Հայոց Ցեղասպանութիւնը` Թուրքիայի Նախագահի Թեկնածուների Աչքով

Yerkir_tegnadzouner«Ակօս» պարբերականը «Հայերը` նախագահի թեկնածուների աչքով» վերնագրով յօդուած է հրապարակել, ուր ներկայացրել է Թուրքիայի նախագահի պաշտօնի թեկնածուների` Հայոց ցեղասպանութեան հարցում ունեցած մօտեցումները:

Պարբերականն առաջինն անդրադարձել է երկրի ներկայիս վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանին, որի վարած հակահայ քաղաքականութիւնը բոլորին լաւ ծանօթ է: Ըստ կայքի, Էրտողանը, ով շարունակ պնդել է, որ մուսուլմանը երբեք չի կարող ցեղասպանութիւն իրագործել, «առաջընթաց» է ապրել այնքան, որ ապրիլի 24-ի կապակցութեամբ ցաւակցական ուղերձ է յղել Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգներին:

«Նախագահի թեկնածու առաջադրուելուց ամիսներ առաջ 1915 թուականի համար ցաւակցական ուղերձ յղած եւ բոլորին այդ քայլով զարմացրած Էրտողանը Թուրքիայի քաղաքական անցեալում կը մնայ որպէս մարդ, ով Թուրքիայի քաղաքացի չեղող հայերին սպառնացել է երկրից արտաքսել: Իր ելոյթներում Թուրքիայի ժողովուրդների անուններն արտասանելիս` հայերի, յոյների, հրեաների եւ ասորիների անունները չյիշատակած Էրտողանի անունը, ով «յոյն» բառն ասելիս նախ ներողութիւն է խնդրում, կը մնայ բոլորի մտքում», գրում է կայքը ու յաւելում. «Էրտողանի ամենազարմացնող արտայայտութիւններից մէկն այն էր, երբ տարբեր երկրներում 1915 թուականի վերաբերեալ օրէնքներ էին ընդունւում եւ Թուրքիային դատապարտում, նա չէր վարանել սպառնալ Թուրքիայում բնակուող հայերին` ասելով. «Իմ երկրում 170,000 հայ կայ, նրանցից 70,000-ը իմ քաղաքացիներն են: Մնացած 100-ը ժամանակաւոր են: Մի օր, եթէ հարկ լինի, նրանց դուրս եմ հանելու երկրից, վերջապէս, նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտաւոր չեմ նրանց իմ երկրում տեղ տալ»:

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ «Ազգային շարժում» կուսակցութիւնների համատեղ առաջադրած թեկնածու, Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան նախկին ղեկավար Էքմալետտին Իհսանօղլուն 1915 թուականի դէպքերը որակում է որպէս «պատմական պնդում»:

«1915 թուականին պատահած ցաւալի դէպքերը մեզ միշտ վշտացրել են եւ շարունակելու են վշտացնել: Ես շատ լաւ եմ յիշում, երբ համալսարանում դասախօսական կազմի երիտասարդ անդամ էի, մասնակցում էի մշակոյթի նախարարութեան ձեռնարկներին եւ սերտ կապեր ունէի արտաքին գործերի  նախարարութեան հետ: Այս երկու նախարարութիւնների ձեռնարկներին մասնակցելով` ծանօթ եմ այս հարցի էութեանը: Կառավարութեան ցաւակցական ուղերձը ճիշդ եւ տեղին էր: Թուրքիան այս հարցը պէտք է լուծի համբերատարութեամբ, սառնասրտութեամբ` օգտագործելով դիւանագիտական եւ գիտական բոլոր ճանապարհները: Այս պահին աւելին չեմ կարող ասել», ասել էր Իհսանօղլուն:

Իսկ ինչ վերաբերում է հայերի աջակցութեանն արժանացած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան նախագահ Սելահէտտին Տեմիրթաշին, նա միշտ աչքի է ընկել Հայոց ցեղասպանութեան եւ հայերի մասին իր առարկայական տեսակէտներով: Տեմիրթաշը բազմիցս յայտնել է, որ Թուրքիայի պետութիւնը պէտք է ներողութիւն խնդրի հայերից, շեշտելով, որ ցեղասպանութեան բեռը պէտք չէ դնել Թուրքիայի ժողովրդի ուսերին: «Ցեղասպանութիւնն իրագործողը Օսմանեան կայսրութիւնն է: Օսմանեան կայսրութիւնն այժմ չկայ, սակայն Թուրքիայի Հանրապետութիւնը այդ դէպքերի համար պէտք է ներողութիւն խնդրի հայերից: Սա խաղաղութեան կարեւոր ներդրում կարող է լինել», ասել է նա:

Թարգմանեց`
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ

«ԵՐԿԻՐ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )