Թուրքիայի Նախագահական Ընտրութիւններն Ու Հայ Համայնքը. Գէորգ Պետրոսեան
«ՓԱՆՈՐԱՄԱ»
Թուրքիայի նախագահի ընտրութիւններում թուրքագէտ Գէորգ Պետրոսեանն ակնյայտ առաւելութիւն վայելող է համարում վարչապետ, իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան թեկնածու Ռեճեփ Թայիփ Էրտողանին:
Լրագրողների հետ հանդիպմանը թուրքագէտը նշեց, որ Էրտողանը կայուն ընտրազանգուած ունի, նրա ղեկավարած քաղաքական ուժը վերջին 10 տարիներին միշտ յաղթանակներ է տօնել: Էրտողանի առաւելութիւն ունենալը թուրքագէտը կապում է նաեւ նրա մրցակիցների հետ:
Էրտողանի հետ պայքարի են դուրս գալու եւս երկու թեկնածու: Մէկը խոշոր ընդդիմադիր կուսակցութիւնների միասնական թեկնածու էքմալէտտին Իհսանօղլուն է, ում առաջադրել են Ժողովրդահանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցութիւնները:
«էքմալէտտին Իհսանօղլուն Էրտողանի գլխաւոր մրցակիցն է, բայց այնքան էլ լաւ ժողովրդականութիւն չի վայելում: Նրա անունը մինչեւ վերջերս այնքան էլ յայտնի չէր թուրքական լայն զանգուածներին: Նոր քաղաքական խաղացող է», ասաց նա:
Միւս թեկնածուն` Սալահէտտին Տեմիրթաշը, քրտական քաղաքական ուժերի եւ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչն է:
Գէորգ Պետրոսեանը չի կարծում, որ Տեմիրթաշը լուրջ մրցավազքի մէջ կը մտնի: Նա քրտական զանգուածի վրայ է յենուելու, ինչը, ըստ թուրքագէտի, շահեկան չէ Էրտողանի համար:
«Պէտք չէ բացառել, որ Էրտողանն առաջին փուլում յաղթող դուրս կը գայ: Եթէ գործը հասնի երկրորդ փուլին, որտեղ նրա մրցակիցը կը լինի Իհսանօղլուն, գործող վարչապետը դարձեալ առաւելութիւն կ՛ունենայ», ասաց թուրքագէտը:
Ինչ վերաբերում է հայ համայնքին, ըստ նրա, ճիշդ չէ ասել, թէ հայ համայնքն ամբողջութեամբ քիւրտ թեկնածուի օգտին կը քուէարկի. «Հայ համայնքը միատարր դիտելը սխալ է: Զգալի մի հատուած Տեմիրթաշին ձայն կը տայ: Միւս կողմից` կայ էրտողանը, որ որոշակի քայլեր է արել, եւ կարծում եմ, որ կ՛ունենայ ընտրողներ հայ համայնքից: Իհսանօղլուին առաջադրած կուսակցութիւնները հակահայ մօտեցում ունեն: Այդ տեսանկիւնից հայ համայնքի համար նա նախընտրելի չէ: Սակայն եղել է փորձ, որ ազգայնական կուսակցութիւններին եւս հայերը ձայն տուել են: Այնպէս որ, նա նոյնպէս ձայներ կը ստանայ», մանրամասնեց նա:
Խօսելով թեկնածուների ծրագրերում հայ համայնքին անդրադարձի մասին` Գէորգ Պետրոսեանն ասաց, որ հայ համայնքին առանձնակի ուշադրութիւն չկայ: Միայն Տեմիրթաշի եւ ծրագրում, եւ յայտարարութիւններում է ընդգծուած:
«Տեմիրթաշը բացէ ի բաց խօսում է Ցեղասպանութեան մասին, բայց այլ բան է լինել թեկնածու եւ խոստումներ տալ, այլ բան` նախագահ լինել», ասաց նա ու նշեց, որ հակառակ տրամադրութիւններ են հիմնական ընդդիմադիր թեկնածուի մօտ, եւ նա թուրքական ժխտողական քաղաքականութիւնը պաշտպանող գործիչ է:
«Էրտողանին արդէն ծանօթ ենք: Նա ժխտողական քաղաքականութիւնը նոր մակարդակի է բերել եւ շարունակելու է դա: Այնպէս որ, Ցեղասպանութեան ճանաչման հարցում որեւէ բան սպասել պէտք չէ, դա է թուրքական աւանդական քաղաքականութիւնը: Ներկայում ես որոշակի կրաւորականութիւն եմ սպասում հայկական հարցում: Հայանպաստ գործողութիւնները էրտողանի շահերից չեն բխում», ասաց նա:
Թուրքագէտը յաւելեց, որ լուրջ փոփոխութիւնների սպասել պէտք չէ, քանի որ կայ Թուրքիայի պետական շահը, որն էլ առաջ են տանելու բոլոր նախագահները:

