ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԵՐԿԽՕՍՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՂԱՏԱԿԸ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Վերջին շրջանում մամուլում (թէ՛ տեղական, թէ՛ հարեւան երկրների) կրկին աշխուժացաւ Թուրքիայի եւ Վրաստանի տարածքում գտնուող մշակութային յուշարձանների անմխիթար վիճակի եւ դրանց վերականգնման անհրաժեշտութեան խնդիրը: Հարցը նախապատմութիւն ունի. դեռեւս 2007թ. Թուրքիայի ու Վրաստանի միջեւ բանակցութիւններ ընթացան այս խնդիրների շուրջ, բայց կողմերը որեւէ համաձայնութեան չեկան: Խօսքը Վրաստանի տարածքում իսլամական հոգեւոր կառոյցների եւ Թուրքիայի տարածքում քրիստոնէական յուշարձանների մասին է: Նախորդ բանակցութիւնները տապալուեցին մասնաւորապէս վրաց պատրիարք Իլիա 2-րդի ջանքերի եւ դիմադրութեան արդիւնքում: Շնորհիւ հասարակութեան շրջանում ունեցած բարձր հեղինակութեան (հարցումների արդիւնքով` բնակչութեան մօտ 90 առ հարիւրը վստահում է Վրաց ուղղափառ եկեղեցուն եւ անձամբ պատրիարքին) վերջինիս յաջողուեց փաստացի վեթօ դնել եւ կասեցնել վերջնական համաձայնագրի ստորագրումը: Վրացական կողմի դիմադրութեան հիմնական պատճառն այն մտավախութիւնն էր, որ համաձայնութեան արդիւնքում Վրաստանում կ՛ուժեղանայ իսլամական գործօնը եւ, բնականաբար, նաեւ` Թուրքիայի ազդեցութիւնը երկրում: Իսկ թէ դա ինչ հետեւանքներ կ՛ունենայ` վրաց յատկապէս հոգեւոր վերնախաւը բաւական քաջ գիտակցում է: Ինչ վերաբերում է երկրի քաղաքական վերնախաւին, վերջինս, հաւանաբար, փորձում է խուսանաւել մի կողմից` թուրքական պահանջների, միւս կողմից` վրաց հասարակութեան ու հոգեւոր իշխանութիւնների պահանջների միջեւ: Ակնյայտ է դառնում, որ երկրի քաղաքական իշխանութեան զիջողականութիւնը պայմանաւորուած է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցութեամբ, Վրաստանի տնտեսութիւնում թուրքական ներդրումների ծաւալի անընդհատական աճով, ինչո՞ւ չէ` նաեւ այս խնդրում կարճաժամկէտ մարտավարութեան որդեգրմամբ: Վրաստանի իշխանութիւնների կողմից երկարաժամկէտ մարտավարութեան որդեգրման պարագայում իրենց համար առնուազն ակնյայտ կը լինէր Թուրքիայի նկրտումներին հակազդելու անհրաժեշտութիւնն արդէն այսօր, միեւնոյն ժամանակ` զիջողականութեան կործանարար հետեւանքները երկրի տարածքային ամբողջականութեան համար:

Չնայած այս ամէնին, անաւարտ բանակցութիւնների վերակենդանացումը հրահրուեց հէնց վրացական կողմի ջանքերի շնորհիւ: Այսպէս. 2010թ. ապրիլին Վրաստանի արտաքին գործերի նախարար Կ. Վաշածէն Թուրքիա այցի ժամանակ յիշատակեց անաւարտ բանակցութիւնների մասին եւ յոյս յայտնեց, որ կողմերին կը յաջողուի առաջիկայում այս հարցերի շուրջ յստակ համաձայնութեան գալ: Վրացական կողմն իր աշխուժ քայլերը սեփական ժողովրդին բացատրում է նրանով, որ Թուրքիայի տարածքում, այսպէս կոչուած, Թաօ-Քլարճեթիի «վրացական» եկեղեցիները գտնւում են անմխիթար վիճակում, եւ հարցի լուծումը հրատապութիւն է պահանջում: Նշենք, որ խօսքը Թուրքիայի տարածքում գտնուող չորս` Օշկվանք, Իշխան, Խանձայ եւ Օտխտայ միջնադարեան յուշարձանների վերականգնման մասին է: Վրացական կողմն ակնկալում է, որ դրանք յանձնուեն Վրաստանին` վերականգնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով: Այդ պահանջը փաստարկում են` վկայակոչելով հայկական Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման փաստը, երբ դա կատարուեց առանց իրական տէրերի` հայկական կողմի մասնակցութեան, ինչն էլ բացասական հետեւանքներ ունեցաւ: Իր հերթին, Թուրքիան նման զիջումների դիմաց Վրաստանից պահանջում է համաձայնութիւն Վրաստանի տարածքում վերականգնելու երեք մզկիթ` Սամցխէ-Ջաւախքում, Ախալցխայում եւ Քոպուլեթիում, նաեւ մէկ նոր մզկիթ եւ թուրքական բաղնիք կառուցելու Պաթումում:

Հետաքրքրականն այն է, որ բանակցութիւնների մանրամասնութիւնները գաղտնի են պահւում վրաց հասարակութիւնից: Առաջին հանրային յայտարարութիւնը հնչեց Մ. Սահակաշվիլու կողմից երկրի բնակչութեան հետ ուղիղ հեռուստակամրջի ընթացքում` սոյն թուականի յունուարի 26-ին: Երկրի նախագահն իր ելոյթում նաեւ նշել էր, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, եւ այնտեղ բնակուող իսլամականներն իրաւունք ունեն հետեւելու իրենց ազգային աւանդոյթներին: Իսկ Վրաստանի մշակոյթի նախարար Ն. Ռուրուան այս տարուայ սկզբին յայտարարեց, որ պայմանները կը հրապարակուեն արձանագրութեան ստորագրումից յետոյ միայն: Վրացական իշխանութիւններն, օգտագործելով պետական քարոզչամեքենան, տարածում են այն տեսակէտը, թէ հարցը միայն մշակութային է եւ ամենեւին էլ կրօնական բնոյթ չունի: Ոչ միայն բանակցութիւնների գաղտնիութեան, այլեւ մամուլում յայտնուած կցկտուր տեղեկութիւնների բովանդակութիւնը խիստ դժգոհութիւն առաջացրեց ոչ միայն Վրաց ուղղափառ եկեղեցու, այլեւ վրաց հասարակութեան շրջանում: Հաշուի առնելով անցեալի ձախողուած փորձը` Վրաստանի աշխարհիկ իշխանութիւնը, նախագահ Մ. Սահակաշվիլու ղեկավարութեամբ, փաստօրէն, այս անգամ փորձում է շրջանցել հոգեւոր իշխանութիւններին եւ նրանց թիկունքում պայմանաւորուել հարեւան թուրքերի հետ: Ինչպէս իրաւացիօրէն նշում է վրացի փորձագէտ Կ. Նոտիան, այս խնդիրը հակասութիւնների անկիւնաքարն է Վրաց ուղղափառ եկեղեցու եւ աշխարհիկ իշխանութիւնների միջեւ ընթացող հակասութիւնների:

Այս բանակցութիւնների կարեւորութիւնն այն է, որ քննարկուող խնդիրը, լինելով միայն առաջին հայեացքից մշակութային, իրականում ոչ միայն կրօնական է, այլ նաեւ` քաղաքական:

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ`
ՎՐԱՑԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՏԵՍԱՆԿԻՒՆԻՑ

Թուրքիայի տարածքում գտնուող Օշկվանք, Իշխան, Խանձայ եւ Օտխտայ միջնադարեան յուշարձանները թուրքական կողմն, ըստ էութեան, պատրաստ է յանձնել վրացիներին` դրանք վերականգնելու նպատակով: Բայց խնդիրն այն է, որ նշուած եկեղեցիներից երկուսը` Իշխանը եւ Օշկվանքը, հայ քաղկեդոնական մշակութային յուշարձաններ են: Դրանք վրացական մշակութային ժառանգութեան մաս չեն կազմում:

Ներկայացնենք ճարտարապետութեան դոկտոր Տ. Մարութեանի «Հայ դասական ճարտարապետութեան ակունքներում» (2003թ.) աշխատութեան «Տայքի ճարտարապետական յուշարձանները» գլխից մի քանի հատուած. «Տայքը եւ նրա միջնադարեան յուշարձանները, այդ թւում յատկապէս Է. դարում կառուցուած Իշխանը եւ Բանակը, Ժ. դարում կառուցուած բարձրակարգ յուշարձաններ Խախուվանքը, Օշկվանքն ու բազմաթիւ կոթողներ ոչ թէ վրացական են, այլ` հայկական, հայ ստեղծագործական մտքի արգասիք. այստեղ վիճարկելու հարց չկայ»: Այնուհետեւ Տ. Մարութեանը բազմաթիւ աղբիւրների հիման վրայ հետեւողականօրէն ապացուցում է իր նշած տեսակէտը: Օրինակ, բաւական է միայն յիշատակել վրացական աղբիւրների հիման վրայ Ն. Մառի տեղեկութիւնը, որը յիշատակուած է նոյն գրքում. «Թ. եւ նոյնիսկ Ժ. դարում վրաց վանականները Տայքում եւ Կղարջքում շրջապատուած էին թէպէտեւ նոյն հաւատքն ունեցող, սակայն այլազգի` հայ բնակչութեամբ»: Մարութեանը նշում է, որ «մինչեւ ԺԱ. դարի վերջին քառորդը Տայքում բնակւում էին քաղկեդոնական հայեր եւ շրջանն էլ կազմում էր Մեծ Հայքի օրկանական մասը»:

Հետեւաբար, վրացական ու թուրքական կողմերը փաստացի բանակցում են մասամբ նաեւ Թուրքիայի հայկական մշակութային ժառանգութեան շուրջ:

Վրացական կողմն այդ եկեղեցիները համարում է վրացական` հիմնուելով միայն յուշարձանների վրայ եղած արձանագրութիւնների լեզուի` վրացերէնի վրայ: Արձանագրութիւնների վրացերէն լեզուն բացատրւում է նրանով, որ եկեղեցական արարողութիւններն այդ հատուածի քաղկեդոնական հայերի շրջանում տարւում էին վրացերէն: Հասկանալի է, որ հայ համայնքի համար կառուցուած այդ նոյն քաղկեդոնական եկեղեցիներում էլ արձանագրութիւնները պիտի գրուէին վրացերէն:

Այսպիսով, թուրք-վրացական այս համաձայնութիւնը բխում է վրացական շահերից` այնքանով, որ վերջիններիս յաջողւում է նշուած յուշարձաններն ի լուր աշխարհի` անվերապահօրէն հռչակել վրացական, ինչն էլ տեղաւորւում է վրացական մշակութային եւ պատմական նկրտումների շրջանակներում: Բայց վրացական շահերն ու ձեռքբերումները, թերեւս, այսքանով էլ սահմանափակւում են: Կարեւոր է նշել այն հանգամանքը, որ եթէ Թուրքիայի տարածքում, այնուամենայնիւ, նշուած յուշարձանները վերականգնուեն որպէս վրացական, միեւնոյն է` դրանցում եկեղեցական արարողութիւն չի ընթանալու այն պարզ պատճառով, որ այդ շրջաններում Վրաց ուղղափառ եկեղեցու հետեւորդներ չկան: Այսինքն վերականգնուած «վրացական» եկեղեցիները Թուրքիայում կը ստանան ընդամէնը մշակութային յուշարձանների կարգավիճակ, այլ ոչ` գործող կրօնական հաստատութեան: Իսկ այդ դէպքում Վրաստանը որեւէ կերպ կրօնական ազդեցութեան տարածման եւ քաղաքական ներթափանցման հնարաւորութիւն չի ունենայ: Հետեւաբար վրացական կողմի համար նշուած յուշարձանների վերականգնումը երկարաժամկէտ առումով որեւէ քաղաքական ազդեցութիւն չի կարող ունենալ: Դրանք կը վերականգնուեն եւ չգործելու դէպքում` շատ արագ մոռացութեան կը մատնուեն:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՏԵՍԱՆԿԻՒՆԻՑ

Բոլորովին այլ իրավիճակ է Թուրքիայի համար: Այսպէս, ըստ համաձայնագրի քննարկուող տարբերակի, Թուրքիան իրաւունք է ստանալու մզկիթներ վերականգնել Սամցխէ-Ջաւախքում, Ախալցխայում եւ Քոպուլեթիում եւ կառուցել մէկ մզկիթ ու մէկ բաղնիք Պաթումում: Առաւելապէս կարեւոր է այն հանգամանքը, որ դրանք լինելու են գործող կրօնական կառոյցներ: Ահա այս կէտն է, որ Վրաց ուղղափառ եկեղեցու դժգոհութիւնն է առաջացնում: Իսլամական կրօնական հաստատութիւնների գործունէութիւնը, պարզ է, ծառայելու է տեղում իսլամական տարրի աշխուժացմանը իսլամական աշխարհայեացքի դիրքերի ամրապնդմանը, ինչո՞ւ չէ, նաեւ հոգեորսութեան տարածմանն արդէն քրիստոնեաների շրջանում: Իսկ եթէ այդ հաստատութիւնները նիւթական աշխուժ հոսքեր ունենան Թուրքիայից, ապա հասկանալի է, թէ ինչ ռումբ է տեղադրուելու Վրաստանի տարածքում: Վրաց հասարակութեան մի ստուար զանգուած, որն ընդդիմանում է այս հնարաւոր բեմագրութեան, լուրջ մտավախութիւն ունի, որ արդիւնքում կրօնական հողի վրայ կը ստեղծուի որոշակի լարուածութիւն երկրում բնակուող իսլամականների եւ քրիստոնեաների միջեւ: Սա է պատճառը, որ վրաց պատրիարքութիւնն արդէն երկու անգամ` սոյն թուականի յունուարի 18-ին եւ փետրուարի 4-ին, հանդէս է եկել յայտարարութիւններով, որոնցում անընդունելի է համարել նման պայմաններով արձանագրութեան ստորագրումը:

Վրացական կողմի համար առաւել վտանգաւոր է ընկալւում Պաթումում` Աճարիայի Ինքնավարութեան մայրաքաղաքում նոր մզկիթի կառուցումը:

Ներկայումս Աճարիայի բնակչութեան 30 առ հարիւրը իսլամադաւան է (բնակչութեան թիւը` 376,016, որից 115,161-ը դաւանում է իսլամ): Դրանք աճարներն են, որոնք յայտնի են որպէս իսլամականութիւն ընդունած վրացիներ: Ներկայումս վրացական ինքնութիւնը պահպանել են շնորհիւ հիմնականում վրացերէն լեզուի, մշակոյթի, վրացական շրջապատի, Վրաստանի քաղաքացիութեան: Անցեալում տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմներում Աճարիայի իսլամականներն աւանդաբար թուրքամէտ դիրքորոշում են ունեցել: Այսպէս, Ղրիմի պատերազմի ընթացքում 1853-1856թթ. աճարները մեծ օգնութիւն են ցուցաբերել թուրքական զօրքերին, իսկ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմին թուրքական զօրքի բարձրաստիճան սպայական կազմում ներգրաւուածների հետ մէկտեղ` 6,000-10,000 աճարներ զինուորագրուել են թուրքական բանակին: Իսկ երբ տարածքը Պերլինի վեհաժողովի որոշմամբ անցաւ Ռուսաստանին, բազմաթիւ աճարներ տեղափոխուեցին Օսմանեան կայսրութեան տարածք (մուհաճիրներ): Մի մասն էլ մնաց Ռուսական կայսրութեան տարածքում, որտեղ ձեւաւորեց «Վրիժառուներ» ահաբեկչական խումբը: Խմբի գործունէութեան թիրախը ռուսական սպաներն ու պաշտօնեաներն էին, հիմնականում ֆինանսաւորւում էր Օսմանեան կայսրութիւնից եւ Բրիտանիայից:

Հետագայում, 19-րդ դարի վերջերին – 20-րդ դարի սկզբներին, ազգայնականութեան վերելքի հետ մէկտեղ աճարների շրջանում ուժեղացաւ թուրքամէտ դիրքորոշումը, ստեղծուեց համաթուրքական եւ համաիսլամական կուսակցութիւն, որն իր նպատակն էր հռչակել միաւորուել Թուրքիայի հետ: Միաժամանակ աշխուժացան առաւել տեղայնացուած ազգայնական տրամադրութիւնները, որոնք հետապնդում էին անկախ Աճարիայի ստեղծման գաղափարը:

Այնուամենայնիւ, Վրաստանի անկախ հանրապետութեան հռչակումից յետոյ, 1918թ. «Աճարիայի ժողովրդական քոնկրեսը» Պաթումում ընդունեց վրացամէտ դիրքորոշում:

Առաջներում նրանք կազմում էին 70 առ հարիւր, բայց վերջին տարիներին Վրաց ուղղափառ եկեղեցու ջանքերի շնորհիւ տեղի ունեցաւ մի ստուար զանգուածի վերաքրիստոնէացում: Այժմ կան բազմաթիւ ընտանիքներ, որոնցում աւագ սերնդի ներկայացուցիչները իսլամական են, իսկ կրտսեր սերնդինը` քրիստոնեայ: Ա. Ապաշիծէի օրօք Աճարիան գրեթէ լիովին անկախ էր Թիֆլիսից, բայց Մ. Սահակաշվիլուն յաջողուեց վերացնել փաստացի կիսանկախ դրութիւնը եւ հաստատել պաշտօնական Թիֆլիսի իշխանութիւնը: Այնուամենայնիւ, Աճարիան շարունակում է պահպանել ինքնավար հանրապետութեան կարգավիճակը Վրաստանի կազմում, որը երաշխաւորուած է 1920թ. Մոսկուայի պայմանագրով: Նշուած պայմանագրի 6-րդ կէտով էլ Թուրքիան եւս Աճարիայում բնակուող իսլամական մեծամասնութեան ինքնավարութեան երաշխաւորն է: Այս հանգամանքը, նաեւ իսլամական զանգուածի առկայութիւնն Աճարիայում հիմք են ծառայում այդ տարածքի նկատմամբ ժամանակ առ ժամանակ դրսեւորուող թուրքական նկրտումների համար: Թուրքական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում դրանք առաւել անթաքոյց դրսեւորումներ ստացան յատկապէս 2008թ. վրաց-օսական պատերազմից յետոյ: Այսպէս, թուրքական քաղաքական, տնտեսական եւ հասարակական հետազօտութիւնների հիմնադրամի (SETA) փորձագէտ Հասան Ալի Քարասարը պատերազմից անմիջապէս յետոյ հանդէս եկաւ ծաւալուն վերլուծութեամբ, որտեղ կոչ էր անում Թուրքիայի իշխանութիւններին` աշխուժացնել արտաքին քաղաքականութեան վրացական ուղղութիւնը` վերաձեւաւորելով այն. մասնաւորապէս, թիֆլիսակենտրոն մօտեցումից անցում կատարել բազմաշառաւիղ մարտավարութեան եւ ուղիղ կապեր հաստատել Աճարիայի, Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի հետ: Փորձագէտը շեշտում էր, որ Թուրքիան տարածաշրջան է ներքաշուած պատմականօրէն եւ ժողովրդագրական առումով (նկատի ունենալով իսլամական բնակչութեանը): Նա ցաւով է յիշատակում այն փաստը, որ 2004թ. դէպքերից յետոյ Մ. Սահակաշվիլու խաչը (նկատի ունի Վրաստանի նոր դրօշը) ներդրուեց Աճարիայի դրօշի վրայ, ինչին թուրքական մամուլը բաւական խիստ արձագանգեց: Յատկապէս իշխանութիւններին մօտ կանգնած հատուածը մեղադրում էր Մ. Սահակաշվիլուն, որոնցում վերջինիս անուանում էին ազգայնամոլ, անպատասխանատու անձ, ով առանց որեւէ զսպուածութեան օգտագործում է ազգայնական եւ կրօնական խորհրդանիշերը: Այսպէս. թուրք վերլուծաբաններից մէկի կարծիքով, «ներկայիս Վրաստանի գլխաւոր խնդիրը ոչ քրիստոնեայ բնակչութեան լուսանցքայնացումն է, քանի որ այս նոր պետութիւնը հիմնուած է անցեալի եւ քրիստոնէական արժէքների վրայ»:

Ներկայումս վրաց-թուրքական բանակցութիւնների սեղանին դրուած համաձայնագրի այս կերպ ստորագրումը Աճարիայում բնակուող իսլամականների շրջանում իսլամի եւ Թուրքիայի ազդեցութեան ուժեղացմանը միտուած նշանակալից քայլ կը դառնայ (նշենք, որ Աճարիայի իսլամականները սիւննի ուղղութեան հետեւորդներ են, ինչը թուրքական կողմի համար եւս ձեռնտու գործօն է):

Նոյն տրամաբանութեամբ պէտք է մօտենալ նաեւ մզկիթների վերանորոգման խնդրին Սամցխէ-Ջաւախքում, Ախալցխայում եւ Քոպուլեթիում: Դրանք բոլորն էլ ծառայելու են տեղում իսլամի դիրքերի ուժեղացմանը, քանի որ կը լինեն գործող կրօնական հաստատութիւններ, ինչն ամենեւին էլ Վրաստանի կողմից համարժէք զիջում չէ` Թուրքիայում վերականգնուող եւ չգործող յուշարձանների դիմաց:

ԱՄՓՈՓՈՒՄ

Վրաստանի համար Տայքի հայկական եկեղեցիների վերականգնման գործի ստանձնումը եւ դրանով իսկ այդ եկեղեցիների, փաստօրէն, վրացական մշակութային ժառանգութեան մաս հռչակումն առաւելապէս մշակութային ձեռքբերում է, քանի որ այդ եկեղեցիները պէտք է ունենան ոչ թէ գործող եկեղեցու, այլ յուշարձանի կարգավիճակ: Բայց այդ զիջման դիմաց Թուրքիան ստանում է Վրաստանի խոցելի շրջաններում 4 գործող մզկիթ, ինչը Թուրքիայի խոշոր քաղաքական յաղթանակն է եւ Վրաստանի նոյնքան խոշոր քաղաքական պարտութիւնը:

Դժուար չէ կանխատեսել, որ այդ մզկիթների գործունէութեան արդիւնքում Վրաստանի տարածքում կ՛ուժեղանան իսլամի դիրքերը: Ուստի, իբրեւ «մշակութային» ձեռնարկ ներկայացուող այս գործարքն ունի նաեւ ակնյայտ քաղաքական նպատակներ: Վրաց պատրիարքութեան դիմադրութիւնն այս համաձայնագրին բխում է ոչ միայն վրացական, այլ նաեւ հայկական շահերից:

Եթէ համաձայնագիրը ստորագրուի այն տեսքով, որն այսօր դրուած է բանակցութիւնների սեղանին, ապա ակնյայտ է, որ ամենաշահեկան վիճակում կը յայտնուի Թուրքիան: Թուրքերը ճշգրիտ հաշուարկ են կատարել. մի կողմից` հայ քաղկեդոնական եկեղեցիների յանձնումը վրացիներին նոր լարուածութիւն կ՛առաջացնի առանց այն էլ բարդ հայ-վրացական յարաբերութիւններում, որոնք բաւական սրուած են յատկապէս կրօնական եւ եկեղեցիների հարցերի շուրջ: Բայց թուրքական ճշգրիտ հաշուարկը բնաւ այսքանով չի սահմանափակւում: Միւս կողմից` այն զգալիօրէն կ՛ուժեղացնի թուրքական ազդեցութիւնը Վրաստանի ներքաղաքական կեանքում: Չէ՞ որ Վրաստանում գործող մզկիթները, վերածուելով Թուրքիայի նուաճողական քաղաքականութեան կարեւորագոյն զէնքի, սպառնալու են վրացական ինքնութեանն ու երկրի տարածքային ամբողջականութեանը:

ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական
կենտրոնի փորձագէտ, պ. գ. թ.

«Կլոպուս Էներկեթիք եւ տարածաշրջանային
անվտանգութիւն», թիւ 3, 2011

Share this Article
CATEGORIES