Հայ-Թրքական Սահմանի Բացման Խնդրի Տակ Թաքնուած Է Ազրպէյճանում Թրքական Դպրոցների Փակման Հարցը

«ԷՐՄԷՆԻ ՀԱՊԵՐ»

Լուրերն այն մասին, թէ Թուրքիայի գործող վարչապետ, նախագահ առաջադրուած թեկնածու Ռեճեփ Թայիփ Էրտողանը ծրագրել է առաջիկայում ընթացք տալ հայ-թուրքական կարգաւորման գործընթացին, իրականում այլ շարժառիթ է ունեցել: Դրանց յետեւում թաքնուած է Ազրպէյճանում թուրքական դպրոցների փակման հարցը:

Այս մասին տեղեկացնում է «Ռոթա հապեր» լրատուական կայքը: Ըստ վերջինիս, Թուրքիայի իշխանութիւնները սահմանի բացման հարցը փորձել են օգտագործել որպէս ճնշման գործիք կամ շանթաժ` Ազրպէյճանում թուրքական դպրոցների փակումը կասեցնելու համար: Անգարան փորձել է Պաքուին հասկացնել, որ եթէ փակուեն թուրքական դպրոցները, ապա հնարաւոր է բացուի հայ-թուրքական սահմանը, իսկ Թուրքիայում գտնուող ազրպէյճանական ներդրումներն էլ յայտնուեն ճնշումների տակ:

յիշեցւում է, որ Թուրքիայի ընդդիմադիր գործիչները սահմանի հնարաւոր բացման մասին խօսակցութիւններին կոշտ արձագանգ տուեցին: Մասնաւորապէս Ազգայնական շարժում կուսակցութեան («Մէ. Հէ. Փէ.») պատգամաւոր Օքթայ Վուրալը յայտարարել էր, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման սահմանի բացումը կը նշանակի Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութեան տապալում: Իսկ մէկ այլ ընդդիմադիր ուժի` ժողովրդահանրապետականների («Ճէ. Հէ. Փէ.») կարծիքով: Անգարան հայ-թուրքական կարգաւորման հարցի միջոցով փորձում է հաճոյանալ Միացեալ Նահանգներին:

Նշենք, որ թուրքական իշխանութիւնները պաշտօնապէս հերքել էին «Թարաֆ» թերթի տարածած տեղեկութիւնն այն մասին, որ վարչապետ Էրտողանը հրահանգել է աւարտին հասցնել հայ-թուրքական սահմանի Ալիճանի անցակէտի բացման նախապատրաստական աշխատանքները:

 

«ԷՐՄԷՆԻ ՀԱՊԵՐ»

Share this Article
CATEGORIES