեռնել են Մարտինի հայ կաթոլիկ գիւղի` Թելառնելի կոտորածն ու թալանը: Գիւղի եկեղեցին աւերել եւ բռնագրաւել են 14 հազար անասուն: Մի շարք թալանի գործողութիւններ են գրանցուել Սեբաստիայում եւ Մուշում: Որոշ վայրերում հայկական գիւղերի պաշտպանութեամբ են հանդէս եկել: Կա՛մ գումար վերցնելով, կա՛մ էլ կոտորածները փոքր ինչ յետաձգելով այն վայրերում, որտեղ օսմանեան դիւանակալութիւնը օտարերկրեայ միջամտութեան տագնապով էր համակուել, իրօք հրամանները կեանքի կոչելով պաշտպանել են: Հետեւաբար 1895-1896 թթ. կոտորածների ժամանակ համիտեան գնդերի դերը շատ աւելի սահմանափակ է, քան կարծում ենք, սակայն 1894 թ. Սասունում տեղի ունեցած կոտորածի ժամանակ կանոնաւոր բանակի հետ միասին էական դեր են խաղացել: Պէտք է ասել, որ շրջանի համար համիտեան գնդերի դերը լոկ կոտորածներով չի սահմանափակւում, քանի որ նրանք մասնակցութիւն են ունեցել նաեւ շրջանի հողերի բռնազաւթման, թալանի եւ նման հարստահարութիւնների դէպքերում: Միեւնոյն ժամանակ, չնայած այսքան անիրաւութիւններին, մնացել են անպատիժ:

Հ.- Լա՛ւ, այդ դէպքում ովքե՞ր են այս կոտորածների միւս մեղաւորները:

Պ.- Համիտեան գնդերի հետ մէկտեղ շրջանի քրտերէն եւ թուրքերէն խօսող քաղաքացիական բնակչութիւնը, մեծատունները, շէյխերը, աշիրեթների առաջնորդները եւ, շատ սահմանափակ դէպքերում, ոստիկանութիւնն ու ոստիկան զօրքերը: Օրինակ` Ուրֆայում զինուորներն անձամբ մասնակցել են թալանին: 5-րդ բանակային զօրամասի հրամանատարը խոստովանել է, որ հայկական թաղամասերը պաշտպանել պարտաւորուած զինուորները քանի որ տեղացի էին, գիշերները գնում եւ մտնում էին տներն ու թալանում: Նա կենտրոնին գրում է, որ պէտք է այս զինուորներին այլ տեղ տանել: Զինուորների դերն առաջին գծում է նաեւ Էրզրումում ու Տիգրանակերտում: Այստեղ հայերի վրայ կրակ են բացել եւ յետոյ էլ արդարացել, թէ` «հասարակ բնակիչներին յեղափոխականներից չենք կարողանում տարբերակել»: Հայերին սպաննող զինուած յանցագործների թուին պէտք է դասել նաեւ նրանց համախմբողներին: Շատ ակնյայտ է նաեւ ղեկավար դասի դերը: Օրինակ` Պիթլիսում վիլայեթի ղեկավար խորհրդի անդամներն անձամբ մասնակցել են կոտորածին ու թալանին: Գայմագամները որոշ վայրեր անուշադրութեան մատնելու, կոտորածները չքաջալերելու համար մեղադրուել են:

Հ.- Այդ կոտորածների հետեւանքը թուային առումով ինչպիսի՞ն էր:

Պ.- Օսմանեան դիւանակալների ներկայացրած թիւը շատ աւելի նուազ է, քան իրականում կար, իսկ արեւմտեան հիւպատոսների թիւը, մարդասիրական աջակցութիւն ցուցաբերելու հնարաւորութիւն ապահովելու համար, աւելի շատ է: Հետեւաբար, յստակ թուի չենք տիրապետում, քանի որ կան նաեւ պնդումներ, որոնց համաձայն մահացածներին շատ շուտ են թաղել: Ենթադրում եմ, որ սպաննուած հայերի թիւը 1895-96 թթ. 50 հազարից քիչ չէ, իսկ 1894 թ. մօտ 15,000-ի է հասնում: Բացի այդ` այս շրջանում կրօնափոխութեան ալիք կայ, որը, սակայն, այս կոտորածներով չէ, որ սկսուել է: Անհնար է հաշուել, քանի որ օսմանեան պետական մարմինները, որոնք գիտէին, որ կրօնափոխ եղած հայերը ճնշման սպառնալիքի տակ են կայացրել այդ որոշումը, դիւանագիտական ճգնաժամի պատճառ չդառնալու համար կրօնափոխութիւնը չեն ընդունում: Կրկին ենթադրում եմ, որ այս թիւը 30 հազարից քիչ չէ: Միեւնոյն ժամանակ զգալի թուով աղջիկ փախցնելու եւ բռնութեամբ ամուսնանալու դէպքեր են տեղի ունեցել: Մեծ գաղթի ալիքը եւս կարելի է դասել կոտորածների արդիւնքների շարքին: Ըստ օսմանեան մարմինների` 25-30 հազար հայ Ռուսաստան է գնացել: Ըստ իս, 50-60 հազար հայ գնացել է Ռուսաստան, Միացեալ Նահանգներ եւ այլ երկրներ: Այս վիճակագրութիւնը հետագայում յետ վերադարձած հայերի համար մեծ հողային խնդիրներ է առաջացել: Հայերը փորձել են յետ ստանալ իրենց իւրացուած հողերն ու ունեցուածքը, սակայն Ապտիւլ Համիտի վարչակարգն այս ուղղութեամբ որեւէ քայլ չի կատարել: Բացի այդ, այս կոտորածները «շարքային» հայերին էլ են «արմատական» դարձրել: Ստիպել են հաւատալ, որ Օսմանեան կայսրութիւնում նրանց ճակատագիրն անորոշ է:

Հ.- Կոտորածները տարածուե՞լ են շրջանում բնակուող միւս ոչ մուսուլմանների վրայ:

Պ.- Այո՛, սակայն բռնութեան հիմնական նպատակը առաքելական հայերն են եղել: Օրինակ` Արաբկիրում, որտեղ 500 հայ եւ 8 մուսուլման կար, 200 հոգուց բաղկացած կաթոլիկ հայերի վրայ չեն տարածուել: Նրանք Բարձր Դրանը անգամ շնորհակալական նամակ են ուղարկել առ այն, որ կաթոլիկ հայերը կոտորածների չեն ենթարկուել, սակայն այնպիսի վայրերում, ինչպիսիք են` Խարբերդը, Տիգրանակերտն ու Ուրֆան, կոտորածների թիրախ են դարձել նաեւ միւս ոչ մուսուլման համայնքները: Տիգրանակերտում մօտ 100 ասորի է սպաննուել: Անգամ ասորիների պատրիարքի փոխանորդն ասելով, թէ իր համայնքի անդամներին հայ համարելով սպաննում են, խնդրել է Բարձր Դրանը, որ հրովարտակ հրապարակի, որտեղ ասուի, որ իրենք սուլթանի հաւատարիմ ծառաներն են: Որպէսզի սխալմունքի զոհ չդառնան, ասորիներն իրենց կրպակների վրայ կախում էին «մենք ասորի ենք» գրութիւն:

Հայերի Արիւնը Գին Չունի, Ունեցուածքը Իւրացնելն
Ու Պատիւն Արատաւորելը Շարիաթով Թոյլատրելի Է

Հ.- Կոտորածների ժամանակ ի՞նչ դեր ունէին հոգեւորականները:

Պ.- Ամբոխի համախմբման հարցում բազմաթիւ վայրերում ազդեցիկ են եղել: 1895 թ. կոտորածները բազմաթիւ քաղաքներում սկսուել են ուրբաթ օրը, յատկապէս ուրբաթ օրուայ նամազից յետոյ: Անգամ օտար աղբիւրները պնդում են, թէ ուրբաթ օրուայ նամազի քարոզի ժամանակ հաւատացեալներին ներշնչել են, թէ հայի արիւն թափելը հալալ է: Թէեւ յստակ ապացոյցներ չկան, որ քարոզների ժամանակ խորհուրդ են տուել հայերին սպաննել, սակայն օսմանեան աղբիւրները մատնանշում են, որ Պիթլիսում Էմին անունով շատ ազդեցիկ մի շէյխ «ֆեթուա» (կրօնական հրաման) է արձակել, ըստ որի` «հայերի արիւնը գին չունի, ունեցուածքը իւրացնելն ու պատիւն արատաւորելը շարիաթով թոյլատրելի է»: Չնայած դրան` օսմանեան մարմինները մուսուլմաններին չզայրացնելու համար տատանուել են այս շէյխին ձերբակալելու կամ էլ աքսորելու հարցում: Նրան իբր յատուկ պաշտօն տալով` Պոլիս տանել են ցանկացել, սակայն անգամ սա չեն կարողացել գլուխ բերել:

Հայերին Փրկած Ֆիհհամ Փաշային Պաշտօնանկ Են Արել

Հ.- Կոտորածների ժամանակ հայերին փրկողներ եղե՞լ են:

Պ.- Բնականաբար կան: 1895 թ. նոյեմբերի 15-ին` երեկոյեան կողմ, մօտ 500 մուսուլման, կացնով, դանակով եւ մահակով զինուած, հաւաքւում են շուկայի մերձակայքում եւ ասելով, թէ լսել են` իբր հայ հրոսակները յարձակուելու են գիւղաքաղաքի վրայ, փորձել են յարձակուել հայերի վրայ, սակայն Մուշի «մութասարրըֆ» Ֆիհհամ փաշան անմիջապէս մի խումբ զինուորների եւ հրամանատարի հետ միասին անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում եւ ցրում ամբոխը: Մի քանի ամիս անց պաշտօնանկ է արւում` այլեւս պետական պաշտօն չվարելու պայմանով: Մալաթիայի կոտորածներից մազապուրծ փրկուած հայ կանայք ապաստան են գտել մուսուլման ընտանիքներում: Այնթապում Հաճի Հիւսէյն աղան Ամերիկեան հիւանդանոցի բժշկի հանդէպ ունեցած կեանքը փրկելու պարտքի զգացումով հիւանդանոցի առաջ կանգնում եւ չի թողում, որպէսզի ամբոխը յարձակուի:

«Ակօս»

Թարգմանեց
ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ

«Ակունք»

 

Share this Article
CATEGORIES