Թիւրկիւթ Էօզալը Ժամանակին Առաջարկել Է Ետդարձի Հնարաւորութիւն Ստեղծել Վանեցի Հայերի Համար
Օգոստոսին նախատեսուող Թուրքիայի նախագահական ընտրութիւններին որպէս թեկնածու առաջադրուած Էքմալէտտին Իհսանօղլուն Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան խնդրի լուծման առումով ճիշդ է գնահատում ժամանակին Թուրքիայի հանրապետութեան ութերորդ նախագահը եղած Թիւրկիւթ Էօզալի մօտեցումը: Այդ մասին, «Ակունք»-ի համաձայն, «Դեմոկրատ Հապեր»-ում գրում է պոլսահայ լրագրող Հրանդ Գասպարեանը:
Ըստ աղբիւրի, նախընտրական քարոզարշաւի շրջանակներում կայացած մի հանդիպման ժամանակ Էքմալէտտին Իհսանօղլուն, պատասխանելով «Թարաֆ» օրաթերթի հայազգի լրագրող Հայկօ Պաղտատի` Հայկական հարցի վերաբերեալ հարցին, նշել էր, որ տեղին է համարում Թուրքիայի կառավարութեան կողմից սոյն թուականի ապրիլի 23-ին հրապարակուած ապրիլ քսանչորսեան ցաւակցական ուղերձը եւ նաեւ ընդգծել, որ ժամանակին նմանատիպ դիրքորոշում էր ունեցել նաեւ Թիւրկիւթ Էօզալը:
Ինչպէս յիշեցնում է Հրանդ Գասպարեանը, Էօզալի հրահանգով Հայկական հարցի լուծման կարգաւորման ուղղութեամբ ժամանակին աշխատանքներ էին տարւում թէ՛ երկրի ներսում եւ թէ՛ արտերկրում: Թուրքիայի ութերորդ նախագահը «Խելացի մարդիկ» անուան տակ 8-10 հոգիանոց մի խումբ էր կազմել` հիմնականում բաղկացած օսմաներէնին տիրապետող պաշտօնաթող դիւանագէտներից ու զօրավարներից, ովքեր զեկոյցներ էին ներկայացրել Էօզալին:
Իսկ Օզալի կառավարման տարիներին Ազգային կրթութեան նախարարը եղած Վեհպի Տինչերլերը «Աքսիոն» ամսագրին տուած հարցազրոյցում նշել էր, թէ Էօզալը 1984թ. փորձում էր լուծել Հայկական հարցը եւ Ամերիկայի միջոցով ըմբռնել, թէ գործնապէս ի՛նչ են հայերը պահանջում Թուրքիայից: Տինչելերը նաեւ յայտնել էր, որ Էօզալը մի աշխատանքային խումբ էր ստեղծել` օսմանահպատակ հայերի ժառանգները հանդիսացող սփիւռքահայերի վերադարձի համար ուղիներ որոնելու նպատակով եւ անգամ գործնական նախագծեր մշակել այդ ուղղութեամբ, որոնցից մէկն էլ կրում էր «Վանի ծրագիր» անուանումը: Թէեւ Էօզալը գիտակցում էր, որ իր ժամանակաշրջանի միւս պետական գործիչները լաւ չեն վերաբերուի այդ նախագծին, սակայն այնուամենայնիւ, 1988-89թ.թ. կապեր էր հաստատել Միացեալ Նահանգներում գործող մի հայկական կազմակերպութեան հետ եւ քննարկել Վան նահանգի Էտրեմիթ (Արտամետ) շրջանի կողմերում մի հողատարածք յատկացնելու եւ յատուկ սփիւռքահայերի համար նախատեսուող մի հանգստեան տուն կառուցելու հարցը:
Ինչպէս «Աքսիոն» հանդէսին պարզաբանել էր Վեհպի Տինչերլերը, Թիւրկիւթ պէյի նպատակն էր Թուրքիա բնակութեան հրաւիրել տարեց սփիւռքահայերի` այդպիսով փորձելով թէ՛ ներդրումային դաշտ ստեղծել երկրում եւ թէ՛ հարթել առկայ խնդիրները: Սակայն Էօզալի նախագիծը խիստ քննադատութեան էր ենթարկուել թուրքական մամուլի եւ հասարակայնութեան կողմից: Զանգուածային լրատուամիջոցներն անգամ լուրեր էին տարածել, թէ «Էօզալը Վանը տալիս է հայերին»: Զանգուածային լրատուամիջոցների բացասական արձագանգից յետոյ Էօզալը սկսել էր անգամ ճնշումների ենթարկուել կուսակցութեան ներսում: Հարցը մինչեւ իսկ ընդգրկուել էր Ազգային անվտանգութեան խորհրդի օրակարգում, եւ զինուորականներն իրենց անհանգստութիւնն էին յայտնել, որի պատճառով նախագիծն այդպէս էլ կեանքի չէր կոչուել:
թարգմանեց`ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»

