Ցեղասպանութեան Հետքերը Դանիական Փաստաթղթերում

Թիւ 1216 ապաստարանի թղթապանակի բնօրինակը:
Որոշ ժամանակ է, ինչ «Արմենոսիտ.տը» կայքում 1922-1945 թթ. Հալէպում Ցեղասպանութիւնից փրկուած հայերի համար հիմնուած Ազգերի լիկայի ապաստարաններում եւ որբանոցներում ապրող հայերի վերաբերեալ թղթապանակներից փաստաթղթեր են հրապարակում: Վերջերս «Ակօս» թերթն ընթերցողներին ներկայացրեց Էմրէ Ճան Տաղլըօղլուի հարցազրոյցը` պատմաբան Մաթիաս Պեոռնլունտի հետ, ով ուսումնասիրում է 1922-1945 թթ. Հալէպում Ցեղասպանութիւնից փրկուած հայերի համար գործունէութիւն ծաւալած Ազգերի լիկայի ապաստարաններում եւ որբանոցներում ապրող հայերի վերաբերեալ թղթապանակները: Պատմաբանն անդրադառնում է Դանիայի պետութեան եւ ժողովրդի 1915 թ. վերաբերեալ դիրքորոշմանն ու Հալէպի օգնութեան կազմակերպութեանը:
ՀԱՐՑՈՒՄ.- Որ՞ն էր Դանիայի դերը 1915 թ.:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Դանիան եւ կառավարութիւնը Ցեղասպանութեան ընթացքում դիտորդի կարգավիճակում էին: Յատկապէս Դանիայի արտաքին գործերի նախարարութիւնը եւ Դանիայի բնակչութիւնն ընդհանրապէս տեղեակ էին շարունակուող բնաջնջման գործընթացից, սակայն քանի որ Դանիան փոքր եւ չէզոք պետութիւն էր, քաղաքական շրջանակներում հայերի օգտին լուրջ միջամտելու ազդեցութիւն չունէր: Սա վերաբերում է նաեւ Ցեղասպանութեանը յաջորդած փուլին: Որոշ հարցերում Ազգերի լիկան եւ որոշ ուժեր սկանտինաւեան երկրներից Արեւմտեան Հայաստանի (Արեւելեան Անատոլիայի) կոտորածներից փրկուած հայերի համար պահանջում էին ռազմական եւ մարդկային պատասխանատուութիւն ստանձնել: Սակայն սա իրատեսական ցանկութիւն չէր: Սկանտինաւեան պետութիւնները նման պատասխանատուութիւն չէին նախատեսում իրենց համար, եւ հակազդեցութիւնը հետեւեալն էր` «Ո՛չ, շնորհակալութիւն»:
Հ.- Ո՞րն էր այս դիրքորոշման պատճառը:
Պ.- Որովհետեւ սկանտինաւեան երկրները ռազմական ուժի տեսանկիւնից շատ թոյլ էին: Իրականութիւն է, որ փորձառու եւ բարձր շարժառիթներով առաջադրուող թուրքական միաւորումների դէմ Անատոլիայում ոչ մի հնարաւորութիւն չէին ունենալու: Դանիայի, Շուէտի եւ Նորվեկիայի կառավարութիւնները գիտէին, որ պարտուելու էին: Այդ իսկ պատճառով էլ չցանկացան մասնակցութիւն ունենալ: Մտածում էին, որ եթէ ներգրաւուէին «Հայկական հարցի» մէջ, ոչ մի բան չէին շահի:
Հ.- Կարելի է ասել, որ 1915 թ. ընթացքում Արեւմուտքի լռութիւնը բնորոշ է նաեւ սկանտինաւեան երկրներին:
Պ.- Կարող ենք ասել, որ ողջ Արեւմուտքը տեղեակ էր, սակայն Անգլիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսայի համար պատերազմում յաղթելն աւելի առաջնային հարց էր: Բացի այդ` 1915 թ. կոտորածները կամ սպանութիւնները դադարեցնելու միջամտութեան համար Արեւելեան Անատոլիան կամ Սուրիան դժուարին, կարելի է ասել` անհնարին վայր էր: Ըստ էութեան, պատահականութիւն չէր, որ Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութիւնը բնաջնջման գործընթացն աւարտելու համար ընտրել էր Տէր Զօրի պէս հեռու շրջան, սակայն Գերմանիան, որպէս Թուրքիայի դաշնակից, Ցեղասպանութիւնը դադարեցնելու համար շատ բան կարող էր կատարել, բայց նա եւս նախ եւ առաջ պատերազմում յաղթել էր ցանկանում:
Հ.- Դանիայի ժողովրդի կամ Օսմանեան կայսրութիւնում գտնուող պաշտօնեաների դիրքորոշումը պետութեան դիրքորոշումից մի փոքր տարբեր չէ՞ր:
Պ.- Եթէ նայենք Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիայի եւ միւս սկանտինաւեան երկրների շարժումներին, ապա իրավիճակը մի փոքր տարբեր է: Միսիոնարները, ընկերային ծառայողները, դիւանագէտները եւ Օսմանեան կայսրութիւնում գործուղման մէջ գտնուող միւս մարդիկ ստանձնում են վկայի եւ փրկչի պարտականութիւն: Իրենց երկիր վերադառնալիս` այս թեմայի շուրջ տեղեկացուածութիւնն ապահովում էին եւ օգնութեան համար գումար էին հանգանակում:
Հ.- Նրանցից ամենայայտնին Քարեն Եփփէն է: Լա՛ւ, իսկ ո՞վ է Եփփեն:
Պ.- Քարեն Եփփեն դանիացի ուսուցիչ է: Նախքան Ցեղասպանութիւնը եւ Ցեղասպանութիւնից յետոյ աշխատել է Եդեսիայի (Ուրֆա) Դանիացի հայ բարեկամներ եւ գերմանական կազմակերպութիւնների համար: Օգնում էր 1909 թ. Ատանայի կոտորածներից փրկուած հայերին: Որդեգրում է Միսակ եւ Լուսիա անունով երկու հայ որբի: 1921 թ. ցեղասպանութիւնից փրկուած հայերին օգնելու համար գնում է Հալէպ եւ սկսում աշխատել ՄԱԿ-ում: 1924 թ. հող է վարձակալում եւ հայերի համար այն վերածում գիւղատնտեսական դաշտի: Հալէպում կառուցում է որբանոց, ապաստարան, 6 գիւղատնտեսական բնակավայր, դպրոցներ եւ «Սպիտակ տուն» անուամբ յայտնի հանգստարանը: 1935 թ. Հալէպում մալարիայից մահանում է:
Հ.- Ինչո՞ւ է Հալէպում հայերի համար որբանոց եւ ապաստարան կառուցւում:
Պ.- Ապաստարանն ու որբանոցը 1922 թ. Ազգերի լիկայի հրամանով կառուցում է ղեկավարում է Եփփեն: Նպատակը` այնպիսի մի վայր ստեղծել, որտեղ Ցեղասպանութիւնից փրկուած կանայք եւ երեխաները կարող էին մնալ, գտնել իրենց կորած բարեկամներին, կրթութիւն ստանալ եւ հետագայում գնալ այնտեղ, որտեղ ցանկանում էին: Դանիական որոշ կազմակերպութիւններից նիւթական օգնութիւն էր ստանում: ՄԱԿ-ին պատկանող նմանատիպ մի կազմակերպութիւն էլ Պոլսում կար, որը կառուցել էին անգլիացի բժիշկ Վ. Ա. Քենետին եւ ամերիկացի բուժքոյր Էմմա Քաշմանը: Ազգերի լիկայի նորվեկիացի պաշտօնեայ Ֆ. Նանսենը եւս հայերի համար նմանատիպ նախաձեռնութեամբ է հանդէս գալիս:
Հ.- Այս հաստատութիւնը ե՞րբ է փակւում:
Պ.- Երբ 1945 թ. Դանիացի հայ բարեկամներ կազմակերպութիւնը լքում է Հալէպը, այն ղեկավարում են հալէպցի հայերը, եւ որոշ ժամանակ անց ապաստարանը` դատարկւում, եւ տունը վաճառւում է: Դեռեւս Հալէպում Եփփէի եւ նրա հաստատութեան կողմից աշխատեցրած որոշ կալուածներ դեռեւս գործում են: Օրինակ` Հալէպի Քարեն Եփփէ վարժարանը կազմակերպութեան կրթական նախագծերից մէկի արդիւնքն է:
Հ.- Այստեղ քանի՞ հոգի է ապրում:
Պ.- 1920-30 թթ. Եփփէի ապաստարանում եւ որբանոցում 2 հազար հայ էր ապրում: Ըստ Եփփէի, 1927 թ. 1700 հայ է փրկւում, եւ իւրաքանչիւրի համար թղթապանակ է բացւում, որտեղ ներառւում են անունները, նկարները եւ պատմութիւնները: Այս թղթապանակներն այժմ «Արմենոսիտ.տը» կայքում անգլերէնով հրապարակւում են, թուրքերէն թարգմանելու համար աշխատանքներ են կատարւում: Այստեղ մնացողներից ոմանք հետագայում Հալէպում աշխատանք են գտնում: Մի մասը գնում է Լիբանան, Խորհրդային Հայաստան, Ֆրանսա, Միացեալ Նահանգներ կամ Հիւսիսային Ամերիկա: Հայերի համար դասական պատմութիւն է. մեծամասնութիւնը բարեկամների հետքերով, աշխատանք գտնելու կամ անվտանգութեան նկատառումներով ցրւում է ողջ աշխարհով մէկ:
Հ.- 1923 թ. յետոյ եկողներ եղե՞լ են:
Պ.- Այո՛, այն էլ շատ: Երբ որոշ կանանց եւ երեխաների երկրից վռնտում էին, ամուսիններին թուրքական բանակ էին վերցնում: Երբեմն ամուսինների յետեւից են գալիս:
Հ.- 1915 թ. Սուրիայում Այնթուրայի նման թուրքական որբանոցներ են ստեղծւում…
Պ.- Այնթուրայի պէս թուրքական որբանոցները նպատակ էին հետապնդում հայերին փորձել թուրքացնել: Մեծաւ մասամբ հայ որբերը այս գործընթացում սպաննւում են: Իսկ Արեւմուտքի հայերի կողմից ստեղծուած որբանոցները ջանում էին պահպանել ոչ միայն հայ երեխաների կեանքը, այլեւ` լեզուն, կրօնը եւ մշակոյթը, այսինքն` հայկականութիւնը:
«Մարիամի» պատմութիւնն ինձ վրայ մեծ տպաւորութիւն թողեց:
Հ.- Փրկուած հայերի թղթապանակների պատմութիւններից ամենաշատը ո՞րն է ձեզ վրայ տպաւորութիւն թողել:
Պ.- Բնականաբար շատերը… Մէկն էլ ապաստարանում 577 համարի տակ տեղ գտած Մարիամի պատմութիւնը կարող է լինել: Նրա մասին որեւէ մանրամասնութիւն չկայ: Նա միայն Ցեղասպանութիւնից փրկուածներից մէկն է: Անունը մոռացել է: Չի յիշում, թէ որտեղից է եկել, ո՞ւմ են որպէս ստրուկ վաճառել, ինչպիսի՞ դժոխքի միջով է անցել: Թղթապանակում նրա մասին տեղ գտած վերջին բառերը` «Ինքն է եկել: Որդեգիր է»: Մի կերպ յաջողում է: Այնտեղ ինքն է հասնում: Խօսքեր չեմ կարողանում գտնել, որպէսզի բացատրեմ այն հիացմունքը, որ զգում եմ նրա կամքի եւ ապաքինուելու ուժի համար:

