Իրաքեան Քրտերի Անկախութեան Հեռանկարը. Հնարաւորութիւններ Եւ Սահմանափակումներ
ԼԵՒՈՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Յունիսի վերջերին Իրաքի քրտական տարածաշրջանի կառավարութեան (ԻՔՏԿ) նախագահ Մ. Պարզանին յայտարարեց, որ Իրաքի միասնականութիւնն ու ամբողջականութիւնը վտանգի տակ են, եւ քրտերն արդէն պէտք է ինքնուրոյն կերտեն իրենց ապագան, իսկ յուլիսի 3-ին ԻՔՏԿ խորհրդարանում դռնփակ քննարկման ժամանակ յայտարարեց անկախութեան հանրաքուէի անցկացման նախապատրաստութիւնների անհրաժեշտութեան մասին:
Քրտական կողմի նախաձեռնութիւնները միջազգային վերլուծական, փորձագիտական շրջանակների կողմից մեկնաբանուեցին որպէս «ստեղծուած նպաստաւոր իրավիճակում անկախութիւն ձեռք բերելու լաւագոյն հնարաւորութիւն»: Մինչդեռ արտաքին ու ներքին մի շարք գործօններ դեռեւս մշուշոտ են դարձնում Իրաքում քրտական անկախ պետականութեան ստեղծումը:
Յունիսի վերջերին, Իրաքի տարածքային ամբողջականութեան պահպանման անհնարինութեան մասին յայտարարութիւնից յետոյ, Թուրքիա այցելեց վարչապետ Ն. Պարզանին` Իրաքում ստեղծուած իրավիճակը թուրքական կողմի հետ քննարկելու նպատակով: Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրտողանի հետ կայացած հանդիպումն անցել էր դռնփակ: Ըստ թուրքական մամուլի հրապարակումների` կողմերը համաձայնութեան էին եկել Իրաքում փոխզիջումային կառավարութեան ստեղծման ու երկրի տարածքային ամբողջականութեան պահպանման հարցի շուրջ: Ն. Պարզանիի այցը Թուրքիա` քրտական կիսանկախ միաւորը հետագայում անկախ հռչակելու հարցում թուրքական իշխանութիւնների դիրքորոշումը պարզելու նպատակ է հետապնդել, սակայն թուրքական մօտեցումներն անկախութեան հարցում մերժողական են եղել: Ըստ թուրքական Զանգուածային լրատուամիջո՞ցների` Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրտողանը յորդորել է Նեչիրուան Պարզանիին` քայլեր ձեռնարկել երկրի տարածքային ամբողջականութիւնը պահպանելու եւ անցումային կառավարութիւն ստեղծելու ուղղութեամբ:

Թալապանի

Մ. Պարզանի
Նախօրէին արդէն կայանալու էր ԻՔՏԿ նախագահ Մ. Պարզանիի այցը Թուրքիա, որի նպատակը ինքնավարութեան վարչապետի այցից յետոյ Էրպիլ-Անգարա փոխյարաբերութիւնների հարցում յստակութիւն մտցնելն է, այսինքն` Անգարայից իրաքեան գործընթացներում այլընտրանքային տարբերակների վերաբերեալ մօտեցումների ու քայլերի պարզումը: Պարզանիի այցը կարող է ձեռնտու լինել նաեւ Թուրքիայում նախընտրական գործընթացների պարունակում, քանի որ թուրքական իշխանութիւնները դրանով կը փորձեն նաեւ ազդել քրտական ընտրազանգուածի վրայ: Արդէն իսկ հասկանալի է, որ Պարզանին անկախութեան հանրաքուէի հետ միասին դիտարկում է առաջնային այլընտրանքների տարբերակները, որտեղ Անգարան կարող է ունենալ իր ուրոյն առաջարկները: Պարզանին ստեղծուած իրավիճակում, որքան էլ հակասական է հնչում, ներիրաքեան գործընթացներում Թուրքիային է տեսնում որպէս կարեւոր գործընկեր ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական առումներով: Իսկ Թուրքիան էլ ունի իր ուրոյն պատկերացումները իրաքեան քրտերի հետ յարաբերութիւնների հեռանկարի հարցում: Ներիրաքեան գործընթացներում Թուրքիայի առաջիկայ նպատակը կարող է լինել քրտերի եւ սիւննիների միջոցով իրաքեան նոր կառավարութեան ձեւաւորմանը հասնելը, եւ դրանում իր դերակատարութեան բարձրացումը` ի հակակշիռ Իրանի: Թուրքական վերլուծական շրջանակներում շրջանառւում է նաեւ հեռանկարում թուրք-քրտական դաշնութեան կամ համադաշնութեան տարբերակը, որը ներկայացւում է որպէս թուրք նոր օսմանականների համար ընդունելի տարբերակ: Թուրքիայում ինչպէս քաղաքական, այնպէս էլ փորձագիտական որոշ շրջանակներ անխուսափելի են համարում Իրաքի մասնատումն ու դրա արդիւնքում նաեւ անկախ քրտական պետութեան ստեղծումը եւ կարծում են, որ Թուրքիան ցանկանում է ստանձնել տարածաշրջանում քրտերի խնամատարի ու դաշնակցի դերակատարութիւն:
Թուրքիայի կողմից հիւսիսային Իրաքում քրտական անկախ պետականութեան հռչակման համար հանրաքուէի անցկացման մասին պաշտօնական արձագանգները բաւական զուսպ եւ չափաւոր են, զերծ են նախկին բացայայտ բացասական շեշտադրումներից: Թուրքիայի կողմից նման կեցուածքն ու դիրքորոշումը պայմանաւորուած է ինչպէս Թուրքիայում ընթացող ներքաղաքական ու նախընտրական գործընթացներով, այնպէս էլ Իրաքում առկայ ճգնաժամով: Նախ, Թուրքիայի իշխանութիւնները, ցոյց տալով որոշակի հանդուրժողական մօտեցում հանրաքուէի անցկացման հարցում, ցանկանում են որոշակի դրական հէնք ապահովել` Թուրքիայի քրտաբնակ շրջաններում նախագահական ընտրութիւնների շեմին: Միւս կողմից, դրանք միտուած են ցոյց տալու Էրպիլի հետ Անգարայի դաշնակցային յարաբերութիւնների բնոյթը եւ ամէն կերպ չվնասելու դրանց, իսկ իրաքեան գործընթացներում չզրկուելու այդ կարեւոր գործօնից:
Թուրքիայի քաղաքական ու վերլուծական քննարկումներում գերիշխում է երկու հակադիր մօտեցում: Ազգայնական հատուածի մամուլն ու վերլուծաբանները հիւսիսային Իրաքում քրտական անկախ պետականութեան հաւանականութիւնը համարում են ուղղակի սպառնալիք Թուրքիայի համար, իսկ Թուրքիայի իշխանութիւններին մեղադրում են դրա հետ համակերպուելու եւ նոյնիսկ աջակցելու մէջ` դրանում տեսնելով նաեւ Թուրքիայի տարածքային մասնատման մարտահրաւէրները: Միւս մօտեցումը, որն առաւելապէս շրջանառւում է իշխանամէտ մամուլի եւ փորձագէտների կողմից, Իրաքում ընթացող գործընթացների նկատմամբ իրատեսական քաղաքականութիւն վարելու անհրաժեշտութիւնն է, որտեղ Թուրքիան պէտք է հաշուի առնի «Իրաքեան Քիւրտիստանի» գործօնն ու դերակատարութիւնը: Այս շրջանակներում Իրաքում քրտերի անկախութիւնը չի դիտարկւում որպէս սպառնալիք Թուրքիայի համար, փոխարէնն` անկախութեան հեռանկարը դիտարկւում է որպէս անբեկանելի իրողութիւն, յաճախ ներկայացւում որպէս նոր հնարաւորութիւններ Թուրքիայի համար:
Իշխանամէտ վերլուծական շրջանակներում ներկայացուել է Իրաքի մասնատման պարագայում ձեւաւորուող ազդեցիկ «թուրք-քիւրտ-սիւննի առանցքի եւ տարածաշրջանում Անգարա-Էրպիլ յարաբերութիւնների կարեւորութիւնը, որտեղ Թուրքիան կարեւոր գործօն կարող է դառնալ:
Հարկ է նշել, որ իշխանամէտ Զանգուածային լրատուամիջոցները, ներկայացնելով Իրաքի տարածքային ամբողջականութեան պահպանման վերաբերեալ Անգարայի պաշտօնական դիրքորոշումը, զուսպ եւ հաւասարակշռուած մօտեցում են ցուցաբերում Իրաքում քրտական անկախ պետութեան հաւանական ստեղծման հարցում:
Որքան էլ Իրաքում անկախ քրտական պետութեան հռչակման հաւանականութիւնը բաւական բարձր է գնահատւում միջազգային վերլուծաբանների ու փորձագէտների կողմից, այդուհանդերձ, առկայ են մի շարք գործօններ, որոնք մօտ ապագայում կարող են կասեցնել այդ գործընթացները:
Նախ, անկախութեան հանրաքուէի անցկացման ու անկախ պետականութեան հռչակման տեսլականները տարբեր են իրաքեան քրտերի մօտ եւ տարատեսակ հարցերում առկայ են անհամաձայնութիւններ: Արդէն իսկ այդ հակասութիւնները բաւական ցայտուն են դրսեւորւում ինչպէս երկու խոշոր իրաքեան քրտական կուսակցութիւնների` Քիւրտիստանի ժողովրդավարական կուսակցութեան (ՔԺԿ) ու Քիւրտիստանի հայրենասիրական միութեան (ՔՀՄ), այնպէս էլ` Քրտական աշխատաւորական կուսակցութեան, Սուրիոյ Ժողովրդավարական միութիւն կուսակցութեան միջեւ: Ներքրտական հակասութիւնները գնալով խորանում են: Իրաքում ստեղծուած իրավիճակի պայմաններում տարածաշրջանում քրտական ուժերի միաւորումը, կարծես թէ, պէտք է սահուն ընթանար եւ նախկինում եղած հակասութիւններն էլ ինչ-որ կերպ հարթուէին: Սակայն իրականում գնալով դրանց միջեւ հակասութիւններն ու մասնատուածութիւնն աւելի ակնառու է ի ցոյց դրւում վերջին օրերին: Մի կողմից Իրաքում երկու կարեւոր քրտական քաղաքական ուժերի` Քիւրտիստանի ժողովրդավարական կուսակցութեան եւ Քիւրտիստանի հայրենասիրական միութեան միջեւ են սրւում հակասութիւնները, միւս կողմից էլ ընդհանրապէս տարածաշրջանում այլ քրտական ուժերի կողմից է հակազդեցութիւն ի յայտ գալիս Պարզանիի դէմ: Քիւրտիստանի բանուորական կուսակցութեան եւ Պարզանիի գլխաւորած Քժկ-ի միջեւ փոխադարձ մեղադրանքներն ու հակամարտութիւնը նոր թափ է ստանում, Թալապանիի գլխաւորած ՔՀՄ-ն էլ առանձին բանակցութիւններ է վարում Պաղտատի կենտրոնական իշխանութիւնների հետ, իսկ Սիրիայի ազդեցիկ Ժողովրդավարական միութիւն կուսակցութեան համանախագահ Ս. Մուսլիմն էլ, կարծես թէ, չի ողջունում անկախութեան հանրաքուէ անցկացնելու Պարզանիի նախաձեռնութիւնը:
Միւս կողմից, անկախութեան գաղափարը հաւանութեան չի արժանացել ինչպէս Միացեալ Նահանգների, այնպէս էլ տարածաշրջանային կարեւոր դերակատարներ հանդիսացող Թուրքիայի եւ Իրանի կողմից: Տուեալ պարագայում առաջիկայում բացակայում են ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին բարենպաստ պայմանները:
Միակողմանիօրէն հանրաքուէի անցկացումն ու անկախութեան հռչակումը կարող են ի յայտ բերել ներքրտական լուրջ հակասութիւններ ու նոյնիսկ հակամարտութիւն, իսկ տարածաշրջանային մակարդակում` ամբողջական մեկուսացում, որի պայմաններում անկախութեան հեռանկարը մշուշոտ կը լինի: Դեռեւս իրաքեան քրտական ուժերի միջեւ չկայ ամբողջական միասնականութիւն, իսկ անկախութեան պարագայում իշխանութիւնն ստանձնելու եւ կիսելու հարցում կարող են ի յայտ գալ հակամարտային գործընթացներ:
Չի բացառւում, որ Մ. Պարզանիի կողմից անկախութեան հանրաքուէի անցկացման մասին յայտարարութիւնն ու նախաձեռնութիւնը ոչ այնքան հետապնդում է իրական անկախութեան նպատակ, որքան` Իրաքի հետագայ կառավարութեան ձեւաւորման ու տարածքային խնդիրների լուծման հարցում բարենպաստ պայմանների եւ սակարկման հնաւորութեան ապահովում: Խօսքը վերաբերում է առաջին հերթին վիճայարոյց համարուող Քերքուքին եւ այլ տարածքներին, որոնք ցանկանում են իրաւաբանօրէն ամրագրել Իրաքի քրտական տարածաշրջանի ինքնավարութեան կազմում:
«Փանորամա»

