Թուրք Բանաստեղծ. Խիղճը Կարող Է Զարգանալ Կարեկցանքի Միջոցով

«ՓԱՆՈՐԱՄԱ»

Սերքան Էնկին

Սերքան Էնկին

«Փէյփըր պոթս օֆ փոյէթրի» կայքը տպագրել է թուրք բանաստեղծ Սերքան Էնկինի հեղինակած յօդուածը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ:

«Ես հաւատում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդութիւնը համընդհանուր պայքարի միջոցով կարող է ոչնչացնել ատելութիւնը:

Ես փորձում եմ Հայոց ցեղասպանութեան մասին իմ յօդուածների միջոցով իրազեկութիւնը բարձրացնել յատկապէս թուրք երիտասարդութեան շրջանում, ինչպէս նաեւ փորձում եմ տեղեկացնել այլ ցեղասպանութիւնների մասին, որոնք իրականացրել են մեր թուրք նախնիները, որպէսզի նման սարսափելի յանցագործութիւններ էլ երբեք տեղի չունենան:

Ես փորձում եմ փոխել Թուրքիայում հայերի եւ յոյների հարցում սխալ ընկալումը, որը հիմնուած է պաշտօնական սուտ գաղափարախօսութեան վրայ: Ես փորձում եմ թուրք երիտասարդութեանը ցոյց տալ մեր պատմութեան սարսափելի իրողութիւնը:

Ես հաւատում եմ, որ միայն խիղճը կարող է փրկել աշխարհը, ոչ թէ մեծ գաղափարները, մեծ առաջնորդները, շատ փողը, շատ զէնքերը, քանի որ ոչ մի խիստ օրէնք չի կարող աւելի հզօր լինել, քան խիղճը: Խիղճը կարող է զարգանալ կարեկցանքի միջոցով, իսկ կարեկցանքն էլ սկսւում է այլ մարդկանց ցաւը ճանաչելուց: Մենք բոլորս պէտք է կարեկցանքի զգացումը զարգացնենք բոլոր այն մարդկանց հանդէպ, ովքեր տառապում են ճնշուածութիւնից, անտեսումից, շահագործումից, չարաշահումից:

Ես, յանուն մարդկութեան եւ մարդկային խղճի, ոչ միայն ներողութիւն եմ խնդրում հայերից, ասորիներից, Պոնտոսի յոյներից ցեղասպանութիւնների համար, այլ ներողութիւն եմ խնդրում Ռուանտայի, Պոսնիայի, Քամպոտիայի, Տարֆուրի, Ողջակիզումի եւ այլ սարսափելի ցեղասպանութիւնների համար, որոնք իրականացուել են անխիղճ ոճրագործների կողմից», գրել է վերջինս:

 

 

Share this Article
CATEGORIES