2014-ի Մոնտիալ. Արժանթին Դժուարութեամբ Յաղթեց Իրանին (1 – 0). Գերմանիա – Ղանա` 2 – 2. Այսօր Տեղի Կ՛ունենան Ա. Եւ Բ. Խմբակներուն Վերջին Մրցումները
Պրազիլի մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի մրցաշարքին ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան շարք մը ճակատումներ:
Զ. խմբակին մաս կազմող Արժանթին, որ արձանագրեց մրցաշարքի իր երկրորդ յաղթանակը, ապահովեց 1-16-րդ հանգրուանի իր տոմսը, երբ քիչ մը դժուարութեամբ 1 – 0 արդիւնքով պարտութեան մատնեց Իրանը` շուրջ 58 հազար համակիրներու ներկայութեան:

Լիոնիլ Մեսսի
Արժանթին, որ գնդակին տիրապետեց 70 տոկոսով, իր միակ կոլը նշանակեց մրցումին կորսուած վայրկեաններուն (91-րդ), երբ մեծ քառակուսիէն դուրս Լիոնիլ Մեսսի պարտութեան մատնեց մրցակիցին բերդապահը:
Իրան կատարեց 14 ֆաուլ, մինչ Արժանթին` 8:
Օրուան իրաւարարն էր Միլորատ Մազիչ (Սերպիա):
Նոյն խմբակին մաս կազմող Նիկերիա կարեւոր քայլ մը առաւ դէպի յաջորդ հանգրուան, երբ 1 – 0 արդիւնքով յաղթեց Պոսնիոյ: Անիկա այժմ ունի 4 կէտ եւ երկու կէտով ետ կը մնայ Արժանթինէն: Իրան 1 կէտով կը գրաւէ 3-րդ դիրքը:
40 հազար հանդիսատեսներու ներկայութեան Փիթըր Օտեմուինկի նշանակեց Նիկերիոյ կոլը (29-րդ):

Էններ Վալենսիա
Ե. խմբակին մաս կազմող Էքուատոր արձանագրեց մրցաշարքի իր առաջին յաղթանակը` 2 – 1 արդիւնքով յաղթելով Հոնտիւրասի: Էններ Վալենսիա նշանակեց Էքուատորի երկու կոլերը (34-րդ եւ 65-րդ):
Է. խմբակին մէջ, բաւական հետաքրքրական եւ տաք ճակատումէ մը ետք աւարտեցաւ Գերմանիա-Ղանա մրցումը` 2 – 2 հաւասարութեամբ:

Գերմանիա – Ղանա մրցումէն
Ղանայի մարզիկները մրցումին արդիւնքէն այդքան ալ գոհ չմնացին, որովհետեւ միայն մէկ կէտով շատ չնչին յոյսեր ունին հասնելու յաջորդ հանգրուան:

Մարիօ Կէօթցէ
Շուրջ 60 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Մարիօ Կէօթցէ բացաւ մրցումին հաշիւը (51-րդ)` ի նպաստ Գերմանիոյ: Սակայն երեք վայրկեան ետք Անտրէ Էտու հաւասարեցուց արդիւնքը: 63-րդ վայրկեանին Ղանա 2 – 1 արդիւնքով գերազանցեց Գերմանիան Ասամոահ Ճիանի նշանակած կոլին շնորհիւ (63-րդ):

Քլոզը իւրայատուկ ձեւով մը կը տօնէ իր նշանակած կոլը
Սակայն 69-րդ վայրկեանին դաշտ ներկայացած Միրոսլաւ Քլոզը նշանակեց Գերմանիոյ հաւասարութեան կոլը` 71-րդ վայրկեանին:
Է. խմբակին մէջ, երէկ, Պելճիքա 1 – 0 արդիւնքով յաղթեց Ռուսիոյ, երբ մրցումին աւարտէն 2 վայրկեան առաջ, Տիվոք Օրիկի նշանակեց հանդիպումին միակ կոլը: Մրցումին ներկայ էր շուրջ 74 հազար հանդիսատես, իսկ օրուան իրաւարարն էր Ֆելիքս Պրիչ (Գերմանիա):

Պելճիքա – Ռուսիա մրցումէն
Նշենք, որ Պելճիքա ապահովեց յաջորդ հանգրուանի իր տոմսը:
Ինչ կը վերաբերի այսօր տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Հոլանտա – Չիլի | 19:00 |
| Սպանիա – Աւստրալիա | 19:00 |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Պրազիլ – Քամերուն | 23:00 |
| Խրուաթիա – Մեքսիքա | 23:00 |
- ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ նախօրեակին, այժմ վերոնշեալ երկու խմբակներուն դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Բ. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | Նշ. | Ստ. | Կէտ |
| 1.- Հոլանտա | 2 | 0 | 0 | 8 | 3 | 6 |
| 2.- Չիլի | 2 | 0 | 0 | 5 | 1 | 6 |
| 3.- Աւստրալիա | 0 | 0 | 2 | 3 | 6 | 0 |
| 4.- Սպանիա | 0 | 0 | 2 | 1 | 7 | 0 |
| Ա. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | Նշ. | Ստ. | Կէտ |
| 1.- Պրազիլ | 1 | 1 | 0 | 3 | 1 | 4 |
| 2.- Մեքսիքա | 1 | 1 | 0 | 1 | 0 | 4 |
| 3.- Խրուաթիա | 1 | 0 | 1 | 5 | 3 | 3 |
| 4.- Քամերուն | 0 | 0 | 2 | 0 | 5 | 0 |

