«Բնապահպանութիւնը Հայաստանապահպանութիւն Է»

Քաջարանի հանքը, Սիւնիք

Քաջարանի հանքը, Սիւնիք

ZOM_kajaran

Հարցազրոյցը վարեց` ԱՐԵՒԻԿ ՓԱՓԱԶԵԱՆ

Թէեւ ազդեցութիւնը արագօրէն չենք զգար, սակայն քաղաքական, տնտեսական, ընկերային կաթուածներուն չափ ուժեղ տագնապներէ կ՛անցնին մեր աշխարհի բնութիւնն ու կենսոլորտը: Բնութիւնը շահագործող ծրագիրները ո՛չ միայն կը սպառնան շրջապատի գեղեցկութեան ու ապրող էակներու առողջապահութեան, այլ նաեւ անոնք ոտնակոխ կ՛ընեն տեղի ժողովուրդին ապրուստի կենսական իրաւունքները, յաճախ` ներառեալ բնութիւնը օգտագործելու որոշումին մասնակից դառնալու իրաւունքը: Այսօր Ամազոնեան անտառներուն մէջ կը ծրագրուի կառուցել աշխարհի երրորդ մեծագոյն ջրամբարը` Պելօ Մոնթէի ջրամբարը, որ աննկարագրելի վնասներ պիտի հասցնէ շրջանի ցեղախումբերուն`  փճացնելով անոնց անտառները, ձկնեղէնի պաշարները, եւ հետեւաբար` գոյատեւելու ապահովութիւնը: Իրենց ցեղապետներու առաջնորդութեամբ, անոնք այժմ կը պայքարին` դէմ դնելու ջրամբարի կառուցման:

Իսկ ի՞նչ է պարագան Հայաստանի: Ինչպիսի՞ բնապահպանական տագնապներ կ՛ապրի մեր երկիրը: Որքա՞ն մեծ է վնասակար հետեւանքներուն տարողութիւնը: Ո՞վ կը պայքարի անոնց դէմ: Պատասխանելու համար հետեւեալ հարցումներուն եւ մանրամասնօրէն տեղեկանալու համար Հայաստանի մէջ բնապահպանական իրավիճակին, հարցազրոյց մը ունեցանք Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհուրդի անդամներ Աննա Աղլամազեանին եւ Սիւզի Պետրոսեանին հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Բնապահպանական ինչպիսի՞ խնդիրներու դիմաց կը գտնուի Հայաստանը ներկայիս:

ԱՆՆԱ ԱՂԼԱՄԱԶԵԱՆ.-Հայաստանում բնապահպանական խնդիրները, ցաւօք, աղէտալի չափերի են հասել, ունենք երկու առաջնային խնդիր` հանքարդիւնաբերութիւնը եւ գետերի վրայ կառուցուող փոքր  ջրաելեկտրակայանները (ՀԵԿ):Յատկապէս մետաղական հանքերի շահագործման պատճառով թունաւորւում է մեր ջուրը, հողը, օդը, որն էլ իր հերթին բերում է սննդի թունաւորման եւ բազմաթիւ անբուժելի հիւանդութիւնների առաջացման: Աղէտի ծաւալը ցոյց տալու համար մի քանի թիւ նշեմ. այսօր միայն Սիւնիքի մարզում շահագործւում են 11 մետաղական հանքավայրեր, իսկ եւս 28-ը սպասում են շահագործման մօտ ապագայում: Այսինքն ունենալու ենք 39 մետաղական հանքավայր միայն մէկ մարզում` 4500 քառ. քիլոմեթր տարածքի վրայ: Սրան գումարէք 11 մեռեալ գօտիները` պոչամբարների տեսքով(1), որոնք դժուար թէ երբեւէ վերականգնուեն, եւ կարծում եմ` բնական հարց կ՛առաջանայ, թէ ինչպէ՞ս ենք մենք շարունակելու ապրել մեր հայրենի հողի վրայ:

Ինչ վերաբերում է ՀԵԿ-երին, ապա դրանք նոյնպէս լրջագոյն խնդիրներ են առաջացնում: Այսօր Հայաստանում ունենք մօտ 150 ՀԵԿ, դրանցից մօտ 120-ի պատճառով գետերը մասամբ կամ ամբողջութեամբ դրուել են խողովակների մէջ` վնասելով կամ ոչնչացնելով գետերից սնուող կենսոլորտային համակարգերը:

Հ.- Որո՞նք են Հայաստանի մէջ կիրարկուող հանքարդիւնաբերութեան յոռի հետեւանքները:Ո՞վ է պատասխանատուն: Իսկ որեւէ նպաստ կը բերէ՞ հանքարդիւնաբերութիւնը, օրինակ` տնտեսութեան զարգացման:

ՍԻՒԶԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Կը ցանկանամ կենտրոնանալ մետաղական հանքերի շահագործման պատճառով առաջացող խնդիրների վրայ: Ամենավտանգաւոր հետեւանքը շրջակայ միջավայրի աղտոտումն է, որը շատ դէպքերում անդառնալի է, իսկ եթէ ցանկանանք մաքրել այդ աղտոտումը, դա ահռելի ելեւմտական (ֆինանսական) ծախսերի հետ է կապուած: Հանքերի շահագործումը նաեւ բազմաթիւ առողջական խնդիրների պատճառ է դառնում. առաջացնում է քաղցկեղ, ամլութիւն, ծինային փոխակերպումներ, որոնց պատճառով ունենք մեծ թիւով զարտուղի ծնունդներ (այս առումով, Հայաստանը ԱՊՀ(2)  երկրների շարքում Խըրխըզիստանից յետոյ երկրորդն է), առաջ են գալիս նաեւ սիրտ-անօթային, շնչառական եւ մարսողական համակարգերի լուրջ հիւանդութիւններ:

Մէկ այլ խնդիր է այն, որ օրէնսդրական բացերի պատճառով թոյլատրուում է հանքարդիւնաբերութեամբ զբաղուել նաեւ անտառածածկ տարածքներում, որը Հայաստանի նման սակաւ անտառներ ունեցող երկրի համար բացարձակապէս անթոյլատրելի է:

Կարեւոր եմ համարում նշել այն, որ հանքարդիւնաբերող ընկերութիւնների կողմից շատ յաճախ ոտնահարւում են իրենց աշխատակիցների աշխատանքային իրաւունքները, նոյնիսկ` կեանքի իրաւունքը, քանի որ հանքերում բազմաթիւ մահուան դէպքեր են գրանցւում:

Այսօր անդադար խօսում են, թէ հանքարդիւնաբերութիւնն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսութեան զարգացման համար: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում 2011 թ. դրութեամբ հանքարդիւնաբերութեան ոլորտում աշխատում էր 15.500 հոգի, այսինքն` բնակչութեան 0,5 տոկոսը, իսկ ստացուած եկամուտը կազմում է համախառն ներքին արդիւնքի (GDP) ընդամէնը 2,9 տոկոսը: Պարզապէս ծիծաղելի է այս թիւերով արդարացնել այն անդառնալի վնասը, որ մենք ստանում ենք հանքարդիւնաբերութիւնից: Իրականում ստացուած եկամուտներն այսօր ընդամէնը ծառայում են գործող սակաւապետական համակարգը սնելու եւ պահպանելու համար: Իրական օգուտ չի ստանում ո՛չ Հայաստանը, ո՛չ հայ ժողովուրդը:

Իսկ ո՞վ է մեղաւոր կամ պատասխանատու այս ամէնի համար: Ասեմ, որ տեղի սակաւապետների հետ համագործակցում են միջազգային առեւտրական ընկերութիւնները, որոնք բոլորն էլ մեղաւոր են: Բայց առանց մեր պետական մարմինների, կառավարութեան թոյլտուութեան` ոչ ոք չէր կարողանայ գալ եւ անպատասխանատու ձեւով շահագործել մեր հանքավայրերը: Ուստի, առաջին հերթին մեղաւոր են մեր պետական պաշտօնեաները, որ չունեն յստակ ռազմավարութիւն, թէ ինչպէ՛ս պէտք է շահագործել հանքավայրերը, որ դրանք առաւելագոյն օգուտ բերեն հէնց Հայաստանին: Մեղաւոր ենք նաեւ մենք` հայ ժողովուրդը, որ մեր անտեղեակութեան կամ անտարբերութեան պատճառով ոտքի չենք կանգնում եւ չենք պաշտպանում բոլորիս պատկանող հարստութիւնը` մեր ընդերքը:

Հ.- Ծանօթացուցէք Համահայկական բնապահպանական ճակատը: Ե՞րբ  եւ ինչո՞ւ կազմուեցաւ, ի՞նչ նպատակ կը հետապնդէ, ինչպէ՞ս կը բացատրէք ձեր «Բնապահպանութիւնը հայաստանապահպանութիւն է» հաստատումը:

Ա. Ա.– Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ստեղծուել է 2013 թ. յունուարին: Այսօր Համակարգող խորհուրդը բաղկացած է 5 հոգուց` Եղիա Ներսիսեանը, Լեւոն Գալստեանը, Մարիամ Սուխուդեանը, Սիւզի Պետրոսեանը եւ ես: Եթէ կարճ յետհայեացք նետենք, կը տեսնենք, որ բնապահպանական շարժումը Հայաստանում սկսուեց Թռչկանի ջրվէժի համար մղուող պայքարով: Մի խումբ երիտասարդների վճռակամութիւնը փրկեց ջրվէժը ոչնչացումից, ինչը շատերին յոյս ներշնչեց եւ ոտքի հանեց: Պարզուեց, որ խնդիրները համատարած են, դրանց արմատները` շատ խորը, իսկ իրական լուծումների հասնելը չափազանց դժուար է: Անհրաժեշտութիւն դարձաւ կազմակերպուել եւ բնապահպանական ոլորտի խնդիրներով զբաղուել համակարգուած ձեւով ու խմբային աշխատանքով: Այսպէս ծնուեց Համահայկական բնապահպանական ճակատը: Մեր նպատակն է` պահպանել մեր բնութիւնը, արմատապէս փոխել այսօր իրականացուող բնապահպանական քաղաքականութիւնը, թոյլ չտալ, որպէսզի կարճաժամկէտ տնտեսական շահը յաղթի եւ երկարաժամկէտ վնաս հասցնի մեզ, մեր հողին եւ ապագայ սերունդներին: Ես արդէն նշեցի, որ Հայաստանն այսօր լրջագոյն բնապահպանական խնդիրների առջեւ է կանգնած: Մենք միայն ծառ եւ գետ չէ, որ պաշտպանում ենք. այսօր մեր բնութիւնը պահպանելով` մենք փորձում ենք ոչնչացումից փրկել մեր հայրենիքը, մեզ սնող հողն ու ջուրը, մեր սահմանամերձ գիւղերը: Եթէ պատերազմ սկսուի, ո՞վ է պահելու մեր զինուորի թիկունքը, եթէ այսօր տեղահանում են մեր գիւղերը` հանքեր բացելով: Ուրեմն, բնապահպանութիւնն այսօր վերածուել է Հայաստանապահպանութեան: Իսկ եթէ դրուած է Հայաստանի լինել-չլինելու հարցը, ուրեմն մենք դատապարտուած ենք յաղթելու: Եւ նշանակութիւն չունի, թէ քանի հոգի կը միանայ մեզ: Նրանք, ովքեր վճռել են պայքարել յանուն Հայաստանի, անպայման յաղթելու են:

Հ.- Ինչպէ՞ս կը տեսնէք բնապահպանական խնդիրներուն լուծումը: Ինչպիսի՞ գործունէութիւն կը տանիք: Հանրութիւնը ինչպէ՞ս կ՛ընկալէ այս նոր ճակատը:

Ս. Պ.– Առաջին հերթին կարեւոր է խնդիրների մասին իրազեկուելը: Այս հարցում մեզ մեծապէս օգնեց «Հայաստանի կոտրուող ողնաշարը» փաստագրական ժապաւէնը, որը կարող էք գտնել YouTube կայքում: Այն այսօր 115.000 դիտում ունի (ֆիլմը հասանելի է նաեւ անգլերէն ենթագրերով` «Armenia՛s Breaking Backbone»)(3):

Իրազեկում ենք, բայց դրան զուգահեռ, նաեւ փորձում ենք առաջարկել լուծումներ: Մենք արդէն ունենք մեր անդրանիկ օրինակը: Սիւնիքի մարզի Լիճք գիւղում սկսել ենք իրականացնել մեղուապահութեան ծրագիր, որի շրջանակներում 7 ընտանիքներ ստացել են  6-ական մեղուափեթակներ եւ զբաղուելու են մեղուաբուծութեամբ: Լիճքը այն գիւղերից է, որտեղ բնութիւնը դեռ լուրջ վնասներ չի կրել, սակայն ծրագրւում է հանք բացել նաեւ այս գիւղին յարակից տարածքում: «Դէպի էքօ համայնք» անունը կրող ծրագրի իրականացմամբ, գիւղացիներին փորձելու ենք ապացուցել, որ հանքերը եկամտի միակ աղբիւրը չեն, որ գիւղատնտեսութեամբ եւ տնտեսութեան մաքուր ճիւղերով զբաղուելու դէպքում կարող ենք ունենալ եկամուտ, կերակրել մեր ընտանիքներին եւ միաժամանակ չվնասել մեր բնութեանը:

Այս ծրագիրը կեանքի կոչուեց 22-ամեայ Լիա Սուրէնեանի շնորհիւ, որը բնակւում է Նիւ Եորքում եւ իր համալսարանական ծրագիրը կազմեց` անդրադառնալով Հայաստանին վերաբերող թեմայի: Լիան հրաշալի օրինակ է, թէ ինչպէ՛ս կարելի է ուղղակիօրէն մասնակից դառնալ քո հայրենիքում առկայ խնդիրների լուծմանը: Ես այս օրինակը բերում եմ` Հայաստանից դուրս ապրող բոլոր երիտասարդներին կոչ անելով չլինել անտարբեր եւ թէկուզ փոքր քայլերով օգնել Հայաստանին:

Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ բազմաթիւ դրական արձագանգներ ենք ստանում: Թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում նոր մարդիկ են առաջ եկել եւ պատրաստակամ են օգնելու մեզ եւ իրականացնելու նմանատիպ ծրագրեր:Մենք նաեւ կոչ ենք անում. մի՛ վատնէք ձեր գումարները տարբեր հիմնադրամներին գումար փոխանցելով, երբ իրականում չգիտէք, թէ ինչպէ՛ս է օգտագործւում ձեր գումարը: Եթէ ցանկանում էք օգուտ բերել Հայաստանին, լաւագոյն տարբերակն է` գալ եւ տեղում իրականացրել ծրագրեր ու հետեւել դրանց ընթացքին:

Հ.- Կապեր հաստատա՞ծ էք միջազգային բնապահպանական կազմակերպութիւններու հետ: Նաեւ` կը փորձէ՞ք միջազգային գետնի վրայ լուծումներ ապահովել այս հարցերուն:

Ա. Ա.– Այս հարցին փորձեմ պատասխանել` սկսելով հետեւեալից: Հայաստանի իշխանութիւններն իրենց վարած քաղաքականութեամբ այսօր չեն պաշտպանում հայ ժողովրդի շահերը: Ուստի, օտար պետութիւններն ու առեւտրական ընկերութիւնները հեշտութեամբ առաջ են տանում եւ բաւարարում են իրենց սեփական շահերը: Գիտենք նաեւ, թէ ինչ վիճակում են գտնւում, օրինակ, ափրիկեան շատ երկրներ, որոնք ծառայում են որպէս աժան հումքի աղբիւր այսպէս կոչուած զարգացած պետութիւնների համար: Այսպիսի իրավիճակում է յայտնուել նաեւ Հայաստանը: Մեր հումքը ցածր գներով տանում են, իսկ մեզ թողնում են մեռեալ գօտիներ եւ թունաւոր պոչամբարներ:

Ցաւօք, պէտք է նշեմ, որ նոյնիսկ միջազգային կազմակերպութիւնները լիարժէք անկախ չեն կամ չունեն համապատասխան լծակներ` պատժելու օրէնքը խախտողներին: Օրինակ, Թեղուտի անտառների հետ առնչուող խնդրով բազմիցս նշուել է, որ հանքարդիւնաբերական այդ ծրագիրը խախտել է Օրհուսի միջազգային համաձայնագրի մի շարք դրոյթներ: Բայց այս խախտումների համար ոեւէ մէկը դեռեւս պատասխան չի տուել. դրանք մնացել են թղթի վրայ: Այնուամենայնիւ, մենք շարունակում ենք բաց լինել` համագործակցելու միջազգային կառոյցների հետ, եթէ տեսնում ենք, որ այդ համագործակցութիւնը կարող է իրական լուծումներ բերել:

Ես չեմ անտեսում համագործակցութեան որեւէ հնարաւորութիւն, սակայն կարծում եմ, որ Հայաստանի խնդիրները առաջին հերթին պէտք է լուծեն հայերը: Ոչ ոքից պէտք չէ սպասենք, որ գայ եւ մեզ նուիրի մեր երազած Հայաստանը: Լուծումներ գտնելու են այն հայերը, որոնք սէր ունեն իրենց մէջ դէպի իրենց հայրենիքը, որոնք վճռական կամք ունեն ոչ միայն սիրելու, այլեւ պայքարելու Հայաստանի համար:

Իսկ նախաձեռնութիւններից կարող եմ նշել «Հայկական վերածնունդ» շարժումը, որի հետ մենք սերտօրէն համագործակցում ենք: Այս նախաձեռնութեան շնորհիւ է, որ մենք կարողացել ենք կազմակերպել «Հայաստանի կոտրուող ողնաշարը» ժապաւէնի տասնեակից աւել ցուցադրութիւններ Միացեալ Նահանգներում` Քալիֆորնիայում, Ուաշինկթընում, Նիւ Եորքում, Քանատայում, ինչպէս նաեւ` Փարիզում, վերջերս նաեւ` Մոսկուայում:

Վերջերս կապուել ենք համակիրների մեծ բանակ ունեցող «More trees, less assholes» անունը կրող նախաձեռնութեան հետ, եւ յուսով ենք, որ արդիւնաւէտ համագործակցութիւն կ՛ունենանք նաեւ նրանց հետ:

Հ.- Որեւէ ակնկալութիւն ունի՞ք սփիւռքէն եւ սփիւռքահայ երիտասարդէն մասնաւորապէս: Ի՞նչ ձեւով ան կրնայ օժանդակել բնապահպանական խնդիրներու լուծման:

Ս. Պ.– Ես ՀԲՃ համակարգող խորհրդում սփիւռքի հետ կապերի համակարգողն եմ, ինչպէս նաեւ ներկայացնում եմ «Հայկական վերածնունդ-Լոս Անճելըս» մասնաճիւղը: 2013 թուականի հոկտեմբերին իմ ընկերները` Եղիան, Լեւոնը եւ Աննան, եղան Միացեալ Նահանգներում եւ բազմաթիւ հանդիպումներ ունեցան տեղի հայ համայնքների հետ:

Այդ այցից յետոյ արդիւնքները սպասեցնել չտուեցին: Պատկերացրէք, որ առանց մեր օգնութեան` դպրոցներից մէկում (Ռոզ եւ Ալեք Փիլիպոս ազգային վարժարանում) աշակերտները ժապաւէնի դիտումներ են կազմակերպել, բնապահպանական թեմայով նախագծեր են իրականացրել, նոյնիսկ դրամահաւաք են կատարել: Սա մեզ շատ ոգեւորում եւ յոյս է ներշնչում, որ համատեղ ուժերով մենք շատ արագ եւ հեշտութեամբ կը կարողանանք Հայաստանին սպառնացող բնապահպանական աղէտը կանգնեցնել:

Որպէս սփիւռքի հետ կապերի համակարգող` ես փորձում եմ աւելի արդիւնաւէտ դարձնել Հայաստան-սփիւռք համագործակցութիւնը այս դաշտի վրայ: Ցանկանում եմ թողնել նաեւ իմ ե-հասցէն(4), եթէ ոեւէ մէկը ցանկանայ կապուել մեզ հետ եւ օգնել լուծումներ գտնելու համար, մեծ սիրով կը համագործակցենք(5):

———————–

1.- Պոչամբարը թունաւոր թափօններու ամբար է, որ կը յառաջանայ հանքաքարի քիմիական վերամշակման արդիւնք
2.- Խորհրդային միութեան փլուզումէն ետք յառաջացած երկիրներու միութիւննէ. Անկախ Պետութիւններու Համագործակցութիւն, Common wealth of Independent States (CIS) 
3.- «Հայաստանի կոտրվող ողնաշարը»
https://www.youtube.com/watch?v=YrrDzuZ9RG4
Armenia՛s Breaking Backbone, English subtitles
https://www.youtube.com/watch?v=eyRdxRT2v5Y
4.- [email protected]
5.- Համահայկականբնապահպանականճակատ (ՀԲՃ) – Pan-Armenian Environmental Front (PAEF)

Կայքէջ.- http://www.armecofront.net/
YouTube-ի կայան.- http://www.youtube.com/user/armecofront
Ֆեյսպուքի էջ.- https://www.facebook.com/armecofront
Ֆեյսպուքի խումբ.- https://www.facebook.com/groups/armecofront

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )