2014-ի Մոնտիալ. Ա. Եւ Բ. Խմբակին Մրցումները Աւարտեցան. Պրազիլ Եւ Մեքսիքա Եւս Անցան Յաջորդ Հանգրուան

Լըրոյ Ֆեր
2014-ի Մոնտիալի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ Ա. եւ Բ. խմբակներուն մրցումները աւարտեցան, երբ տեղի ունեցան չորս ճակատումներ:
Հոլանտա եւ Չիլի (Բ. խմբակ), որոնք արդէն իսկ ապահոված էին յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը, ճակատեցան իրարու դէմ` 63 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Խմբակին պարագլուխի դիրքը գրաւելու համար Հոլանտա, որ հաւասարութեամբ մըն ալ պիտի բաւարարուէր, 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով ապահովեց առաւելագոյն 9 կէտը:
Լըրոյ Ֆեր (77-րդ) եւ Մեմֆիս Տեփայ (91-րդ) նշանակեցին Հոլանտայի երկու անպատասխան կոլերը:
Ինչ կը վերաբերի նոյն խմբակին մէջ տեղի ունեցած երկրորդ մրցումին, արդէն իսկ դուրս մնացած Սպանիա բաւական ուշացած յաղթանակ մը արձանագրեց` 3-0 արդիւնքով պարտութեան մատնելով Աւստրալիան: Տաւիտ Վիյա (36-րդ), Ֆեռնանտօ Թորես (69-րդ) եւ Խուան Մաթա (82-րդ) նշանակեցին Սպանիոյ երեք կոլերը:
Ինչ կը վերաբերի Ա. խմբակին մէջ տեղի ունեցած երէկ գիշերուան մրցումներուն, իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ, Պրազիլ եւ Մեքսիքա եւս ապահովեցին յաջորդ` 1-16-րդ հանգրուանի իրենց տոմսերը, յաջորդաբար յաղթելէ ետք Քամերունի (4-1) եւ Խրուաթիոյ (3-1):
Պրազիլի առաջին երկու կոլերը նշանակեց Նէյմար (17-րդ եւ 34-րդ):
Յաջորդ հանգրուանին Պրազիլ պիտի մրցի Չիլիի դէմ, մինչ Հոլանտա` Մեքսիքայի դէմ:

Սիլվեսթըր Վարելա կը նշանակէ Փորթուգալի հաւասարութեան կոլը
Կիրակիէն երկուշաբթի լուսցող գիշերուան ընթացքին բաւական հետաքրքրական եւ տաք ճակատում մը տեղի ունեցաւ, երբ Է. խմբակին մէջ Փորթուգալ եւ Միացեալ Նահանգներ ճակատեցան իրարու դէմ:
Մրցումին 5-րդ վայրկեանին, Նանի նշանակեց իր կազմին` Փորթուգալի եւ մրցումին առաջին կոլը: Սակայն ամերիկացիք երկու անգամ պատասխանեցին` շնորհիւ Ժերմեն Ճոնզի (64-րդ) եւ Քլինթ Տեմփսիի (81-րդ) նշանակած կոլերուն:
Կը կարծուէր, որ մարզիչ Եիւրկըն Քլինսմանի կազմը` Միացեալ Նահանգներ, յաղթական դուրս պիտի գայ այս ճակատումէն: Սակայն, մրցումին կորսուած վայրկեաններուն (95-րդ), Սիլվեսթըր Վարելլա նշանակեց Փորթուգալի հաւասարութեան կոլը` մեծ տխրութիւն պատճառելով ամերիկացիներուն, որոնք յաղթանակի մը պարագային պիտի ապահովէին յաջորդ հանգրուանի իրենց տոմսը:

Նէյմար

Ժերմեն Ճոնզ

Սպանական «Ուշացած» Ուրախութիւն
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Դ. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Իտալիա – Ուրուկուէյ | 19:00 |
| Անգլիա – Քոսթա Ռիքա | 19:00 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ճափոն – Քոլոմպիա | 23:00 |
| Յունաստան – Փղոսկրեայ Ափունք | 23:00 |
Վերոնշեալ մրցումներուն նախօրեակին, այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Գ. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ |
| 1.- Քոլոմպիա | 2 | 0 | 0 | 5 | 1 | 6 |
| 2.- Փղոսկրեայ Ափունք | 1 | 0 | 1 | 3 | 3 | 3 |
| 3.- Ճափոն | 0 | 1 | 1 | 1 | 2 | 1 |
| 4.- Յունաստան | 0 | 1 | 1 | 0 | 3 | 1 |
| Դ. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Քոսթա Ռիքա | 2 | 0 | 0 | 4 | 1 | 6 |
| 2.- Իտալիա | 1 | 0 | 1 | 2 | 2 | 3 |
| 3.- Ուրուկուէյ | 1 | 0 | 1 | 3 | 4 | 3 |
| 4.- Անգլիա | 0 | 0 | 2 | 2 | 4 | 0 |

