Կը Յանձնի՞, Արդեօք, Մոսկուան ԼՂ Տարածքներն Ազրպէյճանին

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

1107_artsakhՊաքուն վերջին շրջանում աշխուժօրէն փորձում է տպաւորութիւն ստեղծել, թէ միանգամայն իրատեսական է ռուսական եւրասիական համարկման նախագծերին Ազրպէյճանի միանալու հնարաւորութիւնը: Գաղափարը Պաքուն հետեւողականօրէն զարգացնում է` օգտագործելով այդ հարցում Մոսկուայի անթաքոյց շահագրգռութիւնը եւ դրա պարունակում ներկայումս Պաքուի հետ վարուող բուռն բանակցային գործընթացը:

Մօտ երկու շաբաթ առաջ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Արազ Ազիմովը յայտարարեց, թէ Մոսկուան կարող է, ի դէմս Ազրպէյճանի, յուսալի դաշնակից ձեռք բերել, շատ բաների հասնել, եթէ օգնի նրան ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում: Մի քանի օր անց,` այն օրերին, երբ Լաւրովը ժամանել էր Երեւան, հեռախօսազրոյց տեղի ունեցաւ ՌԴ եւ Ազրպէյճանի նախագահների միջեւ, որը գրեթէ ամբողջութեամբ վերաբերել է մի կողմից ռուս-ազրպէյճանական յարաբերութիւնների զարգացմանը, միւս կողմից` ԼՂ հիմնահարցի կարգաւորմանը: Դրան յաջորդեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգէյ Կլազեւի յայտարարութիւնն այն մասին, թէ Ռուսաստանի համար բացթողում է, որ Ազրպէյճանը չի մասնակցում եւրասիական նախագծերին: Ըստ Կլազեւի`, Ռուսաստանը հասկանում է, որ դրան խոչընդոտող հիմնական խնդիրը հէնց ԼՂ հակամարտութիւնն է, եւ դրանով է բացատրւում վերջին շրջանում Ազրպէյճանի նկատմամբ Ռուսաստանի ուշադրութեան մեծացումը: Կլազեւի այս յայտարարութիւնը գրեթէ համընկաւ ռուս-ազրպէյճանական ֆորումներից մէկի շրջանակում Ազրպէյճանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների ղեկավար Ալլահշուքիւր Փաշազատէի այն դիտարկմանը, թէ յոյս ունի, որ «Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի օգնութեամբ Ազրպէյճանին կը վերադարձուեն նրա տարածքները», եւ խնդիրը խաղաղ լուծում կը ստանայ: Աւելի բացելով փակագծերը` ազրպէյճանցի ռազմական փորձագէտ Ուզէիր Ճաֆարովը օրեր անց յայտարարեց, թէ հնարաւոր է, որ Ռուսաստանի միջամտութեամբ ԼՂ-ին յարակից երեք շրջանները վերադարձուեն Ազրպէյճանին, ինչի դիմաց վերջինս պատրաստ է անդամակցելու Եւրասիական տնտեսական միութեանը:

Դժուար է ասել` որքանով են Փաշազատէի եւ Ճաֆարովի ցանկութիւններն արտայայտում ռուս-ազրպէյճանական` ներկայիս աննախադէպ աշխուժ բանակցութիւնների էութիւնը: Սակայն ինքնին, դրանց շրջանառութեան մէջ դրուելու փաստը վկայում է, որ Ազրպէյճանը ձգտում է որքան հնարաւոր է լրջութիւն հաղորդել նման բեմագրութեամբ առաջնորդուելու հարցում իր շահագրգռութեանը` փորձելով դրանով համոզել Ռուսաստանին նախկին ԼՂԻՄ-ի յարակից շրջաններից գոնէ մի քանիսը Հայաստանի փոխարէն` իրեն վերադարձնելու հարցում: Ուշադրութիւն դարձնենք այն հանգամանքին, որ այդ բեմագրութիւնը, ըստ էութեան, չի հակասում բուն Մատրիտեան սկզբունքներին: Մօտ երկու ամիս առաջ ԵԱՀԿ Մինսքի խմբակի ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքը յիշեցրեց, որ այդ սկզբունքների էութիւնը եւս ԼՂԻՄ-ի տարածքը յարակից շրջաններից տարբերելը եւ դրանք Ադրբեջանին յանձնելն է:

Բայց Ազրպէյճանը հետաքրքրութիւն է հանդէս բերում ոչ թէ հակամարտութիւնը Մատրիտեան սկզբունքների, այլ եւրասիական նախագծերի շրջանակում Ռուսաստանի միակողմանի միջամտութեան հէնքի վրայ կարգաւորելու նկատմամբ: Իսկ պատճառը շատ պարզ է: Մատրիտեան սկզբունքներում տարածքները յանձնելուն զուգահեռ դրւում է նաեւ ԼՂ-ում, այսպէս կոչուած, հանրաքուէ անցկացնելու, այսինքն` կարգավիճակի խնդիրը լուծելու հարցը: Մինչդեռ այն տարբերակը, որն ակնկալում է Պաքուն Մոսկուայից, ենթադրում է միայն ԼՂՀ մի քանի շրջանների վերադարձ իրեն` ԵՏՄ (Եւրասիական տնտեսական միութիւն) մտնելու խոստման դիմաց, իսկ ԼՂ-ի կարգավիճակի հարցը օրակարգից առժամանակ դուրս է մղւում` դառնալով բացառապէս Մոսկուայի իրաւասութեան խնդիրը: Խաղաղութիւնը, բնակչութեան անվտանգութիւնն ապահովելու խնդիրը այս բեմագրութեամբ լուծւում է միայն շփման գծում ռուսական ռազմական զօրագունդի տեղակայման միջոցով, որով Մոսկուան, մի կողմից, վերջնականապէս լուծում է Հարաւային Կովկասն իր բացարձակ ազդեցութեան տարածքը վերածելու խնդիրը, միւս կողմից, լծակ է ունենում` Ազրպէյճանին սահուն դէպի ԵՏՄ մղելու համար: Արդիւնքում` Ազրպէյճանը չի կարողանում վերադարձնել Լեռնային Ղարաբաղը` ԼՂԻՄ տարածքով, բայց այն դուրս է գալիս նաեւ Հայաստանի ազդեցութեան գօտուց ու դառնում Ռուսաստանի ոչ ֆորմալ մասը: Իսկ Ալիեւը իրականացնում է գոնէ տարածքների մի մասն առանց լուրջ ջանքերի Ազրպէյճանինը դարձնելու տուած խոստումը եւ` հերոսանում: Ահա, թէ որը կարող է լինել ռուս-ազրպէյճանական հնարաւոր գործարքի էութիւնը:

Սակայն հարցն այն է` որքանո՞վ է նման գործարքն իրատեսական: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը Պաքւում յայտարարեց, թէ ԼՂ հիմնահարցը ԵՏՄ-ի հետ որեւէ կապ չունի եւ այդ միութեանը Հայաստանի անդամակցութեան պարագայում շարունակելու է մնալ բացառապէս ԵԱՀԿ Մինսքի խմբի ձեւաչափում: Սա կարելի է այս պահին նման գործարքի գնալու` ազրպէյճանական առաջարկը մերժելու դրսեւորում համարել, եթէ, ի հարկէ, դրա նպատակը հայկական կողմի գլխի տակ փափուկ բարձ դնելը չէ: Ռուսաստանը չի կարող հաշուի չառնել, որ իր կողմից Ազրպէյճանը կլանելուն ուղղուած քայլերն Արեւմուտքը կուլ չի տայ նոյնքան հանգիստ, որքան Հայաստանին կլանելու պարագայում:

Ազրպէյճանում  ուժանիւթային խոշոր ընկերութիւնների ներկայութիւնն այնպիսի հզօր գործօն է, որ Պաքուն ինքը չի կարող անտեսել նրանց շահերը եւ մտնել մի միութիւն, որը գործելու է բացարձակ տարբեր մաքսային սկզբունքներով եւ ստեղծւում է հակակշռելու համար Եւրամիութեանը: Եւրոպայում արդէն հասկացրել են, որ չեն հանդուրժելու նման որեւէ զարգացում: Ալիեւին Եւրախորհրդում ցուցաբերուած «ջերմ» վերաբերմունքն ընդամէնը կարելի է նախերգանքը համարել այն ամէնի, ինչը կարող է ձեռնարկել Արեւմուտքը` օգտագործելով ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների հետ կապուած խայտառակ իրավիճակը Ազրպէյճանում: Սրանք Ալիեւին զսպող այնպիսի իրողութիւններ են, որոնց պարագայում հնարաւոր չէ պատկերացնել, որ Կրեմլում կարող են լուրջ վերաբերուել ԵՏՄ-ին միանալու` Ազրպէյճանի շահագրգռութեան ցուցադրութիւններին: Դա է պատճառը, որ Լաւրովի միջոցով վերոնշեալ ուղերձը յղելով, Մոսկուան, փաստօրէն, իր հերթին առաջարկում է Պաքուին կատարել առաջին քայլը եւ ԼՂ հարցում որեւէ ակնկալիք ցուցաբերել` միայն ԵՏՄ մտնելու քաղաքական որոշում ընդունելու, պայմանագիրը ստորագրելու պարագայում:

Խնդիրն այստեղ առաւելապէս Հայաստանի անհասկանալի կեցուածքն է: Մի կողմից` Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը յայտարարում է, թէ հակամարտութեան գօտում որեւէ երրորդ ուժի ներկայութիւնն անթոյլատրելի է` թաքնուած ակնարկելով, որ շփման գծում նաեւ ռուսական «խաղաղապահների» տեղակայմանն է հայկական կողմը դէմ: Իսկ միւս կողմից` քաղաքական իշխանութեան ներկայացուցիչը` Արտաշէս Գեղամեանը, Պաքւում յայտարարում է, թէ Հայաստանը շահագրգռուած է ԵՏՄ-ին` Ազրպէյճանի անդամակցութեամբ, որպէսզի վերանայ ԼՂ-ի` որեւէ կողմին պատկանելութեան հարցը, հակամարտութեան առարկան: Սա ոչ` այլ ինչ էր, եթէ ոչ ռուս-ազրպէյճանական վերոնշեալ հնարաւոր գործարքի իրականացման իւրօրինակ մեքանիզմ:

Share this Article
CATEGORIES