«Վրացական Երազան»-ի Չիրականացուած Նախընտրական Խոստումները Ախալքալաքում Ստեղծեցին Նոր Իրավիճակ

a-info_javakhkԵրկու տարի առաջ, երբ նախընտրական Վրաստանում իշխում էր Միացեալ ազգային շարժումը` նախագահ Միխայիլ Սահակաշվիլու գլխաւորութեամբ, եւ «Վրացական երազանք» դաշինքը կարիք ունէր ժողովրդի աջակցութեան, այդ թւում` նաեւ հայերի, քոալիսիոնի առաջնորդ Պիծինայ Իւանիշվիլին 2012թ. սեպտեմբերի 15-ին այցելեց Ախալքալաք եւ կենտրոնական այգում հաւաքուած ժողովրդին խոստացաւ լուծել շրջանի հայերի համար ամենակարեւոր հարցերից մէկը` տարածաշրջանում հայոց լեզուի կարգավիճակի հարցը: «Վրացական երազանք»-ը նաեւ իր նախընտրական ծրագրում ընդգրկել էր հայ-վրացական համալսարան բացելու կէտը: Նախընտրական հանդիպման ժամանակ խօսուեց արդար ընտրութիւններ անցկացնելու անհրաժեշտութեան եւ վախի մթնոլորտի վերացման մասին:

2012թ. հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանական ընտրութիւններում յաղթեց «Վրացական երազանք» դաշինքը` Պիծինայ Իւանիշվիլու գլխաւորութեամբ: «Վրացական երազանք»-ի յաղթանակը մեծ յոյս ներշնչեց Սամցխէ-Ջաւախքի հայ ազգաբնակչութեանը Սահակաշվիլու վարչակարգից ազատուելու ու յաղթող դաշինքի առաջնորդի խոստումների առումով:

Ամիսներ անց 2013թ. մարտի 14, կարծես սա էր այն պատմական պահը, որով «Վրացական երազանք»-ը իրականութիւն էր դարձնելու իր ամենամեծ խոստումներից մէկը` հայոց լեզուի կարգավիճակ շնորհելու հարցը: Այդ օրը Ախալքալաքի Շրջանային ժողովը որոշում ընդունեց հայոց լեզուի կարգավիճակի համար դիմել Վրաստանի խորհրդարանին:

2013թ. մարտի 14-ի Ախալքալաքի Շրջանային ժողովի նիստի պատգամաւորները նոյնիսկ անուանել են պատմական: Այդ առիթով Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլէթ Մովսիսեանը նոյնիսկ ասել էր, «Մարտի 14-ը Ջաւախքի պատմութեան տարեգրքում կը գրուի ոսկէ տառերով»:

Սակայն անցաւ մէկ տարի եւս ու հասկանալի դարձաւ, որ տուեալ հարցը Ախալքալաքի Շրջանային ժողովում միտումնաւոր էր բարձրացուել ժողովրդի մօտ պատրանք ստեղծելու եւ տուեալ հարցը մոռացման ենթարկելու նպատակով: Նաեւ տուեալ հարցի առաջ բերելը հէնց այդ ժամանակ, երբ Վրաստանը պատրաստւում էր նոյն տարուայ վերջ Եւրոմիութեան հետ նախաստորագրել ընկերակցութեան համաձայնագիրը ցուցադրելու էր Եւրոպային, թէ ինչքա՛ն ազատութիւն եւ ժողովրդավարութիւն կայ Վրաստանի ազգային փոքրամասնութիւններով բնակեցուած շրջաններում իրենց իշխանութեան օրօք:

2014թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններից առաջ պարզ դարձաւ, որ ժողովրդի մի մասը կրկին հիասթափութիւն ապրեց եւ հասկացաւ, որ «Վրացական երազանք»-ը դա հայերի երազանքները իրականացնողը չէ, յամենայնդէպս այս պահին: Սակայն ժողովրդի յաջորդ հատուածը տեսնելով դրական միտումներ` Սահակաշվիլու բռնապետութեան հետ համեմատած, երբ աննշան թուլացել է ուժային կառոյցների անօրինական վերահսկողութիւնը հասարակական, մշակութային, հոգեւոր ու քաղաքական գործիչների եւ առհասարակ այլընտրանքային մտքեր ունեցող քաղաքացիների նկատմամբ ու չցանկանալով նպաստել հին վարչակարգի վերադարձին` իր ձայները տեղական ընտրութիւններում տուեց «Վրացական երազանք»-ին:

Այս պարագայում Ախալքալաքում ստեղծուեց նոր իրավիճակ, երբ գործող իշխանութիւնը դժուարացաւ հաւաքել ձայների բացարձակ մեծամասնութիւն, ինչը չէր եղել երկրի նորագոյն պատմութեան մէջ:

Նոյն ժամանակ Վրաստանի Մառնէուլի շրջանի թուրքերը ճիշդ գիտակցելով «Միացեալ ազգային շարժում» կուսակցութեան իրենց տուած օգուտը իշխանութիւն լինելու օրօք, որոշեցին ամէն գնով ցոյց տալ իրենց հաւատարմութիւնը նախկին թուրքամէտ իշխանութիւններին, ինչը եւս բնական է:

Հետաքրքիրը այն է, որ Ախալքալաքում այսօրուայ «ոչ խորհրդարանական կուսակցութիւն» դաշինքի ներկայացուցիչները, որոնք արդէն երկու օր է ցոյցեր են կազմակերպում ընտրութեան արդիւնքներին չհամաձայնուելու պատճառով, նախկին «Վրացական երազանք»-ի առաջնորդներն են, որոնք հալածւում էին 2012թ. խորհրդարանական ընտրութիւններից առաջ, Սահակաշվիլու իշխանութեան կողմից, ինչի արդիւնքում նրանց մի մասը ստիպուած լքել էր հայրենի Ջավախքը:

Իսկ ներկայիս «Վրացական երազանք»-ի Ախալքալաքի ներկայացուցիչները նախկին Սահակաշվիլու իշխանութեան անդամներն են:

Ցաւալին այն է, որ Ջաւախքի ժողովրդի մի մասը կրկին հաւատում է, որ Վրաստանում կան կուսակցութիւններ, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց իրաւունքները եւ իրականացնել տրուած խոստումները, այն պարագայում, երբ երկրի բոլոր քաղաքական ուժերը ունեն իրարից աննշան տարբերուող մօտեցումներ Սամցխէ-Ջաւախքի հայերի խնդիրների վերաբերեալ:

Այս պարագայում կարեւոր է, որ մեր ժողովրդի բոլոր հատուածները, անկախ իրենց քաղաքական հայեացքներից, չդառնան խաղալիք քաղաքական ուժերի ձեռքում եւ համախմբուեն ազգային գաղափարի շուրջ ու ճիշդ պահանջներ ներկայացնեն Եւրոպայի հետ համարկման ուղին բռնած Վրաստանին, յանուն նոյն Վրաստանի փայլուն Եւրոպական ապագայի:

a info

Share this Article
CATEGORIES