ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶԵԱՆ. «ՆԱԽԻՋԵՒԱՆԻ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼՆ ՈՒ ԽՕՍԵԼՆ ԱՐԴԷՆ ԻՍԿ ՈՒՇ Է»

Նախիջեւանը հայոց նորօրեայ ցաւերից մէկն է: Կայ Արցախը, որ այսօր կրկին ցաւ է հայի համար, կայ Ջաւախքը, կայ արեւմտեան կորուսեալ հայրենիքը. կայ Արեւելեան Հայաստանի մէկ մասը, որ նորից  հայրենիքից  ու հայոց պետականութիւնից հեռու է… Բայց այս բոլոր հայրենիքներն էլ, ինչքան էլ հեռու եւ կորուսեալ, ինչքան էլ` չլուծուած խնդիրներով,  ինչ-որ տեղ հասանելի են հային: Հայոց պետականութիւնից դուրս գտնուող այդ հայրենիքների դռները փակ չեն մեր առջեւ… Ցանկացած պահի աշխարհի որեւէ ծայրում ապրող հայը կարող է Ջաւախք գնալ, կարող է այցելել Արեւմտեան Հայաստան` տեսնելու իր   պապենական հողերն  ու  կիսականգուն եկեղեցիները, կարող է Իրանի տարածքում գտնուող պատմական Հայաստանի վանքերում  մոմ վառել… Սակայն կայ մի կորուսեալ հայրենիք,  որ անհասանելի է, ու որի հողին  այսօր ոտք դնել չի կարող հայը: Դա Նախիջեւանն է:  Հայոց նորօրեայ ցաւերից մէկը` հայի աչքից  ու ոտքից հեռու, բայց յաւերժ` հայի սրտում: Հայաթափուած եւ ապօրինաբար Ազրպէյճանին բռնակցուած այդ մի կտոր հայրենիքի ցաւի առջեւ այսօր անզօր կանգնած է հայը… Մշակութային, հոգեւոր մեծ ժառանգութիւն է ստեղծուել Նախիջեւանում: Այն եղել է հայոց  գրչութեան, մատենագիտութեան կեդրոններից մէկը: Գողթան երգիչների,  միջնադարեան ծաղկողների, մեծանուն հայ իշխանների եւ ճարտարապետների հայրենիքն է Նախիջեւանը: Նախիջեւանում դարերով ստեղծուած հոգեւոր մեծ հարստութեան վկաներից էր Ջուղայի հայկական` իր տեսակի մէջ աննախադէպ գերեզմանոցը, որն այսօր, ցաւօք, այլեւս յիշողութիւն է: Ինչպէս յայտնի է, ինչպէս ամբողջ աշխարհը գիտի`  1998-2006 թուականներին ազերիները շինարարական քանդիչ մեքենաներով ոչնչացրին Նախիջեւանի Ջուղա պատմական քաղաքում գտնուող հայկական գերեզմանոցը, որտեղ հազարաւոր արժէքաւոր  խաչքարեր կային…

Մեծ եղեռնից յետոյ այժմեան Թուրքիայի տարածքում հայոց մեծ ու փոքր յուշարձանների պարբերաբար ոչնչացումից յետոյ  նախիջեւանեան յուշարձանների այս աննախադէպ եղեռնը մեր պատմութեան ու մշակոյթի համար երկրորդ մեծածաւալ ու անվերականգնելի կորուստն է համարւում:

Նախիջեւանը մեզ  հեռաւոր ու խորհրդաւոր մի երկիր է թւում. քանի որ նոր ժամանակների հայը չի տեսել այն, չի շնչել  նրա օդը, չի հպուել նրա հողին, չի տեսել նրա խաչքարի նախշը… Մենք Նախիջեւանի մասին գիտենք միայն գրքերից…  Բռնագրաւուած այդ փոքրիկ հայկական հողի մասին կան բազմաթիւ գրքեր:  Կայ մի մարդ, որ իր ամբողջ կեանքը նուիրել է  Նախիջեւանը գրքերով, ուսումնասիրութիւններով, լուսանկարներով եւ տեսանիւթերով նոր սերնդին ներկայացնելու գործին, նա իր գրքերով կերտել է  Նախիջեւանը, եւ մենք փորձում ենք գոնէ այդ գրքերի միջոցով մեր յիշողութեան մէջ պահել հողը: Արգամ Այվազեանն է` պատմաբան, մատենագէտ, նախիջեւանագէտ, լրագրող, հայագէտ, մշակոյթի գործիչ: Նա ծնուել է Նախիջեւանում, եւ այդ հողակտորը նրա համար կրկնակի թանկ է. մեծ հայագէտի հայրական գիւղը` Առինջը, այսօր գտնւում է ազերիների ձեռքի տակ: Իր մենագրութիւններից մէկի առաջաբանում Արգամ Այվազեանը ցաւով գրել է.    «Նախիջեւանեան բազմահազար մեծ ու փոքր կոթողներն ու յուշարձանները, օր-օրի աւերուելով, մնացին իմ հրատարակած գրքերի պատկերներում եւ իմ անձնական իւրօրինակ ու եզակի արխիւում»: Կարդում ենք եւ ցաւ ապրում, որ հայոց մշակոյթի շատ կոթողներ այլեւս պատմութիւն են` նրանք քանդուել  են թշնամու ձեռքերով:

Գիտնականը նախիջեւանեան իր ուսումնասիրութիւնները  կատարել է 1965 թուականից սկսած:  45 տարի շարունակ Արգամ Այվազեանը չափագրել, ուսումնասիրել, լուսանկարել է Նախիջեւանի ամէն մի հայկական գիւղ, բնակավայր, դպրոց, եկեղեցի, կոթող: Նա աւելի քան 200 աշխատութեան հեղինակ է, որոնցից  23-ը հրատարակուած է, իսկ 7-8-ը` շուտով լոյս կը տեսնի:  Արգամ Այվազեանը նաեւ  Նախիջեւանի մասին ժապաւէնների,  բազմաթիւ համաժողովների, քննարկումների, ցուցահանդէսների հեղինակ է: Նախիջեւանի յուշարձանների պահպանման, ճանաչման ուսումնասիրման իր արդիւնաւէտ աշխատանքի համար Արգամ Այվազեանը պարգեւատրուել է  Հայաստանի Հանրապետութեան «Յակոբ Մեղապարտ» շքանշանով:

Իսկ անցեալ տարի Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ Արգամ Այվազեանն արժանացել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի 2010 թուականի մրցանակին` ընկերային գիտութիւնների բնագաւառում` «Նախիջեւանի վիմագրական ժառանգութիւնը» վեցհատորեայ աշխատութեան Դ. Ե. Զ. հատորների համար: Մրցանակի են ներկայացուել այս երեք գրքերը, սակայն կարելի է ասել, որ բարձր պարգեւը գիտնականին տրուել է  նրա աւելի քան 45-ամեայ հայրենանուէր գործունէութեան համար:

Արգամ Այվազեան

Արգամ Այվազեանի գրքերում մեզ պատկերանում է երբեմնի ծաղկուն եւ շէն Նախիջեւանը` իր նշանաւոր ընտանիքներով, յայտնի մարդկանցով, իր խօսք ու զրոյցով, աւանդապատումներով…  Այդ գրքերից տեղեկանում ենք, որ  երբեմնի տասնեակ հազարաւորների հասնող բնակչութիւնից  1988 թուականի վերջին միայն  2648 նախիջեւանահայ էր  ապրում իր բնօրրանում,  իսկ 1990-ին չկար արդէն ոչ մէկը:  Ողջ աշխարհի աչքի առջեւ Նախիջեւանը հայաթափուեց,  եւ ողջ աշխարհի աչքի առջեւ ոչնչացուեց  հայկական այդ հողում գտնուող հարուստ ժառանգութիւնը:  Նախիջեւանահայութեան ստեղծած յուշարձանների թիւն անցնում էր 27 հազարից, այսօր հազուագիւտ կիսաքանդ կառոյցներ են վկայում միայն դրանց գոյութեան մասին, եւ այդ կիսաքանդների ճակատագիրն էլ վտանգուած է:

Արգամ Այվազեանը տարբեր առիթներով յայտարարել է, որ ճիշդ է, ինքն իր ամբողջ կեանքը նուիրել է նախիջեւանագիտութեանը, սակայն այդ ուղղութեամբ դեռ շատ անելիքներ կան. «Հայագիտութիւնը դեռ սպասում է այն պատմաբանին, ով պիտի շարադրի Նախիջեւանի պատմութիւնը` հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Առ այսօր հիմնաւոր ուսումնասիրուած չեն Նախիջեւանի գրչօճախների, մանրանկարչութեան, բարբառների, բանահիւսութեան, ազգագրութեան, հնագիտութեան բնագաւառները: Այս բոլորին անդրադարձել եմ իմ աշխատութիւնների առանձին բաժիններով, գրքերով, ինչն ամենեւին էլ սպառիչ համարել չի կարելի: Այնպէս որ, առջեւում թէ՛ իմ եւ թէ՛ այլ հայագէտների անելիքները շատ ու շատ են», վերջերս իր հարցազրոյցներից մէկում ասել է Արգամ Այվազեանը:  Ի դէպ, Արգամ Այվազեանի անունը ընդգրկուած է Ազրպէյճանի պետանվտանգութեան կոմիտէի սահմանած «Անցանկալի մարդկանց» ցուցակում: Նրա  համար յատուկ գլխագին է սահմանուած, եւ ազերիները մէկ անգամ չէ, որ յայտարարել են այդ մասին:  Արգամ Այվազեանի հանդէպ ազերիական հալածանքները սկսուել են դեռեւս խորհրդային տարիներին: 1971, 1981-1986 թուականների  Նախիջեւանի պետանվտանգութեան կոմիտէի աշխատակիցները բռնագրաւել են  Հին Ջուղայի խաչքարերի 280-300, Աստապատի գերեզմանատան 650-ից աւելի տապանաքարերի  նրա փաստագրած լուսանկարչական ժապաւէնները: Եւ դա պատահական չէ. Նախիջեւանի մասին 60-70 տարուայ լռութիւնից յետոյ նա  իր գրքերով եւ աշխատութիւններով աշխարհին է ներկայացրել հայկական Նախիջեւանի մասին ողջ պատմական ճշմարտութիւնը…

Այսօր Նախիջեւանում հայեր չեն ապրում, բայց Նախիջեւանը կորուսեալ երկիր չէ հայութեան համար: Մենք հաւատում ենք, որ հայութիւնը վերագտնելու է իր այդ օրրանը, որ հայը նորից հաղորդակցուելու է Գողթան երգերի խորհրդին:

 

ՋՈՒՂԱՅԻ  ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԸ

ՀԱՏՈՒԱԾ «ՋՈՒՂԱ ԳՐՔԻՑ»

Ջուղայի գերեզմանատնից դէպի հիւսիս-արեւմուտք մի բաւականին խոր ձորակ կայ: Մերկ լեռներով շրջապատուած, հիւսիս-հարաւ առանցքով ձգուող այս ձորակը մշտական քամիների պատճառով ջուղայեցիները կոչում էին Քամու ձոր: Ջուղայի գերեզմանատնից այդ ձորակով մօտ երեք քիլոմեթր ձգուող արահետը տանում է դեպի բարձրանիստ լերան լանջին, ուղղակի ձորի պռնկին ծուարած Ջուղայի հռչակաւոր Ամենափրկիչ կամ Փրկչի վանքը:

Այս յուշարձանը աւելի գողտրիկ ու խորհրդաւոր է լեռնային տեղանքին ներդաշնակելու շնորհիւ, որի պատճառով շրջակայքը դարձել է հոգեզմայլ ու սքանչելի: Վանքի հարաւային մասում, Մաղարդայի բազմաձեւ լեռնաշղթայի փէշերով, հոսում է ահագնագոչ ու լուսափայլ, հեզասահ Արաքսը: Արեւելքում` վանքի լերան ստորոտում, Ջուղայի գերեզմանատունն ու քաղաքատեղի աւերակներն են, իսկ հիւսիսից ու արեւմուտքից լերկ ու արեւկայ, վարդագոյն լեռներն են, երկնքի կապոյտն ու ծուեն-ծուեն ամպերը:

Ամենափրկիչ վանքի համալիրը բաղկացած է փոքրածաւալ եկեղեցուց, գաւթից, սեղանատնից, միայարկ եւ երկյարկ օժանդակ, արտադրական եւ այլ շինութիւններից, որոնք պարսպապատուած են: Համալիրի հարաւարեւելեան անկիւնում գտնուող եկեղեցին աւագ ապսիտով ու զոյգ աւանդատներով, արեւմտեան ճակատի մուտքով կեդրոնագմբէթ յուշարձան է: Կառուցուած է ճեղքուած, կիսամշակ եւ մասամբ էլ սրբատաշ քարերով ու կրաշաղախով: Ներքին տարածքը ծեփուած է ու սպիտակեցուած: Բաւականին մեծ ու կլոր գմբէթը ծածկուած է բրգաձեւ վեղարով: Եկեղեցին հիմնականում զուրկ է ճարտարապետական յարդարանքից: Նրա միապաղաղ արտաքինին որոշ չափով աշխուժութիւն են հաղորդում մուտքի շուրջը եւ որմերի այլ մասերում տեղադրուած ԺԶ. դարի մի քանի արձանագիր խաչքարերը: Բաւականին լայն բացուածքով մուտքն ունի ԺԲ.-ԺԳ. դարերի հայկական ճարտարապետութեան մէջ օգտագործուած թեթեւակիօրէն սլաքաւոր կամար:

Մ. Սմբատեանցի ենթադրութեամբ, Ամենափրկիչը հիմնուել է 1271 թուականին, պարոն Վահրամի կողմից: Սակայն այս վանքի մասին գրաւոր աղբիւրներում 1271 թուականին աւելի հին տեղեկութիւն կայ: Այսպէս, օրինակ, Ամենափրկիչը յիշատակւում է Խաչիկ կաթողիկոսի` 976 թուականին Աշոտ Շահնշահ թագաւորի կողմից Դարաշամբի սուրբ Ստեփանոս վանքին կալուածներ ընծայելու փաստը հաստատող վաւերագրում: Հետեւապէս աչքի տակ ունենալով նաեւ յուշարձանի ճարտարապետական-յօրինուածքային առանձնայատկութիւնները, պէտք է եզրակացնել, որ Ամենափրկչի սկզբնական շինութիւնը հիմնուել է ոչ ուշ, քան Թ. – Ժ. դդ.:

Ամենափրկիչ վանքի եկեղեցու արեւմտեան ճակատին կցուած է երկու մոյթերի յօրինուածքով թաղակապ փոքր գաւիթը, որի ծածկը եւ մոյթերի վերին մասերն այժմ աւերուած են: Եկեղեցու հիւսիսային եւ հարաւային որմերին եւ անմիջապէս պարսպին կից ներսում գտնւում են վանքի բնակելի խցերն ու սեղանատունը, հացատունն ու խոհանոցը, մթերանոցը եւ օժանդակ, արտադրական այլ շինութիւններ: Անմշակ ու ճեղքուած քարերով, կրաշաղախով կառուցուած այդ շինութիւնները, որոնք արդէն աւերակների են վերածուել, ունեն խաչաձեւ եւ թաղակապ ծածկեր: Վանքի համալիրի բարձր ու ամուր պարիսպը քառանկիւնի է եւ այժմ էլ կանգուն է 2,5 մ չափով: Այն եւս կառուցուած է անմշակ քարերով ու կրաշաղախով եւ բերդապարիսպի տպաւորութիւն է թողնում, որի միակ փոքրիկ մուտքը հարաւային ճակատում է:

Ամենափրկիչ վանքի հարաւային կողմում գտնւում է վանքի գերեզմանատունը, ուր ամփոփուած են միաբանների ու եպիսկոպոսների աճիւնները: Այս գերեզմանատան խաչքարերի մեծ մասը վերաբերում են ԺԵ. – ԺԶ. դդ. եւ ունեն ուշագրաւ պատկերաքանդակներ ու զարդաձեւեր, որոնց մեծ մասը տապալուած ու կոտրատուած են կամ էլ կիսով չափ թաղուած են հողի մէջ: Գերեզմանատան տարբեր անկիւններում կան նաեւ մի քանի թաղակապ ծածկերով մատուռ-դամբարանների աւերակներ: Նրանից արեւմուտք գտնւում է երբեմնի յորդահոս, իսկ այժմ սակաւաջուր վանքի աղբիւրը, որի շուրջը ժամանակին եղած սաղարթախիտ ծառերին ու փոքրիկ այգուն ջուղայեցիները կոչում էին Վանքի բաղչա: Այս աղբիւրի ջրով էր ոռոգւում Արաքսի ափին եղած Վանքի Ծակուտա բաղ կոչուող այգին: Ըստ աւանդութեան Վանքի բաղչայի ծառերն ու մարգերը կախարդական զօրութիւն ունէին: Եւ ամէն ոք, ով գաղտագողի որեւիցէ թուփ ու ճիւղ է կտրել այդ այգուց, պատժուել է: Եւ կարծէք այդ աւանդազրոյցի իրեղէն վկան վանքից դէպի քաղաք իջնող արահետի ձախ կողմում գտնուող Կուզիկ մամի քարակարկառն է: Վերջինս վանքի մարգերից սոխ գողանալու համար հէնց ճանապարհին, պատժուելով, քարացել է…

ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶԵԱՆ

 

ՓԱՍՏԵՐ ԵՒ ԱՊԱՑՈՅՑՆԵՐ

– 2010 թուականի հոկտեմբերի 23-ին Գիւմրիում, Գիւմրի քաղաքի օրը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մօտ խաչքարերի զբօսապուրակ է բացուել, որտեղ տեղադրուել են  Ջուղայում ոչնչացուած խաչքարերից 20-ի կրկնօրինակները:

– Ջուղա քաղաքը, ըստ պատմական փաստերի, հիմնադրել է  հայ թագաւոր Տիգրան Երուանդեանը:Ընդհուպ մինչեւ 1604 թուականը Ջուղան պահպանել է իր առաւելապէս եւ նոյնիսկ բացառիկ հայկական բնոյթը: Քաղաքը ծաղկում է ապրել  ԺԶ. դարում,  այն ժամանակ,  երբ   դարձել է  միջազգային առեւտրի կեդրոն, առաւելապէս` մետաքսի: Այդ ժամանակ քաղաքում կար 3 հազար տուն եւ 7 եկեղեցի:

– Խորհրդային Ազրպէյճանի պատմաբանները  ժխտում էին Նախիջեւանի հայկական ծագումը: Աւելի ուշ նրանք նաեւ սկսեցին կեղծել փաստերը եւ Նախիջեւանի հայկական յուշարձանները  վերագրել  այստեղ երբեւէ չապրած աղուանցիներին:

– Հայ հնագէտներն ու փորձագէտները հաստատել են,  որ 1987 թուականին Ջուղա  իրենց այցելութեան ժամանակ Ջուղայի խաչքարերը դեռ կանգուն էին, իսկ ամբողջ Նախիջեւանի շրջանը ունէր մօտաւորապէս «27,000 վանք, եկեղեցի, խաչքար ու գերեզմանաքար»:

– 1998 թուականի Ջուղայի խաչքարերի ոչնչացման համար  Հայաստանը մեղադրանք է առաջադրել Ազրպէյճանի կառավարութեանը: Ամերիկայի Միացեալ Նահանգների  Հնագիտական համալսարանի մասնագէտ Սառա Փիքմանը  յուշարձանների ոչնչացումները վերագրել է Ազրպէյճանում տիրող հակահայկական տրամադրութիւններին:

– Նոյն թուականին Ազրպէյճանը  ժխտել է խաչքարերի ոչնչացման մեղադրանքները` անտեսելով բազմաթիւ  ապացոյցների գոյութիւնը: Ջուղայի յուշարձանների ոչնչացումն առաջինը նկարել է «Հայկական ճարտարապետութիւնը Իրանում» կազմակերպութեան անդամ Արթուր Պետրոսեանը, որի լուսանկարներում երեւում են գերեզմանատունը քանդող շինարարական մեքենաները:

– Ազրպէյճանի կառավարութիւնը, ուղղակիօրէն չպատասխանելով ներկայացրած մեղադրանքներին, յայտարարել է, որ` «վանտալիզմը  բնորոշ չէ Ազրպէյճանին»:

– 1998 թուականին ԵՈՒՆԵՍՔՕ-ն պահանջել է դադարեցնել Ջուղայի յուշարձանների ոչնչացման գործողութիւնները:

– Ամերիկացի մարդաբան եւ Շիքակոյի համալսարանի մարդաբանութեան դասախօս Ատամ Թ. Սմիթը խաչքարերի ոչնչացումը բնութագրել է որպէս` «…իր անցեալի նկատմամբ մարդկութեան վերաբերմունքի մէջ ամօթալի դրուագ, ցաւալի արարք` Ազրպէյճանի կառավարութեան կողմից, մի գործողութիւն,   որը բացատրութիւն եւ ուղղում է պահանջում»: Սմիթը եւ այլ գիտնականներ, ինչպէս նաեւ` Միացեալ Նահանգների մի քանի ծերակուտականներ, ԵՈՒՆԵՍՔՕ-ին եւ այլ կազմակերպութիւնների ուղղուած մի նամակ են ստորագրել, որտեղ դատապարտել են Ազրպէյճանի կառավարութեանը:

– «Լա Սթամփա» թերթի վերլուծաբան Ֆլաւիա Ամապիլէն իր թերթի էջերում մեղադրել է ՄԱԿ-ին եւ ԵՈՒՆԵՍՔՕ-ին` Ազրպէյճանում կատարուող սրբապղծութեան նկատմամբ անտարբերութեան մէջ:

– Էրմիթաժի տնօրէն Միխայիլ Փիոթրովսքին  Նախիջեւանում կատարուածը բնութագրել է որպէս յանցագործութիւն:

– Յունական ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդը ու Աթէնքի եւ ամենայն Յունաստանի արքեպիսկոպոս Քրիսթոտուլոսը բողոք են յայտնել հայկական յուշարձանների քանդման առիթով եւ յայտարարել են, որ` «սրբավայրերի եւ յուշարձանների աւերումը մարդկութեան պատմութեան սեւ էջն է»:

– Ազրպէյճանի այս վանտալութեան արարքը դատապարտել է նաեւ Վատիկանը:

– Եւրոխորհրդարանում բրիտանացի ներկայացուցիչ Չարլզ Թանոքը ասել է. «Սա նման է Թալիպանի կողմից Պուտայի արձանների քանդմանը: Նրանք պեթոնել են տարածքը եւ ռազմական ճամբարի վերածել: Եթէ նրանք թաքցնելու բան չունեն, ուրեմն  պէտք է թոյլ տան մեզ տեսնել վայրը»:

– Ի պատասխան Հայաստանի եւ միջազգային կազմակերպութիւնների կողմից առաջադրած մեղադրանքներին, Ազրպէյճանը յայտարարել է, որ հայերը երբեք չեն ապրել այդ տարածքներում: 2005 թուականի դեկտեմբերին  Պի. Պի. Սի.ին տուած հարցազրոյցի մէջ Ցէյնալովը ասել է. «Նախիջեւանը  անյիշելի ժամանակներից ազրպէյճանցիների հողն է, եւ հէնց այդ պատճառով  էլ այնտեղ չկան եւ երբեք չեն եղել  հայկական գերեզմանոցներ եւ յուշարձաններ»:

– Ջուղայի հայկական խաչքարերը  վերջնականապէս հողին են հաւասարեցուել 2005-2006  թուականներին, իսկ գերեզմանատան տեղում հիմնուել է հրաձգարան:

– 2010 թուականին հայկական խաչքարերի ստեղծման արուեստը ընդգրկուել է ԵՈՒՆԵՍՔՕ-ի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում:

– Այս տարուայ յունիսի 15-ին Փարիզի ԵՈՒՆԵՍՔՕ-ի կեդրոնակայանում   «Խաչքարի արուեստը» խորագրով ցուցահանդէսի բացումից մի քանի ժամ առաջ ներկայացուած լուսանկարների բացատրագրերից հանուել են խաչքարերի տակ նշուած հայկական տեղանունները:   ԵՈՒՆԵՍՔՕ-ն այս քայլով հակասել է ինքն իրեն: Հայկական կազմակերպութիւնները մեծ աղմուկ են բարձրացրել այդ առթիւ:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

 

Share this Article
CATEGORIES